Ասորական գրականությունը ասորի քրիստոնյաների կողմից գործածվող միջին արամեերեն լեզվով գրված գրականությունն է։ Դասական ասորական գրականության մեծ մասը քրիստոնեական կրոնական բնույթի է։

Դասական ասորերենով գրված գրական առաջին նմուշը Աստվածաշնչի թարգմանությունն է՝ Պեշիտտան և Դիաթեսսարոնը (Նոր Կտակարանի համաբարբառ)։ Մ.թ. 3-րդ դարի ասորական գրականության դեմքերից է Բարդածան Եդեսացին, որն ըստ Մովսես Խորենացու վկայության այցելել է նաև Հայաստան[1]։ Մ.թ. 4-րդ դարը համարվում է ասորական գրականության ոսկեդարը։ Այդ ժամանակաշրջանի երկու նշանավոր դեմքերն են Հակոբ Ափրաատը և Եփրեմ Ասորին։ Հաջորդ երկու դարերի ընթացքում ստեղծագործել են Մարութաս Մայփերկաթցին, Հակոբ Սրճեցին, Ֆիլոքսեն Մաբուկեցին, Սիմեոն Բեթ-Արշամացին։

Իսլամի առաջ գալը և տարածումը ընդհանուր առմամբ բարենպաստ ազդեցություն է ունեցել ասորի մշակույթի վրա։ Ասորերենի հունականացման գործընթացը, որն իրեն զգացնել էր տալիս 6-7 դարերի ընթացքում, դանդաղեց և դադարեց։ Ասորական գրականությունը 9-րդ դարում մուտք գործեց իր զարգացման արծաթե դար։ Տվյալ ժամանակաշրջանի երկերն իրենց բնույթով ավելի հանրագիտարանային և սքոլաստիկ էին՝ ներառելով Աստվածաշնչի մեկնիչներ Իշոդադ Մերվացու և Դիոնիսիոս Բար-Սալիբիի գործերը։ Ասորերեն գրականության արծաթե դարի պսակն է հանդիսանում Բար-Հեբրեուսը։

Մոնղոլների կողմից իսլամ ընդունելը հանգեցրեց ասորի համայնքների թուլացմանը և համապատասխանաբար գրական մշակույթի նահանջի։ Այնուամենայնիվ, 14-րդ դարից առ այսօր ասորի լեզվով գրականության հասքը չի դադարել։ Այն ներառում է քրիստոնյա ասորիների կողմից գործածվող տարբեր խոսակցական նոր-արամեերեն բարբառներով գրականությունը։ Նոր-ասորի գրականությունը իր վրա է կրում երկակի ազդեցություն՝ շարունակելով անցյալի ասորական գրականության ավանդույթները և ներառելով ոչ-միատարր խոսակցական լեզուն։ Նոր շրջանի գրականությունը հանգեցրեց քաղդեերեն նոր արամեերենի որպես գրական լեզու ձևավորմանը։

Ասորական գրականության թարգմանությունը հայերեն խմբագրել

4-6-րդ դարերի ասորական գրականության փոքր ի շատե կարևոր նշանակություն ունեցող եկեղեցական հայրերի՝ Հակոբ Ափրաատի, Եփրեմ Ասորու, Մարութա Մայփերկաթցու, Եդեսիայի եպիսկոպոս Ռաբուլասի, Հակոբ Սրճեցու, Ֆիլոքսեն Նաբուկեցու, Սիմեոն Բեթ-Արշամացու և այլոց գործերը թարգմանված են հայերեն (գրաբար)՝ հայոց նշանագրերի գյուտից անմիջապես հետո[2]։

Պատմաբան Երվանդ Տեր-Մինասյանը գտնում է, որ ասորական գրականության ազդեցությունը հայոց վրա շարունակվել է բացի ամբողջ 5-րդ դարից նաև 6-րդ դարում և հենց 6-րդ դարի առաջին քառորդին էլ վերջացել է, շնորհիվ այն հանգամանքի, որ ասորական եկեղեցին մտել է պառակտման ժամանակաշրջան և թուլացել է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, գիրք Բ, գլուխ ԿԶ
  2. Ե.Գ. Տեր-Մինասյան, Պատմա-բանասիրական հետազոտություններ,. Երևան, 1971, էջ 288-289
  3. Նույնը, էջ 290