Բարսելոնայի պատմության թանգարան

Բարսելոնայի պատմության թանգարան (կատ.՝ Museu d Història de la Ciutat Barcelona (MHCB)), թանգարան` նվիրված Բարսելոնա քաղաքի պատմությանը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում` Թագավորական հրապարակում (իսպ.՝ Plaza del Rey), և ներառում է Բարսելոնայի մի քանի տեսարժան վայր, որոնցից ամեն մեկն արդեն իսկ ինքնուրույն մշակութային հաստատություն է[1]։ Թանգարանը զբաղվում է քաղաքի պատմական պատմական ժառանգության պահպանմամբ, հետազոտությամբ, ինչպես նաև վավերագրությամբ։

Բարսելոնայի պատմության թանգարան
Տեսակպատմության թանգարան
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունԲարսելոնայի գոթական թաղամաս
Պատկանում էInstitut de Cultura de Barcelona?
Ղեկավարության նստավայրPadellàs's House, Բարսելոնայի գոթական թաղամաս, Հին քաղաք, Բարսելոնա, Իսպանիա
Հիմնադրվել էապրիլի 14, 1943
Կայքajuntament.barcelona.cat/museuhistoria/(կատ.)

Պատմություն խմբագրել

    Բարսելոնայում պատմության թանգարանի ստեղծման գաղափարն առաջացել է XIX դարի 80-ական թվականներին։ Այդ ժամանակից սկսած` մշտապես հավաքվել են թանգարանի ցուցանմուշներ։ 1877-1932 թվականներին Պատմության թանգարանը գործել է Սուրբ Ագաթա մատուռում։ Համաշխարհային ցուցահանդեսը, որ կազմակերպել էր Ագուստին Դյուրան Սանպերեն 1929 թվականին, դարձել է նոր թանգարանի ձևավորման առաջին քայլը։ Այդ ժամանակ Դել Ռեյ հրապարակում ընթանում էր շինարարություն, սակայն այնտեղ 1931 թվականին հայտնաբերվում են հին հռոմեական Բարսինո քաղաքի ավերակները։ Այդպիսով նույն տեղում կազմակերպվում են հնագիտական պեղումներ, ինչի արդյունքում ավելի մեծ թվով ցուցանմուշներ են հայտնվում։ Բարսելոնա քաղաքի պատմության թանգարանը պաշտոնապես բացվել է 1943 թվականին՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո։ Թանգարանի առաջին տնօրենը եղել է Ագուստին Դյուրան Սանպերեն։ 1988 թվականին թանգարանը վերածվել է թանգարանային համալիրի` միավորելով պատմական մի քանի օբյեկտներ[2]։

Նկարագրություն խմբագրել

 
Սուրբ Ագաթայի մատուռ

Թանգարանի տարածքը զբաղեցնում է մոտ 4.000 մ² տարածք։ Այն կարելի է բաժանել ստորգետնյա և վերգետնյա հատվածների։ Թանգարանի ստորգետնյա հատվածում հին քաղաքի ավերակներն են, որտեղ պահպանվել են հռոմեական բաղնիքի (թերմ) հատվածներ, պատեր, ջրագիծ, կոյուղի և այլն։ Վերգետնյա հատվածում գտնվում են թանգարանի հիմնական ցուցանմուշները։ Թանգարանի տարածքում կարելի է տեսնել բնակելի տան ավերակներ, քաղաքային ամրոցի պատ, հրապարակ, հին լվացքատուն, գործարան, որտեղ պատրաստվել է գարում` Հռոմեական կայսրության բնակիչների սիրած համեմունքը, կրոնական շինության մնացորդներ, գինու գործարանի[3]։ Ավերակների մեջ կարելի է տարբերակել վեսթգոթյան եկեղեցին և եպիսկոպոսական պալատը։

Համալիրը ներառում է Պլազա դել Ռեյը, Ավգուստի տաճարը, հռոմեական հուղարկավորությունների դամբարաններ, Սանտա Կատարինան, Պեդրալբես թանգարան-մենաստանը, Վերդագե տուն-թանգարանը, Ժոանի վիլլան, Տուրո դե լա Ռովիրան և Գուելի զբոսայգու` զվարճանքների վայրը։ Միասին վերցված` այս օբյեկտներն ընդգրկում են ավելի քան 2.000 տարվա ժառանգություն։

Բարսելոնայի պատմության թանգարանը նախագծվել էր որպես քաղաքի շարունակություն` իր փողոցներով, հրապարակներով, շինություններով, որտեղ մարդիկ կարող են հետևել ժամանակի ընթացքին, նաև պատմական դեմքերի, ովքեր բազում դարերի ընթացքում ստեղծել են այն ամենը, որ ներկայումս կազմում է ժամանակակից Բարսելոնան։ պատմության թանգարանը գտնվում է գոթական ոճի տանը, իսկ ցուցանմուշների մի մասը` Դել Ռեյ հրապարակի (լատին․՝ plaça del Rei) ստորգետնյա հատվածում։

Թանգարանի հիմնական հավաքածուն Բարսելոնայի տաղավարն է, որը ներկայացվել է 1929 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում։

Թանգարանն ունի մոտ 35.000 ցուցանմուշ, որոնք կապված են Բարսելոնայի անցյալ ու ներկա ժառանգությամբ[2]։ Թանգարանի հավաքածուն ներառում է բազմաբնույթ նյութեր, հնագիտական գտածոներ, որոնք վերաբերում են նեոլիթից շրջանից մինչև մեր օրերին։ Հավաքածուն պարունակում է հռոմեական դիմանկարներ, որոնք գտնվել են հռոմեական քաղաքների պեղումների տեղում, հռոմեական ու հրեական գրություններ, ոսկյա ու արծաթյա իրեր, կավե անոթներ, քանդակներ, դրամներ և հնագիտական այլ գտածոներ։ Բացի այս գտածոներից` թանգարանում կարելի է տեսնել նկարներ, փորագրություններ, կահույք, շքանշաններ, զենքեր և այլն։

Թանգարանի կազմում գտնվող բոլոր օբյեկտները մատնանշված են MUHBA պատկերանշանով։

Պեդրալբես եկեղեցի խմբագրել

Եկեղեցին, որ տեղակայված է քաղաքի համանուն թաղամասում, կառուցվել է 1326 թվականին Խայմե II թագավորի հրամանով։ Ամուսնու մահից հետո` 1327 թվականին, թագուհի Էլիսենդա դե Մոնկադան տեղափոխվել է ապրելու պալատում, որը կից էր եկեղեցուն։ Թագուհու կտակով եկեղեցին պետք է քանդվեր նրա մահից հետո, ինչպես և կատարվել է։ Էլիսենդա դե Մոնկադան մահացել է 1364 թվականին և թաղվել Պեդրալբես եկեղեցում[4]։ Այստեղ թանգարան է հիմնադրվել 1938 թվականին։

Վերդագեի տուն-թանգարան խմբագրել

 
Վերդագեի տուն-թանգարան

Տան շինությունը կառուցվել է XIX դարում մավրիտանական ոճով։ Տունը գտնվում է Պեդրալբես թաղամասում։ Կառույցի հեղինակը կատալոնացի հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդին է։ Ժասինտ Վերդագերը` կատալոնացի նշանավոր բանաստեղծը, իր կյանքի վերջին 24 տարիներն անցկացրել է այս տանը։ Այսօր թանգարանում պահվում են բանաստեղծի անձնական իրերը` մահճակալ, գրասեղան, աշխատանքային պարագաներ, սևագրեր, հագուստ։

Պլազա դել Ռեյ համալիր խմբագրել

Համալիրի ճարտարապետությունը վերաբերում է Բարսելոնայի միջնադարյան ժամանակաշրջանին։ Հրապարակի բոլոր կառույցները գոթական ոճով են։ Առաջին պալատն այստեղ կառուցել են վեստգոթերը։ Դել Ռեյ հրապարակի վերջնահատվածում քաղաքի Թանգարանային կենտրոնի մուտքն է։ Այստեղ է գտնվում նաև Դել Տինել (Salo del Tinell) ընդունելության սրահը, որ կառուցվել է XIV դարում։ 1492 թվականին Ելիզավետա I-ն ու նրա ամուսինը` Ֆերդինանդ II Արագոնցին հենց այստեղ են ընդունել Կոլումբոսին[5]։ Ներկայումս սրահում կազմակերպվում են գեղարվեստական ցուցահանդեսներ։ Ընդունելության սրահին է հարում Սուրբ Ագաթայի մատուռը (Capella de Santa Agata), որ կառուցվել է CIV դարի սկզբին Յակով II արքայի հրամանով հռոմեական ավերակների պատերի տեղում։ Թագավորական պալատի դիմաց Դել Լյոտինենտ պալատն է, որ կառուցվել է XIV դարում։

Գուելի զբոսայգու` զվարճանքների կենտրոն խմբագրել

 
Գուելի զբոսայգի

Գուելի զբոսայգին հիմնադրվել է աշխարհահռչակ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի նախագծով[6]։ Զբոսայգու շինությունները, որոնք վերաբերում են Բարսելոնայի պատմության թանգարանին, կրում են «MUHBA» տարբերանշանը։

Ավգուստի եկեղեցի խմբագրել

 
Ավգուստի եկեղեցու չորս սյուները

Մայր տաճարից ոչ հեռու գտնվում են կորնֆյան չորս սյուներ, հռոմեական Ավգուստի եկեղեցու (նվիրված է եղել կայսր Օկտավիանոս Օգոստոսին) սյուները։ Սյուները վեր են խոյացել մեր թվարկությունից հարյուր տարի առաջ[7]։ Եկեղեցին կառուցվել է հռոմեական Բարսինո գաղութի ամենաբարձր վայրում` Տաբեր լեռան վրա[8]։ Սյուները հայտնաբերվել են 19-րդ դարի վերջին` Կատալոնիայում էքսկուրսիոն կենտրոնի կառուցման ժամանակ։ Չորրորդ սյունն այդ ժամանակ ցուցադրվել է Դել Ռեյ հրապարակում, բայց հետագայում միացվել է երեք սյուներին, և ձևավորվել է մեկ համալիր[9]։

Թաքստոց 307 խմբագրել

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1936-1939) Բարսելոնայում կառուցվել է 1384 թաքստոց։ № 307 թաքստոցը Պոբլե Սեկ շրջանում, որ գտնվում է Բարսելոնայի նավահանգստից ոչ հեռու` Մոնժուիկ լեռան վրա, ամենահայտնիներից մեկն է։ Թաքստոցի խորությունը տեղ-տեղ հասնում է 25 մ-ի։ Պատերն ամրացվել են աղյուսներով։ Տարողունակությունը 2.000 մարդ է[10]։ № 307 թաքստոցը հայտնաբերվել է 1995 թվականին։ Այն երեք մուտք ունի Լա Ռամբլա փողոցից և մոտ 400 մ թունելային գիծ։ Թունելների բարձրությունը 2.10 մ է, լայնությունը` 1.5-2 մ[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Музей истории города Барселоны, Испания». Музеи мира и картины известных художников (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  2. 2,0 2,1 «Музей истории Барселоны» (ռուսերեն). barcelona365.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  3. «Музей истории города Барселоны | Музейный центр Ленинградской области» (ռուսերեն). artikka.net. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  4. «Знакомимся с Монастырем Педральбес...» (ռուսերեն). www.barcelonacheckin.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  5. «Пласа дель Рей - туристическая и прочая полезная информация» (ռուսերեն). www.barcelonacheckin.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  6. «Holiday Ideas & Travel Guides | OwnersDirect» (ամերիկյան անգլերեն). barselona4u.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  7. «Колонны римского храма Августа в г. Barcelona - Достопримечательности в Испании». espanarusa.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  8. «Нить Ариадны: Путеводитель ~ Испания ~ Барселона ~ Колонны римского храма Августа» (ռուսերեն). columb.su. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  9. «MUHBA Temple d'August | MUHBA» (կատալաներեն). ajuntament.barcelona.cat. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  10. «Неизвестная Барселона. То, о чем не знают туристы и молчат гиды» (ռուսերեն). Каталония без посредников Catalunya.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  11. «MUHBA Refugi 307 | MUHBA» (իսպաներեն). ajuntament.barcelona.cat. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսելոնայի պատմության թանգարան» հոդվածին։