Բակուր (մոտ մ.թ.ա. 67– մ․ թ․ ա․ 38 հունիսի 9), Պարթևաց Որոդես II թագավորի որդին և գահակիցը։ Մ․ թ․ ա․ 53-ի հունիսին Արտաշատում կնքած հայ–պարթևական դաշինքն ամրապնդվել է Բակուրի և Հայոց թագավոր Արտավազդ Բ–ի քրոջ ամուսնությամբ։ Օժտված լինելով զորավարական տաղանդով՝ Բակուրը եղել է պարթևական արշավանքների կազմակերպիչը։ Մ․ թ․ ա․ 52–50-ին գլխավորել է Ասորիքում և Փոքր Ասիայում պարթևական զորքերի գործողություններն ընդդեմ Հռոմի։ Մ․ թ․ ա․ 50-ի գարնանը Բակուրը նոր արշավանք է նախապատրաստել Հռոմի դեմ, սակայն Որոդես II անսպասելիորեն Ասորիքից ետ կանչելով՝ խանգարել է նրան իրագործելու այդ մտադրությունը։ Հռոմեա–պարթևական նոր պատերազմի սկզբին (մ․ թ․ ա․ 40) Բակուրը վերստին գրավել է Ասորիքը և Փյունիկիան։ Բակուրի ասորիք–պաղեստինյան արշավանքներին մասնակցել են նաև հայկական զորագնդերը։ Բակուրի զորավարներից էր Բարզափրանես Ռշտունին, որը, ըստ Մովսես Խորենացու, անցել է Գալիլեյա և այնտեղ ապստամբություն հրահրել հռոմեացիների դեմ։ Բակուրի ռազմական հմուտ գործողությունների շնորհիվ մ․ թ․ ա․ 40–38-ին Պաղեստինը, Ասորիքը և Փոքր Ասիան անցել են պարթևական տիրապետության տակ։ Սակայն մ․ թ․ ա․ 38-ին, Գինդարոս լեռան մոտ (Անտիոքից ոչ հեռու) ճակատամարտում Բակուրը սպանվել է։ Պարթևական զորաբանակի պարտությամբ Եփրատը վերստին ճանաչվել է հռոմեական և պարթևական տերությունների սահմանագիծ։ Բակուրի զոհվելուց հետո Որոդես II հրաժարվել է գահից՝ հօգուտ մյուս որդու՝ Հրահատ Դ-ի։

Բակուր
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 67
Մահացել էմ. թ. ա. 38
Մասնագիտությունգերիշխան
Ծնողներհայր՝ Որոդես Բ, մայր՝ Laodice of Parthia?
 Pacorus I of Parthia Վիքիպահեստում

Գրականություն խմբագրել

  • Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1971։
  • Моммзен Т․, История Рима, т․ 5, М․, 1949, с․ 327-28․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 246