Արտագալակտիկական աստղագիտություն

Արտագալակտիկական աստղագիտություն, աստղագիտության բաժին, զբաղվում է Գալակտիկայից դուրս գտնվող տիեզերական մարմինների և համակարգերի տեսանելի և տարածական բաշխման հետազոտմամբ, նրանց դասակարգումով, ֆիզիկական հատկանիշների (պայծառություն, զանգված, չափեր, աստղային բաղադրություն, ռադիոճառագայթում և այլն) որոշմամբ, առանձին գալակտիկաների և դրանց խմբերի ու կույտերի դինամիկայի հարցերով, գալակտիկաներում տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրմամբ, նրանց առաջացմանն ու զարգացմանը վերաբերող խնդիրներով։ Արտագալակտիկ աստղագիտության մեջ կիրառվում են հետազոտման աստղաֆիզիկական եղանակները։

Գալակտիկա Հաբլ Դեեփ ոլորտոմ

Զարգացում խմբագրել

Արտագալակտիկ աստղագիտությունը սկսեց զարգանալ 20-րդ դարի 1920-ական թվականներին, երբ վերջնականապես հաստատվեց, որ գալակտիկաները աստղերից ու միջաստղային նյութից կազմված առանձին համակարգեր են։ Գալակտիկաների առաջին դասակարգումը, ըստ նրանց արտաքին տեսքի, կատարել է Էդվին Հաբլը։ Գրեթե միաժամանակ պարզվեց, որ էլիպսաձև, պարուրաձև և անկանոն գալակտիկաները իրարից տարբերվում են աստղային կազմով (բնակչությամբ)։ Արտագալակտիկ աստղագիտության համար կարևոր նշանակություն ունեցավ կարմիր շեղման երևույթի հայտնաբերումը գալակտիկաների սպեկտրներում։ Մեկնաբանելով այն Դոպլերի էֆեկտով, բացահայտվեց Մետագալակտիկայի կարևոր առանձնահատկություններից մեկը՝ նրա ընդարձակումը։ Կարմիր շեղման և հեռավորության միջև հաստատված առնչությունը (Հաբլի օրենք) թույլ տվեց գալակտիկաների սպեկտրներում կարմիր շեղումը չափելու միջոցով որոշել նրանց հեռավորությունները։ Արտագալակտիկական օբյեկտների մեծ հեռավորությունների պատճառով այդ եղանակը արտագալակտիկ աստղագիտության մեջ հեռավորությունների որոշման հիմնական միջոցն է։ Տարածության մեջ գալակտիկաների բաշխվածության ուսումնասիրությունը բացահայտեց Մետագալակտիկայի մեկ այլ կարևոր առանձնահատկություն։ Պարզվեց, որ գալակտիկաների մեծամասնությունը մտնում է տարբեր թվով անդամներ պարունակող խմբերի և կույտերի մեջ։ Մեր Գալակտիկան մտնում է մի խմբի մեջ, որը կոչվում է տեղական համակարգ։ Վիկտոր Համբարձումյանը ցույց տվեց, որ Մետագալակտիկայի արդի վիճակում կույտերն ու խմբերը չեն կարող համալրվել ի հաշիվ իրենցից անկախ առաջացած գալակտիկաների։

Ռադիոգալակտիկաներ խմբագրել

Արտագալակտիկ աստղագիտության մեջ մեծ հեղաշրջում մտցրեց ռադիոգալակտիկաների հայտնաբերումը։ Վիկտոր Համբարձումյանը ցույց տվեց, որ գալակտիկաների հզոր ռադիոճառագայթումը պայմանավորված է նրանց կորիզներում ընթացող բուռն պրոցեսներով։ Այս տեսակետի հետագա զարգացումը արտագալակտիկ աստղագիտության մեջ ստեղծեց նոր ուղղություն, որը զբաղվում է գալակտիկաներում տեղի ունեցող անկայուն երևույթներով։ Հաստատվեց գալակտիկաների կորիզների տարբեր ձևի ակտիվության գոյությունը։ Նրանցից ամենակարևորը վիթխարի պայթյուններն են կորիզներում, որոնց ժամանակ դուրս են շպրտվում ռելյատիվիստական էլեկտրոնների հսկայական ամպեր, և գալակտիկան վերածվում է ռադիոգալակտիկայի։ Կորիզների ակտիվությունից հետևում է, որ նրանցում տեղի են ունենում նյութի և էներգիայի փոխարկման խոր պրոցեսներ։ 20-րդ դարի 60-ական թվականների սկզբին հայտնաբերվեցին օպտիկական և ռադիո դիապազոնում հզոր ճառագայթում ունեցող աստղանման օբյեկտներ՝ քվազարները։ Ամենամեծ կարմիր շեղում ունեցող կամ ամենահեռավոր օբյեկտները հանդիպում են քվազարների մեջ։ Չնայած նրանց ֆիզիկական բնույթը դեռ պարզ չէ, բայց եղած տվյալները ցույց են տալիս, որ դրանք աստղերից, մոլորակներից և միջաստղային գազից նամ փոշուց արմատապես տարբերվող օբյեկտներ են։ Իրենց մի շարք հատկություններով քվազարները նման են գալակտիկաների առավել ակտիվ վիճակում գտնվող կորիզներին, այն տարբերությամբ, որ նրանցում երևույթների մասշտաբներն ավելի մեծ են։ Արտագալակտիկ աստղագիտության բնագավառում կատարվող հետազոտությունները, նոր տիպի օբյեկտների և երևույթների հայտնաբերումը նոր և լուրջ խնդիրներ են դնում աստղագիտության առջև։ Այդ ասպարեզում ուսումնասիրություններ են տարվում աշխարհի գրեթե բոլոր խոշոր աստղադիտարաններում։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Համբարձումյան Վ․ Հ․, Տիեզերքի էվոլյուցիայի պրոբլեմները, Ե․, 1968։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 119