Արտաշիր Պապական

Պարսքի վերջին արքան, Սասանյան պետության հիմնադիրը և առաջին շահնշահը

Արտաշիր Ա Պապական (Նաև՝ Արդաշիր Ա, միջին պարսկերեն՝ 𐭠𐭥𐭲𐭧𐭱𐭲𐭥, պարս.՝ اردشیر بابکان, Ardašire Bâbakân, 180, Սթահր, Պարսք, Պարթևստան - 242), Պարսքի վերջին արքան (211-224), Սասանյան տերության հիմնադիրը և առաջին շահնշահը (224-242), Պապակի որդին, Սասանյանների արքայական հարստության հիմնադիրը[1]։

Արտաշիր Պապական
𐭠𐭥𐭲𐭧𐭱𐭲𐭥
Artaxšēr
Պարսքի արքա
211 - 224
Նախորդող Շապուհ
Հաջորդող թագավորությունը վերացվում է
Սասանյան Պարսկաստանի շահնշահ
224 - 242
Նախորդող Արտավան Ե Պարթև (Պարթևստան)
Հաջորդող Շապուհ Ա
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Զրադաշտականություն
Ծննդյան օր 180
Ծննդավայր Սթահր, Պարսք, Պարթևստան
Վախճանի օր 242
Դինաստիա Սասանյաններ
Քաղաքացիություն  Սասանյան Պարսկաստան
Հայր Պապակ
Ամուսին Ռոդակ
Զավակներ Շապուհ Ա և Արտաշիր

Կենսագրություն խմբագրել

Արտաշիրը Պարսքի մայրաքաղաք Ստահրի Անահիտա դիցուհու տաճարի քրմապետ Սասանի թոռն է, Պապակի կրտսեր որդին։

Սասանյանների ապստամբություն խմբագրել

208-209 թվականներին, հեղաշրջման միջոցով Պարսքի գահը զավթում է Արտաշիրի հայրը՝ Պապակը (208-210), ապա, նրան գահակից և հաջորդ է դառնում ավագ որդին՝ Շապուհը (208-211)։ Շապուհի մահից հետո, Արտաշիրը նվաճում է Պարսքը, դառնում վերջինիս արքան (211-224) և սկսում աստիճանաբար իրեն ենթարկել հարևան իշխանությունները՝ Շուշաստանը, Քերմանը, Սպահանը և այլն։ Այսպիսով, 220-ական թվականներին ուժեղանում է Պարսքում իշխող Սասանյան տոհմը, որի առաջնորդ և հիմնադիր Արտաշիր Պապականը 221 թվականին ապստամբություն է բարձրացնում Պարթևստանի արքայից արքա Արտավան Ե-ի դեմ՝ հանուն ամբողջ Պարսկաստանի քաղաքական գերիշխանության։ Արտաշիր Պապականը չորս տարավա ընթացքում կարողանում է ջլատել թուլացած պարթև Արշակունիների վերջին ուժերը։ 224 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցած Որմիզդականի ճակատամարտում Արտաշիրը հաղթում է պարթևական բանակին և սպանում Պարթևստանի վերջին թագավոր Արտավան Ե-ին, որով կործանվում է Պարթևստանը և հիմք է դրվում Սասանյան տերությանը[1][2]։

Պարթևական շատ իշխաններ անցնում են Սասանյանների կողմը։ Արտավան Ե-ի որդի Արտավազդը ամրանում է Ատրպատականում և մի քանի տարի դիմադրում է Սասանյաններին՝ Մեծ Հայքի արքա Տրդատ Բ-ի օգնությամբ, ով ստանձնել էր Արշակունյաց արքայատան գլխավոր միապետի դերը։ Բայց ի վերջո Արտավազդը պարտվում է և Ատրպատականն էլ է նվաճվում Արտաշիր Պապականի կողմից։

Սասանյան տերության հիմնադրում խմբագրել

Արտաշիրը գրավում է թագավորանիստ Տիզբոնը, պարթևական կալվածքները և 226 թվականին հանդիսավորությամբ թագադրվելով հռչակվում է՝ Սասանյան Պարսկաստանի շահնշահ («Արիների արքայից արքա»)։ 224 թվականի ապրիլի 28-ը դառնում է պարսկական նոր տարեթվարկման սկիզբը։ Պարսիկ զինվորական վերնախավը և զրադաշտ-քրմական դասը հատուկ արտոնություններ են ստանում և իշխող դիրք են գրավում պետության մեջ։ Արևի և կրակի պաշտամունքը հռչակվում են առաջնային։

Հայ-պարսկական պատերազմներ խմբագրել

Արտաշիրը փորձում է նաև նվաճել Մեծ Հայքը, Ատրպատականը, Վիրքը և Մազքութ Արշակունիների կողմից կառավարվող Աղվանքը՝ նրանցում իշխող Արշակունի տոհմերին համարելով իբրև գահի հակառակորդներ։ Ըստ Ագաթանգեղոսի, Մեծ Հայքի Արշակունի թագավոր Խոսրովը (իրականում՝ Տրդատ Բ-ն) հայկական զորքով ցանկացել է օգնել Արտավան Ե-ին, սակայն Որմզդականի ճակատամարտի լուրը ստանալով, Ադիաբենեից Մեծ Հայք է վերադարձել և իր շուրջը համախմբել Արտավանի որդիներին ու կուսակիցներին[3]։ Հայոց արքան Հռոմի, Ատրպատականի և կովկասյան ժողովուրդների դաշնակցությամբ ունեցել է ռազմական որոշ հաջողություններ Արտաշիրի դեմ՝ փորձելով նույնիսկ վերականգնել պարթևաց պետությունը, բայց պարթևական ավագանին նրան չի աջակցել, և Պարսկաստանում Արշակունիների թագավորությունը վերականգնելու Տրդատ Բ-ի ջանքերը ապարդյուն են անցել[4]։ Պարթև Արշակունիներին հավատարիմ պարթևական որոշ տոհմեր, Արտաշիրի հալածանքներից փախչելով, ապաստանում են Մեծ Հայքում[4][5]։

Մահը խմբագրել

Արտաշիր Պապականը մահացել է 242 թվականին, նրան հաջորդել է որդին՝ Շապուհ Ա-ն (242-270)։

Արտաշիրը մշակույթում խմբագրել

Արտաշիրի անվան և գործունեության մասին հյուսվել են առասպելներ, որոնք ամփոփվել են մեզ հասած պահլավական «Արտաշիր Պապականի մեծագործությունները» («Կարնամակ-ի Արտաշիր–ի Պապական») գրքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 23․
  2. Herodianus, VI, 2 (Z)
  3. «Պատմութիւն Հայոց», Ագաթանգեղոս, Տփղիս, 1909․
  4. 4,0 4,1 «Պատմություն Հայոց», Մովսես Խորենացի, Երևան, 1968․
  5. «Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա», Աստուրյան Հ․, Վենետիկ, 1912․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 141