Արմեն Արմենյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արմենյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Արմենյան (իսկական ազգանունը՝ Իփեկյան, սեպտեմբերի 10 (22), 1871[3][1], Կոստանդնուպոլիս[1][4] - հուլիսի 20, 1965(1965-07-20)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)[5]:

Արմեն Արմենյան
Ծնվել է1871 սեպտեմբերի 10
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել էհուլիսի 20, 1965(1965-07-20) (տարիքը 93)
Մահվան վայրԼենինական
ԿրթությունԿեդրոնական վարժարան[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր
Ամուսին(ներ)Եկատերինա Դուրյան-Արմենյան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Նախնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսի Պերա թաղամասի հայկական դպրոցում, Բերայի գերմանական դպրոցում, ապա՝ Կադը գյուղի Մխիթարյան միաբանության գիշերօթիկում։ Այնուհետև նա դարձել է Օրթագյուղի վարժարանի, ապա, մի երկու տարի անց, Կոստանդնուպոլսի կենտրոնական վարժարանի սանը։ 1889-1890 թթ. նա տեսնում է Պետրոս Ադամյանի խաղը և դառնում նրա երկրպագուն։ Շատ չանցած, 1891 թ. հունիսին Ադամյանի մահը խորապես ցնցում է դերասանին։ 1890-ականների սկզբներին Արմենյանը գնացել է Կովկաս և խաղացել Թիֆլիսի հայկական խմբերում։

Առաջին անգամ բեմ է բարձրացել Գաստոնի դերում՝ Ալեքսանդր Դյումա որդու «Քամելիազարդ տիկինը» պիեսում։ Հաջորդ թատերաշրջանում Սիրանույշի հետ մեկնել է Բաթում, 1894 թ. մեկնել արտասահման։ Եղել է Փարիզում, Համբուրգում և այլ քաղաքներում, տեսել աշխարհահռչակ մի շարք դերասանների խաղը։ Վերադառնալով Կովկաս, 1902-1903 թթ. խաղացել է Թիֆլիսում, Բաքվում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում։ 1906 թ. իր կնոջ՝ Եկատերինա Դուրյանի հետ մեկնել է Եգիպտոս, կազմակերպել ներկայացումներ։ Ալեքսանդրիայում և Կահիրեում հանդես գալուց հետո՝ 1907 թ. վերադարձել է Կովկաս։ 1908 թ. Հ. Աբելյանի հետ կազմավորել է Աբելյան-Արմենյան թատերախումբը, մեկնել Կոստանդնուպոլիս, որտեղ Հ.Իբսենի, Շիրվանզադեի պիեսների բեմադրություններով մեծ հաջողություն են ունեցել։ Կոստանդնուպոլսից հետո խումբը ներկայացումներ է տվել Իզմիրում, Պարտիզակում և վերադարձել է Կովկաս։ Այնուհետև իր խմբով կամ Աբելյանի հետ՝ շրջագայել է Թուրքիայի, Պարսկաստանի, Ռումինիայի և այլ երկրների բազմաթիվ քաղաքներ, ներկայացումներ տվել Հարավային Կովկասի, Հյուսիսային Կովկասի հայաշատ գրեթե բոլոր վայրերում։ 1921 թ. Պարսկաստանից վերադարձել է Հայաստան, խաղացել Երևանում, ապա ընդմիշտ հաստատվել Լենինականում՝ աշխատելով թատրոնում[6]։

Մինչխորհրդային տարիներից ունեցել է ռեժիսուրական բեղուն գործունեություն, բեմադրել բազմաթիվ պիեսներ։ 1954 թ. լույս են տեսել նրա հուշերը՝ «60 տարի հայ բեմի վրա»[7]։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Դերասան Գևորգ Պետրոսյանը Կովկասից Կոստանդնուպոլիս է ժամանել «Թատերական կոմիտետի» հանձնարարությամբ Թիֆլիսի թատերախմբի համար դերասաններ ընտրելու։ Նա ցանկանում է հանդես գալ այդ թատերախմբում, սակայն ծնողները դեմ են լինում։ Երկար վեճերից հետո ծնողները զիջում են, և Արմենը խոստանում է բեմի վրա հանդես չգալ Իփեկյան ազգանվամբ։ Նա հանդես է գալիս Սիրանույշի, Աբելյանի, Պետրոսյանի, Թրյանցի և ուրիշ դերասանների հետ։ Արմենյանի հայրը ցանկանում էր, որ որդին առևտրական դառնա և 1894 թ. նրան ուղարկում է Համբուրգ՝ սովորելու և այստեղ ապագա դերասանը ավելի մոտիկից է սկսում շփվել հայ թատրոնի հետ։ Համբուրգում Արմենյանը դառնում է գերմանական դասական երաժշտության ունկնդիրը, լսում հռչակավոր երաժիշտների, դիտում Էլեոնորա Դուզեի, իսկ հետո լինելով Բրյուսելում, Սառա Բեռնարի խաղը։ Այստեղ, հոր գործերը վարելու հետ միասին, հետևում է թատրոնի փորձերին, առնում արտասանության դասեր։ Նա համարձակվում է այցելել Սառա Բեռնարին և խնդրել նրա աջակցությունը։ Շատ չանցած տեղափոխվում է Փարիզ, անթոս դերեր կատարողի իրավունքով մտնում հայտնի արտիստուհու թատրոնը։ Այստեղ նա տեսնում է Սառա Բեռնարի, Մունե Սյուլիի, Պոլ Մունեի (Paul Mounet) և ուրիշ վարպետների արվեստը։ Նա դառնում է Սառա Բեռնարի թատրոնի տեխնիկական ռեժիսորի օգնականը։ Այդ տարիներին Արմենյանն ուսանել է առոգանության, դասական ողբերգության և դասական կատակերգության արվեստ, հաճախել Պոլ Մունեի մասնավոր ստուդիան։ 1902 թ. նա հրավեր է ստանում Թիֆլիսից։ Նրա առաջին գործը ֆրանսիական թատերագիր Ֆ. Կոպպեի «Կրեմոնայի վնագործն» էր։ Պիեսը հաջողություն է ունենում։ Ներկայացման հանդիսատես Գաբրիել Սունդուկյանը այցելում է նորեկ դերասանին, շնորհավորում և խորհուրդ տալիս մտածել Ֆրանցի դերը Ֆ.Շիլլերի «Ավազակներում» խաղալու մասին։ 1908 թ. Արմենյանը ճանաչված ռեժիսոր և դերասան էր, որ հանդես էր եկել բազմաթիվ դերերով։ Արմենյանի շնորհիվ «Աբելյան-Արմենյան» թատերախումբը մեծ հաջողություն ունեցավ։ Թատերախումբը կազմվել է 1908 թ. Աբելյանի նախաձեռնությամբ և գոյատևել է հինգ տարի։ Աբելյանը թատերախմբի ոգին էր, իսկ Արմենյանը նրա ռեժիսորը։ Արմենյանի բեմադրական հայտնի աշխատանք դա «Սասունցի Դավիթ» ժողովրդական ներկայացումն էր, որ ցուցադրվեց Լենինականում, 1922 թ. հուլիսի 8-ին և 31-ին։ Դա «Սասունցի Դավթի» բացօթյա ներկայացում էր, շուրջ 150 ձիավոր ու հետիոտն մասնակիցներով և տասը հազար հանդիսատեսներով, խմբերգերով ու փողային երաժշտությամբ։ Արմենյանը մոլիերյան ոճի դերասան էր, թեև նրա դերասանական կյանքում էական տեղ ունեն նաև շեքսպիրյան և շիլլերյան դերերը։ Վ.Փափազյանը նրան համարում էր մոլիերյան ավանդների կրողը հայ թատրոնում։ Դրա վկայությունն են Արգանը (Մոլիերի «Երևակայական հիվանդ») և Հարպագոնը (Մոլիերի «Ագահը»)[8]։

1894-1935 թվականներ խմբագրել

1894 թվականին մեկնել է Համբուրգ՝ սովորելու, ունկնդրել է հռչակավոր երաժիշտների, դիտել Էլեոնորա Դուզեի և այլ հայտնի դերասանների խաղը։ Փարիզում մեկ թատերաշրջան խաղացել է Սառա Բեռնարի թատրոնում, 1895–1897 թվականներին եղել է նշանավոր դերասան Պոլ Մունեի դրամատիկական ստուդիայի ուսանող, ապա՝ Փարիզի «Բուֆ Դյունոր», «Կոմեդի Ֆրանսեզ» թատրոնների դերասան, որտեղ ուսումնասիրել է 19-րդ դարի վերջի ֆրանսիական բեմարվեստի սկզբունքները։ 1902 թվականին հրավիրվել է Թիֆլիս. բեմադրել է ֆրանսիական պիեսներ (Ֆրանսուա Կոպպեի «Կրեմոնի վինագործը», Ալֆրեդ դը Մյուսսեի «Վաղաժամ վճիռ»), միաժամանակ խաղացել գլխավոր դերերը։ 1902–1903 թվականներին եղել է Բաքվի հայկական թատերախմբի ռեժիսոր և դերասան։ 1904 թվականին Արմենյանը Նոր Նախիջևանում կազմակերպել է թատերախումբ և շրջագայել Հյուսիսային Կովկասի ու Ռուսաստանի հայաբնակ վայրերում։ Այդ շրջանի լավագույն բեմադրություններից են՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Եվգինե», Մուրացանի «Ռուզան», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Վրթաննես Փափազյանի «Ժայռ» և այլն։ 1908 թվականին Հովհաննես Աբելյանի հետ կազմակերպել և ղեկավարել է «Աբելյան-Արմենյան» թատերախումբը։ Արմենյանը դասական ռեալիզմի սկզբունքներով է բեմադրել Անուշավան Վարդանյանի «Գործադուլ», Լևոն Շանթի «Հին աստվածներ» (երկուսն էլ հայ բեմում՝ առաջին անգամ) պիեսները, իսկ որպես դերասան՝ հետագայում հետևել է հոգեբանական ռեալիզմի սկզբունքներին։ Լավագույն դերերից են՝ Յագո, Շայլոկ (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Վենետիկի վաճառականը»), Ֆրանց (Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ»), Հարպագոն, Արգան (Ժան-Բատիստ Մոլիերի «Ագահը», «Երևակայական հիվանդ»)։ 1914–1917 թվականներին Արմենյանը բեմական գործունեությունը շարունակել է Հարավային Կովկասի և Հյուսիսային Կովկասի քաղաքներում, 1917–1921 թվականներին՝ Իրանում, 1921–1926 թվականներին՝ կրկին Հյուսիսային Կովկասում, ապա՝ Բաքվում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում և այլուր։ 1924 թվականին Մոսկվայում ծանոթացել է Կոնստանտին Ստանիսլավսկու և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի ստեղծագործական աշխատանքին, հետաքրքրվել թատերական նորույթներով։ Այդ շրջանում Արմենյանը բեմադրել է Եղիշե Չարենցի «Կապկազ թամաշա», Անատոլի Լունաչարսկու «Արքայի սափրիչը», Յուրի Յանովսկու «Ցասում» և այլ գործեր։ Նշանակալի էր նաև Արշակ Աթայանի «Սասունցի Դավիթ» պիեսի բացօթյա բեմադրությունը 1922 թվականին Ալեքսանդրապոլում՝ 150 դերակատարով։ Արմենյանը եղել է Ալեքսանդրապոլի Քաղլուսվարի և Սուխումի հայկական թատրոնների գլխավոր ռեժիսորը, 1934 թվականին հիմնադրել է Ալավերդու բանվորական թատրոնը։ 1935 թվականից աշխատել է Լենինականի պետական թատրոնում։ Արմենյանը բեմադրել է ավելի քան 100 պիես, խաղացել շուրջ 150 դեր։ Գրել է «60 տարի հայ բեմի վրա» հուշերի գիրքը, կատարել թարգմանություններ։ Հանդես է եկել նաև ասմունքով։

Դերերը թատրոնում խմբագրել

  • Գաստոն՝ Ալեքսանդր Դյումա (որդի)՝ «Քամելիազարդ տիկինը»
  • Յուստուս՝ Ֆուլդայի «Հիմար»
  • Հարբագոն՝ Մոլիերի «Ագահ»
  • Խլեստակով՝ Ն. Գոգոլի «Ռևիզոր»
  • Յագո՝ Վ. Շեքսպիրի «Օթելլո»
  • Օսվալդ՝ Հ. Իբսենի «Ուրվականներ»
  • Շեյլոկ՝ Վ. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»
  • Սուրեն՝ Ա. Շիրվանզադեի «Պատվի համար»
  • Ալեքսանդր՝ Վ. Փափազյանի «Ժայռ»
  • Միհրան՝ Ա.Շիրվանզադեի «Եվգինե»
  • Ֆրանց՝ Ֆ. Շիլլերի «Ավազակներ»
  • դոն Սեզար դը Բազան՝ Ֆ. Դյումանուարի և Ա. Դեներիի «Դոն Սեզար դը Բազան»
  • դոկտոր Շտոկման՝ Հ. Իբսենի «Ժողովրդի թշնամին»
  • Վուրմ՝ Ֆ. Շիլլերի «Սեր և խարդավանք»
  • Բարոն՝ Ա. Պուշկինի «Ժլատ ասպետ»
  • Արգան՝ Մոլիերի «Երևակայական հիվանդ»
  • Ժորժ դը Օրսի՝ «Գուվերնիոր»
  • Էոժեն՝ «Անգլերեն խոսելու եղանակը»
  • Լուսիյեն՝ «Խանդոտ կինը»
  • Մաազիկ՝ «Սատանա»
  • Ֆիլիպպո՝ Ֆ. Կոպեի «Կրեմոնայի վնագործը»
  • Լարոկ՝ «Անհայտ կինը»
  • Վիտերնիո՝ «Սատանի ճուտ»
  • Կալեր՝ «Օջախի ճռռիկը»

Ռեժիսորական աշխատանքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ստեփանյան Գ. Կենսագրական բառարան (հայ.) — 1973. — հատոր 1. — էջ 156. — ISBN 978-5-550-00265-0
  3. Арменян, Армен Нуриджанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 կենսագրական բառարան
  5. Արմեն Արմենյանը «Մեծ Սովետական Հանրագիտարանում» (ռուս.)
  6. «Արմեն Արմենյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 26-ին.
  7. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 156.
  8. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Արմենյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 95