Բաժնետիրական ընկերություն

Բաժնետիրական ընկերություն (ԲԸ), առևտրային կազմակերպություն հանդիսացող տնտեսական ընկերություն, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի։ Ընկերությունն իրավաբանական անձ է և ունի իր բաժնետերերի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում։ Ընկերությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։ ԲԸ-ն ստեղծվում է կանոնադրության հիման վրա։ Այն որոշվում և հաստատվում է հիմնադիրների կողմից։ Ընկերության հիմնադրամը ձևավորվում է բաժնետոմսերի ներդրումներից։ Որոշումը հիմնադրամի մասին ընդունում է հիմնադիր ժողովը։ Այն հավասար է ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի անվանական արժեքների գումարին։ Կանոնադրական հիմնադրամը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը։ ՍՊԸ-ի և ԲԸ-ի տարբերությունն այն է, որ առաջին դեպքում համատեղ օգտագործման նպատակով միավորվում են գործարար և ստեղծագործող մարդկանց խելքն ու միտքը, իսկ երկրորդում՝ կապիտալները։ Պարտավորությունների դիմաց ընկերությունը պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, սակայն պատասխանատու չէ բաժնետերերի պարտավորությունների համար, իսկ բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար։ ԲԸ կարող է լինել բաց (ԲԲԸ) կամ փակ (ՓԲԸ), ինչը պարտադիր կերպով պետք է արտահայտվի ընկերության կանոնադրությունում։

ԲԲԸ խմբագրել

Ընկերությունը համարվում է բաց, եթե բաժնետերերը իրենց պատկանող բաժնետոմսերը իրավունք ունեն օտարել առանց մյուս բաժնետերերի համաձայնության։ Բաց ընկերությունը իրավունք ունի իր կողմից թողարկված բաժնետոմսերը տեղաբաշխել ազատ բաժանորդագրության միջոցով և դրանց ազատ վաճառքն իրագործել տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան։

ՓԲԸ խմբագրել

Ընկերությունը համարվում է փակ, եթե ընկերության բաժնետոմսերը բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախօրոք որոշված անձանց միջև՝ առանց բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության։ Ընդ որում՝ փակ ընկերությունը պետք է ունենա 2 կամ ավելի բաժնետերեր, բայց 49-ից ոչ ավելի։ Եթե փակ ընկերության բաժնետերերի թիվը անցնում է 49-ից, ապա ընկերությունը 1 տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի բաց ընկերության կամ կրճատի բաժնետերերի թիվը։ Հակառակ դեպքում այն կլուծարվի։

Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը խմբագրել

Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից։ Ընկերության կանոնադրական կապիտալը որոշում է նրա պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը։ Բաժնետիրական ընկերության հիմնադիրները պարտավոր են մինչև ընկերության գրանցումն ամբողջությամբ վճարել կանոնադրական կապիտալը։ Բաժնետիրական ընկերություն հիմնադրելիս նրա բոլոր բաժնետոմսերը պետք է բաշխվեն հիմնադիրների միջև։

Ընկերության բաժնետոմսերը վճարելու պարտականությունից բաժնետիրոջն ազատել՝ ներառյալ ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, չի թույլատրվում։

Բաժնետիրական ընկերությունների գործունեության մեխանիզմը խմբագրել

Ցանկացած ներդրողի առաջնահերթ խնդիրը կապիտալ ներդրումների և բաժնետիրական ընկերության գործունեության լավագույն տարբերակը ընտրելու վերաբերյալ ճիշտ որոշումների ընտրությունն է։ Նման խնդիր լուծելու համար պետք է հստակ պատկերացնել, թե բաժնետիրական ընկերությունը ինչ տնտեսական մեխանիզմներ է օգտագործում գործունեության համար։ Քանի որ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը կազմավորվում է բաժնետերերի ներդրումների հաշվին, մինչ ընկերությունը գրանցելը, մասնակիցները պետք է դրամական ներդրումներ կատարեն ընտրած բանկի հատուկ հաշվին։ Յուրաքանչյուր մասնակցի պատասխանատվությունը սահմանափակվում է նրան պատկանող բաժնետոմսերի անվանական արժեքով կամ կատարած ներդրումների շրջանակներով։ Բաժնետերերի, ներդրողների և պետության համար ընկերության գործունեության նպատակահարմարությունը հիմնավորելու նպատակով կատարվում են գործունեության վերջնական արդյունքները բնութագրող ցուցանիշների գնահատման կարճաժամկետ և երկարաժամկետ հաշվարկներ։ Հաշվարկվում են համախառն եկամուտը, մաքուր եկամուտը, շահաբաժինը, կանոնադրական կապիտալի չափը, հիմնադիրների ավանդները, բաժնետոմսերի արժեքները և քանակը, բաժնետոմսերի եկամուտը և այլն։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 224