Ափ, ջրավազանների (ծով, լիճ, ջրամբար), ինչպես նաև հոսող ջրերի և ցամաքի փոխազդեցության գոտի։ Ջրի ներգործության, մակերևույթի տատանումների, ցամաքի մերձափնյա մասի տեղադրման բնույթի և այնտեղ գործող պրոցեսների պատճառով փոփոխվում է։ Ափերը լինում են՝ բարձր–զառիթափ (աբրազիոն) և ցածրատափարակ (կուտակումային)։

Ափի ձևավորման առաջնահերթ գործոնը ալեբախումն է, որի քայքայիչ գործունեությամբ ծովն «ընթանում է» դեպի ցամաք՝ իր մեջ առնելով արդեն մշակված ստորջրյա լանջը։ Ափերի ձևը սերտորեն կապված է տեղանքի երկրաբանական կառուցվածքի և գետերի գործունեության հետ։

Ափի տեսակները խմբագրել

Ափերը լինում է երկայնակի, լայնակի, շեղ և չեզոք։ Երկայնակի ափը ձգվում է ծալքերի տարածմանը զուգահեռ, լայնակիի դեպքում ծալքերն ուղղահայաց են ափագծին։ Շեղ ափը կազմում են որոշ անկյուն, իսկ չեզոքները հատուկ են սեղանաձև երկրներին, որտեղ շերտերն ունեն հորիզոնական տեղադրում։

Ափի ձևավորումը խմբագրել

Ափի պատկերը փոփոխվում է ծովի մակերևույթի դարավոր տատանումներից։ Ծովը գետահովիտներով թափանցելով ցամաքի խորքը, ըստ լանջի թեքության առաջացնում է տարբեր խորության և երկարության խորշեր, կղզիներ։ Խորասուզվող ափին բնորոշ են ռիսաները, ֆյորդերը, շխերները, էստուարները։ Բարձրացող ափը բավական միապաղաղ է, դելտային բերվածքները նստում են ափագծից հեռու, ծովախորշերն անջատվում են ցամաքալեզվակներով և ավազաթմբերով, առաջ են գալիս ծովալճակներ։

Հայկական բարձրավանդակի լճերի (Սևան, Վան, Ուրմիա) ափերին դիտվում են ափի աբրազիոն և կուտակումային տիպեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 161