Արժեթուղթ, սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս։ Արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով հավաստվող բոլոր իրավունքները։ Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ արժեթղթով հավաստված իրավունքների իրականացման և փոխանցման համար բավարար են հատուկ գրանցամատյանում (սովորական կամ համակարգչային) դրանց ամրագրման մասին ապացույցները։ Հայաստանում արժեթղթերի շուկան կարգավորվում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով։

1967 թվականին թողարկված արժեթուղթ (Նյու Յորքի երկաթուղի)

Արժեթղթի հատկանիշները խմբագրել

  • փաստաթղթային բնույթը. արժեթուղթը, անկախ դրա դրսևորման ձևից, փաստաթուղթ է և դրանից բխում են որոշակի իրավական հետևանքներ՝ տիրապետելով արժեթուղթը դրա սեփականատերն ունի դրանից բխող կոնկրետ իրավունքներ, իսկ թողարկողը՝ կոնկրետ պարտավորություններ,
  • շրջանառելիությունը, որի միջոցով շրջանառություն են կատարում արժեթղթով ամրագրված իրավունքները,
  • գույքային իրավունքի տարր հանդիսանալը, ինչը նշանակում է, որ արժեթուղթը իրավունքի օբյեկտ է և դրա վրա տարածվում են քաղաքացիական իրավունքի հարաբերությունները, այսինքն՝ դրանք սեփականության իրավունքով պատկանում են որևէ անձի, անձը արժեթղթի նկատմամբ ունի սեփականության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները (տիրապետում, տնօրինում, օգտագործում և այլն),
  • շուկայական բնույթը. արժեթուղթն առաջին հերթին ապրանք է, քանի որ այն գնվում և վաճառվում է, ունի արժեք, գին։
  • իրացվելիությունը՝ այսինքն արժեթղթի ունակությունը կարճ ժամանակամիջոցում և առանց էական կորուստների վերածվելու դրամական միջոցի,
  • ռիսկայնությունը,
  • կարգավորելի են և ունեն պետական ճանաչում. արժեթղթերը որպես կանոն գրանցվում են և դրանով ձեռք են բերում պետական ճանաչում ու ենթարկվում պետական կարգավորման։

Արժեթղթերի թողարկումը խմբագրել

Արժեթղթերի թողարկումը (էմիսիան) դիտարկում են որպես ֆինանսական ռեսուրսների ներգրավման գործիք։ Արժեթղթերի թողարկումը անձի գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված նույն դասի արժեթղթերի առաջացմանը։ Որպես արժեթղթեր թողարկողներ կարող են հանդես գալ պետությունը, կառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք։

Արժեթղթերի թողարկումն իրականացվում է ազդագրի հրապարաման միջոցով։ Ազդագիրը թողարկողի՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթուղթն է, որի հիման վրա իրականացվում է արժեթղթերի հրապարակային առաջարկը։ Ազդագիրը ներառում է հետևյալ տվյալները.

  1. արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն (արժեթղթերի կատեգորիան, տեսակը, թողարկման ձևը, անվանական արժեքը, թողարկան ծավալը),
  2. սեփականատիրոջը արժեթղթերով հավաստվող իրավունքները,
  3. արժեթղթեր թողարկողի (էմիտենտի) վերաբերյալ տեղեկատվություն,
  4. արժեթղթերի պահպանման և դրանց նկատմամբ իրավունքների հաշվառման կարգը,
  5. արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառումը վարող կազմակերպության (ռեեստրավարի) անվանումը,
  6. արժեթղթերի առաջնային բաշխմանը մասնակցող կազմակերպությունների (անդերրայթերների) վերաբերյալ տեղեկատվություն,
  7. արժեթղթերի թողարկման և բաշխման ժամկետները,
  8. մարման ժամկետները, պայմանները և կարգը (եթե նախատեսված են),
  9. արժեթղթերի բաշխման արդյունքում ստացված միջոցների օգտագործման ուղղությունները,
  10. արժեթղթերից ստացվելիք եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն,
  11. արժեթղթերից ստացվելիք եկամուտների հարկման կարգը և այլն։

Արժեթղթով հավաստված իրավունքների սուբյեկտները խմբագրել

Արժեթղթով հավաստվող իրավունքները կարող են պատկանել՝

  • արժեթուղթը ներկայացնողին (ըստ ներկայացնողի արժեթուղթ).
  • արժեթղթում նշված անձին (անվանական արժեթուղթ).
  • արժեթղթում նշված անձին, ով կարող է ինքն իրականացնել այդ իրավունքները կամ իր կարգադրությամբ (հրամանով) նշանակել այլ իրավազոր անձի (օրդերային արժեթուղթ)։

Արժեթղթերի դասակարգումը խմբագրել

Արժեթղթերը կարելի է դասակարգել ըստ հետևյալ հատկանիշների՝

  • ըստ ժամկետայնության՝ ժամկետային (կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ և հետ կանչվող) և անժամկետ,
  • ըստ դրսևորման ձևի՝ թղթային և ոչ թղթային,
  • ըստ հավաստվող իրավունքների պատկանելիության՝ անվանական, ըստ ներկայացնողի և օրդերային,
  • ըստ հավաստվող իրավունքների փոխանցման կարգի՝ պահանջների զիջման (ցեսիայի) միջոցով փոխանցվող և փոխանցագրով փոխանցվող,
  • ըստ թողարկման ձևի՝ էմիսիոն և ոչ էմիսիոն,
  • ըստ թողարկողի տեսակի՝ պետական (պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թողարկված) և ոչ պետական (ֆիզիկական և իրավանաբանան անձանց կողմից թողարկված),
  • ըստ տեղաբաշխման բնույթի՝ բաց տեղաբաշխմամբ և փակ տեղաբաշխմամբ,
  • ըստ շրջանառության ձևի՝ ազատ շրջանառությամբ և սահմանափակ շրջանառությամբ,
  • ըստ նշանակության՝ ներդրումային, վճարային, ածանցյալ և տիտղոսային,
  • ըստ ռիսկի աստիճանի՝ ռիսկային (ցածր, միջին և բարձր ռիսկային) և ոչ ռիսկային,
  • ըստ եկամտաբերության՝ եկամուտ բերող (տոկոսային, շահաբաժնային, դիսկոնտային) և առանց եկամտի։

Արժեթղթերի տեսակները խմբագրել

Ժամանակակից համաշխարհային պրակտիկայում ընդունված է արժեթղթերը բաժանել երկու դասի՝

  • հիմնական (առաջնային) արժեթղթեր,
  • ածանցյալ արժեթղթեր կամ դերիվատիվներ։

Հիմնական արժեթղթերի հիմքում ընկած է որոշակի ակտիվի (ապրանք, փող, կապիտալ) նկատմամբ սեփականության իրավունք։ Այսպիսի արժեթղթեր են համարվում՝

Ածանցյալ արժեթուղթ է համարվում ժամկետային իրականացման իրավունքը (պարտավորությունը) հավաստող արժեթուղթը, որի գինն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված է՝

  • արժեթղթի շուկայական (բորսայական) գնից,
  • տոկոսադրույքից կամ այլ հատուցումից,
  • արժեթղթերի ինդեքսից,
  • արտարժույթի փոխարժեքից,
  • վարկային կամ այլ ռիսկից,
  • ապրանքի կամ թանկարժեք մետաղի շուկայական (բորսայական) գնից։

Արժեթղթի վավերապայմանները խմբագրել

Արժեթուղթը պետք է պարունակի օրենքով սահմանված պարտադիր վավերապայմանները և համապատասխանի արժեթղթի ձևին ներկայացվող պահանջներին, հակառակ դեպքում այն կհամարվի անվավեր։ Արժեթղթի վավերապայմանները պայմանականորեն կարելի է բաժանել տեխնիկականի և տնտեսականի։

Տեխնիկական վավերապայմանները դրանք արժեթղթի վրա նշվող հասցեներն են, համարները, կնիքները, ստորագրությունները և այլն։

Տնտեսական վավերապայմաններն են՝

  • թողարկման ձևը (թղթային կամ ոչ թղթային),
  • ժամկետը,
  • պատկանելությունը,
  • պարտավոր կողմը,
  • անվանական արժեքը,
  • հավաստվող իրավունքները։

Արժեթղթերի արժեքը և գինը խմբագրել

Արժեթղթերի արժեքը կարող է չափվել անվանական (որպես իրական կապիտալի ներկայացուցչի արժեք) և շուկայական (որպես ֆիկտիվ կապիտալի) արժեքներով։

Անվանական արժեքը փողի այն քանակն է, որը ստացվում է արժեթուղթը իրական կապիտալի հետ փոխանակելիս նրա թողարկման (մարման) պահին։

Շուկայան արժեքը արժեթղթի սեփականատիրական իրավունքների կապիտալիզացիայի արդյունք է։

Արժեթղթի շուկայական գինը նրա շուկայական արժեքի դրամական գնահատումն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

Գին = Շուկայական արժեք × (1 + Շուկայական գնի տոկոսային շեղումը արժեքից)

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արժեթուղթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 53