Աստղային մեծություն, աստղի կամ երկնային այլ լուսատուի փայլի չափ. բնորոշվում է դիտման կետում լուսատուի ճառագայթներին ուղղահայաց հարթության լուսավորվածությամբ։ Աստղային մեծությունը կապ չունի աստղի չափի հետ։ Առաջինը Հիպարքոսն է (2-րդ դար մ. թ. ա.) բոլոր տեսանելի աստղերը բաժանել 6 աստղային մեծությունների, ընդ որում, 1-ին աստղային մեծության էին դասվել ամենապայծառ աստղերը, իսկ 6-րդ աստղային մեծության՝ ամենաթույլ աստղերը։ Երկու աստղերի աստղային մեծությունների (m) տարբերությունը այդ աստղերի պայծառությունների (E) հարաբերության հետ կապված է m2-m1=2,5 առնչությամբ (Պոգսոնի օրենք)։ Դա հետևում է Վեբեր–Ֆեխների օրենքից, ըստ որի, եթե զգայությունը (տվյալ դեպքում՝ աստղային մեծությունը) փոփոխվում է թվաբանական պրոգրեսիայով, ապա գրգռիչը (լուսավորվածությունը) կփոփոխվի երկրաչափական պրոգրեսիայով։ Ըստ Պոգսոնի օրենքի, մեկ աստղային մեծությունյան տարբերության դեպքում երկու աստղերի պայծառությունների հարաբերությունը մոտավորապես հավասար է 2,5-ի, իսկ երբ պայծառությունների հարաբերությունը 100 է, ապա աստղային մեծությունների տարբերությունը հավասար է 5-ի։ Պայծառ օբյեկտների աստղային մեծությունը կարող է բացասական լինել, օրինակ՝ Սիրիուսի աստղային մեծությունը 1,6 է, Լուսնինը (լիալուսնի ժամանակ)՝ 12,6, Արեգակինը՝ -26,7։ Աստղադիտակների օգնությամբ կարելի է դիտել շատ թույլ աստղեր։ 6-րդ աստղային մեծությունից թույլ օբյեկտները դիտվում են աստղադիտակներով (առայժմ դիտվում են մինչև 24 աստղային մեծության աստղեր)։ Ըստ գնահատման մեթոդների, գոյություն անեն աստղային մեծությունների լուսանկարչական, լուսատեսանելի, էլեկտրալուսաչափական և այլ համակարգեր, որոնցում լույսի ընդունիչ սարքերը զգայուն են սպեկտրի որոշակի մասի նկատմամբ։ Եթե ընդունող սարքը հավասարապես զգայուն է լույսի բոլոր ալիքային երկարությունների նկատմամբ և տեղի չունի չափվող լույսի որևէ կորուստ, ապա ստացվող աստղային մեծությունը կոչվում է բոլոմետրիկ։ Աստղերի լուսատվությունները համեմատելու համար նրանց մտովի տեղափոխում են 10 պկ հեռավորության վրա։ Այն աստղային մեծությունը, որ աստղը կունենա այդ հեռավորության վրա, կոչվում է բացարձակ աստղային մեծություն (օրինակ՝ Արեգակի բացարձակ աստղային մեծությունը 4,9 է)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 583