Բարդ նախադասությունը երկու կամ ավելի բաղադրիչներից կազմված նախադասությունն է։ Բարդ նախադասությունը շարահյուսական ուսումնասիրության հիմնախնդիր է, շարահյուսական կառուցվածքի ուսումնասիրության ավարտը, նրա վերին եզրային միավորը(եթե զանց առնենք տեքստի (հենքի մակարդակը), շարահյուսական ամեն մի հետազոտության կենտրոնը, ելակետն ու վերջնակետը ։ Բարդ նախադասությունը, ինչպես և պարզը, հանդես է գալիս որպես լեզվի երկու կարևորագույն գործառույթների ՝ մտածողության միջոցի և հաղորդակցության միջոցի իրացում կամ իրականացում:Բարդ նախադասության բաղադրիչ նախադասությունները, ի տարբերություն պարզ նախադասության, քերականորեն կապակցված են համադասական կամ ստորադասական հարաբերությամբ[1]։ Ժամանակակից հայերենում, որպես ելակետային կառույց, ընդունվում է բարդ նախադասության երկբաղադրիչ կաղապարը. բաղադրիչ մասերի միջև հնարավոր իմաստային և քերականական կապերը, դրանց դրսևորման տարբեր ձևերը հաշվի առնելով՝ առանձնացվում են բարդ նախադասության տարբեր տեսակներ՝ համադասական, ստորադասական, զոդվածական (շաղկապավոր), շարահարական (անշաղկապ) և այլն։ Բարդ նախադասությունները կառուցվածքով լինում են երկբաղադրիչ(երկու նախադասություն) և բազմաբաղադրիչ(երկուսից ավելի)։

Պարզ և բարդ նախադասություններ

Բարդ նախադասության տեսակներ խմբագրել

ժամանակակից լեզվաբանության մեջ բարդ նախադասությունները բաժանվում են երկու խմբի

  • բարդ համադասական նախադասություն, Համադասական է այն բարդ նախադասությունը,որը կազմված է իրար համադաս բաղադրիչ նախադասություններից։ Դրանցից որևէ մեկը մյուս նախադասության որևէ անդամի դերը չի կատարում,այսինքն՝ քերականորեն կախված չէ մյուս նախադասությունից։ Այդպիսի բաղադրիչները կոչվում են համադաս նախադասություններ։ Օրինակ՝ Գրիգորը հետ նայեց։

Կածանով բարձրանում էր Սանասարը

  • Բարդ ստորադասական նախադասություն, Ստորադասական է այն բարդ նախադասությունը, որի բաղադրիչ նախադասություններից մեկը կատարում է մյուսի որևէ անդամի դերը, այսինքն՝ քերականորեն կախված է մյուս նախադասությունից։ Այդպիսի հարաբերությամբ կապված բաղադրիչ նախադասությեւններից մեկը( ստորադասական նախադասությամբ արտահայտված լրացում ունեցողը) կոչվում է գլխավոր կամ գերադաս, մյուսը՝ երկրորդական կամ ստորադաս։ Ընդ որում՝ երկրորդական( ստորադաս) նախադասությունը կարող է լինել գլխավորի (գերադասի) ենթական,ստորոգելին, կամ որևէ այլ լրացում։ Օրինակ՝ Ամբարտակի ջուրը բաց խողովակով թափվում էր հսկա անիվի վրա, որ հագցված էր երկաթյա երկար ձողին։ Գերադաս նախադասությունը կարող է լինել միակազմ։ Օրինակ՝ Ծխել միայն այնտեղ, որտեղ թույլատրող ցուցակն է փակցված։ Երկրորդական նախադասությունը կարող է լինել կոչականի, վերաբերականի կամ էլ ձայնարկության լրացումը։ Օրինակ՝ Ահա նա, ում ես փնտրում էի։

Գերադաս և ստորադաս նախադասությունների կապակցում խմբագրել

Ստորադաս նախադասության բաղադրիչները սովորաբար կապակցվում են

  • ստորադասախան շաղկապներով, շաղկապական բառերով, հարաբերյալներով․ Սա այն է, ինչ ուզում էի։
  • հնչերանգով՝

ա/առանց շաղկապի․ Վերջում հայտարարվեց․ «Հաջորդ ժողովը մեկ ամսից»։

բ/շաղկապի զեղչումով․ Պատմի՛ր՝(թե), ինչ ես լսել։

Բարդ նախադասության դասակարգման պատմություն խմբագրել

Բարդ նախադասությունը անվանվելէ նաև բազմաբարդ (Մ. Աբեղյան), բազմաբաղադրիչ (Ս.Աբրահամյան), հարաբարդ (Գ. Ջահուկյան) տերմիններով։ Երկբաղադրիչ և բազմաբաղադրիչ կառույցների իրացումները մասերի շարահյուսական հարաբերությունների բնույթի և դրանց դրսևորման ձևերի առումներով միմյանցից էապես չեն զանազանվում, ուստի բազմաբաղադրիչ բարդ նախադասությունները հաճախ շարահյուսագիտական աշխատանքներում առանձին քննության չեն էլ արժանանում։

Բարդ նախադասության աբեղյանական դասակարգումը խմբագրել

Բազմաբաղադրիչ նախադասությունների տարբեր տեսակների առանձնացումը հիմնված է լինում բաղադրիչ մասերի միջև առկա հարաբերությունների տարբեր համակցությունների վրա։ Բարդ նախադասությունների առաջին դասակարգման փորձը պատկանում է Մ. Աբեղյանին՝ «Աշխարհաբարի շարահյուսությունից» աշխատությամբ։ Հենց այստեղ էլ «բազմաբարդ խոսքերը» հստակորեն տարաբաժանվում են երկու՝ համադասական և ստորադասական տեսակների։ «Համադասությունը բազմաբարդ է լինում՝ 1. Երբ կազմված է լինում երկուսից ավելի պարզ, անկախ խոսքերից։ 2. Երբ համադաս խոսքերից մեկը կամ մի քանիսը, կամ ամեն մեկը ինքնին բարդ է, կազմված լինելով՝ ա) երկու կամ ավելի համադաս խոսքերից բ) մի գլխավոր և մի կամ ավելի երկրորդական խոսքերից, որոնք իրենց կողմից նույնպես կարող են երկրորդական խոսքեր ունենալ։ Ստորադասությունը բազմաբարդ է լինում, երբ գլխավոր խոսքն ունի երկու և ավելի երկրորդական խոսքեր, որոնք կարող են վերաբերել 1. Գլխավոր խոսքի տարբեր մասերին 2. Գլխավոր խոսքի միևնույն մասին Աբեղյանական այս սխեման (ինչպես և նրա շարահյուսագիտական շատ այլ գաղափարներ) իր հիմնական գծերով կրկնվում է հետագա հեղինակների կողմից՝ անշուշտ, որոշ մասնավորումներով կամ հավելումներով, տերմինային համապատասխան հանդերձավորմամբ։

Բարդ նախադասության սևակյան դասակարգում խմբագրել

Ակադեմիկոս Գ. Սևակն իր հեղինակած շարահյուսության դպրոցական դասագրքում հատուկ անդրադառնում է Աբեղյանի կողմից «համաստորադաս խոսքեր» անվանված նախադասություններին, սահմանում է դրանք և բերում համապատասխան օրինակներ[2]։ Բազմաբարդ խոսքերի կառուցվածքային մյուս տարբերակներին առանձին անդրադարձ չկա այս դասագրքում, սակայն «Համաստորադաս նախադասություններ» վերնագրի տակ ներկայացվում են նաև այլ բնույթի կառուցվածքներ, որոնց հեղինակային բնութագրումները սկզբունքային առումով բավական հետաքրքիր են։ «Բարդ ստորադասական նախադասության մեջ, համադաս նախադասություն կարող են ունենալ ոչ միայն երկրորդական, այլև գլխավոր նախադասությունները։ Գլխավոր նախադասության համադաս նախադասությունը ինքն էլ դառնում է գլխավոր, եթե երկրորդական նախադասությունը հավասարապես լրացնում է երկու գլխավոր նախադասությունների միտքը, օրինակ՝ Երբ զանգը տրվում է, բոլորս մտնում ենք դասարան, և դասն սկսվում է։ Շատերը գիտեին, բայց ես վերջերս իմացա, որ ռադիոընդունիչների մեջ լամպերի փոխարեն օգտագործվում են կիսահաղորդիչներ»։ Շարունակության մեջ Գ. Սևակը ներկայացնում է մի այլ կառույց ևս, որը, ինչպես երևում է, նախորդի տարբերակն է համարում և նրա հետ միասին էլ հատկացնում է ստորադասական տիպին։ «Լինում են սակայն և այնպիսի դեպքեր, երբ գլխավոր նախադասությանը ստորադասված երկրորդական նախադասությունը բոլորովին չի վերաբերում գլխավորին համադաս նախադասությանը։ Օրինակ՝ Ես պատասխանեցի, որ կիսահաղորդիչները փոխարինում են լամպերին, և ուսուցիչը ինձ գովեց։ Այստեղ՝ որ կիսահաղորդիչները փոխարինում են լամպերին երկրորդական նախադասությունը լրացնում է միայն ես պատասխանեցի նախադասության միտքը (ի՞նչ պատասխանեցի), բայց կապված չէ ուսուցիչը ինձ գովեց նախադասության հետ։ Հետևաբար, թեև ուսուցիչը ինձ գովեց նախադասությունը համազոր է գլխավոր նախադասությանը, բայց գլխավոր չէ երկրորդական նախադասության համար, այլ միայն գերադաս է նրա համեմատությամբ»։ Բերված երկու կառուցատիպերն էլ Գ. Սևակը ստորադասական է համարում և որպես ընդհանուր եզրահանգում գրում է. «Գլխավոր և երկրորդական նախադասությունների փոխադարձ հարաբերության այս տարբերությունները, ինչպես և համաստորադաս նախադասությունների առկայությունը, բարդ ստորադասական նախադասության կառուցվածքի էական փոփոխություն չեն ստեղծում, ուստի և քերականական տարբեր անուններով կոչելը սխալ է։ Կա միայն բարդ ստորադասական նախադասություն՝ անկախ գլխավոր և երկրորդական նախադասությունների քանակից և հարաբերություններից, կան համադաս գլխավոր նախադասություններ, գլխավորին համադասվող գերադաս նախադասություններ, կան համաստորադաս երկրորդական նախադասություններ, բայց չկա բարդ համաստորադասական նախադասություն, բարդ համագերադասական նախադասություն, բարդ համաստորագերադասական նախադասություն։ Շատ ճյուղավորված և բարդ նախադասությունը կարելի է կոչել բազմաբարդ»[3]։

Բարդ նախադասության հետաբեղյանական դասակարգում խմբագրել

Ա․ Գարեգինյանը գործածում է «խառը տիպ» անվանումը համադասական այն կառույցների համար, որոնց համադասվող բաղադրիչները իրենց հերթին բարդ ստորադասական նախադասություններ են և ստորադասական կառույցների մեջ որպես ինքնուրույն տեսակ նշում է մեկից ավելի գլխավորներով և ընդհանուր երկրորդական(ներ)ով տարբերակը (որը, ինչպես տեսանք, նշվել է նաև Սևակի դասագրքում)։ Բազմաբաղադրիչ ստորադասական մյուս կառուցատիպերը անվանվում են համաստորադասում (երկու տիպի՝ համասեռ և անհամասեռ երկրորդականներով) և ենթաստորադասություն կամ հաջորդական ստորադասություն[4]։

Գրականություն խմբագրել

Արտաշես Պապոյան, Խաչիկ Բադիկյան, Ժամանակակից հայոց լեզվի շարահուսություն, Երևան 2003, էջ 211-228

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․ Զաքարյան, Յու Ավետիսյան, Շարահյուսություն, Երևան, 2009, էջ 122-123
  2. Գուրգեն Սևակ, Շարահյուսության դասագիրք, Երևան, 1974
  3. Տե՛ս նույն աշխատությունը
  4. http://www.armin.am/images/menus/2592/Leonid_Telyan.pdf