Բաբելոնի թագավորություն


Բաբելոնի թագավորություն (հին հունարեն՝ Βαβυλών, արաբ․՝ بابل‎‎), հայտնի է նաև, որպես Քաղդեա, Հին կտակարանում՝ Սենաար, հնագույն պետություն Տիգրիս և Եփրատ գետերի ստորին ավազանում մ․թ․ա․ 1894-ից 539 թվականներին։ Կոչվել է գլխավոր քաղաք Բաբելոնի անունով։

Բաբելոնի թագավորություն
𒆍𒀭𒊏𒆠
Մ.թ.ա. 20-րդ դար - մ.թ.ա. 539 թվական  
Քարտեզ


(մ․թ․ա․ 600 թվական)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բաբելոն
Լեզու աքքադերեն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Բաբելոնի թագավոր

Պատմություն խմբագրել

Մ․թ․ա․ 24-22-րդ դարերում մտել է Աքքադի, 22-21-րդ դարերում՝ Ուրի III հարստության տիրապետության մեջ։ Մ․թ․ա․ 1894-ին Բաբելոնում հիմնվել է տեղական ամովհրական դինաստիան։

Համուրապի թագավորի օրոք (մ․թ․ա․ 1792–1750) Միջագետքի մեծ մասը միավորվել է Բաբելոնի տիրակալության ներքո։ Մ․թ․ա․ 18-րդ դարի երկրորդ կեսից զանգվածաբար Բաբելոն են թափանցել քասիտական ցեղեր, որոնք անկման են հասցրել նրա ստրկատիրական ծաղկուն պետությունը և հիմնել իրենց տիրապետությունը (մ․թ․ա․ 1518-1204)։ Քասիտական տիրապետության անկումից հետո Բաբելոնը ժամանակավոր վերելք է ապրել նոր դինաստիայի ներկայացուցիչ Նաբուգոդոնոսոր I-ի օրոք, որը ետ է մղել հարևան Ասորեստանի և Էլամի ոտնձգությունները, պահպանել երկրի անկախությունն ու հզորությունը։

Նաբուգոդոնոսոր I-ից հետո Բաբելոնի կենտրոնական իշխանությունը թուլացել է։ Այնուհետև Բաբելոնը բազմիցս ենթարկվել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին ու նվաճումներին։ Մ․թ․ա․ 732 թվականից Բաբելոնը ենթարկվել է Ասորեստանի տիրապետությանը՝ ունենալով ձևական ինքնուրույնություն։ Մ․թ․ա․ 10-7-րդ դարերում պահպանել է տնտեսական հզորությունը, երբեմն էլ ձեռք բերել քաղաքական անկախություն։ Մ․թ․ա․ 626 թվականին Բաբելոնի կուսակալ Նաբոպալասարը Ասորեստանից անկախացել է և հռչակվել թագավոր։ Ասորեստանի անկումից հետո Բաբելոնի թագավորությունը (պատմագրության մեջ կոչվում է Նոր Բաբելոնյան կամ Քաղդեական) եղել է Առաջավոր Ասիայի հզոր տերություն։ Նաբոպալասարի որդին և հաջորդը՝ Նաբուգոդոնոսոր II-ը (իշխել է մ․թ․ա․ 604– 562), մ․թ․ա․ 597-ին հաղթել է Հուդայի թագավոր Հովակիմին, մ․ թ․ ա․ 586-ին գրավել Երուսաղեմը, հրեաների զգալի մասին բռնությամբ գաղթեցրել Բաբելոն։

Այս գաղթը հայտնի է «Բաբելոնյան գերություն» անունով։ Մ․թ․ա․ 539 թվականին Աքեմենյան թագավոր Կյուրոս Մեծը նվաճել է Բաբելոնը։ Վերջինիս գրավմանը, ըստ հույն պատմիչ Քսենոփոնի («Կյուրոպեդիա»), մասնակցել են արմենների (հայերի) 8-հազարանոց այրուձին և 40-հազարանոց հետևակը՝ Տիգրանի և Եմնասի առաջնորդությամբ։ Հրեաների համակրությունը շահելու համար Կյուրոսը նրանց վերադարձրել է Պաղեստին և ետ տվել խլված հարստությունը։ Բաբելոնը վերածվել է Աքեմենյան Պարսկաստանի փոխարքայության՝ Կյուրոս II-ի որդի Կամբյուսեսի գլխավորությամբ։ Դարեհ I-ի օրոք Բաբելոնը ապստամբել է և անկախացել։ Ըստ Բագհաստանայի արձանագրության, ապստամբության ղեկավարը՝ հայազն Արախանը, հռչակվել է Բաբելոնի թագավոր (Նաբուգոդոնոսոր IV)։ Դարեհ I-ը հաղթել է նրան և կողմնակիցների հետ մահապատժի ենթարկել։ Ենթադրվում է, որ բաբելոնյան ապստամբները համագործակցել են ապստամբած Հայաստանի հետ։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո Բաբելոնը կառավարել են մակեդոնական, այնուհետև սելևկյան կուսակալները։ Մ․թ․ա․ մոտ 140 թվականից Բաբելոնը մտել է պարթևական, այնուհետև (մ․ թ․ 224)՝ Սասանյան պետության կազմի մեջ։ Հայաստանի կապերը Բաբելոնի հետ ունեցել են հնագույն պատմություն։ Ուրարտական պետության թագավոր Արգիշտի Բ-ի արշավանքները (մ․թ․ա․ 751-750) հասել են մինչև Բաբելոն։ Հերոդոտոսը վկայում է, որ Եփրատ գետով աշխույժ առևտուր է կատարվել Բաբելոնի և Հայաստանի միջև։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 192