Բառագիտություն, լեզվաբանության բաժիններից, գիտաճյուղերից մեկը. ուսումնասիրում է լեզվի բառապաշարը, բառագիտական միավորները՝ բառերը, բառայնացած կայուն բառակապակցությունները։ Լայն ըմբռնմամբ սրա հիմնական հարցադրումներն են՝ բառի սահմանումը, բառատեսակների, բառագիտական միավորների արտահայտության և բովանդակային պլանների փոխհարաբերության հարցերը, բառակազմական կաղապարների բացահայտումը, բառիմաստների քննությունը, դրանց տեսակների առանձնացումը, ապա և՝ իմաստափոխության եղանակներն ու պայմանները, ուղղակի և փոխաբերական իմաստները, բառի ծագումն ու նրա պատմական զարգացումը, բառապաշարի ուսմունքը, այս կապակցությամբ՝ բառային կազմը, բառագործածության ոճական ոլորտները, բառաշերտերը, բառապաշարի հարստացման աղբյուրները, փոխառությունները, բառապշարի տեղաշարժերը, կայուն բառակապակցություններն ու դարձվածքները, բառարանագրության տեսությունն ու տեխնիկան և այլն։

Ըստ այդմ էլ բառագիտության մեջ մտնում են՝

Բառագիտությունից դուրս սրանց մի մասը (օրինակ, իմաստաբանությունը, ստուգաբանությունը, դարձվածաբանությունը) հաճախ դիտվում է իբրև լեզվաբանական առանձին գիտաճյուղ կամ գիտակարգ, իսկ բառակազմության հարցերը երբեմն տեղափոխվում են ձևաբանության բնագավառը։

Ինչ է Բառը խմբագրել

Բառը նախադասություն և խոսք կազմող միավորներից մեկն է։ Կազմված է հնչյուններից և վանկերից։ Բայց, ի տարբերություն հնչյունների և վանկերի, բառը ունի իմաստ, այսինքն՝ անվանում է առարկա (քար, ձու, մարդ, ձյուն, ձեռնարկ, խաղ, ձանձրույթ, միտք, ցասում), առարկայի հատկանիշ (փափուկ, ոսկե, դեղին, ծանրակշիռ, հինգ, տասնութերորդ), գործողություն (անել, լինել, դառնալ, աղալ), գործողության հատկանիշ (արագ, այսօր, տեղ-տեղ, միասնաբար), փոխարինում է այլ բառի (նա, այսպիսի, որքան, ուր, ոչ ոք, ուրիշ, ինչ-որ), արտահայտում է վերաբերմունք, զգացմունք, կոչ կամ նմանաձայնություն (անշուշտ, իբր, թեկուզ, հենց, վա՛հ, քշա՜, ճը՜ռռ), կապակցում է բառեր կամ նախադասություններ(դեպի, ըստ, առանց, բայց, և, սակայն, թեև)։ Ուրեմն բառը իմաստ արտահայտող հնչյուն կամ հնչյունախումբ է (է, ու, նա, լավ, ծարավ, հագենալ, օդերևութաբանություն)։ Միաժամանակ, առանձին վերցրած բառը արտասանական տեսակետից վանկ կամ վանկախումբ է (աղ, հյուր, մանր, երկիր, աքաղաղ, խորանարդ, գեղագիտություն)։ Բառերը լինում են միավանկ կամ բազմավանկ և սովորաբար ունենում են շեշտ։ Բառի արտահայտած իմաստը կոչվում է բառիմաստ։ Իմաստ արտահայտելու շնորհիվ բառը կարող է որպես ինքնուրույն միավոր գործածվել նախադասության մեջ, ինչպես նաև խոսքից դուրս։

Հնչյուններից կազմված լեզվական այն միավորը, որն ունի իմաստ և ինքնուրույն գործածություն, կոչվում է բառ։ Բառերի միջև սահմանը բացատն է (բանավոր խոսքում՝ դադարը)։ Բայց որոշ տեսակի բառերի բաղադրիչների միջև նույնպես կարող է բացատ (դադար) լինել։ Օրինակ՝ ոչ ոք, կուլ տալ, չլինի՞ թե, չէ՞ որ, ի միջի այլոց, գնում եմ, մի՛ գնա և այլն։ Կան մի շարք բառեր, որոնց բաղադրիչների միջև միության գծիկ է դրվում։ Օրինակ՝ ինչ-որ, դույզն-ինչ, առոք-փառոք, արագ-արագ, հյուսիս-արևելք և այլն։ Բառերը երբեմն կարող են կրճատ գրվել հատուկ կանոնների համաձայն։ Օրինակ՝ պրն.՝ Հովհ. Սարգսյան, մ.թ.ա., ն.Ք., մլն, սմ, կգ ևն։

Բառի ուղիղ և թեք ձևեր խմբագրել

Ժամանակակից հայերենում բառերը երկու կարգի փոփոխությունների են ենթարկվում։

  • ա. Բառակազմական փոփոխություն։ Բառերը (կամ նրանց արմատները), միանալով իրար կամ ածանց ստանալով, դառնում են նոր բառ՝ նոր իմաստով։ Օրինակ՝ գիր > ան+գիր, գր+ել, գր+ական, գր+ություն, գր+ող, գր+վածք, գր+իչ, գր+ա+դարան, բառ+գիր+ք, գյուղ> գյուղ+ակ, գյուղ+ական, գյուղ+ացի, գյուղ+ովի, գյուղ+ա+պետ, գյուղ+խորհուրդ և այլն։
  • բ. Քերականական փոփոխություն։ Բառերի մի մասը խոսքի (նախադասության) մեջ կարող է քերանական ձևափոխությունների ենթարկվել՝ մնալով նույն բառը՝ նույն իմաստով։ Դա կատարվում է՝ բառի հիմքի վերջում մասնիկ ավելացնելով կամ հիմքի ձայնավորը փոխելով, որով բառի իմաստը չի փոխվում, բայց այդ նոր ձևը քերականական նոր իմաստ է ձեռք բերում՝ դրա շնորհիվ կապակցելով այլ բառերի հետ և խոսք կազմելով։ Օրինակ՝ գիրք > գն+ամ, կ+գնաս, չ+գնացիր, գն+ալու եմ, գն+ում էին, գնա՛, գն+այի և այլն։ Բառի այդ ձևափոխությունները կոչվում են բառաձևեր։ Դրանցից մեկը սկզբնական, ուղիղ ձն է։ Դրա ձևափոխություններով են սովորաբար առաջանում մյուս՝ թեք ձևերը։

Բառի այն ձևը, որից կազմվում են մյուս բառանաձևերը, կոչվում է բառի ուղիղ ձև։ Բերված օրինակներում այդպիսիք են գիրք, տուն, հայր և գնալ բառաձևերը։ Ուղիղ ձևից կազմված մյուս բառաձևերը կոչվում են բառի թեք ձևեր։ Խոսքի՝ նախադասության մեջ բառերը լինում են նախադասության անդամներ, նաև կատարում այլ դերեր (կոչական, վերաբերական, միջարկություն, կապակցող միջոց և այլն)։ Բառը (հատկապես նրա ուղիղ ձևը ) կարող է գործածվել նաև խոսքից դուրս, անկախաբար՝ հաճախ դառնալով բառ-նախադասություն։ Դրա օրինակ են բառացանկները, բառարանների գլխաբառերը, միաբառ ցուցակները, պիտակները, վերնագրերը։ Բառի ուղիղ ձևը կոչվում է նաև բառարանային ձև, քանի որ բառը բառարաններում մեծ մասամբ ներկայացվում է նախ և առաջ ուղիղ ձևով։ Բառր սովորաբար հիշվում և ճանաչվում է նախ և առաջ հենց իր ուղիղ ձևով։

Բառապաշար, լեզվի բառային կազմը խմբագրել

Ամեն մի լեզու ունի իր բառերը, որոնց թիվը կարող է հասնել մի քանի հարյուր հազարի։ Դրանցից ամբողջությունը տվյալ լեզվի բառապաշարն է։ Հայերենը, օրինակ, ունի ավելի քան 300 հազար բառ։ Այդ բառերը հավասար արժեք և միանման գործածություն չունեն։ Կան համեմատաբար հաճախ և հազվադեպ գործածվող բառեր։ Տվյալ լեզվի բոլոր բառերի ամբողջությունը կոչվում է բառապաշարկազմ լեզվի բառային կազմ։

Բառագիտությունը ուսումնասիրում է լեզվի բառապաշարը, դասակարգում ու խմբավորում այդ բառերն ըստ գործածականության, ըստ իմաստների, ըստ ծագման, ըստ կազմության և այլ հատկանիշների։ Ամեն մարդ յուրացնում և գործածվում է լեզվի բարապաշարի մի մասը միայն։ Ամեն անհատ միջին հաշվով գիտի, հասկանում է 20-25 հազար բառ և գործածում է դրանցից 3-4 հազարը։ Բայց բոլոր մարդիկ նույն բառերը չէ, որ գիտեն և գործածում են։ Մոտ 2000 բառ բոլորի բառապաշարում համընկնում է։ Մնացածը տարբեր է լինում թե՛ քանակով, թե՛ կազմով՝ կախված մարդու մտավոր զարգացման մակարդակից, կրթությունից, զբաղմունքից, հետաքրքրություններից, միջավայրից ու շփումներից։ Մեկ մարդու իմացած և գործածված բառերի ամբողջությունը կոչվում է տվյալ անհատի բառապաշար։

Բառապաշարի շերտերն ըստ ծագման խմբագրել

Հայերենի բառապաշարն ըստ ծագման բաժանվում է մի քանի շերտերի։ Գլխավոր շերտը բնիկ հայերեն բառերն են։ Բնիկ հայերեն են համարվում այն բառերը, որոնք ի սկզբանե եղել են հայերենում, որպես ժառանգություն ստացվել են մայր լեզվից՝ հնդեվրոպական նախալեզվից, և հայերենին ձուլված լեզուներից կամ դրանց հիման վրա ինչ-որ ժամանակ առաջացել են հենց հայոց լեզվի ներսում։ Հայերենի հետ ծագած բառերից են, օրինակ՝ հայր, մայր, եղբայր, արև, լույս, երկինք, երկու, երեք, ես, դու և այլն։ Հայերենում, բայց ավելի ուշ առաջացած բառերից են, օրինակ՝ սուրճ, դուչ, հրետանի, պահարան, շողակն, մեկնարկ, նվագավար, արագացուցիչ և այլն։

Հայերենի բառապաշարը ժամանակի ընթացքում փոփոխությունների ենթարկվել. եղել են բառեր, որ հնում գործածվել են, բայց հետո մոռացվել են կամ դուրս մղվել այլ բառերի կողմից։ Մի շարք բառեր գերծածվել են միջին հայերենում կամ հայերենի բարբառներից որևէ մեկում կամ մի քանիսում։ Այդպիսի ժամանակային ու տարածքային սահմանափակում ունեցող բառերը երբեմն գործածվում են ժամանակակից հայերենում՝ իբրև փոխառություններ գրաբարից, միջին հայերենից կամ բարբառներից։ Դրանք այսպես կոչված ներքին փոխառություններն են։ Օրինակ՝ օրավուր, ձերբակալել, սրբություն սրբոց, գլուխգործոց, դիցուք, հաստոց, էտել, չմուշկ, բուկլից, մղան և այլն։ Լինում են նաև արտաքին փոխառություններ, այսինքն՝ այնպիսի բառեր, որ մեր լեզվին են անցել ուրիշ լեզուներից։ Օրինակ՝ գազ, մզկիթ, հերոս, ջազ, գրամ, մատիտ, տետր, տոմս, մետաղ և այլն։

Այն արտաքին փոխառությունները, որոնք ունեն հայերեն համարժեքներ, կոչվում են օտարաբանություններ։ Օտարաբանությունների գործածությունը, որպես կանոն, մերժելի է։ Օրինակ՝ օտարաբանություններ են բդեշխ, կոմպյուտեր, ասիստենտ, ստադիոն, նովել, սալաթ, պոմիդոր, մասսա բառերը, քանի որ կան հայերեն կուսակալ, համակարգիչ, ընթերակա, մարզադաշտ, նորավեպ, աղցան, լոլիկ, զանգված բառերը, որ նույն իմաստներն ունեն, նույն բանն են նշանակում։ Մինչդեռ գազ, մզկիթ, հերոս, ջազ, գրամ, մետաղ բառերը, թեև ուրիշ լեզուներից են փոխառված, բայց օտարաբանութըուն չենք համարում, քանի որ դրանց փոխարինող հայերեն բառեր չկան։

Իմաստաբանություն խմբագրել

Բառի կարևորագույն հատկանիշը իմաստ արտահայտելն է։

Բառագիտության այն բաժինը, որն զբաղվում է բառերի իմաստների ու դրանց փոփոխությունների ուսումնասիրությամբ, կոչվումէ իմաստաբանություն։

Մենիմաստ և բազմիմաստ բառեր խմբագրել

Կան մի շարք բառեր, որոնք ունեն մեկ որոշակի իմաստ։ Օրնակ՝ աղաթթու, արջամուկ, աշխղեկ, եռահարկ, ուղղաթիռ և այլն։ Բայց կան բազմաթիվ բառեր, որոնք ունեն մեկից ավելի իմաստներ։ Օրինակ՝ բռնել, երես, ծանր, սև, քաշել, ատամ, ճյուղ, թերթ և այլն։ Մեկից ավելի իմաստ ունեցող բառերը կոչվում են բազմիմաստ բառեր։

Բազմիմաստ բառերի նշանակված իմաստներից մեկը, որպես կանոն համարվում է գլխավոր իմաստ և բառարաններում նշվում է առաջինը։ Մյուսները կոչվում են երկրորդական։ Օրինակ՝ ճյուղ 1.ծառի կամ թփի ոստ, 2.գետի վտակ, 3.գիտության կամ արտադրության բնագավառ, 4.մի տոհմի սերունդներից յուրաքանչյուրը և այլն։ Օրինակ՝ խավարտ, 1.աղվամազոտ (բույս, պտուղ), 2.ճաշի ամոքանք։

Երկրորդական իմաստներ շարքում կարող են լինել նաև բառի փոխաբերական (այլ բառի իմաստով) ու բանաստեղծական կիրառության դեպքեր։ Օրինակ՝ շուչ բառի հիմնական իմաստն է՝ «ներշնչվող ու արտաշնչվող օդը»։ Երկրորդական իմաստներից է «շնչվող օդի հոսանքի ձայնը»։ Փոխաբերական իմաստներից են՝ «1. որևէ բանի նշան, դրսևորում, 2. որևէ բանի էությունը, ոգին, 3. բուրմունք, հոտ»։ Ոսկեքար բառի հիմնական իմաստն է՝ «ոսկեկանաչավուն թանկաևժեք քար՝ քրիզոլիթ»։ Երկրորդական իմաստն է՝ «ոսկեքարից կերտված»։ Բանաստեղծական իմաստն է՝ «ոսկու բյուրեղ, բնածին ոսկու բեկոր»։

Փոխաբերական իմաստները միշտ երկրորդական են։ Սակայն բանաստեղծական իմաստը կարող է նաև գլխավոր լինել։ Այդ դեպքում բառն ինքն էլ կկոչվի բանաստեղծական։ Օրինակ՝ ծաղկաժպիտ կայծակնացայտ, հայրենազուն, ձայնաշղթա, սիրամրմունջ, կենսաժպիտ, շուշանաշուրթ, ոգեպատիր և այլն։

Գրականություն խմբագրել

  • Ալեքսանդր Մարգարյան, Ժամանակակից հայոց լեզու։ Բառագիտություն (ուսումնաօժանդակ ձեռնարկ բուհերի բանասիրական ֆակուլտետների ուսանողների համար), Ե., Երևանի համալսարանի հրատ., 1993, 232 էջ։

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 298