Ասցիդիաներ
Ասցիդիաներ
Polycarpa aurata տեսակի ասցիդիան (սպիտակը այլ կենդանի է` Triphyllozoon inornatum)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Թրթուրաքորդավորներ
Դաս Ասցիդիաներ
Լատիներեն անվանում
Ascidiacea, Ascidiae


Ասցիդիաներ, (լատին․՝ Ascidiacea, Ascidiae), թրթուրաքորդավորներ ենթատիպի դասերից մեկը` սալպերի եւ ապենդիկուլյարների կողքին։

Արտաքին տեսքը եւ էկոլոգիան խմբագրել

Արտաքինից միայնակ ասցիդիան նման է երկբերան անոթի։ Հիմքով ամուր ամրացած է սուբստրատին և ունի երկու անցք` բերանային և կլոակային սիֆոններ։ Մարմինը դրսից ծածկված է թաղանթով` տունիկայով։ Տունիկան արտադրվում է էպիթելի կողմից և, ներծծվելով անօրգանական աղերով, վերածվում առաձգական և ամուր պաշտպանական թաղանթի։ Բնության մեջ հանդիպում են միայնակ կամ գաղութային կենսակերպ վարող ասցիդիաներ։ Վերջին դեպքում առանձնյակներն այս կամ այն չափով միացած են իրար։ Հայտնի է ասցիդիաների մոտ 2300 տեսակ։

Մարսողական և շնչառական համակարգերը խմբագրել

Մարսողական համակարգի առաջին բաժինը շատ մեծ ըմպանն է։ Այն բերանային սիֆոնից սահմանազատվում է հարխռիկային կամ հարըմպանային ակոսով, որի երկայնքով տեղադրված են դրսից չերևացող բարակ բերանային շոշափուկները։ Դրանց թիվն առանձին տեսակների մոտ հասնում է մինչև 30-ի։ Ըմպանի պատերին կան բազմաթիվ մանր անցքեր` ստիգմաներ, որոնք բացվում են ոչ թե դեպի դուրս, այլ` դեպի ատրիալային խոռոչ։ Ըմպանին հաջորդում է կարճ կերակրափողը, ապա` ստամոքսը, և ապա` աղին, որը հետանցքով բացվում է ատրիալային խոռոչի մեջ` կլոակային (կոյանոցային) սիֆոնի մոտ։ Ըմպանի փորային կողմով մի փոքրիկ ակոսիկ է անցնում, որը կոչվում է էնդոստիլ։ Այն պատված է թարթիչային էպիթելով եւ ունի գեղձային գոտիներ։ Այստեղ արտադրվող լորձը թարթիչների շարժման շնորհիվ մղվում է դեպի ըմպանի պատերը, եւ դրանց մակերեսով մեկ լորձի անընդհատ հոսք է ստեղծվում։ Այդ ընթացքում ջուրը բերանային սիֆոնից անցնում է ըմպան, ապա ստիգմաների միջով դուրս գալիս ատրիալային խոռոչ (եւ հետո` կլոակային սիֆոնով` արտաքին միջավայր)։ Այսպիսով, ըմպանի մակերեսով հոսող լորձը կլանում է ջրի մեջ գտնվող սննդի մասնիկները, որոնք պետք է ստիգմաներով դուրս գային, եւ հավաքվում էնդոստիլի հակառակ կողմում գտնվող մեջքային թիթեղիկի մոտ` առաջացնելով լորձի ժապավեն, որը հոսում է դեպի կերակրափող։ Սնունդը մարսվում եւ ներծծվում է ստամոքսում եւ աղիներում, իսկ չմարսված մնացորդները հետանցքով դուրս են գալիս ատրիալային խոռոչ, ապա` ջրի հոսանքի հետ` արտաքին միջավայր։ Ըմպանը ծառայում է նաեւ որպես շնչառության օրգան։

Աղբյուրներ խմբագրել

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, Է. Մ., Ողնաշարավորների կենդանաբանություն, (Ուս. ձեռնարկ), Մաս 1, ԵՊՀ հրատ., Երևան, 2009։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 596