Արարատ ռազմավարագիտական կենտրոն

Արարատ ռազմավարագիտական կենտրոն, Հայաստանում գործող գիտահետազոտական կազմակերպություն։ Կենտրոնի ղեկավարն է պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանը։

Արարատ ռազմավարագիտական կենտրոն
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված2006
Գլխավոր քարտուղարԱրմեն Այվազյան
Կայքararat-center.org

Նպատակներ և խնդիրներ խմբագրել

Ինչպես նշված է կենտրոնի պաշտոնական կայքում, կազմակերպության նպատակներն ու խնդիրները հետևյալն են[1].

  • Վերլուծել միջազգային քաղաքականության` Հայաստանի շահերի վրա ազդող երևույթները և ըստ այդմ էլ որոշել մեր ազգային անվտանգության կարիքներն ու պահանջները։
  • Օգտակար լինել և´ որոշում ընդունողների, և´ հասարակության համար` բացահայտելով ու քննելով Հայաստանի անվտանգության յուրահատուկ իրադրությունը` իր մանրամասնություններով և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներով հանդերձ։
  • Չեզոքացնել միջազգային ասպարեզում ադրբեջանա-թուրքական լայնամասշտաբ քարոզչությունը, հետևողականորեն և անընդհատ քարոզել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տեսակետները, ընդ որում` արտասահմտնյան ունկնդրին առավել ընդունելի մատուցման եղանակներով։
  • Հայ սպաների և կուրսանտների տեսական պատրաստության մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված տեղեկատվական, հրատարակչական ու թարգմանական գործունեությունը, այդ թվում` ծանոթացումը դասական և նորագույն ռազմական տեսություններին ու զարգացումներին։
  • Ռազմահայրենասիրական գաղափարների և ավանդույթների քարոզումը Հայաստանում և սփյուռքում` հատկապես աճող սերնդի շրջանում։
  • Հայաստանի` պոտենցիալ ագրեսորին զսպելու և հետ պահելու ինքնուրույն կարողությունների վերլուծումը։
  • Այլ պետությունների բանակների կառուցվածքի, կանոնադրության և զինծառայության պայմանների համեմատական ուսումնասիրություններ. այդ բանակների փորձի և մոդելի զանազան տարրերը Հայաստանում կիրառելու նպատակահարմարության մանրամասն պատճառաբանված հետազոտությունները։
  • Հայկական բանակի հետագա բարելավմանն ուղղված պատճառաբանված առաջարկությունները։
  • Տարածաշրջանի պետությունների և Մեծ Մերձավոր Արևելքում շահեր ունեցող այլ տերությունների զինված ուժերի և նրանց ռազմական հայեցակարգերի վերլուծումները։
  • Ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումների վերլուծությունը։
  • Արցախի հայկականությունը փաստող պատմաիրավական համապարփակ թղթապանակի կազմումը։
  • Արցախի ազատագրության վերլուծումը ըստ միջազգային իրավունքի ինքնորոշման ու ինքնապաշտպանության մասին հիմնարար դրույթների։
  • Արցախի և Նախիջևանի պատմական ժողովրդագրության ուսումնասիրությունը։
  • Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը Հայոց զինված ուժերի և ռազմարվեստի պատմության հետազոտումը։
  • Հայաստան-Սփյուռք համագործակցության հզորացմանը նպաստող լուծումների որոնումը և համազգային միացյալ հայեցակարգի մշակումները։
  • Ռազմավարությանն ու անվտանգությանը վերաբերող դասական և ժամանակակից գրականության հայերեն թարգմանությունները և դրանց հրատարակումը։
  • Ռազմավարագիտության և անվտանգության տերմինների հայերեն բացատրական և եռալեզու (հայերեն-անգլերեն-ռուսերեն) բառարանների ստեղծումը։

Ծանոթագրություններ խմբագրել