Արկ, թնդանոթներից և հրանոթներից կրակվող հրետանային զինամթերք, նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, նյութատեխնիկական բազայի և ամրաշինությունների ոչնչացման ու նաև այլ նպատակների համար։ Ժամանակակից արկերի մեծ մասը իրենցից ներկայացնում են մետաղական առանցքային համաչափություն ունեցող, հարթ հատակով առարկա[1]։ Հատակը իր վրա է ընդունում արկի նետող լիցքի բռնկումից առաջացած վառոդային գազերը։ Արկը կարող է լինել հոծ, սնամեջ, շրջհոսելի կամ սլաքաձև։ Արկի արտաքին տեսքը և ներքին կառուցվածքը փոփոխվում են կախված իրնեց նշանակությունից։ Առաջին անգամ կոնական ձևի արկեր կիրառվել են իտալացի հրետանավոր Կավալիի կողմից հայտնագործած ակոսափող թնդանոթի համար(1845)։ Հաջորդ քսան տարված մեջ ակոսափող հրանոթների տարածման հետ կոնաձև արկերը օգտագործումից դուրս մղեցին հրանոթային գնդաձև արկերին։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը դեռևս, արկերը դասակարգվում էին, այսպես կոչված, նռնակների և ռումբերի, սական արդեն պատերազմի տարիներին նռնակը ձեռք բերեց իրեն համապատասխան ներկայիս իմաստը. ձեռքի նռնակ և նռնականետի նռնակ, իսկ ռումբը ստացավ ավիացիոն ռումբ իմաստը՝ արդյունքում հրանոթերի արկերը անվանվեցին արկ։

Գերմանական «Կրուպ» գործարանի արկերի արտադրամասը, 1905 թ

Արկերի դասակարգումը խմբագրել

 
406 մմ (16-դյույմ) Բ-37 ծովային թնդանոթի արկ, Սանկտ Պետերբուրգի ռազմածովային թանգարան
 
Ժամանակակից հարթափող հրանոթի կումուլյատիվ 125-մմ արկ 3ԲԿ29
 
Ժամանակակից թնդանոթի 125-մմ արկ 3ԲԿ14Մ
 
Ավստրոհունգարական Feldhaubitze M. հաուբիցի 150մմ արկ
 
Քսաներորդ դարի հրետանային արկեր (ըստ նկարում դասավորված կարգի)՝ Վերին շարք. 1-3.Գնդային արկեր (նռնակ, ռումբ, կոտորակառումբ) տասնիններորդ դարի առաջին կես 4.Ֆուգասային ռումբ. 5.Նռնակ. 6.Շարոխա (1860-ական թթ. կլորացված թուջե նռնակ) 7.Հաստ կապարե պատյանով ռումբ 8. Բարակ կապարե պատյանով նռնակ 9.1867 թ նմուշի պղնձե գոտիով ռումբ Միջին շարք 10.Քարտիճային նռնակ 11.Նռնակային քարտիճ 12.Լուսավորվող գունդ (լուսավորող արկ) 13.Օղակային թուջե նռնակ 13-а. Թեթև և մարտկոցային օղակային նռնակի հատվածք 18. Թուջե ռումբ(մինչ 1881 թ) 20.Պողպատե ֆուգասային տախտակամածահար ռումբ 21.Լեռնային կոտորակառումբ Ներքին շարք 14. Վառոդային ֆուգասով ռումբ 6-դյույմ (152-մմ) դաշտային հրասանդի համար 15.42-գծային(107-մմ) ֆուգասային ռումբ 16.Վառոդային ֆուգասով ռումբ ափային թնդանոթների համար 17. Թուջե ռումբ 1881 թ նմուշ 22. Թեթև թնդանոթի կոտորակառումբ 19. Պողպատե զրահահար ռումբ 23.Կենտրոնական լիցքախցով կոտորակառումբ 24. Սեգմենտային ռումբ

Արկերը ունեն բազմապիսի դասակարգում, և կարող են դասակարգվել մի քանի հատկանիշներով։ Արկերը ըստ իրենց նշանակության լինում են.

Արկերի նշանակությունը խմբագրել

  • Զրահահար արկ, զրահատեխնիկայի դեմ պայքարելու համար նախատեսված զինամթերք է։ Ըստ իրենց կառուցվածքի զրահահար արկերը լինում են ենթատրամաչափային և սլաքաձև պոչաթևավոր։
  • Բետոնահար արկ, նախատեսված է երկաթբետոնե երկարաժամկետ ամրաշինական կառույցների ոչնչացման համար։
  • Ֆուգասային արկ, նախատեսված է չբետոնացված երկարաժամկետ ամրաշինական կառույցների, արգելափակոցների, շինությունների ոչնչացման համար։
  • Կումուլյատիվ արկ, կումուլյատիվ գործողության արկ է, որը նախատեսված է ծանր զրահատեխնիկայի և կայազորային երկաթբետոնե երկարաժամկետ ամրաշինական կառույցների ոչնչացման համար։
  • Բեկորային արկ, նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի և չզրահավորված տեխնիկայի ոչնչացման համար։ Վնասում է պայթելու հետևանքով առաջացած բեկորներով։
  • Շրեպնելի արկ, նախատեսված է բաց տեղանքում հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար։ Արկի ներսում հատուկ եղեանակով հավաքված են գնդակներ՝ որոնք ցրվում են պայթյունի հետևանքով։
  • Քարտիճ արկ, նախատեսված է հրետանին հարձակումից պաշտպանելիս բաց տեղանքում հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար։ Իրենից ներկայացնում է դյուրավառ պարկուճի մեջ հավաքված գնդակներ, որոնք կրակելուց թռչում են հրանոթից մոտ հեռավորության վրա՝ որոշակի սեկտորով։
  • Միջուկային արկ, նախատեսված է խոշոր նշանակակետերին և հակառակորդի ուժերի կուտակումներին տակտիկական միջուկային հարված հասցնելու համար։
  • Քիմիական արկ, խիստ թունավոր քիմիական նյութ պարունակող արկ է, նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար։ Կարող են պարունակել հակառակորդի զինվորներին մարտունակությունից զրկող նյութեր(արցունքաբեր գազ, հոգեմետ և այլն)։
  • Կենսաբանական արկ, ուժեղ գործողության կենսաբանական թույն կամ վարակիչ ախտահարույց միկրոօրգանիզմներ պարունակող արկ։ Նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման կամ մարտունակությունից զրկելու համար։
  • Ծավալապայթյունային արկ, գազանման, աերոզոլային պայթուցիկ նյութ պարունակող արկ է, նախատեսված է թաքստոցներում հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար։ Կոչվում է նաև ջերմաճնշումային արկ կամ վառելիքային ռումբ։
  • Հրկիզող արկ, հատուկ դյուրավառ, հրկիզող նյութեր պարունակող արկ է, նախատեսված է դյուրավառ նյութերի և օբյեկտների(վառելիքի պահեստներ, քաղաքային շենքեր) հրկիզման համար։
  • Ծխային արկ, ծխագոյացման համար անհրաժեշտ նյութեր պարունակող արկ է, նախատեսված է մեծ քանակությամբ թանձր ծուխ առաջացնելու միջոցով հակառակորդի տեսադաշտը փակելու համար։
  • Լուսավորող արկ, վառ բոցով և երկարատև վառվող նյութ պարունակող, հատուկ պարաշյուտ ունեցող արկ է, նախատեսված է մութ ժամանակ տեղանքի լուսավորման համար։
  • Լուսածրող արկ, թռիչքի ժամանակ իր հետագիծը վառ լուսավորող արկ է, օգտագործվում է մութ ժամանակ նշանափորձման համար։
  • Քարոզչական արկ, հակառակորդի լեզվով գրառված քարոզչական հատուկ նպատակ ունեցող թերթիկներ պարունակող արկ է, նախատեսված է քաղաքացիական բնակչության և զինվորականների մեջ քարոզիչ նյութ տարածելու համար։
  • Ուսումնական արկ, հոծ իրանով զինամթերք, որը նախատեսված է հրետանային ստորաբաժանումների ուսումնական կրակի համար։ Կարող է լինել ինչպես կրակվելու համար նախատեսված, այնպես էլ մասշտաբով կամ հատուկ մեծացված ու հատույթներով մոդելը։

Որոշ արկեր կարող են ունենալ համակցված նշանակություն, օրինակ՝ բեկորա-ֆուգասային արկը, կումուլյատիվ-բեկորային արկ և այլն։

Արկի տրամաչափը խմբագրել

 
Արկերը ըստ տրամաչափային հարաբերակցության

Ըստ տրամաչափի արկերը լինում են՝ մեծ, միջին ու փոքր

  • Փոքր տրամաչափի արկերը լինում են 20-75մմ տրամաչափի,
  • Միջին տրամաչափի ցամաքային հրետանու արկերը լինում են 75-155մմ, ծովային հրետանու արկերը 75-152մմ, իսկ զենիթային արկերը 75-100մմ տրամաչափի,
  • Մեծ ունենում են համապատասխանաբար ավելի մեծ տրամաչափ քան միջին տրամաչափի նշված չափերը։

Արկերը դասակարգվում են նաև ըստ տրամաչափային հարաբերակցության, դրանք են՝ տրամաչափային, ենթատրամաչափային և արտատրամաչափային

Արկի կառուցվածքը խմբագրել

  • Արկի իրանի կամ միջուկի նյութը լինում է պողպատ, պողպատային թուջ, վոլֆրամ, ուրան և այլն։
  • Պայթուցիկ նյութերը հիմնականում լինում են բրիզանտային։
  • Արկի իրանի արտաքին տեսքը լինում է սուր ծայրով, բութ ծայրով և հեռահար ձևի։
  • Արկի օգտակար տարողությունը կարող է լինել հոծ(առանց տարողության), կամ սնամեջ իրանով(լիցքավորված պայթուցիկ նյութով, կոտորակային գնդակնեորվ, թռուցիկներով, հակահետևակային ականներով և այլն)։
  • Հրանոթը լինում է հաուբից, թնդանոթ, ակոսավոր կամ չպտտվող արկեր։
  • Այլ կոնստրուկտիվ առանձնահատկություններ, արկը կարող է լինել ուղղորդող գոտիով կամ պոչաթևով, թևավոր արկ, ակտիվ-ռեակտիվ արկ(լրացուցիչ ռեակտիվ շարժիչով), կառավարվող արկ և այլն։

Ճշգրտվող արկեր խմբագրել

  • Մթնոլորտի անհանգստության դեպքում, կամ նշանառության սխալներից խուսափելու համար հեռահար արկերի համար կատարվում է նշանառության լրացուցիչ ճշգրտում, դրա համար օգտագործվում է արկի կառավարման իներցիալ համակարգ և/կամ կողմնորոշիչ համակարգերի ազդանշաններ(օրինակ՝ GPS), M982 «Excalibur»։
  • Շարժական, հեռավոր նշանակետերի կամ տեղանքում չկապված նշանակետին խոցման համար օգտագործվում են լազերային նշանառության համակարգ։ Նշանակետը լուսավորվում է լազերով, իսկ արկի ինքնանշանառվող գլխիկը ուղղորդում է արկը դեպի նպատակակետը։ Այսպիսի գլխիկով արկերի օրինակներ են Քոպերհեդ, Կրասնոպոլ, Ցվետնիկ, Սանտիմետր, Կիտոլով, Գրան արկերը։
  • Գոյություն ունեն նաև կառավարվող կասետներով կասետային արկեր։ Արկը նետում է կասետը համապատասխան հեռավորության վրա, պահանջվող տեղանքում, կասետը հատուկ պարաշյուտից կախված իջնում և փնտրում է ջերմային ճառագայթիչ նպատակակետեր(Օր՝. զրահատեխնիկա և այլն)։ Կասետների մեջ կարող են տեղադվել հատուկ հետախուզական համակարգ, որոնք պարաշյուտից կախված պտտվելով նկարահանում են տեղանքը և ինֆորմացիան ռադիոկապով փոխանցում հրամանատարական կետ։

Արկի պայթուցիչների տեսակները խմբագրել

  • Հարվածային (պայթում է նպատակակետին, գետնին կամ այլ խոչընդոտի դիպչելիս), կարող է լինել հպումային և դանդաղեցված գործողության։
  • Ոչ հպումային(չի պահանջվում նշանակետի կամ որևէ այլ բանի դիպչել)։ Սա իր հերթին լինում է.
    • Հեռագործ (պայթում է նախապես նշված ժամանակահատվածից հետո՝ շրապնելի փողրակ, մեխանիկական ժամասարք, էլեկտրական ժամասարք, քիմիական ժամասարք(չի օգտագործվում 40-ական թվականներից, շրջակա միջավայրի ջերմաստիճանի նկատմամբ զգայուն լինելու պատճառով), ռադիոհեռաչափ և այլն։
    • Ռադիոկառավարիչ (պայթում է կրակի ղեկավարման համակարգի հրամանի համաձայն)։
    • Բարոմետրային (պայթում է համապատասխան բարձրության հասնելիս՝ ըստ մթնոլորտային ճնշման)։
  • Կոմբինացված (մի քանի մեթոդների միաժամանակ մի արկի մեջ օգտագործումը)։

Ցանկացած տեսակի արկ (չհաշված ուսումնական արկերը) համարվում է կյանքի համար չափազանց վտանգավոր առարկա։ Չկրակված կամ չպայթած արկի հայտնաբերման դեպքում անմիջապես պետք է դիմել ոստիկանություն կամ այլ իշխանական մարմինների։ Որոշ զրահահար արկերում օգտագործվում է ուրան, որը նրան դարձնում է առավել վտանգավոր մարդկանց և շրջակա միջավայրի համար։ Դրանց թվին են պատկանում սլաքաձև պոչաթևավոր արկերը, ինչպես ՆԱՏՕ բանակի 105 և 120 մմ տրամաչափի, այնպես էլ խորհրդային(Ռուսաստան և ԱՊՀ երկրներ) բանակում 125 մմ տրամաչափի արկերը։

Տես նաև խմբագրել

Զինամթերք

Հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Военный энциклопедический словарь", Пред. гл. редакционной комиссии Маршал Советского Союза С.Ф. Ахромеев, Москва Воениздат-1986
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 76