Բենջամին Ջոնսոն

անգլիացի գրող

Բենջամին Ջոնսոն, (Benjamin Jonson, հունիսի 11, 1572[1], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա և Լոնդոն, Անգլիայի թագավորություն[2] - օգոստոսի 6, 1637(1637-08-06)[3][4][5][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[2]), անգլիացի դրամատուրգ, բանաստեղծ, դերասան, թատերգության տեսաբան։

Բենջամին Ջոնսոն
Ben Jonson
Ծնվել էհունիսի 11, 1572[1]
ԾննդավայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա կամ Լոնդոն, Անգլիայի թագավորություն[2]
Վախճանվել էօգոստոսի 6, 1637(1637-08-06)[3][4][5][…] (65 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն[2]
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, գրող, դերասան, գրական քննադատ և bretteur
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԿրթությունՎեսմինստերի դպրոց
Ժանրերպոեզիա և playwriting?
Ուշագրավ աշխատանքներՅուրաքանչյուրն իր բնավորությամբ
Պարգևներ
ԱմուսինMrs Jonson?
Изображение автографа
 Ben Jonson Վիքիպահեստում

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը] խմբագրել

Բեն Ջոնսոնի մասին կենսագրական տեղեկությունները չափազանց մշուշապատ են։ Հայտնի է, որ նա սովորել է Վեսթմինիստրի դպրոցում, պատմաբան Վիլյամ Քեմդենի ղեկավարությամբ, հնարավոր է՝ նաև վերջինիս տրամադրած միջոցներով։ Ըստ որոշ վկայությունների՝ դպրոցն ավարտելուց հետո, որմնադիր խորթ հոր պահանջով, աշխատել է որպես պատշար։ Այնուհետև մեկնել է եվրոպական մայրցամաք, Նիդեռլանդներում անգլիական զորքի կազմում կամավոր մասնակցել կռիվների։ Որոշակի ավարի տեր դառնալով՝ վերադարձել է Լոնդոն, ուժերը փորձել թատրոնում։ Նրա մասին հուշեր է գրել շոտլանդացի բանաստեղծ Վիլյամ Դրամոնդը, ով շարադրել է նրա հայացքները արվեստի և մասնավորապես թատրոնի մասին, ինչպես նաև անդրադարձել է ժամանակակից այլ բանաստեղծների հետ նրա հարաբերություններին։ Սակայն Դրամոնդի հաղորդած տեղեկությունները ևս հավաստի չեն համարվում։ Ջոնսոնը եղել է ժամանակի ամենակիրթ մարդկանցից մեկը, արվեստի մագիստրոս է ընտրվել երկու համալսարաններում, բայց տեղեկություններ չկան, որ նա այդ համալսարաններում զբաղվել է գիտական աշխատանքով։ Նրա կենսագրության հավաստի աղբյուր կարող էր հանդիսանալ իր ստեղծագործությունը, սակայն նրան վերագրվող գործերի զգալի մասի հեղինակությունը կասկածելի է։ Բանն այն է, որ նրա ապրած ժամանակներում լայն տարածում էր ստացել երկերի կոլեկտիվ ստեղծումը, զանազան հեղինակների ստեղծագործությունների փոփոխումը՝ թատրոնում բեմադրելուն հարմարեցնելու նպատակով։ Բացի այդ, հեղինակային իրավունքի բացակայությունը հրատարակչություններին հնարավորություն էր տալիս ցանկացած կերպ վերափոխել ստեղծագործությունները և տպագրված գրքի վրա դնել ժողովրդականություն վայելող գրողներից մեկի անունը։ Կասկածից վեր է, որ Բեն Ջոնսոնին վերագրվող որոշ ստեղծագործություններ կամ կոլեկտիվ աշխատանքի արգասիք են, կամ ուրիշների կողմից վերափոխված են։ Նրան են վերագրվում շուրջ հիսուն տարաբնույթ երկեր,սակայն անվիճելիորեն Բեն Ջոնսոնին գրչին են պատկանում այն ոչ մեծաթիվ կատակերգություններն ու բանաստեղծությունները, որ տպագրվել են իր իսկ կողմից։ Նրա առաջին կատակերգությունը, որ կրում էր «Ամեն մեկն իր հավեսով» խորագիրը, հսկայական հետաքրքրություն առաջացրեց միանգամից։ Գործող անձերը, ըստ ժամանակին իշխող ավանդույթի, իտալական անուններ էին կրում, բայց լոնդոնցիները դրանց տակ տեղնուտեղը ճանաչեցին իրենց քաջածանոթ անձերի։ Եղիսաբեթյան Լոնդոնն ու նրա ազնվականությունը ներկայացված էին չափազանց անդուր տեսքով։ Դա այդ կարգի առաջին, հանդուգն փորձն էր։ Բեն Ջոնսոնը փաստորեն հիմք դրեց սատիրային մերձ կենցաղային կատակերգությանը։ Նա հաջողությամբ և անողոքաբար ծաղրում էր իր ժամանակի կարգերն ու հասարակական տարբեր խմբերի՝ Եղիսաբեթ թագուհու «փայլուն» արքունիքը, շվայտ արիստոկրատների, նոր-նոր գլուխ բարձրացնող բուրժուաների... Նրա կատակերգությունները սկանդալային հաջողություն էին ունենում։ Եվ ատելի էին հատկապես ազնվականների համար, որոնց Բեն Ջոբսոնը պատկերում էր իբրև տխմար ոչնչությունների։ Դատավորներին, աստիճանավորներին, զինվորականներին վիրավորանքներ հասցնելու համար նրան պատասխանատվության են կանչել գերագույն դատավորի առջև, իսկ այն բանից հետո, երբ Շոտլանդիայի թագավորը նստեց անգլիական թափուր մնացած գահին, շոտլանդական արիստոկրատիային վիրավորելու համար պատրաստվում էին կտրել նրա քիթն ու ականջները, և միայն հոգևորականության միջնորդության շնորհիվ փրկվեց պատժից։ Հաջողությունն ուղեկցել է նաև նրա մյուս կատակերգություններին և հատկապես ներքոնշյալներին. «Էպիսան, կամ Լռակյաց կինը», «Ալքիմիկոսը», «Բարդուղիմեոսյան տոնավաճառ» (ի դեպ, վերջինիս հիման վրա է հետագայում Վիլյամ Թեքերեյն ստեղծել իր «Սնափառության տոնավաճառը»)։ Հերթական նոր կատակերգությունը լույս ընծայելով՝ Ջոնսոնը ավելի ու ավելի շատ թշնամիներ էր ձեռք բերում։ Նա գրել է նաև Հին Հռոմի կյանքից ողբերգություններ (ինչպես, օրինակ, «Սեյանուսը»), բայց դրանք ավելի շուտ գիտնականի գրվածքներ են, քան գրողի։ Ի դեպ, նա հիանալի գիտեր դասական գրականությունը, հին հույներին ու հռոմեացիներին բնագրով էր կարդում։ Բեն Ջոնսոնն իրեն դրսևորել է նաև որպես «դիմակների»՝ պալատական դիմակահանդես-պարահանդեսների գեղարվեստական ձևավորման մեծ վարպետ. դրանց համար տեքստեր էր գրում, դիպաշարեր հորինում՝ արվեստի այդ ճյուղը հասցնելով գրեթե օպերա-բալետի մակարդակի։

Գործունեություն խմբագրել

Զոնսոնի առաջին ստեղծագործությունը «Հանգամանքները փոխված են» (1597, հրտ․ 1609) կատակերգությունն է։ 1616 թվականին տպագրվել է Ջոնսոնի երկերի ժողովածուն։ Պիեսների նախաբանում վիճարկելով ժամանակակիցների, այդ թվում նաև իր ընկերոջ՝ Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործական սկզբունքները՝ Ջոնսոնը պահանջել է կենցաղային ճշմարտացիություն՝ սյուժեում և բնավորությունների միագիծ պատկերում։ Իր «երգիծանքների տեսության» համաձայն, «Յուրաքանչյուրն իր բնավորությամբ» (1598) և «Յուրաքանչյուրն իր բնավորությունից դուրս» (1599) կատակերգություններում «երգիծանքը» մեկնաբանել է որպես անհատական «տարօրինակություն», իսկ «Վալպոնե կամ Աղվես» (1605), «էպիսան կամ Լռակյաց կինը» (1609), «Ալքիմիկոս» (1610) և «Բարդուղիմեոսյան տոնավաճառ» (1614) բարքերի կատակերգություններում՝ որպես արիստոկրատիայի և բուրժուազիայի տիպական-սոցիալական արատ։ «Սեյանուսի անկումը» (1603) և «Քաթըլայնի դավադրությունը» (1611) ողբերգություններում մարմնավորված են կլասիցիզմի սկզբունքները։ Ջոնսոնը գրել է նաև մոտ 30 «դիմակ»՝ դիցաբանական թեմաներով պիես-այլաբանություններ՝ պալատական ներկայացումների համար։

Հարաբերությունները Շեքսպիրի հետ խմբագրել

Շեքսպիրի հետ Բեն Ջոնսոնի ախոյանական հարաբերությունների մասին շատ պատմություններ են հյուսվել, որոնց մի մասը ճշմարտանման է։ Դրամոնդը վկայում է, որ իրենց զրույցներից մեկի ժամանակ Ջոնսոնը մատնանշել է Շեքսպիրի թատերգություններում տեղ գտած երկու ակնհայտ անհեթեթություն. «Հուլիոս Կեսար»-ում դիպաշարային անմիտ ընթացքը և «Ձմեռային հեքիաթ»-ում դեպքերը անգո Բոհեմիա ծովափին ծավալելը։ Ըստ Դրամոնդի՝ Ջոնսոնն ասել է նաև, որ «Շեքսպիրի մոտ արվեստը պակասում է»՝ նկատի ունենալով, իբր, վարպետության պակասը։ Շեքսպիրի մասին գրած մի հոդվածում, որ տպագրվել է հետմահու, Ջոնսոնը հիշատակում է, որ, ինչպես նշում էին մի շարք դերասաններ, Շեքսպիրը գրելիս մի տող անգամ չէր ջնջում, թեկուզ դրա կարիքը հազար անգամ լիներ։ Այնուհանդերձ, Ջոնսոնն ավելացնում է. «Նա, անկասկած, ազնիվ, բաց, ազատ բնավորության տեր էր, ուներ հիանալի երևակայություն, համարձակ մոտեցումներ, նուրբ արտահայտություններ, բայց նրա ունակությունները հորձանք էին տալիս նույնիսկ այն պահերին, երբ հարկ էր կանգ առնել»։ Եվ եզրակացնում է. «Նրա մեջ գովեստի արժանի բաները շատ ու շատ ավելին էին, քան այն բաները, որոնք ենթակա էին ներողամտություն հայցելու,,։ Իսկ երբ Շեքսպիրը մահացավ, ասաց. «Նա ոչ թե սոսկ մեր ժամանակի կամ դարի համար է, այլ բոլոր ժամանակների»։ Շեքսպիրի թատերգությունների առաջին ժողովածուի համար իբրև նախաբան ծառայող իր չափածո խոսքում Ջոնսոնը գրում է, որ Շեքսպիրը թեև թույլ էր լատիներենից ու հին հունարենից, բայց ի բնե հանՃար էր (չպետք է անտեսել, որ Բեն Ջոնսոնը, լինելով իր ժամանակի ամենակրթված անձերից մեկը, վերևից էր նայում այդ հին լեզուներին վատ տիրապետողներին)։ Հավելենք, որ նրան է վստահվել Ստրատֆորդի եկեղեցում Շեքսպիրի շիրիմի ձևավորման աշխատանքները վերահսկելու գործը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Ջոնսոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։