Արևային և լուսնային հարֆեր

Արևային և լուսնային հարֆեր, արաբերենի այբուբենի տառերի երկու տարատեսակներ։ Դրանք տարբերվում են հնչողության տեսանկյունից. առաջինները իրենց են «ձուլում» որոշյալ հոդի («ալ») ﻝ հարֆը, իսկ երկրորդները չեն ձուլում։ Արաբերենում «արև» բառը՝ աշ-շամս՝ الشمس, և «լուսին» բառը՝ ալ-կամար القمر, դրա լավագույն օրինակներն են։ Այստեղից գալիս են հարֆերի անվանումները։

Արևային հարֆերը նշված են կարմիր, լուսնային հարֆերը՝ սև գույնով

Հարֆեր խմբագրել

Արաբերենի այբուբենի նվազագույն միավորը, որն իրենից ներկայացնում է բաղաձայն ու ձայնավոր հնչույթների միություն, կոչվում է «հարֆ» (արաբ․՝ حرف‎‎)։ Այս եզրույթի կիրառությանը առաջին անգամ հանդիպում է միջնադարյան արաբ լեզվաբան ալ-Խալիլ իբն Ահմադի աշխատությունում։ Կոնտեքստի համաձայն՝ նա օգտագործել է այդ եզրույթը վանկաչափական նվազագույն միավոր իմաստով[1]։

Հարֆը կարելի է ձևակերպել որպես տառ, քանի որ ընդունված է ասել, որ արաբերենի այբուբենը բաղկացած է 28 հարֆերից։ Որոշ հեղինակներ այն անվանում են ամանակ՝ հունական քերականական եզրութաբանության համաձայն[2], մյուսները՝ տառ[3]։

Սեմական լեզուներում չկան առանձին բաղաձայններ ու ձայնավորներ։ Հետևաբար, ձևաբանական նվազագույն միավորը ոչ թե վանկն է, այլ ամանակը[4]։ Հարֆն օգտագործվում է ինչպես հնչույթ, այնպես էլ գրույթ իմաստներով։ Հարֆը կարող է իր կազմում ունենալ 28 բաղաձայններից ու երեք ձայնանիշերից մեկը (ա,ու,ի)։ Բաղաձայն հնչյունը նրանում հաստատուն է, իսկ ձայնավորը կարող է փոխվել։ Գոյություն ունի նաև զրոյական ձայնավոր հասկացությունը, որը ամանակը վերածում է տառի։ Այսինքն, հարֆը միշտ ունի ձայնավոր՝ թեկուզ զրոյական։ Բաղաձայնը նույնպես կարող է լինել զրոյական . այդ դեպքում ձայնավորներն ավելի ազատ են, սակայն հարֆի կառույցը դրանից փոփոխության չի ենթարկվում։

Արևային հարֆեր խմբագրել

Արևային են կոչվում արաբերենի այն հարֆերը, որոնցից առաջ գրվող որոշյալ հոդի «լ» մասնիկն ասիմիլացվում է տվյալ հարֆի հետ։ Արաբերենի արևային հարֆերը տասնչորսն են՝

  • t: التاجر / at-tājir,
  • ṯ: الثانية / aṯ-ṯāniya,
  • d: الدرس / ad-dars,
  • ḏ: الذاكرة / aḏ-ḏākira,
  • r: الرجل / ar-rajul,
  • z: الزجاج / az-zujāj,
  • s: ‏ السودان‎‎/ as-Sūdān,
  • š: ‏الشمس ‎/ aš-šams,
  • ṣ: الصواب / aṣ-ṣawāb,
  • ḍ: الضاحية / aḍ-ḍāḥiya,
  • ṭ: ‏الطاولة ‎/ aṭ-ṭāwila,
  • ẓ: الظفر / aẓ-ẓufr,
  • l: اللطف / al-luṭf,
  • n: النصر / an-nasr.

Լուսնային հարֆեր խմբագրել

Լուսնային են կոչվում արաբերենի այն հարֆերը, որոնցից առաջ գրվող որոշյալ հոդի «լ» մասնիկը չի ասիմիլացվում տվյալ հարֆի հետ։

Գրավոր լեզվում խմբագրել

Արաբերենի գրավոր լեզվում որոշյալ հոդը՝ ال, արաբերենի արևային հարֆերից առաջ ընդունված է գրել սաստկացնող նշանով՝ «շադդայով»։

Օրինակներ
Արևային Լուսնային
الشَّمْس ash-shams 'արև' الْقَمَر al-qamar 'լուսին'
الثِّقَة ath-thiqah 'հստակություն' الْمُرْجَان al-murjān 'մարջան'

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Իրանում վեցերորդ դասարանից սկսած դասավանդվում է արաբերենը որպես Ղուրանի լեզու։ Որպեսզի աշակերտները լավ սերտեն դասը, և հիշեն, թե որ դեպքերում պետք է արտասանեն «ալ» նախածանցի լ-ն և որ դեպքերում ոչ, ստեղծվել է հետևյալ պարսկերեն նախադասությունը, որի բոլոր հնչյունները արևային (շամսի) հնչյուններից են բաղկացած՝ «شنل زردست», արտասանվում է՝ «շենել զարդասթ», և պարսկերենում նշանակում է՝ «թիկնոցը դեղին է»։ Բոլոր մյուս հնչյուններն լուսնային հնչյուններին են համապատասխանում։

Պետք է նաև նշել, որ պարսկերեն այբուբենում նման տարբերակում (արևային և լուսնային) գոյություն չունի, ինչպես նաև արաբերենում թեթև տարբերություն ունեցող հնչյունները (օրինակ՝ ظ, ز, ض և ذ) պարսկերենում նույն ձև են հնչում, որի պատճառով էլ վերոնշյալ պարսկերեն նախադասությունը կարող է ներառել բոլոր 14 արևային տառերի հնչյունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wolfdietrich Ficsher, Zur herkunft des Grammatishen terminus Harf, Jerusalem Studies of Arabic and islam, 1989
  2. Габучан Г.М. К вопросу о структуре семитского слова (в связи с проблемой внутренней флексии) // «Семитские языки», вып.2, ч.2. М., Наука, 1965
  3. McCarthy, J. J. , Prince A.S., Foot and Word in Prosodic Morphology. The Arabic Broken Plural.”, Natural Language & Linguistic Theory 8(2),Amherst 1990
  4. Фролов Д.В., Классический арабский стих, М. 1991