Արսեն Այտընյան

հայ լեզվաբան, բանասեր

Արսեն Այտընյան (հունվարի 7 (19), 1825[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3][1][2] և Կոստանդնուպոլիս - հուլիսի 8 (21), 1902[1], Մաուեր[3]), հայ բանասեր, լեզվաբան։

Արսեն Այտընյան
Ծնվել էհունվարի 7 (19), 1825[1][2]
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3][1][2] կամ Կոստանդնուպոլիս
Մահացել էհուլիսի 8 (21), 1902[1] (77 տարեկան)
Մաուեր[3]
Բնակության վայր(եր)Վիեննա[1]
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա[3]
Ազգությունհայ և հայ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[4]
Մասնագիտությունլեզվաբան, բանասեր և կաթոլիկ եպիսկոպոս
Հաստատություն(ներ)Հանդես ամսօրյա[1]
Պաշտոն(ներ)տիտղոսավոր եպիսկոպոս և general abbot of the Mekhitarist Monastery of Vienna?
Ալմա մատերՎիեննայի Մխիթարեան վանք
Տիրապետում է լեզուներինարևմտահայերեն, լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն, թուրքերեն, արաբերեն, անգլերեն, գերմաներեն և գրաբար
 Arsen Aydinian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսի Պերա թաղամասում։ Կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյան վանքում, ընդունել հոգևորականի կոչում։ 1840-ից հանդես է եկել Մխիթարյանների մամուլում և առանձին հրատարակություններով։

Դեռ փոքր հասակից Այտընյանը մեծ սեր է հանդես բերել լեզուների նկատմամբ. տասնվեց տարեկանում նա իմացել է լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն, թուրքերեն, արաբերեն, անգլերեն, գերմաներեն։ Սրանց հետագայում ավելացել են պարսկերենը, հունարենը, սանսկրիտը։ Այտընյանը հիանալի գիտեր իր մայրենի լեզուն՝ հայերենը՝ և' գրաբարը, և՛ աշխարհաբարը։ Դեռ 20 տարեկան հասակում գրաբար է թարգմանել մի շարք գործեր։

Արսեն Այտընյանը մեծ հարգանքի և բարձր գնահատականի է արժանացել իր ժամանակի և հետագա նշանավոր հայ և եվրոպացի ականավոր հայագետների կողմից։ Նրա «Քննական քերականության» հրատարակումից ընդամենը մեկ տարի էլ չանցած, գերմանացի հայտնի լեզվաբան, հայագետ Պետերմանը Արսեն Այտընյանի աշխատության մասին մի ընդարձակ դրվատական զեկուցում է ներկայացրել Բեռլինի ակադեմիային։ Ֆրանսիացի ականավոր լեզվաբան, հայագետ Անտուան Մեյեն հայերենի համեմատական քերականությանը նվիրված իր արժեքավոր աշխատությունը («Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծ») նվիրել է Արսեն Այտընյանի հիշատակին։ Հայտնի լեզվաբան և հայագետ Նիկողայոս Մառը Այտընյանի գրական գործունեության 50-ամյակի կապակցությամբ Այտընյանին հղած իր հեռագրում նրան անվանել է նոր հայերենի քերականության հայր։ Արսեն Այտընյանի լեզվաբանական ժառանգությունը ըստ արժանվույն է գնահատվել նաև սովետահայ լեզվաբանների կողմից։

1887 թվականին, երբ Վիեննայի Մխիթարյանները հրատարակել են «Հանդես ամսօրյա» հայագիտական պարբերականը, դարձել է նրա մշտական աշխատակիցը, տպագրելով գերազանցապես լեզվաբանական հոդվածներ։ Դրանցից ուշագրավ է տառադարձության մասին հոդվածը (1888)։ Գիտական կյանքին զուգընթաց վարել է վարչական պաշտոններ։ 1886 թվականին ընտրվել է Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբա։ Այս պաշտոնը սահմանափակել է նրա գիտական գործունեությունը։ Այնուհետև հազվադեպ է տպագրել բանասիրական հետազոտություններ[5]։

Գիտական գործունեություն խմբագրել

«Եվրոպա» պարբերականում տպագրել է իր առաջին բանասիրական հետազոտությունը Ագաթանգեղոսի կրկնագիր օրինակի մասին։ 1845-1849 թվականներին հորինել է հայերեն «երկրագունդը» (գլոբուս)։ Նույն թվականներին նկատելի աշխատանք է տարել հայերեն տպագրական տառեր ստեղծելու ուղղությամբ, գծագրելով մի քանի տեսակ տառեր, որոնք հայտնի են «վիեննական» անունով։ 1866 թվականին Վիեննայում լույս է տեսել նրա գլուխգործոց «Քննական քերականություն աշխարհաբար լեզվի» գիրքը, որն ըստ էության առաջին գիտական լուրջ ուսումնասիրությունն է արևմտահայ աշխարհաբարի մասին։ Ուշագրավ է հատկապես գրքի «Ներածությունը», որտեղ գիտականորեն շարադրված է գրաբարի փոխարեն աշխարհաբար լեզուն զարգացնելու և գրական լեզու դարձնելու անհրաժեշտությունը։ 1867-ին լույս է ընծայել իր այդ աշխատության համառոտ շարադրությունը՝ «Արդի հայերենի համառոտ քերականություն» վերնագրով, 1884 թվականին՝ «Ոսկեդարյան գրաբարի ընդարձակ քերականությունը»։

Մանկավարժական գործունեություն խմբագրել

Արսեն Այտընյանը շուրջ քսան տարի զբաղվել Է մանկավարժությամբ, որպես ուսուցիչ և որպես վարժարանի վարիչ աշխատել Է Վիեննայում, Պոլսում և Զմյուռնիայում։ Իր մանկավարժական գործունեության ընթացքում փորձել է կիրառել դաստիարակության և ուսուցման առաջավոր մեթոդներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 352.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 https://data.matricula-online.eu/de/oesterreich/wien/23-mauer/03-05/?pg=41 — Vol. 5.
  4. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  5. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 90-91.

Աղբյուրներ խմբագրել

  • Ա․ Գ․ Վարդանյան «Արսեն Այտընյան» (Ծննդյան 140-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես №1, 1965, էջ 177-183

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 352  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Այտընյան» հոդվածին։