Արվիդաս Ռոմաս Սաբոնիս (լիտ.՝ Arvydas Romas Sabonis, դեկտեմբերի 19, 1964(1964-12-19), Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Մասնագիտական կարիերայում հանդես է եկել մի շարք եվրոպական առաջնություններում, ինչպես նաև 7 խաղաշրջան անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբում։

Արվիդաս Սաբոնիս
լիտ.՝ Arvydas Sabonis

Դիրքը Կենտրոնական
Համար № 11
Ի ծնե տրված անունը Արվիդաս Սաբոնիս
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 19, 1964 (59 տարեկան)
Ծննդավայր Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն Լիտվա Լիտվացի
Հասակ 2,21 մ
Քաշ 132 կգ
Դրաֆթ 1986 / ռաունդ` 1 / ընտր.` 24-րդ
Դրաֆթ ակումբ Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս
Կարիերայի պատմություն
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԺալգիրիս (1981–1989)
ԻսպանիաՎալադոյիդ (1989–1992)
ԻսպանիաՌեալ Մադրիդ ԲԱ (1992–1995)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՊորտլենդ Թրեյլ Բլեյզերս (1995–2001)
ԼիտվաԺալգիրիս (2001–2002)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՊորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2002–2003)
ԼիտվաԺալգիրիս (2003–2005)
Մրցանակներ

  • ՖԻԲԱ աշխարհի չեմպիոն (1982)
  • 6× Euroscar տարվա բասկետբոլիստ (1984–1985, 1988, 1995, 1997, 1999)
  • 2× Միստր Եվրոպա (1985, 1997)
  • 3× ԽՍՀՄ չեմպիոն (1985, 1986, 1987)
  • Աշխարհի գավաթակիր (1986)
  • 4× Լիտվայի տարվա մարզիկ (1984, 1985, 1986, 1996)
  • 3× ՖԻԲԱ All-Tournament թիմ (1983, 1985, 1995)
  • ԵվրոԲասկետ-ի չեմպիոն (1985)
  • ԵվրոԲասկետ-ի MVP (1985)
  • Իսպանիայի արքայական գավաթի հաղթող (1993)
  • ACB չեմպիոն (1993, 1994)
  • 2× Իսպանիայի լիգայի եզրափակչի MVP (1993, 1994)
  • Իսպանիայի լիգայի MVP (1994–1995)
  • Եվրալիգայի չեմպիոն (1995)
  • Եվրալիգայի եզրափակիչ քառյակի MVP (1995)
  • NBA All-Rookie առաջին թիմ (1996)
  • Եվրալիգայի կանոնավոր առաջնության MVP (2004)
  • Եվրալիգայի Թոփ-16 MVP (2004)
  • All-Euroleague առաջին թիմ (2004)
  • LKL չեմպիոն (2004)
  • ՖԻԲԱ-ի 50 մեծագույնները (1991)
  • Եվրալիգայի 50 մեծագունները (2008)
  • ՖԻԲԱ-ի փառքի սրահ (2010)

1988 թվականի ամառային օլիմպիական խաղերում որպես ԽՍՀՄ տղամարդկանց բասկետբոլի հավաքականի անդամ հաղթել է ոսկե, իսկ 1992 և 1996 թվականների օլիմպիական խաղերում, արդեն որպես Լիտվայի բասկետբոլի ազգային հավաքականի անդամ, հաղթել է բրոնզե մեդալներ։ Եվրոպայում 7 անգամ ճանաչվել է «Եվրոպայի տարվա լավագույն բասկետբոլիստ», 1 անգամ հաղթել է «Euroscar» կազմակերպության մրցանակը, ինչպես նաև 2 անգամ հռչակվել «Միստր Եվրոպա»։

2010 թվականի օգոստոսի 20-ին առաջադրվել է ՖԻԲԱ-ի փառքի սրահ, իսկ 2011 թվականի ապրիլի 4-ին՝ արդեն Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահ։

2011-2013 թթ. զբաղեցրել է Լիտվայի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների։

Վաղ կյանքը խմբագրել

Ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Լիտվայի ԽՍՀ (այժմ՝ Լիտվայի Հանրապետություն) Կաունաս քաղաքում՝ Անդրիուս և Միլդա Սաբոնիսների ընտանիքում։ Բասկետբոլով սկսել է զբաղվել 13 տարեկանից։ 15 տարեկան հասակում սկսել է հանդես գալ ԽՍՀՄ բասկետբոլի երիտասարդական հավաքականում[1]։

Մասնագիտական կարիերան խմբագրել

Մասնագիտական կարիերան Սաբոնիսն սկսել է 1981 թվականին՝ ընդգրկվելով ծննդավայրը ներկայացնող «Ժալգիրիս Կաունաս» բասկետբոլային ակումբում։ «Ժալգիրիսի» կազմում Սաբոնիսը 4 տարի անընդմեջ հաղթել է ԽՍՀՄ բարձրագույն առաջնությունը, ինչպես նաև 1986 թվականին հասել մինչև Բասկետբոլի Եվրալիգայի եզրափակիչ։

Ընտրվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1985 թվականի դրաֆթի[1] 77-րդ ընտրությամբ՝ «Ատլանտա Հոքսի» կողմից, սակայն ընտրությունը չեղյալ է հայտարարվում, քանի որ դրաֆթի պահին մարզիկի տարիքը ցածր էր 21-ից։ Հաջորդ տարվա գարնանը Սաբոնիսի վնասում է աքիլեսյան ջիլը։ Սաբինիսի անունը կրկին հայտարարվում է 1986 թվականի NBA-ի դրաֆթում, որտեղ նա ընտրվում է առաջին ռաունդի 24-րդ ընտրությամբ՝ այս անգամ արդեն «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» կողմից։ Այնուամենայնիվ խորհրդային իշխանություններն արգելում են Սաբոնիսին խաղալու NBA-ում՝ տիրող «Երկաթե վարագույրի» առկայության պատճառով։ Սաբոնիսին հաջողվում է մեկնել ԱՄՆ` «Պորտլենդի» բժշկական անձնակազմի միջոցով վնասվածքը բուժելու և թիմի հետ մարզումներին մասնակցելու համար։

1988 թվականի Սեուլի ամառային օլիմպիական խաղերում` ստանձնելով ԽՍՀՄ ազգային հավաքականի ավագի պաշտոնը և թիմակցելով համերկրացիներ Ռիմաս Կուրտինայտիսին, Վալդեմարաս Խոմիչյուսին և Շարունաս Մարչյուլյոնիսին, Սաբոնիսը կարողանում է կիսաեզրափակչում պարտության մատնել Միացյալ Նահանգների ազգային հավաքականին[1]։ Եզրափակչում ԽՍՀՄ հավաքականն առավելության է հասնում Հարավսլավիայի հանդեպ և նվաճում օլիմպիական ոսկե մեդալ[1]։

1985-1988 թվականների ընթացքում ծանր խաղային գրաֆիկները և հանգստի համար նախատեսված անբավարար ժամկետները խիստ բացասական են անդրադառնում Սաբոնիսի առողջության և դիմացկունության վրա։ Բացի այդ, միջազգային մրցույթներում տիրող Սառը պատերազմի մթնոլորտի, ինչպես նաև «Ժալգիրիս» - «ԲԿՄԱ Մոսկվա» հանդիպումների համար կատարվող մարզումների խիստ լարված ռեժիմիների պատճառով Սաբոնիսը ստանում է ոտքի բազմաթիվ վնասվածքներ, որոնց ապաքինման համար խորհրդային մարզիչները զլանում էին բավարար ժամանակ հատկացնել։

«Պորտլենդի» բժշկական անձնակազմի կողմից պատշաճ բուժօգնություն ստանալուց հետո Սաբոնիսը, դեռ լիովին չապաքինված վերադառնում է ԽՍՀՄ՝ օլիմպիական հավաքականում ընդգրկվելու համար, ինչին դեմ են արտահայտվում պորտլենդյան բժիշկները[2]։

 
Սաբոնիսը անդրադարձային պայքարում (կիսաեզրափակիչ, ԱՄՆ-ԽՍՀՄ, Սեուլ 1988)

Գերծանրաբեռնվածության պատճառով Սաբոնիսի մոտ հայտնաբերվում է ծնկի, կոճի և աճուկի քրոնիկ բնույթի վնասվածքներ, որոնց պատաճառով արդեն 90-ականներին նկատելի էր դառնում նրա բռնկուն և արագընթաց խաղաոճի անկումը։

1992 թվականին, Իսպանիայի ACB լիգայի «Վալյադոիդ» ակումբում երեք խաղաշրջան անցկացնելուց հետ, Սաբոնիսը նոր պայմանագիր է կնքում «Ռեալ Մադրիդի» հետ, որի կազմում հաղթել է Իսպանիայի առաջնության 2 տիտղոս, ինչպես նաև 1995 թվականի Եվրալիգայի առաջնությունը։ 1994-95 մրցաշրջանում Սաբոնիսի միջին վիճակագրական տվյալներն էին 22,8 միավոր, 13,2 անդրադարձ, 2,6 բլոկշոտ և 2,4 արդյունավետ փոխանցում[1]։

Եվրոպայի առաջնության 1994–95 մրցաշրջանի ավարտից հետո «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» նախագահական անձնակազմը կապի է հաստատում Սաբոնիսի հետ, որպեսզի վերջինս սկսի հանդես գալ NBA-ում։ Մինչև Սաբոնիսի հետ պայմանագիր կնքելը, «Պորտլենդի» այն ժամանակվա մենեջեր Բոբ Ուիլսիթը թիմի բժշկին խնդրում է իրենց ցույց տալ Սաբոնիսի ռենտգեն արդյունքները։ 2011 թվականին տրված հարցազրույցի ժամանակ Ուիլսիթը պատմում է, որ բժշկի խոսքերով Սաբոնիսը վնասվածքներն այնքան բացասական հետք էին թողել նրա առողջության վրա, որ նա «միայն ռենտգենի արդյունքների շնորհիվ կարող էր հեշտությամբ կայանել հաշմանդամների համար նախատեսված գոտիներում»։ Այնուամենայնիվ «Պորտլենդը» որևոշում է պայմանագիր կնքել Սաբոնիսի հետ։ Որոշումը պսակվում է հաջողությամբ, և մեկնարկային մրցաշրջանում (1995-96) Սաբոնիսի միջին վիճակագրական տվյալներն էին 14,5 միավոր, 8,1 անդրադարձ և 55% նետման արդյունավետություն, ընդ որում ունենալով 24 րոպեից պակաս միջին խաղաժամանակ։ Տվյալ մրցաշրջանի «Տարվա նորեկ» և «Տարվա պահեստային» մրցանակների համար անցկացված քավեարկությունում Սաբոնիսը գրավում է 2-րդ տեղը։ Նույն մրցաշրջանի փլեյ-օֆֆում Սաբոնիսը միջինում բերում էր 23,6 միավոր և 10,2 անդրադարձ։ Փլեյ-օֆֆի առաջին ռաունդի 5-խաղյա մրցապայքարում «Պորտլենդը» պարտվում է Ջոն Սթոքթոնի և Կարլ Մելոունի «Յութա Ջազին»։

NBA-ի ամենաբարձր ցուցանիշը Սաբոնիսը գրանցել է 1997-98 մրցաշրջանում՝ 16,0 մ/խ, 10,0 ա/խ և 3,0 արդյունավետ փոխանցում։

1998-99 թվականների ընթացքում «Պորտլենդը» լայնամասշտաբ կազմային փոփոխություններ էր իրականացնում՝ NBA-ի գավաթի իրական հավակնորդ դառնալու համար (փլեյ-օֆֆների առաջին ռաունդներում 6 անընդմեջ պարտություններից հետո), սակայն Սաբոնիսը միշտ մնում էր մեկնարկային կենտրոնականի դիրքում։ Երկու տարիներում էլ «Պորտլենդը» դուրս է գալիս գերեզրափակիչ, սակայն առաջին տարում տանուլ է տալիս Դեյվիդ Ռոբինսոնի և Թիմ Դանքանի «Սան Անտոնիո Սփըրսին», իսկ երկրորդում՝ 7-խաղյալ լարված մրցապայքարում պարտվում է Շաքիլ Օ'Նիլի և Կոբի Բրայանտի «Լոս Անջելես Լեյքերսին»։

«Պորտլենդի» կազմում հանդես գալու տարիներին Սաբոնիսը երկու անգամ ճանաչվում է «Տարվա լավագույն եվրոպացի բասկետբոլիստ», ինչպես նաև արժանանում երկրպագուների մեծ ուշադրությանը։

 
Սաբոնիսը «Ժալգիրիսի» կազմում (1986)

Սաբոնիսի NBA-յան կարիերայի շուրջ ծավալվող հիմնական հարցերից մեկն այն էր, թե ինչպես նա իրեն կդրսևորեր, եթե հնարավորություն ունենար ավելի երիտասարդ տարիքում այնտեղ խաղալու[3][4]։ Ասոցիացիայում հանդես գալու մեկնարկային մրցաշրջանում նա գրեթե 31 տարեկան էր, ձեռք էր բերել բազմաթիվ ծանր վնասվածքներ և կորցրել շարժունակության և աթլետիզմի մեծ մասը։ «Պորտլենդի» նախկին բասկետբոլիստ Քլայդ Դրեքսլերի կարծիքով, եթե Սաբոնիսը կարողանար ավելի շուտ տեղափոխվել NBA և խաղար «Պորտլենդի» աստղային բասկետբոլիստներ Թերի Պորտերի, Բաք Ուիլյամսի և Քլիֆ Ռոբինսոնի կողքին, ապա անկասկած կդառնար NBA-ի քառակի, հնգակի կամ էլ վեցակի գավաթակիր։ Դրեքսլերը գտնում էր, որ Սաբոնիսն իրոք այդպիսին բասկետբոլիստ էր, ով կարող էր լավ փոխանցումներ իրականացնել, դիպուկ 3-միավորանոց նետումներ արձակել և պարզապես դոմինանտ մարզիկ էր օղակի տակ պայքարներում[5]։

2000-01 մրցաշրջանից հետո Սաբոնիսը հրաժարվում է նոր պայմանագիր կնքել «Պորտլենդի» հետ և որոշում է հեռանալ NBA-ից՝ իր խոսքերով «հոգեպես և ֆիզիկապես հոգնած» լինելու պատճառով։ Սաբոնիսը վերադառնում է Եվրոպա և նոր պայմանագիր կնքում արդեն անկախ Լիտվան ներկայացնող «Ժալգիրիսի» հետ։ Սաբոնիսին, սակայն չի հաջողվում ոչ մի հանդիպում անցկացնել «Ժալգիրիսի» կազմում՝ վնասվածքների պատճառով։ 2002-03 մրցաշրջանում Սաբոնիսը վերջին անգամ վերադառնում է «Պորտլենդ», որից հետո կրկին սկսում հանդես գալ «Ժալգիրիսում» (2003-2005 թթ.)։ Մարզական տարիների վերջին ժամանակահատվածում Սաբոնիսի թիմը դուրս է գալիս մինչև Եվրալիգայի «Թոփ-16» փուլ։ Նույն տարի Սաբոնիսը հռչակվում է որպես Եվրալիգայի կանոնավոր առաջնության և «Թոփ 16» ամենաարժեքավոր խաղացող։ Կարիերայից հեռանալուց հետո Կարճ ժամանակով նաև գլախվորել է «Ժալգիսի» նախագահի պաշտոնը[6]։

Մարզական կարիերայից Սաբոնիսը հեռանում է 2005 թվականին։

2011 թվականի հոկտեմբերի 24 Սաբոնիսն ընտրվում է որպես Լիտվայի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։

Անձնական կյանքը խմբագրել

Սաբոնիսն ամուսնացած է «Միս Լիտվա» ճանաչված մանեկենուհի և կինոդերասանուհի Ինգրիյդա Միկելիոնիտեի հետ[1]։ Ունի մեկ դուստր՝ Աուսրինե և երեք որդի՝ Դոմանտաս, Տաուտվիդաս և Ժիգիմանտաս։ Տաուտվիդասն հանդես է գալիս իսպանական «Ունիկախա Մալագայի» կրտսեր ակումբում, ինչպես նաև եղել է Լիտվայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի անդամ, որի կազմում դարձել է 2011 թվականի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։ Մյուս որդիները նույնպես հանդես են գալիս իրենց տարիքային խմբերի ազգային հավաքականներում։ Դոմանտասը ներկայումս հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայում և վերլուծաբանների կողմից ժամանակին բազմաթիվ անգամ անվանակոչվել է որպես Լիտվայի լավագույն պատանի բասկետբոլիստներից մեկը։ Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում Դոմանտասի միջին արդյունքներն էին 14,1 միավոր և 14,4 անդրադարձ, մի քանի հանդիպում է անցկացրել «Ունիկախայի Մալագայի» հետ, սակայն ակումբի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր չի կնքել, ինչը նրան հնարավորություն տվեց 2014-15 մրցաշրջանում՝ ամերիկյան համալսարանային առաջնության շրջանակներում հանդես գալ Գոնզագայի համալսարանի բասկետբոլային թիմում։

2011 թվականի սեպտեմբերին Սաբոնիսը սրտամկանի ինֆարկտ է տանում, որը բժիշկների խոսքերով նրա կյանքին ոչինչ չէր սպառնում[7]։

Զանգվածային մշակույթում խմբագրել

Ամերիկյան «Margot & the Nuclear So and So's» փոփ/ռոք երաժշտական խումբն իր 2012 թվականին թողարկած «Rot Gut, Domestic» ալբոմում ունի Սաբոնիսին նվիրված երաժշտական կատարում։

Մրցանակներ և նվաճումներ խմբագրել

  • 1988 թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն (ԽՍՀՄ հավաքականի կազմում)
  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ 1992, 1996 (Լիտվայի հավաքականի կազմում)
  • Աշխարհի չեմպիոն՝ 1982 (ԽՍՀՄ հավաքականի կազմում)
  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1986 (ԽՍՀՄ հավաքականի կազմում)
  • Եվրոպայի չեմիպիոն՝ 1985 (ԽՍՀՄ հավաքականի կազմում)
  • Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր 1995 (Լիտվայի հավաքականի կազմում)
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1983, 1989 (ԽՍՀՄ հավաքականի կազմում)
  • Եվրալիգայի չեմպիոն «Ռեալ Մադրիդի» կազմում (1995)
  • Եվրալիգայի եզրափակիչ քառյակի ամենաարժեքավոր խաղացող (1995)
  • ԽՍՀՄ եռակի չեմպիոն «Ժալգիրիսի» կազմում (1985, 1986, 1987)
  • Իսպանիայի կրկնակի չեմպիոն «Ռեալ Մադրիդի» կազմում (1993, 1994)

Պետական մրցանակներ խմբագրել

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

NBA խմբագրել

Կանոնավոր մրցաշրջան խմբագրել

[8]

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1995–96 Պորտլենդ 73 21 23.8 0.545 0.375 0.757 8.1 1.8 0.9 1.1 14.5
1996–97 Պորտլենդ 69 68 25.5 0.498 0.371 0.777 7.9 2.1 0.9 1.2 13.4
1997–98 Պորտլենդ 73 73 32.0 0.493 0.261 0.798 10.0 3.0 0.9 1.1 16.0
1998–99 Պորտլենդ 50 48 27.0 0.485 0.292 0.771 7.9 2.4 0.7 1.3 12.1
1999-00 Պորտլենդ 66 61 25.6 0.505 0.368 0.843 7.8 1.8 0.7 1.2 11.8
2000–01 Պորտլենդ 61 42 21.3 0.479 0.067 0.776 5.4 1.5 0.7 1.0 10.1
2002–03 Պորտլենդ 78 1 15.5 0.476 0.500 0.787 4.3 1.8 0.8 0.6 6.1
Կարիերա 470 314 24.2 0.500 0.328 0.786 7.3 2.1 0.8 1.1 12.0

Փլեյ-օֆֆ խմբագրել

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1995–96 Պորտլենդ 5 5 35.4 0.432 0.556 0.717 10.2 1.8 0.8 0.6 23.6
1996–97 Պորտլենդ 4 4 27.0 0.429 0.250 0.875 6.5 2.3 0.8 0.8 11.3
1997–98 Պորտլենդ 4 4 26.8 0.450 0.500 0.857 7.8 1.5 1.8 0.8 12.3
1998–99 Պորտլենդ 13 13 30.2 0.398 0.200 0.907 8.8 2.2 1.2 1.2 10.0
1999–00 Պորտլենդ 16 16 30.8 0.453 0.286 0.796 6.7 1.9 0.9 0.8 11.3
2000–01 Պորտլենդ 3 3 34.7 0.483 0.000 0.750 8.3 2.7 0.3 2.3 11.3
2002–03 Պորտլենդ 6 1 14.3 0.667 0.000 0.800 4.0 0.8 0.7 0.7 10.0
Կարիերա 51 46 28.8 0.452 0.319 0.802 7.4 1.9 0.9 0.9 12.1

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Արվիդաս Սաբոնիսի կենսագրությունը». «NBA.com». Վերցված է 2010 թ․ Փետրվարի 27-ին.
  2. «ՆՅ թայմս», 1988 08 30
  3. Ուիթել, Յան (2008 թ․ մայիսի 2). «NBA-ի և Եվրալիգայի լավագույնները` Արվիդաս Սաբոնիս». «ESPN.com». Վերցված է 2010 թ․ Փետրվարի 27-ին.
  4. Քուիկ, Ջեյսոն (2010 թ․ փետրվարի 27). ««Բլեյզերս» Թոփ 40։ № 20Արվիդաս Սաբոնիս». OregonLive.com. Վերցված է 2010 թ․ Փետրվարի 27-ին.
  5. «ESPN: Հարցազրույց Քլայդ Դրեքսլերի հետ, 24592»
  6. «50 մեծագույնները` Արվիդաս Սաբոնիս». euroleague.net. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ Փետրվարի 27-ին.
  7. ««NBA-ի նախկին աստղ Սաբոնիսի վիճակը գնահատվում է կայուն»». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. http://www.basketball-reference.com/players/s/sabonar01.html

Արտաքին հղումներ խմբագրել