Բառային-գործառույթային քերականություն

Բառային-գործառույթային քերականություն, տեսական լեզվաբանության մեջ սահմանափակումների վրա հիմնված քերականության շրջանակ[1]։ Այն շարադրում է շարահյուսական կառույցի երկու առանձին մակարդակ՝ շարադասության և բառակազմության կառուցվածքի քերականական ներկայացում և քերականական գործառույթների ներկայացում, օրինակ՝ ենթակա և խնդիր։ Տեսությունը զարգացրին Ջոան Բրեզնանը և Ռոնալդ Կապլանը 1970-ական թվականներին՝ ի պատասխան տրանսֆորմացիոն քերականության տեսության, որն արդի էր 1970-ականների վերջին։ Ուսումնասիրության կենտրոնում առավելապես շարահյուսությունն է, ներառյալ՝ դրա կապը ձևաբանության և իմաստաբանության հետ։ Բառային-գործառույթային քերականությունը շատ քիչ առնչություններ ունի հնչյունաբանության հետ (չնայած վերջերս հետազոտական աշխատանքներում մեծ տարածում է գտել)։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Բառային-գործառույթային քերականությունը ընկալում է, որ լեզուն բաղկացած է կառույցի բազմաթիվ չափումներից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է որպես հստակ կառույց իր կանոններով, հասկացություններով և արտահայտման ձևով։ Ուսումնասիրությունների արդյունքում կարող ենքդասակարգել երկու հիմնական կառույցի տեսակ

  • քերականական գործառույթների ներկայացում (f-կառուցվածք)։
  • շարահյուսական բաղադրիչների կառուցվածք (c-կառուցվածք)։

Օրինակ, «Պառավը ֆալաֆել է ուտում» նախադասության մեջ, c- կառուցվածքի վերլուծության համաձայն, սա նախադասություն է, որը կազմված է երկու մասից՝ գոյական արտահայտությունից և բայական արտահայտությունից։ Բայական արտահայտությունն էլ իր հերթին կազմված է երկու մասից` բայ և մեկ այլ գոյականական արտահայտություն։ Գոյականական արտահայտությունն էլ ունի բաղկացուցիչ մասեր։ Վերջապես, կառույցի հիմքը կազմում են բառերը, որոնց հիման վրա էլ կազմվում է նախադասությունը։ Մինչդեռ f-կառուցվածքի վերլուծության համաձայն՝ նախադասությունը կազմված է որոշիչներից, հատկանիշներ, որոնցից են թիվը, ժամանակաձևը կամ գործառույթային այլ միավորներ,ինչպիսիք են ենթականը, ստորոգյալը կամ խնդիրը[2]։

Բառային-գործառույթային քերականության ուսումնասիրությունը թույլ է տալիս բացահայտել նաև մի շարք այլ կառույցներ.

  • փաստարկային կառուցվածք (a-կառուցվածք). այս մակարդակում ներկայացվում է ստորոգյալի համար բերվող փաստարկների քանակը և դրանց իմաստաբանության որոշ հայեցակարգեր,
  • իմաստային կառուցվածք (s-կառուցվածք), մակարդակ, որը ներկայացնում է արտահայտությունների և նախադասությունների իմաստը։
  • տեղեկատվական կառուցվածք (i- կառուցվածք)
  • ձևաբանական կառուցվածք (m-կառուցվածք)
  • հնչյունաբանական կառուցվածք (p- կառուցվածք)։

Հետաքրքիր է նկատել, որ այս տարբեր կառույցները փոխադարձաբար սահմանափակում են միմյանց։ Լեզվական կառուցվածքի բառային-գործառույթային քերականություն հասկացությունը տարբերվում է Չոմսկու տեսություններից, որոնք միշտ ներառել են բաղկացուցիչ կառուցվածքի ներկայացման առանձին մակարդակներ, որոնք միմյանց կապվում ու վերագրվում են փոխակերպումների միջոցով։ Բառային գործառույթային քերականական մոտեցումը առանձնահատուկ հաջողությունների է հասել ոչ կոնֆիգուրացիոն լեզուների շրջանակում։ Այս լեզուներում կառուցվածքի և գործառույթի փոխհարաբերությունն անմիջական չէ ի տարբերություն, օրինակ, անգլերենի։ Այդ իսկ պատճառով էլ բառային-գործառույթային քերականության հետևորդներն այն համարում են լեզուների համընդհանուր մոդել։

Բառային-գործառույթային քերականության մեկ այլ առանձնահատկություն էլ այն է, որ քերականական-գործառույթային փոխակերպումները (օրինակ` կրավորականացում) դիտվում են որպես հարաբերություններբառերի և ոչ թե նախադասությունների միջև։ Սա նշանակում է, որ ներգործական-կրավորական կապը, օրինակ, փոխկապակցվածություն է երկու տեսակի բայերի միջև։

Բառապաշարում արտադրական գործընթացների առաջադրման և կառուցվածքի ու գործառույթի տարանջատման միջոցով բառային-գործառույթային քերականությունը կարող է հաշվել շարահյուսական օրինաչափությունները ՝ առանց շարահյուսական կառույցի նկատմամբ սահմանված վերափոխումների օգտագործման։ Օրինակ, «Ի՞նչ տեսար» նախադասության մեջ, որտեղ «ի՞նչ»-ը «տեսար» բայի համար խնդիր է հանդես գալիս, տրանսֆորմացիոն քերականությունը «ի՞նչ»-ը դնում է «տեսնելուց» հետո (խնդրի համար սովորական դիրքում)՝ խորքային կառույցում, այնուհետև տեղափոխում է այն։ Ըստ բառային-գործառույթային քերականության՝ «ի՞նչ»-ն ունի երկու գործառույթ` հարցական բառ և խնդիր:Փաստորեն, լեզվի սահմանափակումները թույլ են տալիս, որ հարցական բառը նաև կատարի խնդրի գործառույթ։

Բառային-գործառույթային քերականության ուսումնասիրության հիմնական նպատակը քերականության մոդելի ստեղծումն է այնպիսի խորությամբ, որը դուր կգա լեզվաբաններին՝ միևնույն ժամանակ արդյունավետորեն վերլուծելով և ունենալով ֆորմալիզմին բնորոշ հատկանիշներ, որն էլ պահանջում են մաթեմատիկական լեզվաբանության հետևորդները։ Այդ նպատակով մշակվել են մաթեմատիկական վերլուծիչներ, և բառային-գործառույթային քերականությունը օգտագործվում է նաև որպես տարբեր մեքենայական թարգմանության գործիքների տեսական հիմք, ինչպիսիք են AppTek's TranSphere- ը և Julietta Research Group’s Lekta-ն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Austin, Peter Kenneth (2001). «Lexical Functional Grammar». International Encyclopedia of the Social and Behavioral Sciences.
  2. Asudeh, Ash; Toivonen, Ida (2009). «Lexical-Functional Grammar» (PDF). The Oxford Handbook of Linguistic Analysis.

Արտաքին հղումներ խմբագրել