Արմենպրես

լրատվական գործակալություն

Արմենպրես, լրատվական գործակալություն։ Ստեղծվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Ժողովի որոշմամբ՝ որպես Հայկական հեռագրական գործակալություն։ Ներկայում հանդիսանում է փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը[1]։

Արմենպրես
Изображение логотипа
Տեսակտեղեկատվական գործակալություն
Հիմնադրված է1918
ՀիմնադիրՀայաստանի Առաջին Հանրապետություն
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան
ՍեփականատերՀայաստան
Կայքարմենպրես.հայ

Պատմություն խմբագրել

1920-1922 թվականներին կոչվել է Արմենկավռոստա, ապա՝ Արմենռոստա, 1922-1972՝ ՀՀԳ (Հայկական հեռագրական գործակալություն), 1972 թվականին վերանվանվել է Արմենպրես։ Գործակալությունը լուսաբանել է հանրապետության աշխատավորության նվաճումները տնտեսության, գիտության և մշակույթի, ժողովըրդական կրթության և առողջապահության բնագավառներում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գործակալությունը թողարկել է ավելի քան 100 «ՀՀԳ-ի պատուհան», որոնք նպաստել են թշնամու դեմ մղած պայքարին։ Ետպատերազմյան տարիներին տեղեկատու ծառայությունը հետագա զարգացում է ապրել․ 1959 թվականին ստեղծվել է Հայկական հեռագրական գործակալության ֆոտոխրոնիկան՝ ՏԱՍՍ-ի հետ ունեցած լուսահեռագիր կապով։ 1967 թվականից գործակալությունը օգտվել է Երևան-Մոսկվա-Բեյրութ, 1970 թվականից՝ Երևան-Մոսկվա-Նյու Յորք և 1972 թվականից՝ Երևան-Մոսկվա-Փարիզ հեռատիպ կապերից, որոնք ՀԽՍՀ մասին նյութեր են հաղորդել սփյուռքահայ պարբերական մամուլին։ Թարգմանել է Խորհրդային Միության հեռագրական գործակալությունից (ՏԱՍՍ) ստացված նյութեր, միութենական և արտասահմանյան տեղեկատվություն և տրամադրել մամուլի տեղական օրգաններին, հեռուստատեսությանն ու ռադիոյին։ Արմենպրեսը ստեղծել է շատ տերմիններ և նորաբանություններ, որոնք մտել են արդի հայերենի բառապաշարի մեջ։

Գործունեության ուղղություններ խմբագրել

Գործակալությունը ակտիվորեն լուսաբանել, հանրահռչակել և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, հակահարված է տվել ադրբեջաբնական քարոզչությանը, եղել և մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական մերժողականության բացահայտման առաջատար դիրքերում։

Գործակալությունն ակտրվորեն գործում է սոցիալական համարյա բոլոր հարթակներում։ Այն Հայաստանում եզակիներից է, որի ֆեյսբուքյան էջը վերիֆիկացված է, որն ինդեքսավորվում է News google.com և Bing news միջազգային համակարգերի և «Յանդեքս» նորությունների կողմից։

«Արմենպրես» ունի բազմաթիվ բաժանորդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ «Արմենպրես»-ի բաժանորդների թվում զանգվածային լրատվության միջոցներից զատ դեսպանատներն են, միջազգային կազմակերպությունները, բանկերը, վերլուծական կենտրոնները և այլն։

Գործակալությունն օրական հրապարակում է շուրջ 350 լուր հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով։

Միջազգային համագործակցություն խմբագրել

«Արմենպրես»-ը միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է։ Գործակալությունը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարևելյան Եվրոպայի և բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) և Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում։ 2014-2016թթ. «Արմենպրես»-ը ղեկավարել է Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհուրդը, որի և ԱՊՀ Ինֆորմխորհրդի 2014թ. նիստերն անցկացվել են Երևանում։

«Արմենպրես»-ը երկկողմ գործակցության պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ։ Գործընկերների թվում են ՏԱՍՍ-ը, Ռոյթերսը, Սինխուան, ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ-ն, Ագերպրեսը, ԲԵԼՏԱՆ, Կազինֆորմը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների և լուսանկարների փոխանակում։

Գործակալության աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային տարբեր համաժողովների, լրատվական ցուցահանդեսների և ուսուցման ծրագրերի։

Գործակցություն Արցախի հետ խմբագրել

Արմենպրեսը համակողմանի օժանդակություն է ցուցաբերում Արցախի լրատվական գործակալության՝ Արցախպրեսի կայացմանն ու ամրապնդմանը։ Արցախպրեսի հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, ինչը ենթադրում է Արմենպրեսի խողովակներով Արցախպրեսի լրատվության միջազգայնացում և Արցախի հանրահռչակում։

2016 թ. հոկտեմբերին Արմենպրեսի և Արցախի ժուռնալիստների միության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ենթադրում է Արցախի երիտասարդ լրագրողների համար կրթական ծրագրերի կազմակերպում՝ ինչպես հեռաուսուցման, այնպես էլ դեպի Հայաստան այցերի միջոցով։

Մամուլի կենտրոն խմբագրել

«Արմենպրես»-ի մամուլի սրահը 2020 թ. ամբողջ աշխարհը պատուհասած COVID-19 համավարակի պարտադրած փոփոխությունների ֆոնին Հայաստանի եզակի գործունակ սրահներից է, որն իր վրա է վերցրել լրատվադաշտին որակյալ վիդեո, ֆոտո ու տեքստային մատերիալ մատակարարելու գործը։

Ֆոտոծառայություն խմբագրել

Գործակալությունում ակտիվ աշխատանքներ են տարվում ֆոտոծառայության արդիականության ուղղությամբ։ «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկան պետական մարմիններին և գերատեսչություններին ցուցաբերում է համկողմանի օժանդակություն։ Ի մասնավորի, աջակցում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ արտերկրում ցուցահանդեսների կազմակերպման և արտերկրի մամուլում հրապարակումների պատրաստման ուղղություններով։ Ֆոտոծառայությունն ունի հարուստ տեղեկատվական և լուսանկարչական արխիվ, որը ներկայացնում է Հայաստանի և տարածաշրջանի յուրահատուկ պատմությունը։ Միայն ֆոտոարխիվում ներկայումս պահվում է մոտ 100 հազար լուսանկար։

Միջազգային լրատվական ընդգրկում խմբագրել

Արմենպրեսը միջազգային մամուլում Հայաստանի ամենացիտվող լրատվամիջոցն է։ Արմենպրեսի լրատվությունից, բացի գործընկերներից, օգտվում են այնպիսի միջազգային հսկաներ, ինչպիսիք են CNN-ը, UPI-ը, «Սինխուա»-ն, BBC-ն, «ՌԻԱ նովոստի»-ն և այլն։

Կրթական ծրագրեր խմբագրել

Արմենպրեսը 2012 թ. Ռոյթերս գործակալության հետ համատեղ իրականացրել է հայաստանյան ֆոտոլրագրողների սեմինար-պարապմունք, որի ընթացքում վերապատրաստվել են մոտ երկու տասնյակ ֆոտոթղթակիցներ։

Ամեն տարի գործակալությունում իրենց ուսումնական պրակտիկան է անցնում ԵՊՀ, ԵՊԼՀ, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանի՝ ժուռնալիստիկայի և թարգմանչական գործում մասնագիտացող ավելի քան 30 ուսանող։

Գործունեության այլ ուղղությունները խմբագրել

Բացի տեղեկատվության արտադրությունից և տարածումից, գործակալությունը վերջին տարիներին իրականացրել է մի շարք հատուկ նախագծեր։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հրապարակվել են Ցեղասպանությունից ողջ մնացած վերապրողների հուշերը, որոնց հիման վրա «Արմենպրես»-ի հետ համատեղ իտալա-արաբական ԱՍՍԱԴԱԿԱ կենտրոնը հրապարակել է առանձին հատոր Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը լայն արձագանք է գտել Իտալիայում։ Վերապրածների մասին բազմաթիվ սյուժեներ ներկայացվել են իտալական և միջազգային այլ հեռուստաընկերություններով։

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի հետ կապված թվայնացվել և ցուցահանդեսի ու առանձին ալբոմի տեսքով ներկայացվել է «Արմենպրես»-ի պատերազմական պլակատների արխիվը։

Գործակալությունն իրականացրել է բազմաթիվ ցուցահանդեսային ծրագրեր։ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի հետ կապված «Արմենպրես»-ը «Մենք» հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է լուսանկարչական ցուցահանդեսների շարք Երևանում, Փարիզում, Գլենդելում։

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով տրվեց «Երևանյան բեսթսելեր» նախագծի մեկնարկը, որն արդեն երեք տարի շաբաթական կտրվածքով ամփոփում է Երևանում վաճառվող գրքերի ռեյտինգները, և ամեն տարի Մայրենի լեզվի օրը (փետրվարի 21-ին) կազմակերպվում է «Երևանյան բեսթսելեր» մրցանակաբաշխությունը։

«Արմենպրես»-ն իրականացրել է նաև «Նորամուտ» երիտասարդական նախագիծը, որի համար գործակալությունն արժանացել է «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակին՝ «Տարվա երիտասարդական լրատվական նախագիծ» անվանակարգում։

«Հայաստանի հեռագրական գործակալության՝ «Արմենպրեսի» հիմնադրման 100-ամյակը» նամականիշ խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 21-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի հեռագրական գործակալության՝ «Արմենպրես»-ի հիմնադրման 100-ամյակը» թեմային։ Նամականիշի վրա պատկերված է տպագրական մեքենայով աշխատող կնոջ գրաֆիկական ուրվագիծը՝ ձևավորված լույսի և ստվերի համադրությամբ, ինչը խորհրդանշում է լրատվական ոլորտի մասնագետների կադրից դուրս կատարած շուրջօրյա աշխատանքը[2]։

Տվյալներ խմբագրել

  • Թողարկման օր՝ 21 դեկտեմբերի 2018 թ.[3]
  • Լուսանկարիչ՝ Գևորգ Պերկուպերկյան
  • Դիզայն՝ Վահագն Մկրտչյան
  • Տպարան՝ Cartor, Ֆրանսիա
  • Չափսեր՝ 40,0 x 30,0 մմ
  • Տպաքանակ՝ 30 000 հ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արմենպրես, մեր մասին։
  2. «Նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստանի հեռագրական գործակալության՝ «Արմենպրեսի» հիմնադրման 100-ամյակը» թեմային | mtcit.am». mtcit.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
  3. «Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. Հայաստանի հեռագրական գործակալության՝ Արմենպրեսի հիմնադրման 100-ամյակը» թեմային». www.haypost.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.

Արտաքին հղում խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 96