Աստվածաշեն (Չավուշթեփե թուրքերեն՝ Çavuştepe), հայկական նախկին բնակավայր Արևմտյան Հայաստանում՝ Հայոց ձորի գավառում, ներկայում՝ քրդաբնակ բնակավայր Թուրքիայի Հանրապետության Վանի մարզի Կղզի (Գյուրփընար) շրջանում[1]։

Գյուղ
Աստվածաշեն
Աստվածաշեն գյուղը Հայկաբերդ ամրոց-բնակատեղիից, 2018 թվական
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Թուրքիայի նահանգՎանի մարզ
Վանի մարզի շրջան Կղզի (Գյուրփընար)
Խոսվող լեզուներՄինչև Մեծ եղեռնը՝ հայերեն ,
Մեծ եղեռնից հետո՝ քրդերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Քրդեր (Մեծ եղեռնից հետո)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Իսլամ (Մեծ եղեռնից հետո)
Աստվածաշեն (Թուրքիա)##
Աստվածաշեն (Թուրքիա)

Անուն խմբագրել

Հնագույն ժամանակներից բնակավայրի անունը հայտնի է Աստվածաշեն անվանաձևերով։ Տարածված է եղել նաև Հայկաշեն, Ասպածաշեն, Ասպաշեն, Ասբաշեն անվանաձևերով[1]։

Բնակավայրի անվան ծագման վերաբերյալ առկա են մի շարք տեսակետներ։ Դրանք պահպանվել են տեղաբնակ հայերի ավանդազրույցներում, որոնք սկսել են ուսումնասիրվել հիմնականում սկսած 1860-ական թվականներից։ Դրանցից մեկի համաձայն, բնակավայրը կոչվել է Աստվածաշեն, քանի որ Հայկ նահապետի ժամանակներից բնակիչները կառուցում էին այն ժամանակի աստվածություններին նվիրված կառույցներ ու արձաններ[1][2]։

Մեկ այլ ավանդազրույցի համաձայն, երբ մ.թ.ա. 800-ական թվականներին Ասորեստանի թագուհի Շամիրիամն արշավեց Հայաստան, տեղի բնակչության զբաղմունքը երկաթագործությունն ու ոսկերչությունն էր և նրանք կառուցում էին այն ժամանակվա աստվածություններին նվիրված կառույցներ ու արձաններ, ուստի բնակավայրն էլ սկսել են անվանել Աստվածաշեն[1][3]։

Ուսումնասիրելով բնակավայրի անվան ծագումը՝ Խ. Լևոնյան նշում է, բնակավայրը կուռերի տեղ է եղել, բայց ըստ նրա, Աստվածաշեն անունը կնշանակի Աստծուց շինված։ Նա հայտնում է նաև, որ բնակավայրը Հայկ նահապետի ժամանակներում կոչվել է Հայկի անունով՝ անվանվելով Հայկաշեն[1][4]։

Հայտնի է, որ ամբողջ Հայկական բարձրավանդակում բազմաթիվ են կրկնվող տեղանունները, սակայն Աստվածաշեն անունըեզակի է և չի կրկնվում։ Ենթադրվում է, որ այն հանդիսանում է այս տարածքներում Հայկ նահապետի իրականացրած գործունեության խորհրդանիշը[1]։

Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական իշխանությունները բնակավայրն անվանել են Չավուշթեփե[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Աստվածաընկալը գտնվում է Կղզի բնակավայրից 2 կմ հյուսիս-արևելք` ծովի մակարդակից 1800 մ միջին բարձրության վրա։ Անգղ գետի աջակողմյան գյուղերից է[1]։

Պատմություն խմբագրել

Աստվածշեն բնավայրը հիմնադրվել է անհիշելի ժամանակներում։ Այդ մասին են վկայում տարածքում պահպանված բազմաթիվ պատմամշակութային հուշարձանները։ Ըստ հնությունների ուսումնասիրությունների՝ այն ունի հազարամյակների պատմություն։ Աստվածաշենում են գտնվել Վանի թագավորության ժամանակաշրջանով թվագրվող և մինչև ուշ միջնադար հասնող նյութական մշակույթի տարբեր ուղղվածության հուշարձաններ։ Աստվածաշենի ամենահռչակավոր պատմական կառույցը Հայկաբերդ բնակավայր-ամրոցն է, որն ունի հազարամյակների պատմություն[1]։

Թուրքական տիրապետության ժամանակաշրջան խմբագրել

Թուրքական տիրապետության ժամանակաշրջանում Աստվածաշենի պատմությունը մեծապես ներկայացված է հայերի նկատմամբ հալածանքներով, թալանով և ջարդերով[1][5][6]։

Աստվածաշենի բնակչությունը հարձակման է ենթարկվել նաև Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ 1894-1896 թվականներին իրականացված Համիդյան ջարդերի ժամանակ[1][7]։

Հայերի նկատմամբ հալածանքները տեղի են ունեցել ինչպես Համիդյան ջարդերից առաջ, այնպես էլ դրանից հետո[1][8][9][10]։

Հայոց ցեղասպանություն խմբագրել

Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքերի և քրդերի կողմից հարձակման և ջարդերի է ենթարկվում նաև Աստվածաշեն գյուղը։ 1915 թվականի ապրիլի 6-ին թուրքական կառավարական զորքն ու քրդական զինված խմբերը հարձակվում են Աստվածաշեն գյուղի վրա, հայերի ջարդեր և թալան կազմակերպում։ Այդ մասին գրել են ժամանակի մամուլն ու իրադարձությունների ականատեսները։ Աստվածաշենից Նոր Բայազետի Ներքին Ղարանլուղ կոչվող գյուղում հաստատված Ասպատուրի կնոջ՝ Ոսկու վկայության համաձայն՝ թուրք զինվորները հավաքում են գյուղի 60 տղամարդու, տանում ջրաղացի մոտ, և 300 հոգով պաշարելով, սպանում։ Այդտեղ սպանում են նաև 3 կին (այլ տվյալներով՝ 4 կին)։ Դրանից հետո կանանց և երեխաների մի մասը փախնում է Վարագա լեռ, իսկ մյուս մասը թաքնվում մի քանի տներում։ Ականատեսի վկայությամբ իրենց խումբը 20 օր գտնվել է թուրքական զորքի գերության մեջ և ենթարկվել բռնությունների, իսկ մայիսի սկզբին կարողացել են փախնել։ Թուրքերը թալանել և ավերել են գյուղն ու իրենց հետ տարել երկու հայ կին։ Դրանից հետո, երբ հայ ֆիդայինները ժամանել են գյուղ, գյուղացիները տարբեր տեղերից հավաքվել են բնակավայրում։ 1-2 ամիս մնալուց հետո ստիպված են եղել հեռանալ գյուղից։ Հայտնի է, որ թուրքերն ու քրդերը սպանել են բազմաթիվ կանանց, այդ թվում նաև՝ հղի։ Նրանց արգանդը պատռելով, հանել են դեռևս չծնված երեխաներին և ամրացրել սրերի ծայրերին[1][11][12][13]։ Հայտնի է, որ արդեն 1915 թվականի մայիսի 22-ի դրությամբ գյուղում մնացել էր ընդամենը 18 տղամարդ[1][14][15]։

1915 թվականի ապրիլյան ջարդերի ու հուլիսյան բռնագաղթի հետևանքով Աստվածաշենը կրում է ահռելի մարդկային կորուստ։ 1916 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ գյուղում են եղել ընդամենը 13 հոգի[1][16]։

Հայոց ցեղասպանությունից փրկված աստվածաշենցիների թվաքանակը շատ քիչ է։ Նշվում է, որ 1916 թվականի օգոստոսին Նոր Բայազետի Ներքին Ղարանլուղ կոչվող բնակավայրում է հաստատվել աստվածաշենցի 1 տուն 3 անձով[1][17]։ Մեծ եղեռնից փրկված քիչ աստվածաշենցիները զոհեր են տվել նաև թուրքերի ու քրդերի դեմ հետագա կռիվների ժամանակ։ Աստվածաշենի այդպիսի բնակիչներից էր Վանի գնդի մարտիկ Ատոմ Պողոսյանը, որը զոհվել է 1918 թվականին Իգդիրի կռիվներում[1][18]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Աստվածաշեն բնակավայրում եղել են մեր թվարկությունից առաջ և մեր թվարկությունից հետո թվագրվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք պատմության համար մեծ արժեք ունեն։ Այդպիսի հուշարձաններից է հռչակավոր Հայկաբերդը և մերձակայքում գտնվող այլ հնավայրերը, որոնց մեծ մասը ներկայում ամբողջովին անհետացել են[1]։

Հայկաբերդ խմբագրել

Աստվածաշեն գյուղի ամենահեղինակավոր պատմական հուշարձանը Հայկաբերդ ամրոց-բնակատեղին է։ Այն հայտնի է նաև Սարդուրիխինիլի անունով։ Տեղակայված է գյուղի հյուսիսարևելյան եզրին գտնվող բլրաշարի արևմտյան հրվանդանաձև ծայրին։ Ամրոցը կազմված է երկու մասից՝ Վերին և Ներքին բերդերից։ Վերին բերդը գտնվում է արևելքում՝ ծովի մակերևույթից 1862 մետր բարձրության վրա։ Ներքին բերդը գտնվում է արևմուտքում՝ ծովի մակերևույթից 1849 մետր բարձրության վրա[1]։

Գոյութուն ունեն Հայկաբերդ ամրոցի հիմնադրման և ժամանակագրության մասին մի շարք տեսակետներ։ Համաձայն Մծուրք քաղաքում ծնված ասորի պատմիչ Մար Աբաս Կատինայի տեղեկության հիման վրա 18-րդ դարի հայազգի աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանի ենթադրության, Հայկաբերդը այն վայրն է, որտեղ Բելի դեմ հաղթական ճակատամարտից հետո Հայկը հիմնեց Հայք դաստակերտը, որի անունով շրջակա տարածքը կոչվեց Հայոց ձոր[19]։ Համաձայն այլ պատմիչների՝ Հայկաբերդը հիմնադրել է Վանի թագավորության արքա Սարդուրի Բ-ն՝ այն անվանելով Սարդուրիհուրդա կամ Սարդուրիխինիլի[1]։

Հայկաբերդը կառուցված է լեռնաճյուղի վրա և պայմանականորեն բաժանվում է երկու մասի՝ Վերին և Ներքին ամրոցներ։ Վերին ամրոցը ներքևի հատվածից բարձր է շուրջ 30 մետրով։ Այստեղ գտնվում է Խալդի աստծո տաճարը, որն ունի 80 x 65 մետր մակերես։ Ներկայում գրեթե ավերված է, մասամբ պահպանվում են հիմքերը։ Ներքին հատվածը ստորոտից բարձր է շուրջ 50 մետրով և ունի 430 x 75 մետր մակերես[1][20]։ Ընդհանուր առմամբ ամրոցն ունի 1 կիլոմետր երկարություն ունեցող շրջապարիսպ, որի յուրաքանչյուր 6-10 մետրը մեկ հզորացված է եղել ուղղանկյուն որմնահեցերով։ Ամրոցի երկու հատվածները միմյանց հետ կապված են եղել մեջտեղում գտնվող դարպասով։ Ստորին հատվածում գտնվում է Վանի թագավորության դիցարանի ներկայացուցիչ բժշկության աստված Իրմուշինի տաճարի ավերակները[1][21], ինչպես նաև արևելքից արևմուտք տեղակայված մի շարք շինությունների մնացորդներ։ Շինությունների մի մասը նայելիս են եղել գլխավոր փողոցի կողմը։ Առկա են վիմափոր հորեր և կարասների սրահը, որի ներսում հսկայական կարասները դասավորված են չորս շարքով[1][22]։

Նահատակ հնավայր խմբագրել

Հայկաբերդի հարավային կողմում գտնվող բլրի վրա՝ փոքր հարթության կա, որին հայերը անվանում էին նահատակ։ Քրդերն այն կոչում էին շեհիդ՝ փոխառելով և թարգմանելով հայկական անունը։ Երկու ժողովուրդներն էլ խուսափում էին այս վայրում ոչխար արածեցնելուց, քանի որ տարածված ավանդազրույցների համաձայն ոչխարներն այնտեղ կսատկեին։ Ավանդության համաձայն այստեղ է Հայկի նահապետի կողմից նետահարվել Բելը[1][23]։

Խազինի դար հնավայր խմբագրել

Խազինի դար անունը կրող հնավայրը գտնվում էր Հայկաբերդ ամրոցից հյուսիս-արևմուտք:Այստեղ կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել են հնագիտական շերտեր[1][24]։

Թլալոսի քար Ժայռախաչեր խմբագրել

Թլալոսի քար անունը կրող ժայռախաչերն իրենցից ներկայացնում են խաչաքանդակների մեծ խումբ, որոնք գտնվում են Հայկաբերդի բլրաշարի ծայրհարավարևմտյան անկյունում առկա հարավահայաց և հարավարևմտահայաց ժայռերին, ծովի մակարդակից 190 մ բարձրության վրա։ Ժայռախաչերից մի քանիսն ունեն արձանագրություններ, որոնցից թվակիրները վերաբերում են 1456, 1476 և 1483 թվականներին։ Որոշ ժայռախաչերին կից պահպանվել են նաև նվիրատուների անունները[1][25]։

Սուրբ Դետ հնավայր խմբագրել

Հայկաբերդի հարավային կողմում է գտնվել Սուրբ Դետ անունով կոչվող վայրը։ Ըստ ավանդության՝ այստեղ է դրվել Հայկի կողմից նետով խոցված Բելի մարմինը, որպեսզի ժողովուրդը դիտեն։ Այստեղ է գտնվել նաև մատուռ, որտեղ հայերն ուխտագնացության նպատակով այցելում էին՝ իրենց հետ տանելով հավկիթ[1][24]։

Սուրբ Ստեփանոս եկեղեցի խմբագրել

Աստվածաշենում է գտնվել Սուրբ Ստեփանոս անունով կոչվող հայկական առաքելական եկեղեցի։ Ըստ տեղեկությունների՝ այն կառուցվել է 15-րդ դարում[1][26][27][28]։ Հայտնի է, որ 1616 թվականին Մարտիրոսի կողմից օտար ազգության ներկայացուցիչներից ձեռք է բերվում հնագույն հայկական ձեռագիր և հանձնվում Սուրբ Ստեփանոս եկեղեցուն[1][29]։

1894-1896 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվող Համիդյան ջարդերի ժամանակ Սուրբ Ստեփանոս եկեղեցին թալանվում և ավերվում է[1][30]։

2004 թվականին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ուսումնասիրությունների ժամանակ Աստվածաշեն գյուղի արևելյան եզրին դեռևս նշմարվում էին Սուրբ Ստեփանոս եկեղեցու մեկ որմի հետքերը։ Ըստ այդ ուսումնասիրության՝ ամենայն հավանականությամբ ժամանակին եկեղեցին երեսապատված է եղել դեղնավուն սրբատաշ կրաքարով[1]։

Գերեզմանոց խմբագրել

Աստվածաշեն գյուղի մոտավորապես 100 մետր արևելք՝ Հարատենց բնակավայր տանող ճանապարհի ձախ կողմում էր գտնվում հայկական մեծ գերեզմանոցը։ Այն տեղակայված էր ծովի մակարդակից 1783 մ բարձրության վրա[1]։

Գերեզմանոցի մասին տարբեր ժամանակներով թվագրվող հիշատակություններ են պահպանվել։ 1883 թվականին կատարված անդրադարձի մեջ հատուկ նշվել է գերեզմանոցի շատ մեծ լինելու հանգամանքը և որ այնտեղ առկա էին յուրահատուկ բազմաթիվ տապանաքարեր, այդ թվում՝ տարբեր ձևի և գույնի խաչքարեր[1][31][32]։

2004 թվականին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամն Աստվածաշենում իրականացրել էր ուսումն ասիրություններ, ըստ որի՝ պատմական հայկական գերեզմանոցն ամբողջությամբ ոչնչացվել էր, իսկ տարածն օգտագործվում էր որպես արտ։ Ուսումնասիրողները դաշտի մեջ հայտնաբերել էին ընդամենը մի քանի սալատապանի բեկորներ և քառանկյուն կոթողի վնասված պատվանդան[1]։

2004, 2013 և 2014 թվականներին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հայկական գերեզմանոցի պարսպապատի քարերից ու տապանաքարերից և խաչքարերից հայտնաբերել էր Աստվածաշեն, Խեք, Էրեմեր, Հարատենց, Խոսպ և Հնդստան բնակավայրերի տների պատերի։ Քուրդ բնակչությունն այն օգտագործել էր որպես շինանյութ[1]։

Գյուղատեղիներ խմբագրել

Աստվածաշեն գյուղի տարածքում և շրջակայքում եղել են մի քանի գյուղատեղիներ։ Դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսին բնակավայրի հյուսիս-արևմուտքում նկատելի էին երկու գյուղի ավերակներ[1][33][34]։

Ջրաղաց խմբագրել

Հայտնի է, որ Աստվածաշենում եղել է ջրաղաց։ Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքական զորքը բնակավայրի 60 հայ տղամարդու տանում է ջրաղացի մոտ և 300 հոգով շրջապատելով սպանում։ Տղամարդկանց հետ սպանվում են նաև 4 հայ կին[1][35]։

Բնակչություն խմբագրել

Աստվածաշենի բնակչության վիճակագրական տվյալները սկսած 1855 թվականից
Տարի
Հայեր
Հայ տուն
Քրդեր
Քուրդ տուն
1855[1][36]
222
31
-
-
1860-ական[1][26]
-
20
-
15
1873[1][37]
-
20
-
-
1883[1][7]
-
30
-
20
1895[1][38]
-
50
-
-
1897[1][39]
-
42
70
28
1900-ականների սկիզբ[1][40]
80
-
-
-
1909[1][41]
236 (197[42])
61 (47[42])
225
48 (46[42])
1914[1][43][44][45]
351
48
248
47
1916 (հոկտեմբեր)[1][46]
16
-
-
-
1985[1]
0
0
789
-
1990[1]
0
0
764
-
2000[1]
0
0
695
-
2011[1]
0
0
646
-
2012[1]
0
0
661
-

Աստվածաշենը, ունենալով հազարամյակների պատմություն, ըստ տարբեր դարերով թվագրվող հայտնաբերված հուշարձանների ուսումնասիրությունների, այդ թվում՝ գերեզմաններ, եղել է հայաբնակ բնակավայր։ Այլ ազգությունները, ի դեմս քրդերի, սկսել է Աստվածաշենում հաստատվել 1860-ական թվականներից։ Աստվածաշենում բնակություն էին հաստատել Բրուքի աշիրեթին պատկանող քրդերը։ Ի սկզբանե, նրանց թվաքանակը էականորեն զիջում էր հայ բնակչության թվաքանակին, սակայն արդեն 1910-ական թվականներին քրդերի թվաքանակը կտրուկ աճեց և գրեթե հավասարվեց հայ բնակչության թվաքանակին[1]։

Բնակավայրի հայ ազգաբնակչությունը մարդկային մեծաթիվ կորուստներ է ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ։ 1915 թվականի ապրիլին թուրքերի ու քրդերի կողմից հայերի նկատմամբ իրականացված ջարդերին գյուղի բնակչությունը մեծ կորուստներ է ունենում, իսկ փրկվածները ստիպված են լինում հեռանալ գյուղից[1][16]։

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 1,45 1,46 1,47 1,48 1,49 1,50 1,51 1,52 1,53 «Հայոց ձոր», հատոր Ա, Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2015 թվական։
  2. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, ջ 146։
  3. Բազեան Յ., Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1870, էջ 18։
  4. Լեւոնեան Խ., Հայկայ բերդ եւ յարակից հնավայրերը, «Կոչնակ», 1914, N 4, էջ 80։
  5. ԳԱԹ, Գ. Սրվանձտյանի ֆոնդ, բ. 4, գ. 55, անթվագիր, ձեռագիր, բ. 4, գ. 55, անթվագիր, ձեռագիր, էջ 1։
  6. Դիւան հայոց պատմութեան, գիրք ԺԳ, Թիֆլիս, 1915, էջ 456։
  7. 7,0 7,1 «Արարատ», 1896, Ե, էջ 247։
  8. «Դրօշակ», 1905, N 13, էջ 200։
  9. «Վան-Տոսպ», 1913, N 20, 8 յունիս, էջ 239։
  10. «Վան-Տոսպ», 1914, N 6, 15 փետր., էջ 75։
  11. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 227, ց. 1, գ. 430, թ. 17:
  12. Շիրին, Ջարդի սարսափներէն, «Աշխատանք», 1916, N 57, 16 նոյեմբեր, էջ 3։
  13. Մխիթարեան Օ., Վանի ինքնապաշտպանութիւնը, «Հայրենիք», 1924, N 1, էջ 93
  14. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 242, ց. 1, գ. 1, թ. 20:
  15. Արամ Մանուկյան. փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Երևան, 2009, էջ 87։
  16. 16,0 16,1 «Աշխատանք», 1917, N 72, 14 յունուար, էջ 3։
  17. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 155
  18. «Մշակ», 1918, N 90, 16 մայիս, էջ 4։
  19. Հայկ Նահապետի հիմնած դաստակերտը՝ Հայկաբերդ, «armfvn.com»։
  20. Urartu: Savaş ve Estetik, İstanbul 2004, s. 63-64.(թուրքերեն)
  21. Erzen A., Bilgiç E., Boysal Y. Öğün B., Van Çeversi 1963 Çalişmalari, “Türk Arkeoloji Dergisi”, № XII-2, Ankara, 1965, s. 35.(թուրքերեն)
  22. Եսայան Ս., Քիլիմջյան Գ., Հայկաբերդ ամրոցը, «ԼՀԳ», 1991 թվական, № 6, էջ 102-103։
  23. Լեւոնեան Խ., Հայկայ բերդ եւ յարակից հնավայրերը, «Կոչնակ», 1914, N 4, էջ 82։
  24. 24,0 24,1 Լեւոնեան Խ., Հայկայ բերդ եւ յարակից հնավայրերը, «Կոչնակ», 1914, N 4, էջ 81։
  25. Լեւոնեան Խ., Հայկայ բերդ եւ յարակից հնավայրերը, «Կոչնակ», 1914, N 4, էջ 80-81։
  26. 26,0 26,1 Բազեան Յ., Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1869, էջ 252։
  27. «Սիօն», 1870, էջ 17։
  28. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 146։
  29. ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հ. Ա, Երևան, 1974, էջ 585։
  30. «Արարատ», 1896, Բ, էջ 88։
  31. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 146-147։
  32. Լեւոնեան Խ., Հայկայ բերդ եւ յարակից հնավայրերը, «Կոչնակ», 1914, N 4, էջ 79։
  33. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 147։
  34. Ա. Մենակ, Գաւառի կրթական գործը, «Աշխատանք», 1911, N 8, 6 մարտ, էջ 3։
  35. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 155։
  36. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 468, ց. 1, գ. 3, թ. 1:
  37. Տևկանց Ե., Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական (1872-1873 թթ.), Երևան, 1991, էջ 223։
  38. Маевский В., Ванский вилает, Тифлис, 1901, էջ 261:(ռուս.)
  39. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 145։
  40. Ինճիճեան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վէնէտիկ, 1806, էջ 144։
  41. «Հորիզոն», 1913, N 12, 17 յունվար, էջ 3։
  42. 42,0 42,1 42,2 Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 47։
  43. Бекгульянц Р., По Турецкой Армении, Ростов на Дону, 1914 г., էջ 93:(ռուս.)
  44. Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917, էջ 18։
  45. «Սիոն», 1967, N 5-6, էջ 228։
  46. «Աշխատանք», 1916, N 52, 29 հոկտեմբեր, էջ 3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 590