Ասեղնագործություն

դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ

Ասեղնագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ, որ ասեղով (երբեմն՝ հելունով) կամ ասեղնագործող մեքենայով զանազան գործվածքների, կաշվի, թաղիքի վրա տարբեր կարերով ստեղծում են պատկեր (զարդապատկեր, սյուժետային կոմպոզիցիա, դիմանկար), գործվածք և այլ նյութեր զարդարելու արհեստ՝ ասեղի, թելի և մանվածքի կիրառությամբ։

Հայկական հարսանեկան զգեստի (տարազի) գոգնոցի ոսկեթել ասեղնագործություն, 19-րդ դար, Ախալցխա։

Ասեղնագործելիս օգտագործվում են տարբեր թելեր՝ բամբակյա, վուշյա, մետաքսյա, բրդյա (հաճախ գունավոր), ինչպես նաև ուլունքներ, մարգարիտներ, փետուրներ, փայլփլուքներ, թանկագին քարեր, ոսկեթելեր, արծաթաթելեր, դրամներ և այլն։

Ասեղնագործությունը կիրառվում է հագուստը, գլխարկները, ծածկոցները, գուլպաները, կենցաղային առարկաները զարդարելու, դեկորատիվ պատկերներ ստեղծելու համար։

Վաղագույն ասեղնագործության հիմնական տեխնիկաներից կամ զարդակարերից են քարգահագործությունը, կողքակարը, շարակարը, հարթակարը և խաչկարը։ Այս տեսակներն այսօր էլ համարվում են ասեղնագործության հիմնական տեխնիկաները։

Ծագում խմբագրել

Ասեղնագործությունը գալիս է հին ժամանակներից, երբ մարդիկ ասեղի փոխարեն օգտագործել են բույսերի փշեր և ձկների ոսկորներ, այնուհետև՝ փայտ, փղոսկր, մետաղից պատրաստված ասեղներ։ Պատմական վաղ ժամանակից սկսել են գործել ոսկյա թելերով, ապա բրդյա, ավելի ուշ՝ վուշի և բամբակյա թելերով։ Ասեղնագործության մեջ բրդյա թելը օգտագործվել է Չինաստանում մ․թ․ 1200 տարի առաջ։

Հին աշխարհում ասեղնագործությամբ զբաղվել են ասորեստանցիները, հրեաները, պարսիկները, հույները, հռոմեացիները, իսկ առավել հայտնի կենտրոնը եղել է Բաբելոնը։ Ամենահին նմուշների մասին գաղափար են տալիս ասուրա-բաբելական արձանների, եգիպտական քանդակների, որմնանկարների, հունական սափորների վրա պատկերված հագուստների զարդարանքները, հնագիտակ պեղումներով հայտնաբերված ասեղնագործ պատառիկները։

Կարելու, կարկատելու և գործվածքը նորոգելու գործընթացը խթանեց կարելու տեխնիկայի զարգացմանը, և դեկորացիայի զանազան տեսակները հանգեցրին ասեղնագործության արվեստին[1]։ Ի հայտ եկան ասեղնագործության հիմնական զարդակարերը։ Դարերի ընթացքում մշակվել են ասեղնակարերի զանազան տեսակներ։

Ասեղնագործության պատմության զարգացման մեջ չկան նյութերի և տեխնիկայի փոփոխություններ, որոնք կարող են դիտվել որպես ավելի զարգացած մեթոդ նախորդ կամ հետագա ժամանակաշրջանների համեմատությամբ։ Մյուս կողմից, վաղ աշխատանքների մեջ մենք հաճախ հանդիպում ենք տեխնիկայի կատարման և արհեստավարժության բարձր չափանիշեր, որոնք հազվադեպ են պահպանվել հետագայում[2]։

Տեսակներ խմբագրել

Ասեղնագործությունները բաժանվում են երկու մեծ խմբի՝ կտորի վրա կատարվող և թելքաշ կտրովի ասեղնագործություն։

Տարածում խմբագրել

Ասեղնագործությունը տարածված է եղել ամբողջ աշխարհում․ գտնվել են մի քանի հին նմուշներ։ Չինաստանում ասեղնագործված աշխատանքները թվագրվում են Ք․ա․ 5-3 դարեր՝ Պատերազմող պետությունների ժամանակաշրջան[3]։ Գտնվել է Միգրացիոն ժամանակաշրջանի (մոտավորապես 300-700 Ք․ա․) շվեդական հանդերձանք, որի զարդարանքի ժապավենաձև եզրերը արված էին շարակարով, ցողունակարով, կողքակարով, սակայն պարզ չէ, արդյոք սա կարերի համակցություն է, թե կարող է դիտվել որպես ասեղնագործություն[4]։

Հին հունական դիցաբանության մեջ ասեղնագործությունը, ինչպես նաև ջուլհակագործությունը վերագրվում են Աթենաս աստվածուհուն, որն արտացոլվում է նրա և մահկանցու Արաչնեի հայտնի մրցույթի պատկերագրության մեջ[5]։

Հին հայկական ասեղնագործություն խմբագրել

Հին հայկական ասեղնագործության զարգացման բարձր աստիճանի մասին վկայում են մատենագրական տվյալներ (Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի և ուրիշներ)։ Հին Հայաստանում այն ավելի տարածված է եղել, քան գորգագործությունը։ Միջին դարերից պահպանվել են ասեղնագործ պատառիկներ (ձեռագիր կազմաստառներ, Անի քաղաքի պեղումներից հայտնաբերված 12-13-րդ դարերի զգեստների, ծածկոցների մնացորդներ և այլն), եկեղեցական ասեղնագործ զարդարանքներ՝ 15-րդ դարից սկսած։

Ասեղնագործությունը տարածված է եղել հայկական բոլոր շրջաններում՝ կենտրոնանալով Վան-Վասպուրականի, Շիրակ-Կարինի, Սյունիք-Արցախի, Արարատյան երկրի, Կիլիկիայի և հայ մշակույթի երկու խոշոր կենտրոնների՝ Թիֆլիսի և Կոստանդնուպոլսի, ինչպես և գաղթավայրերի դպրոց-օջախներում։ Պահպանելով ազգային միասնական ոճը՝ ամեն մի դպրոց զարգացրել է ասեղնագործության իր ձևերն ու տեսակները։

Հայկական ասեղնագործությունը հիմնականում զարգացել է երեք խոշոր ճյուղերով․

  1. ժողովրդավարական՝ կապված գեղջկական տարազի և կենցաղի հետ,
  2. քաղաքային՝ առևտրա-արհեստավորական,
  3. եկեղեցական։

Հայկական ասեղնագործության պատմություն խմբագրել

Ասեղնագործությունը Հայաստանում լայն տարածում ստացած արհեստներից է, որը հնագույն ծագում ունի և միջնադարում հասել էր զարգացման բարձր աստիճանի։ Հնադարյան գեղարվեստական բանվածքի շատ նմուշներ, ցավոք, մեզ չեն հասել նյութի անկայունության պատճառով, ուստի ասեղնագործական արվեստի պատմության հավաստումներ են հնագիտական գտածոները, քարաքանդակներն ու որմնանկարները, մանրանկարները, ինչպես նաև հայ ու օտարազգի մատենագիրների վկայությունները։

Սկսած V դ., հայ պատմիչները թողել են շքեղ հանդերձանքի, եկեղեցական զարդարանքների նկարագրություններ, որոնց մեծ մասն ասեղնագործված է եղել։ Նրանց շնորհիվ մենք հայկական գործվածքի մասին տվյալներ ունենք արդեն սկսած վաղ միջնադարից, որոնք, միաժամանակ, անուղղակիորեն վկայում են ասեղնագործության ավելի վաղ ծագումը, քանի որ պատմիչների հիշատակած բարձրարժեք բանվածքները միանգամից չէին կարող ստեղծվել։

Միջնադարյան հայկական, մասնավորապես Դվինի գեղարվեստական գործվածքի կատարյալ որակի մասին վկայություններ են թողել արաբ պատմիչներ Ալ Իսթահրին, Իբն Հաուքալը, իսկ Կիլիկիայի ասեղնագործության վերաբերյալ` եվրոպացի ճանապարհորդներ Մարկո Պոլոն, Ռուբրուքը[6]։

Բազմաթիվ վկայություններ են պահպանվել հայ մատենագրության մեջ Անիի ասեղնագործության բարձր զարգացման վերաբերյալ։ Պատմիչների կողմից բազմիցս հիշատակված բանվածքի այդ նմուշների (վարագույր, սուրբ սեղանի և սկիհի ծածկոց, զգեստներ` «զբեհեզս եւ զծիրանիս, մետաքսեայ, կազմեալ յականց եւ յոսկոյս եւ ի մարգարտէ, պայծառ պատմուճանս պէսպէս զարդուց, դիպակաց եւ կերպասուց, եւ ծիրանեաց գունակ գունակ, եւ երփն, եւ երանգ երանգ` ծաղկազարդ գունոք գործեալ գեղեցկապէս» /Ուխտանես եպիսկոպոս/)[7] կիրառությունը շարունակվեց հետագա դարերում, որոնց ավելի ուշ շրջանի օրինակները պահպանվում են եկեղեցական ու պետական թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։

Միջնադարյան Հայաստանի ասեղնագործության բարձր զարգացածության մյուս վկայությունները մանրանկարներն են։ Առարկայական նմուշների գրեթե բացակայության պայմաններում մանրանկարները շատ արժեքավոր պատկերային և նկարագրական տվյալներ են պարունակում ասեղնագործության վերաբերյալ[8][9]։ Մանրանկարներում առկա ասեղնագործ իրերի բազմազանությունը հնարավորություն է տալիս առանձնացնելու ասեղնագործության երեք խումբ` հագուստի, կենցաղային իրերի և եկեղեցական հանդերձանքի ու սպասքի։ Ըստ այդմ, անհամեմատ սակավ են ժողովրդական հագուստի պատկերումները և առավել ամբողջական` արքունի և իշխանական դասի ներկայացուցիչների հագուստներն ու դրանց ասեղնագործությունը։ Ավելի հաճախ ու հանուր բազմազանությամբ հանդիպում են եկեղեցական ասեղնագործության և կենցաղային տարբեր իրերի (բարձեր, վարագույրներ, ծածկոցներ, թաշկինակներ և այլն) պատկերները, որոնք վկայում են ասեղնագործական արվեստի լայն տարածվածությունը միջնադարյան Հայաստանում։

Միջնադարյան Հայաստանի ասեղնագործության գեղարվեստական, որակական, տեխնիկական բարձր հատկանիշների խոսուն ապացույցներ են մեզ հասած ասեղնագործ բանվածքների պատառիկներն ու ամբողջական նմուշները։

Ասեղնագործության ամենահին օրինակները Արենիի, Անիի պեղումներից հայտնաբերված գործվածքներն են և ձեռագրերի ասեղնագործված կազմաստառները։ XIV-XV դդ.-ից պահպանվել են եկեղեցական ասեղնագործության նմուշներ, որոնց թիվը հետագա դարերում բազմապատկվում է։

Հայկական ասեղնագործության պահպանված ամենավաղ նմուշը, որը հայտնաբերվել է Արենի-1 քարայրից, թվագրվում է VII-IX դարերով և ներկայացնում է ժողովրդական բանվածքը։ Դրանցից մեծը 17 x7 սմ է, իսկ փոքրը` 9 x7 սմ[10]։ Առաջինի վրա պարզ շարակարով ասեղնագործված են աստիճանաձև ռոմբեր` կենտրոնում խաչով։ Բոլոր ռոմբերը տարբեր գույներ ունեն, իսկ ներսի խաչերը` այլ։ Ռոմբերի շարքը մի կողմից եզերվում է շագանակագույն թելերի շարքով, որոնք նույնպես ասեղով անցկացված են հենքի վրա։ Երկրորդ հատվածը գործված է միևնույն տեխնիկայով, կիրառված են նույն գույներն ու երանգները։ Հենքի վրա գունավոր թելերով ասեղնագործված են միմյանց իրար հաջորդող աստիճանաձև կեռեր։

Անիի պեղումներից հայտնաբերված XIII դարի գործվածքի նմուշները վերնախավային ասեղնագործության բարձրարժեք օրինակներ են[11]։ Ձեռագործի բացառիկ նմուշների մեջ հատկապես աչքի են ընկնում Տիգրան Հոնենցի ազգականուհու դամբարանից հանված մետաքսյա հագուստը, գլխի տակի և երեսի ծածկոցը, գործվածքի այլ պատառիկներ։ Նշված իրերը ասեղնագործված են տարբեր թելերով, ասեղնակարերով ու զարդանախշերով, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել հայկական միջնադարյան ասեղնագործության առանձնահատկությունների, կատարման բարձր վարպետության և մասնավորապես Անիի բնակչության գեղագիտական ճաշակի ու այլ երևույթների մասին։

Փոքրիկ աղջնակի մետաքսյա հագուստի թևաբերանը ասեղնագործված է ոսկեթելով, վրադիր կարով, օձիքը` մետաքսաթելով և ուռուցիկ հարթակարով գործված վեցթերթանի ծաղկանախշերով, որոնք եզրակարված են բարակ ոսկե քուղով, իսկ կրծքազարդը բարդ զարդանկար է, կազմված տերևաձևերից, ռոմբերից, կիսալուսիններից, կեռերից ու Տ-աձևերից։ Երեխայի տակ փռված մետաքսյա կտորը զարդարված է կարմիր մետաքսաթելով գործված թռչունների ոճավորված պատկերներով, իսկ դեմքը ծածկող սև նուրբ քողի վրա ոսկեթելով ու մետաքսաթելով ասեղնագործված են իրար դիմաց կանգնած զույգ առյուծներ, որոնց հետևից բարձրանում է կենաց ծառը։ Անիի պեղումներից հայտնաբերված ասեղնագործության պատառիկների մեջ մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև ոսկու և մետաքսի ոլորված-ոսկեմանյալ թելով գործված ոճավորված ծաղկանախշը, որտեղ հանդիպում են ասեղնակարերի մի քանի տեսակներ։

Միջնադարյան ասեղնագործության ուշագրավ օրինակներ են Մատենադարանի ձեռագրերի կազմերի տակ փակցված գործվածքները, որոնցից երեքն (N 3661 (ընդօրինակված 1267 թ.), N 521 (14-րդ դար), N 1518 (16-րդ դար)) ուսումնասիրել ու նկարագրել է Ս. Դավթյանը։ Դրանք հետաքրքիր են թե' կտորի, թե' թելերի և թե', մանավանդ, զարդաձևերի ու ասեղնագործության տեխնիկայի տեսակետից[12]։

Անհամեմատ մեծաթիվ և հարուստ են եկեղեցական մետաքսաթել, ոսկեթել թանկարժեք ասեղնագործության հավաքածուները, որոնց մեջ վաղագույն նմուշը Էջմիածնի Գանձատան 1448 թ. խաչվառն է[13][14][15][16]։

Վերը թվարկված նյութերն ու սկզբնաղբյուրները թույլ են տալիս հաստատագրելու, որ վաղ միջնադարում արդեն ասեղնագործական արվեստը զարգացել է երեք ուղղությամբ` ժողովրդական, վերնախավային և եկեղեցական, որոնցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում գեղարվեստական ուրույն արտահայտչականությամբ, կատարման բարձր մակարդակով։

XVIII - XIX դարեր խմբագրել

Հետագա դարերում ժողովրդական դեկորատիվ-կիրառական արվեստի այս ճյուղը շարունակել է զարգանալ, չնայած աշխարհքաղաքական անբարենպաստ իրադրությանը (մոնղոլական, սելջուկյան, թուրքմենական, թուրքական ցեղերի արշավանքներին ու Հայաստանի տարածքում հաստատված օտար տիրապետություններին), որի հետևանքով հայ ժողովուրդը ստիպված էր արտագաղթել։ Այս առումով կարևոր է այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը ուր էլ գնաց և հաստատվեց, հավատարիմ մնաց իր ավանդույթներին, պահպանեց իր էթնիկ ինքնությունն ու ինքնատիպ մշակույթը։ Դրա վառ դրսևորումն էր Կիլիկիայի հայկական պետությունը, որտեղ հայոց ազգային մշակույթը հասավ իր բարձրակետին։ Հայկական ազգային մշակույթի ժառանգորդումը պայմանավորված էր նրանով, որ յուրաքանչյուր նոր գաղութի հետ հիմնվում էին դպրոցներ, վանքեր ու եկեղեցիներ, արհեստանոցներ, որոնք նպաստում էին մայրենի լեզվի, հավատքի և ժողովրդական մշակույթի՝ այդ թվում նաև ասեղնագործության պահպանմանը։

Դրանով հանդերձ տեղի ունեցան նաև մշակութային փոխազդեցություններ, փոխներթափանցումներ, որոնց արդյունքում ի հայտ եկան ասեղնագործական արվեստի նոր որակներ։ Հատկանշական է, որ իր հերթին հայկական ասեղնագործությունը մեծապես ազդեց Կ․ Պոլսի, Լեհաստանի, Իրանի, Ղրիմի, Հնդկաստանի ասեղնագործության վրա։

Հայկական ժողովրդական ասեղնագործությունը լուրջ և խոր փոփոխությունների ենթարկվեց XIX դարավերջի և հատկապես XX դարասկզբի սոցիալ-տնտեսական և քաղաքական մի շարք գործոնների բերումով։ Կապիտալիզմի ներթափանցումը Հայաստան, արդյունաբերական արտադրության աճը փոխեցին ավանդական արհեստների դեմքը։ Բուրժուական հարաբերությունների զարգացումը, երկաթուղիների կառուցումը, որն ինտենսիվ կապ ստեղծեց տարբեր քաղաքների միջև, նպաստեցին քաղաքների զարգացմանն ու քաղաքային կյանքի աշխուժացմանը։ XIX դարի երկրորդ կեսից արդեն շատ գավառական տիպի բնակավայրեր ստացան փոքրիկ, սակայն ուրույն կենցաղամշակութային համալիրով քաղաքների տեսք։ Քաղաքային բնակչության աճը, կապն այլ քաղաքների հետ, փոխեցին հայկական ավանդական քաղաքների դեմքը, նպաստեցին դրանց կրթական ու մշակութային կյանքի զարգացմանը։ Նոր տիպի բնակարանների կառուցումն ու կենցաղ մուտք գործած եվրոպական տիպի կահույքի տարածումը առաջ բերեցին ասեղնագործ և ժանյակե զանազան իրերի պահանջ՝ որպես ժամանակի նորաձևության արտահայտություն։

Այս շրջանում հայկական ասեղնագործության մեջ կատարված փոփոխությունները պայմանավորված էին նախ՝ իգական կրթական հաստատությունների գործունեությամբ, որտեղ պարտադիր ուսուցանվում էին ձեռագործի տարբեր տեսակները, ապա կանանց ուղղված հանդեսների տպագրությամբ[17][18][19]։ Այս ամենը համահարթեցնում էր ասեղնագործությունը, ստեղծելով ձեռագործի մի նոր տիպ, որը գրեթե բոլոր քաղաքներում համանման էր և աչքի էր ընկնում արևմտաեվրոպական ասեղնագործության ընդօրինակումներով։ Բացի այս ամենից, XIX դ․ երկրորդ կեսից սկսած իր ազդեցությունը թողեց նաև եվրոպական տիպի հագուստներին անցնելու հանգամանքը, որը դուրս մղեց ավանդական զգեստը՝ հագուստի համալիրների ճոխ ասեղնագործությամբ հանդերձ։

XX դարասկիզբը նշանավորվեց քաղաքական անկայունությամբ և հայ ժողովրդի համար ստեղծված ծանր կացությամբ։ XIX դ․ վերջին սկսված և մինչև XX դ․ սկիզբը շարունակվող նախ համիդյան, ապա երիտթուրքերի հայահալած քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում ողբերգական ավարտ ունեցավ 1915 թ․՝ իր անջնջելի հետքը թողնելով ողջ հայության և նրա ստեղծած մշակույթի վրա։ հայ ժողովրդի մի հոծ զանգված կոտորվեց ու արմատախիլ արվեց։ Նրա հետ միասին հայրենիքից անջատվեց նաև այդ ժողովրդի ստեղծած մշակույթը, ցրվելով ամբողջ աշխարհում, զարմանք ու հիացմունք առաջ բերելով օտարների մեջ։

Հայաստանի ու աշխարհի թանգարաններում պահպանվող հայկական ժողովրդական ասեղնագործության նմուշները գերազանցապես ներկայացնում են 18-19-րդ դարերը։ Դրանք ինչպես կենցաղային նշանակության բանվածքներ են, այնպես էլ ասեղնագործված ավանդական հագուստի համալիրներ, որոնք ներկայացնում են հայկական ասեղնագործական արվեստն իր ողջ բազմազանությամբ, հարստությամբ, ու էթնիկ նկարագրով։

XX դար խմբագրել

XX դարասկզբի ամենախոշոր քաղաքական իրադարձությունը, որը բերեց նաև սոցիալ-տնտեսական նշանակալի փոփոխություններ՝ հոկտեմբերյան հեղաշրջումն էր Ռուսաստանում։ Դրան հետևած խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում և բնակչությանը պարտադրված սոցիալիստական կացութաձևը փոխեցին ժողովրդի ավանդական կենցաղն ու ապրելակերպը՝ դուրս մղելով ավանդական մշակույթի շատ տարրեր, այդ թվում նաև ասեղնագործությունն ու դրա նկատմամբ վերաբերմունքը։ Սակայն 1930-ական և 1946-48 թթ․ սփյուռքահայերի ներգաղթը Խորհրդային Հայաստան, որոնց ընթացքում հայրենադարձվեցին հարյուր հազարավոր ընտանիքներ Եվրոպայի, Ամերիկայի և մերձավոր Արևելքի երկրներից, զգալիորեն փոխեցին իրավիճակը։ Վերջիններս բերեցին իրենց ծննդավայրերի՝ գաղթօջախներում փոքր-ինչ այլաձևված մշակույթը՝ այն նորովի զարգացնելով ու տարածելով Խորհրդային Հայաստանում։

Հայկական ասեղնագործության տիպաբանությունը խմբագրել

Հայկական ասեղնագործությունը բաժանվում է երկու մեծ տիպերի` աշխարհիկի (գյուղական և քաղաքային ենթատիպերով) ու եկեղեցականի, որոնց ներսում առանձնացվում է հագուստի (տարազի և եկեղեցական հանդերձանքի) ու կենցաղային իրերի (եկեղեցական սպասքի) ասեղնագործությունը։ Երկու տիպի ձեռագործներն էլ աչքի են ընկնում որպես հիմք գործածվող նյութերի, թելերի, տեխնիկական հնարների բազմազանությամբ, կատարման վարպետությամբ, զարդանախշերի ու զարդահորինվածքների ճոխությամբ և հարուստ տեսականիով։ Հայկական ասեղնագործական արվեստը, կրելով ժողովրդի առօրյա կյանքի ու կենցաղի բնորոշ գծերը, արտահայտել է երկրի տարբեր պատմա-մշակութային շրջանների առանձնահատկությունները։ 19-րդ դ. երկրորդ կեսին ձևավորվել էին հայկական ասեղնագործության մի քանի դպրոցներ` Վան-Վասպուրականի, Բարձր Հայքի /Շիրակ-Ջավախքի/, Փոքր Հայքի, Կիլիկիայի, Այրարատի և Սյունիք-Արցախի։ Այս դպրոցներից յուրաքանչյուրն ունի ձեռարվեստի իր բնորոշ գծերը, որոնք դրսևորվում են գործածվող նյութի, թելերի, գունային երանգավորման, զարդանախշերի, զարդահամալիրների, կիրառման ոլորտների և կարի տեխնիկայի մեջ։

Տեխնիկա-տեխնոլոգիական առանձնահատկություններ խմբագրել

Հայկական ասեղնագործությունը հարուստ է իր կարատեսակներով ու կատարողական հմտություններով։ Հայ ասեղնագործուհուն և ասեղնագործին հայտնի էին թե´ համընդհանուր տարածում ունեցող, թե´ բնիկ հայկական ասեղնակարերը։ XIX դ․վերջի – XX դարասկզբի հայկական ասեղնագործության մեջ հանդիպում են բազմազան կարեր՝ ամենապարզից մինչև ամենաբարդը։ Բոլոր կարատեսակներն ունեն բնորոշ անուններ, որոնք տարբերվում են միայն այս կամ այն բարբառի լեզվական առանձնահատկություններին համապատասխան։ Դա առավելապես վերաբերում է պարզ կարատեսակներին, որոնք ունեն ոչ միայն համահայկական, այլ , կարելի է ասել, համամարդկային բնույթ, այսինքն գործածական են բոլոր այն ժողովուրդների կենցաղում, որոնց հայտնի է ասեղնագործությունը։ Այդ կարատեսակներն էին պարզ շարակարը, օղակարը, շյուղակարը կամ ցողունակարը, շղթայակարը, խաչկարը, թելքաշի և հարթակարի տեսակները և այլն։ Սակայն հայ ժողովուրդն ունի մի շարք զուտ տեղական ասեղնակարեր` «Վանի կարը», «Այնթապի կարը», «Մարաշի կարը», «Քիլիսի կարը» և այլն, որոնք, չնայած իրենց տեղայնացված անվանումներին` ավելի լայն տարածման շրջանակ ունեին։

«Վանի կարը» հայկական ամենահին ասեղնակարերից է՝ տարածված ամբողջ Վասպուրականում, որի վկայությունն են այդ նահանգի ասեղնագործությամբ հարուստ կնոջ և տղամարդու ավանդական հագուստի համալիրները։ «Վանի կարը» արվում էր ուղիղ ու թեք կեռմաններով. գործվածքից վերցնում են երեք թել և ծածկում գործող թելերով, ուղիղ գծով, ապա կատարում հաջորդ կարը երեք թելերով թեքությամբ, և այսպես շարունակ։ Սույն կարը գործածվում էր նաև Կ. Պոլսում, Կիլիկիայում, Կապադովկիայում, Տայքում և դրա հարակից շրջաններում, որտեղ այն տարածվել էր վասպուրականցիների ներգաղթի, տեղափոխությունների կամ ամուսնությունների միջոցով։ Հետաքրքիր է այն փաստը, որ «Վանի կարը» հայտնվել է նաև Ղրիմում, որտեղ հայերի հետ միասին այն կիրառել են նաև բուլղարները, թաթարները և կրկնվել սրբիչների վրա հայկական զարդանախշերի հետ միասին։

«Այնթապի կարը» թելքաշի հատուկ տեսակ է, որը հայտնի է մի քանի տարատեսակներով։ Դրանք ասեղնագործում են կտորի թելերը հանելով գործվածքի լայնության և երկարության ուղղությամբ՝ ստանալով ուզած ձևի ցանց-վանդակներ։ Այնթապի թելքաշն արվում է համրովի և գծային հարթակարերի հետ միասին։ Այն տարածված էր ոչ միայն Այնթապում, այլև ողջ Կիլիկիայում ու Կապադովկիայում։ Այդ է պատճառը, որ Այնթապի թելքաշներից մեկը Կիլիկիայում հայտնի է ոչ թե «Այնթապի կար», այլ հենց Այնթապում տարածված «նալիկներ» անվամբ։

Նույնը կարելի է ասել նաև Սեբաստիայի, Քիլիսի, Զեյթունի, Մարաշի, Ուռհայի ասեղնակարերի մասին։

Սեբաստիա-Սվազի ամենահետաքրքիր կարատեսակը թարս կարն է։ Գունավոր թելերով զարդանկարը կտորը ձևավորում է ոչ թե երեսից, այլ տակից, այն հաշվով, որ երեսին ստացվի ուզած նախշը։

«Քիլիսի կարը» վերադիր կարաձև է։ Վերցնում են երկու տարբեր գույնի կտոր, երեսացուի վրա գծեր քաշում, ապա ըստ այդ գծերի կտրված նախշերը բացվում էին, կես սանտիմետր ետ ծալվում և կողքակարով ամրացվում տակի կտորին։ Տակից երևում էր այլ գույնի կտորը՝ ստեղծելով կտրովի զարդանկար։

Կիլիկիայի կարերի մեջ ամենահետաքրքիրը «Մարաշի կարն» է, որը գաղտնակար է, հայտնի նաև «հյուսված» կամ «հյուսածո» կար անվամբ։ Այս կարաձևում գործող թելն ուներ անցումների որոշակի կարգ՝ պարտադիր ուղի, որը հայտնի էր միայն ասեղնագործին։ Հյուսված կարով Մարաշի ամենահասարակ զարդանկարը ձևավորելու համար գործող թելը չորս անգամ անցնում էր նույն գծով, ըստ որում, միայն առաջին և երկրորդ շարքում էր կպչում կտորին, վերջին երկու շարքերը հյուսվում էին առաջինների վրա։ «Մարաշի կարը» գործող թելի բարդ անցումների, հստակ ու դժվարին ուղու պատճառով լայն տարածում չի ունեցել։

Նյութեր և գործիքներ խմբագրել

Բացի կարատեսակներից, հայկական ասեղնագործությունը հարուստ է որպես հիմք գործածվող նյութով՝ կաշի, գործվածքեղեն և այլն, ինչպես նաև թելատեսակներով և լրացուցիչ հարդարանքներով։ Հայկական ավանդական ասեղնագործության մեջ կիրառվել են բրդյա, բամբակյա, մետաքսյա ամենատարբեր գործվածքներ ու տնայնագործական եղանակով ստացած թելեր։ Որպես գեղազարդող միջոց լրացուցիչ գործածվել են նաև փայլուններ, թըրթըռներ, տափակ նեղ մետաղյա ժապավեններ, ոսկե, արծաթե կլոր ու փափուկ քուղեր, ուլունքներ, հասարակ և կիսաթանկարժեք քարեր։ Հայ ասեղնագործուհու ստեղծագործ միտքը և վարպետությունը դրսևորվել է նաև ձեռագործի մեջ գործածվելիք հնարավոր միջոցների ընտրության մեջ։ Պահպանվել են ձկան թեփուկով, մետաքսի բոժոժներով, խխունջներով գեղազարդված ասեղնագործ նմուշներ։

Ասեղնագործությանն անհրաժեշտ մյուս կարևոր նյութը որպես հիմք գործածվող գործվածքն է։ Միջնադարյան եկեղեցական, վերնախավային ասեղնագործ իրերը հիմնականում թանկարժեք գործվածքների վրա էին արվում, իսկ կենցաղային իրերը, հագուստն ու ձեռագրերի կազմաստառներն ավելի հասարակ՝ բամբակյա, վուշե գործվածքներն են՝ չիթ, կտավ, քաթան, շալ և այլն։

XIX դ. վերջին- XX դարասկզբին հայկական ասեղնագործության մեջ կատարված փոփոխությունները հետք փողեցին նաև ասեղնագործության նյութերի վրա։ Հետզհետե դուրս մղվեցին տնայնագործական գործվածքները, տեղը զիջելով գործարանային արտադրանքին։ Մասնագիտացված խանութներում սկսեցին վաճառել հատուկ ասեղնագործության համար արտադրվող ցանցկեն գործվածքներ՝ կանվա, ռակոշկա։

Հայոց մեջ որպես ասեղնագործության հիմք ավանդաբար գործածվել է նաև կաշին՝ առավելապես կոշիկների, ինչպես նաև քսակների, ասեղամանների, հմայիլի բների գեղազարդման համար։

Ասեղնագործության հիմնական գործիքներն են ասեղը, մատնոցը, մկրատը և շրջանակը, որը երկու տեսակի էր՝ քառանկյուն և շրջանաձև։ Քառանկյուն շրջանակները կոչվում էին քարգահ (քերկէֆ, քյըրգյախ, քյարգյահ և այլն)։ Քարգահները, եթե դրանք մեծ չափերի էին, հարմարեցվում էին գետնին դնելու, իսկ եթե փոքր՝ սեղանին ամրացնելու համար։

Հայկական գեղարվեստական բանվածքի բաղկացուցիչ մասն է ոսկեթել ասեղնագործությունը, որը հնագույն ժամանակներից լայնորեն տարածված էր ողջ Հայաստանում։ Կենցաղային ասեղնագործություններում ոսկեթելը գործածական էր հատկապես Արևմտյան Հայաստանում, Փոքր Հայքում և Կիլիկիայում, սակայն եկեղեցական ոսկեթել բանվածքների տարածման արեալը շատ ընդգրկուն է և դուրս է գալիս Հայաստանի սահմաններից` իր մեջ ներառելով գրեթե բոլոր գաղթօջախները։

Հայ վարպետները տիրապետում էին ոսկեթել-արծաթաթել ասեղնագործության կատարման շատ եղանակների. առաջին հերթին դա հարթակարն է իր տարատեսակներով` համրովի, վրադիր, ուռուցիկ, ինչպես նաև շղթայակարը։ Ոսկեթելի և արծաթաթելի բաղադրիչ մասը ոսկին և արծաթն էր, որ քաշվում էր բարակ թելի պես և փաթաթվում ջղերի, վուշե, մետաքսյա թելերին, միասին ոլորվում, և այդպիսով ստացվում էր ոսկեթելը կամ արծաթաթելը։ Ոսկեմանյալ թելերի մեջ հանդիպում են այնպիսիները, երբ մետաղյա թելերի հետ երևում է գունավոր մետաքսաթելը. այդպիսի թելերով ասեղնագործվում էին մարդկանց դեմքերը, մորուքը, հագուստը և այլն։ Եթե թելը ճկուն և բարակ էր, ապա առանց կտրտվելու անցնում էր գործվածքի միջով, սակայն երբ ոսկեթելը հաստ էր կամ կոշտ, ապա այլ թելերով` մետաքսյա, բամբակյա, երբեմն էլ բարակ ոսկեթելով ամրացվում էր գործվածքին։ Սովորաբար ոսկեթել ասեղնագործությունը համադրվում էր մետաքսի, փայլունների, իսկ եկեղեցականը` նաև թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի, մարգարիտների հետ։ Մարգարիտները կարվել են չափազանց բարակ և ամուր թելերով, իսկ քարերը սովորաբար օգտագործվել են ոսկյա կամ ոսկեջրած արծաթյա բների մեջ, որոնք կարվել են գործվածքի վրա։

Զարդանախշեր խմբագրել

Հայկական ժողովրդական ասեղնագործությունը հարուստ է նաև իր գեղազարդման համակարգով, որն արտահայտվում է հատկապես զարդանախշերում։ հայ ժողովրդի զարդարվեստում ամենագլխավոր տեղը, թերևս, գրավում են բուսական զարդանախշերը, որոնք հայկական կիրառական գեղազարդման արվեստում հայտնի են վաղնջական ժամանակներից։ Դրանք շատ սիրված ու տարածված են նաև ասեղնագործության մեջ և հնուց ի վեր գերակշիռ են եղել մյուս զարդանախշերի համեմատությամբ։

Հայկական ասեղնագործության զարդահամալիրը` բուսական զարդանախշերի գերակշռությամբ, մեծ ընդհանրություններ ունի գեղազարդման համակարգի արևելյան ոճի հետ։ Բուսական զարդամոտիվները խիստ բազմազան են, բազմատեսակ և ասեղնագործության մեջ հանդիպում են ինչպես ոճավորված, երկրաչափական ձևերով, այնպես էլ բնական տեսքով։ Բուսանախշերից ամենատարածվածն ու սիրվածը ծաղկանախշերն են, որոնք ներկայանում են ոչ միայն հսկայական քանակով, այլև բազմազան ձևերով։ Ասեղնագործ տարբեր աշխատանքներում ծաղիկները հանդես են գալիս ինչպես առանձին, որպես հիմնական մոտիվ, այնպես էլ այլ պատկերների հետ միասին, լրացնելով դրանք և զարդարելով ողջ հորինվածքը։ հաճախ ծաղկանախշերը կրկնվում են, անընդհատ շարունակելով իրար, կամ փունջ են կազմում։ Ծաղիկներից անբաժան են կոկոնների ու բողբոջների պատկերները, որոնք հանդիպում են միայն ծաղիկներին ընդելուզված։ Ուշագրավ են տոնական սրբիչների եզրային ասեղնագործ ծաղիկները, որոնք գործվում էին մետաքսաթելերով, հաճախ եզրազարդվում ոսկեթելով։

Այնթապի, Սյունիքի ու Արցախի, Վասպուրականի ավանդական ասեղնագործության սիրված զարդանախշն աստղածաղիկն է, որը պատկերվում է ինչպես ամբողջական՝ ութթևանի, այնպես էլ կիսատ՝ միայն չորս թևով, որը կիսաբացված ծաղկի տպավորություն է թողնում։ Ութթևանի աստղածաղիկը գործվածքի թելերի հաշվով արվող ասեղնագործության հիմնական մոտիվն է։

Բուսական զարդանախշերը չեն սահմանափակվում միայն ծաղիկներով, դրանցում ուրույն տեղ են գրավում ամենատարբեր ձևերի ու չափերի, ոճավորված ու ռեալիստորեն պատկերված տերևները, ցողունները, հասկերն ու պտուղները։ Ընդհանրապես հայ ժողովրդական ասեղնագործության գեղազարդման համակարգում արտացոլվել են Հայաստանի բնությունն ու ժողովրդի զբաղմունքները։ Եթե ամտառային գոտում հանդիպում են ծառերի, ծաղիկների, հատապտուղների մոտիվներ, ապա դաշտավայրային շրջաններում պատկերվում են հացահատիկի հասկեր, բամբակենու ծաղիկներ և այլն։ Կիլիկիա-Կապադովկիայի, Փոքր Ասիայի հայաբնակ շրջանների ասեղնագործ բանվածքներում գերակշռում են արևելյան կիպարիսները, արմավենիները։

Հայկական գեղարվեստը հարուստ է նաև պտուղների պատկերներով։ Հայաստանում տարածված բոլոր մրգերն էլ ներկայացված են ասեղնագործության մեջ, բայց առավել սիրվածը խաղողի, նռան, խնձորի, տանձի մոտիվներն են։ Վերջիններս հանդես են գալիս բուսական զարդանախշերի ամբողջության մեջ՝ լրացնելով ծաղիկներին, ծառերին և այլ պատկերներին։

Հայկական զարդարվեստի բուսական մոտիվների ամենագլխավոր արտահայտությունը կենաց ծառն է, որ ներկայացված է ամենաբազմազան ձևերով, երբեմն խիստ ոճավորված և ընդհանրացված։ Կենաց ծառը, հաճախ, հորինվածքի կենտրոնական զարդանախշն է, որի շուրջն են համախմբվում մյուս պատկերները։ Ընդհանրապես կենցաղային ասեղնագործ բանվածքներում կենաց ծառը երբեք առանձին չի ասեղնագործվում, շրջապատված է թռչունների և կենդանիների զույգերով, նրանց հետ միասին կազմում է մեկ ամբողջական պատկեր՝ արտահայտելով որոշակի իմաստ։

Բուսական զարդանախշերում ուրույն տեղ են գրավում նշաձևերը, որոնք արևելյան հնագույն մոտիվ են։ Հայոց մեջ դրանք սիրված ու տարածված են կիրառական գեղազարդման արվեստի բոլոր ճյուղերում։

Բուսանախշերից հետո սիրված ու տարածված են երկրաչափական պատկերները՝ ռոմբաձևերը, շեղանկյունները, եռանկյունները, բազմանկյուն պատկերները, զիգզագները, կեռմանները և այլն։ Որպես կանոն, երկրաչափական զարդանախշը գործածական էր այնպիսի ասեղնագործ բանվածքներում, որոնք արվում էին հաշվարկ պահանջող կարատեսակներով՝ խաչկար, համրովի և գծային հարթակար, «Վանի կար»։

Երկրաչափական զարդանախշերի թվում պետք է դասել նաև տարբեր ձևերի ու չափերի խաչերը, խոյեղջյուրները, քնարաձևերը, պարուրանախշը և այլն։ Խաչն ամենահին և տարածված զարդամոտիվներից է։ Այն առկա է հայկական ժողովրդական ասեղնագործության բոլոր դպրոցներում՝ ամենատարբեր չափերով, ձևերով ու ոճավորմամբ։

Ի տարբերություն նախորդների, կենդանական պատկերներն ավելի սակավ են հանդիպում ժողովրդական ասեղնագործության զարդահամալիրում։ Կենդանիները պատկերվում էին հիմնականում խիստ ոճավորված և բնորոշ հատկանիշներն արտահայտող գծերով։ Իհարկե, դա չի նշանակում, որ չեն հանդիպում միանգամայն ռեալիստական պատկերներ, որոնք արված են մեծ ճաշակով ու հմտությամբ։

Կենդանական զարդանախշերի թվին են դասվում նաև թռչունների ու միջատների պատկերները։ Թռչնանախշն ասեղնագործության մեջ բավականին հաճախ հանդիպող մոտիվ է։ Դրանով զարդարում էին ինչպես հագուստը, այնպես էլ կենցաղային իրերը։ Թռչունները հանդես են գալիս ինչպես մենակ, այնպես էլ զույգերով՝ ընդ որում, այս դեպքում դրանք պատկերվում են իրար դիմաց՝ կտուց-կտցի, ծառի ճյուղին կամ գագաթին։ Կենդանիների և թռչունների պատկերներով հնագույն ասեղնագործության նմուշները թվագրվում են 12-13-րդ դդ. և հայտնաբերվել են Անիի պեղումներից։

Հայկական ավանդական ասեղնագործության զարդահամալիրի կենդանական զարդանախշերի մեջ ուրույն տեղ ունի օձ-վիշապի մոտիվը, որը ներկայանում է պատկերագրական (իրական տեսքով և ոճավորված) ու իմաստաբանական (բարի և չար) ողջ հարստությամբ։ Ասեղնագործության մեջ օձանախշը լայն տարածում ունեցող մոտիվներից չէ, այն չի հանդիպում որպես հիմնական, կենտրոնական պատկեր, ինչպես գորգերի ու կարպետների զարդահամալիրներում, սակայն որպես լրացնող, զարդահամալիրը ամբողջացնող տարր՝ բազմաթիվ դրսևորումներ ունի։

Մարդու կերպարը ամենաքիչ հանդիպող զարդանախշն է։ Ավանդական կենցաղային ասեղնագործության զարդահորինվածքներում երբեմն հանդիպող մարդկանց պատկերները, որոնք գերազանցապես կանանց պատկերներ են, խիստ ոճավորված են և երկրաչափականացված։

Բացի այս հիմնական զարդանախշերից, հայ ավանդական ասեղնագործությունը հարուստ է նաև այլ տիպի զարդանախշերով, որոնց թվին կարելի է դասել ճարտարապետական կոթողները, շենքերը, խորանաձև-գմբեթարդները, զամբյուղները, ափսեները, բաժակներն ու սափորները և այլք։ Ասեղնագործ բանվածքների մեջ առանձին խումբ են կազմում դիմանկարային և սյուժետային աշխատանքները, որոնք հատկապես մեծ տարածում ստացան 19-րդ դ. երկրորդ կեսից քաղաքային միջավայրում։

Հայկական ասեղնագործական արվեստի ուշագրավ մասն են կազմում գորգատիպ ու գորգանախշ ասեղնագործությունները։ 17-18-րդ դդ. ասեղնագործ գորգերի բացառիկ և ուշագրավ նմուշներ են պահպանվում աշխարհի շատ թանգարաններում, որոնց գեղազարդման համակարգը գրեթե ամբողջությամբ կրկնում է կամ մեծ ընդհանրություններ է ցուցաբերում նույն ժամանակաշրջանի վիշապագորգերի ու այլ գորգերի հետ։

Հայկական ասեղնագործության զարդահամալիրի բնորոշ առանձնահատկություններից են արձանագրությունները, որոնք լրացնում են բանվածքի հորինվածքային կառուցվածքը և ներկայացնում են նվիրատվական հիշատակագրեր, բարեմաղթանքներ, լրացնում դիմանկարային և թեմատիկ գործերը, ինչպես նաև հեղինակին, ստեղծման վայրը նշող անուններ ու թվագրություններ։

Հայկական ասեղնագործությունը` հարուստ զարդանախշերի բազմազանությամբ, զարդահորինվածքների յուրահատկությամբ սերտ աղերսներ է դրսևորում ժողովրդական կիրառական-գեղազարդման արվեստի մյուս ճյուղերի` ժանեկագործության, գորգագործության, ոսկերչության, քարի և փայտի գեղարվեստական փորագրության, ինչպես նաև մանրանկարչության հետ։

Եկեղեցական ասեղնագործություն խմբագրել

Եկեղեցական ասեղնագործությունը երկու խմբի է բաժանվում` եկեղեցական սպասքի ու ծեսերի ժամանակ գործածվող ասեղնագործ իրերի և հոգևորականների ծիսական հանդերձանքի բանվածքների։ Առաջին խմբին են դասվում վարագույրները, գոգնոցները, սեղանի, սկիհի, գրակալների և այլ ծածկոցները, խաչվառները, սրբիչները, խաչ բռնելու թաշկինակները, գորգերը, բարձերը, կաթողիկոսի գահի, ոտքի տակի զարդարանքները, գավազանի քողերը, ասեղնագործ նկարները, ամպհովանիները և այլն։ Երկրորդ խումբը կազմում են ասեղնագործ շապիկները, շուրջառները, վակասները, խույրերը, թագերն ու սաղավարտները, արտախուրակները, բազպանները, ուրարներն ու փորուրարները, եմիփորոնները, գոտիները, կոնքեռները, հողաթափերը և այլն։

Հայկական եկեղեցիների ներքին հարդարման կարևոր բաղադրիչներից են վարագույրները, որոնք երեք տեսակի են` խորանի, խորհրդանոցի և մկրտության ավազանի։ Դրանք տարբերվում են իրենց չափերով և դրան համապատասխան պատկերագրության առանձնահատկություններով։ Որքան մեծ են դրանց չափերը, այնքան շատ են ասեղնագործ տեսարանները, կերպարները, այլ պատկերներն ու զարդանախշերը։ Վարագույրների վրա պատկերված են հայոց Դարձի, Աստվածամոր ավետման, չորս Ավետարանիչների, Սբ.Գրիգոր Լուսավորչի տեսիլքի, Սբ.Գրիգոր Լուսավորչի, Սբ.Գևորգի, Սբ. Նահատակաց (Սբ. Սարգիս, սբ.Մինաս և այլք) և Աստվածաշնչյան թեմաներով այլ տեսարաններ։

Ասեղնագործ եկեղեցական գորգերը երկու տեսակի են` արծվագորգեր և ծաղկանախշ գորգեր։ Ծաղկանախշ գորգերը գործված են տարբեր թելերով ու տեխնիկայով (հարթակար, վրադիր կար և այլն) և շատ խիտ տեղակայված զարդանախշերով։ Այս գորգերի ծաղկանախշերը մեծ ընդհանրություններ ունեն Էջմիածնի տաճարի որմնանկարների ու քանդակների հետ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք ևս հատուկ պատվիրվում և պատրաստվում էին ասեղնագործական արհեստանոցներում։ Առանձին հետաքրքրություն են ներկայացնում արծվագորգերը։ Սրանք տարբեր չափերի քառանկյուն և կլոր գործվածքներ են, որոնց վրա ասեղնագործված են թևատարած արծիվներ` վերևում կամ ներքևում օձի, կարիճի պատկերներով։ Այս գորգերի մեջ ամենահինը Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի արծվագորգն է (XVIIդ.), որն ունի արժեքավոր արձանագրություն։

Հայկական եկեղեցական ասեղնագործության բացառիկ նմուշներից է Սբ.Գրիգոր Լուսավորչի խաչվառը, և դա պայմանավորված է երեք համգամանքով. նախ, այն պահպանված ամենահին եկեղեցական բանվածքն է, որը թվագրվում է 1448 թվականով, երկրորդ` դրա մասին հիշատակություն և նկարագրություն է թողել Առաքել Դավրիժեցին և, ի վերջո, այն հետաքրքիր է իր պատկերագրությամբ։ Խաչվառի մի երեսին պատկերված են Գրիգոր Լուսավորիչը, նրանից աջ և ձախ Տրդատ թագավորը և Սբ. Հռիփսիմեն, իսկ մյուս կողմում` Հիսուսը, նստած աթոռի վրա, որի չորս անկյուններում պատկերված են. աջից` հրեշտակ և եզ, ձախից` արծիվ և առյուծ։

Եկեղեցական սպասքի կարևոր իրերից են սկիհի ծածկոցները։ Սկիհի ծածկոցները շատ նուրբ մետաքսյա կամ բամբակյա տարբեր գույների (սպիտակ, երկնագույն, դեղին, կարմիր և այլն) կտորից քառակուսի, երբեմն նաև կլոր գործվածքներ են, ասեղնագործված ոսկեթելի և մետաքսաթելի նրբաճաշակ համադրությամբ։ Ծածկոցների կենտրոնում, ճաճանչավոր շրջանակի մեջ մեծամասամբ պատկերված է «Գառն Աստծո», սակայն երբեմն ներկայացված են նաև խաչ, Խաչելությունը, Համբարձումը։ Դրա շուրջբոլորը երկթև հրեշտակներ, սերովբեներ ու քերովբեներ են` շրջապատված մանր աստղիկներով։ Ծածկոցների անկյուններում ասեղնագործված են խաչեր, ավետարանիչներ, առաքյալներ, Աստվածածինը` մանուկ Հիսուսը գրկին և այլ տեսարաններ։ Բոլոր ծածկոցներն ունեն նվիրատվական արձանագրություններ, որոնք կազմում են զարդահամալիրի կարևոր բաղադրիչը։

Եկեղեցական ասեղնագործությունների մյուս խումբը, որի մեջ մտնում է հանդերձանքը, տարբերվում է նախորդից իր շքեղությամբ, հարստությամբ, կատարման մանրանկարչական նրբությամբ։ Այստեղ ոսկեթելի ու մետաքսաթելի հետ առատորեն օգտագործված են մարգարիտներ, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, արծաթե ոսկեջրած, էմալապատ զարդարանքներ։ Հանդերձանքի մեջ չափերով ամենամեծը շուրջառներն են, որոնք կարված են թանկարժեք նախշավոր կերպասներից, հաճախ զարդարված ասեղնագործ խաչերով, կամ ասեղնագործված գերազանցապես բուսական զարդանախշերով։

Եմիփորոնները, փորուրարներն ու ուրարները կարված են թանկարժեք կերպասից, թավշից, դիպակից։ Եմիփորոնները հիմնականում զարդարվում էին ասեղնագործ խաչերով, իսկ ուրար-փորուրարներն ունեն ճոխ ու հարուստ ասեղնագործություն։ Դրանց վրա հաճախ պատկերված են առաքյալները, ավետարանիչները, մարգարեները` ամբողջ հասակով կամ կիսատ, առանձին շրջանակներում, խորաններում, սակայն հանդիպում են նաև տերունական պատկերներով և աստվածաշնչյան տեսարաններով փորուրարներ։

Հանդերձանքի ավելի փոքրաչափ մասերը` վակասները, բազպանները, թագ-սաղավարտները, խույրերը արտախուրակների հետ, շապիկի օձիքները և կոնքեռները, չնայած սահմանափակ տարածքին` ունեն շատ հարուստ, բազմաբովանդակ, բարդ, սակայն նրբագեղ ու չքնաղ ասեղնագործություն։ Վակասները հիմնականում զարդարված են առաքյալների և ավետարանիչների պատկերներով, որոնցից յուրաքանչյուրը կանգնած է կամարակապ սյուներով առանձնացված խորաններում և դեմքով դարձել է դեպի կենտրոնում ներկայացված Քրիստոսը, Աստվածածինը, Հայր Աստված։ Սակայն պահպանվել են նաև միայն բուսանախշերով, կամ Քրիստոսին խորհրդանշող փոքր ու մեծ ոսկեթել արև-շրջանակներով վակասներ։

Խույրերը, արտախուրակները, երբեմն նաև բազպանները մեկ ամբողջություն են կազմում։ Դրանք, ասեղնագործ խաչերի և կոնքեռների հետ միասին ամենահետաքրքիրն են իրենց ներկայացրած թեմաներով, տեսարաններով, կերպարներով, կոմպոզիցիոն կառուցվածքով և մեծ ընդհանրություն ունեն մանրանկարչության հետ, սակայն ակնառու է, որ ասեղնագործ կերպարներն ավելի կենդանի տեսք ունեն։ Մանրագույն ասեղնակարերով, նրբագույն մետաքսաթելով ու ոսկեթելով, հմուտ վարպետությամբ նկարված և գործված դիմանկարները համամասնությամբ և բնական արտահայտչականությամբ զարմանք ու հիացմունք են առաջացնում դիտողի մոտ։ Բանվածքին առավել շքեղություն են հաղորդում առատորեն օգտագործված տարբեր չափերի մարգարիտներն ու գոհարները։ Բոլոր բանվածքներն ունեն արձանագրություններ, որոնք կարծես լրացնում են ընդհանուր պատկերագրությունը, միաժամանակ կարևոր տեղեկություններ հաղորդում դրանց մասին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gillow and Bryan 1999, p. 12
  2. Marie Schuette and Sigrid Muller-Christensen, The Art of Embroidery translated by Donald King, Thames and Hudson, 1964, quoted in Netherton and Owen-Crocker 2005, p. 2
  3. Gillow and Bryan 1999, p. 178
  4. Coatsworth, Elizabeth: "Stitches in Time: Establishing a History of Anglo-Saxon Embroidery", in Netherton and Owen-Crocker 2005, p. 2
  5. Synge, Lanto (2001). Art of Embroidery: History of Style and Technique. Woodbridge, England: Antique Collectors' Club. էջեր 32. ISBN 9781851493593.
  6. Հակոբյան, Հ. (1932). Ուղեգրություններ, հ. Ա., ԺԳ-ԺԶ դարեր. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Ուխտանէս եպիսկոպոս (1871). Պատմութիւն Հայոց. Էջմիածին, հատուած երկրորդ. էջ 66.
  8. Գևորգյան, Ա. (1973). Արհեստներն ու կենցաղը հայկական մանրանկարներում. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Գևորգյան, Ա. (1982). Հայկական մանրանկարչություն. Դիմանկար (published Երևան).
  10. Մարգարյան, Լ. «Արենի-1 քարայրի նորահայտ գործվածքները որպես հայկական անկվածագործության ուսումնասիրության ակցբնաղբյուր», Հայկական հանգույց, Գորգարվեստի ավանդույթները. Երևան, 20-22 նոյեմբեր, 2013 միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան 2016. էջեր 238–242.
  11. Орбели, И. (1963). Избранные труды. Ереван. էջեր 44–46.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. Դավթյան, Ս. «Հին ասեղնագործության երեք նմուշ». Սովետական արվեստ, N 6. էջեր 39–41.
  13. Դավթյան, Ս. Դրվագներ.
  14. Հովսեփյան, Գ. Նշված աշխատությունները.
  15. Մխիթարեան, Ա. (1969). Երուսաղէմի հայոց Պատրիարքարանի գանձերը. Երուսաղեմ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  16. Մխիթարեան, Ա. (1984). Էջմիածնի գանձեր. Մայր աթոռ սբ. Էջմիածին: «Էրեբունի» հրատարակչություն.
  17. Բրիլյանչիկյան, Ա. (1892). Հայկական մոնոգրամներ և ծաղկագրեր ձեռագործի համար. Ս․ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  18. Բրիլյանչիկյան, Ա. (1890-1919). «Տարազ» հանդես. Թիֆլիս.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  19. «Տետր ասեղնագործության» գծագրեց և վիմագրեց Մ․ Ոսկինար. Տրապիզոն. 1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, առաջին հատոր, Երևան 1974, 720 էջ
  • Berman, Pat (2000). "Berlin Work". American Needlepoint Guild. Retrieved 2009-01-24.
  • Caulfeild, S.F.A.; B.C. Saward (1885). The Dictionary of Needlework.
  • Crummy, Andrew (2010). The Prestonpans Tapestry 1745. Burke's Peerage & Gentry, for Battle of Prestonpans (1745) Heritage Trust.
  • Embroiderers' Guild Practical Study Group (1984). Needlework School. QED Publishers. ISBN 0-89009-785-2.
  • Gillow, John; Bryan Sentance (1999). World Textiles. Bulfinch Press/Little, Brown. ISBN 0-8212-2621-5.
  • Lemon, Jane (2004). Metal Thread Embroidery. Sterling. ISBN 0-7134-8926-X.
  • Levey, S. M.; D. King (1993). The Victoria and Albert Museum's Textile Collection Vol. 3: Embroidery in Britain from 1200 to 1750. Victoria and Albert Museum. ISBN 1-85177-126-3.
  • Netherton, Robin, and Gale R. Owen-Crocker, editors, (2005). Medieval Clothing and Textiles, Volume 1. Boydell Press. ISBN 1-84383-123-6.
  • Quinault, Marie-Jo (2003). Filet Lace, Introduction to the Linen Stitch. Trafford Publishing. ISBN 1-4120-1549-9.[self-published source?]
  • Readers Digest (1979). Complete Guide to Needlework. Readers Digest. ISBN 0-89577-059-8.
  • van Niekerk, Di (2006). A Perfect World in Ribbon Embroidery and Stumpwork. ISBN 1-84448-231-6.
  • Vogelsang, Gillian; Willem Vogelsang, editors (2015). TRC Needles. The TRC Digital Encyclopaedia of Decorative Needlework. Textile Research Centre, Leiden, The Netherlands.
  • Wilson, David M. (1985). The Bayeux Tapestry. Thames and Hudson. ISBN 0-500-25122-3.
  • Գ. Հովսեփյան, Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հհ. Ա, Բ, Երևան, 1983,1987։
  • Ս. Դավթյան, Հայկական ասեղնագործություն, Երևան, 1972։
  • Ս.Դավթյան, Դրվագներ հայկական միջնադարյան կիրառական արվեստի պատմության, Երևան, 1981։
  • Ս. Դավթյան, Հին ասեղնագործության երեք նմուշ, Սովետական արվեստ, N 6, էջ 39-41։
  • Ս. Դավթյան, Հայկական ասեղնագործության մի հին նմուշ, Բանբեր Մատենադարանի, 1956, N 3, էջ 43-52։
  • Ս. Դավթյան, Մատենադարանի 6774 ձեռագրի ասեղնագործ շապիկը, Բանբեր Մատենադարանի, 1958, N 4, էջ 237-240։
  • Ս. Դավթյան, Ասեղնագործության ձեռնարկ, Եր. 1956:
  • Ս. Դավթյան, Մարաշի ասեղնագործությունը, Եր. 1978:
  • Կ. Բազեյան, Հայկական ասեղնագործության զարդանախշերի ընդհանուր բնութագիրը, ՇՀՀԿ Գիտական աշխատություններ, 1999, N 2, էջ 160-168։
  • Կ. Բազեյան, Ասեղնագործությունը խորհրդային Հայաստանում, ՇՀՀԿ Գիտական աշխատություններ, 2000, N 3, էջ 137-148։
  • Կ. Բազեյան, Հայկական ասեղնագործության և ժանեկագործության կենտրոնները, Հայաստանի Ազգային Ատլաս, Երևան 2009, էջ 180-181։
  • Կ. Բազեյան, Վասպուրականի ասեղնագործության առանձնահատկությունները, Հայաստանի մայրաքաղաքները, գիրք I, Վան, Երևան, 2013, էջ 280-288։
  • Կ. Բազեյան, Օձ-վիշապը XVIII-XIX դդ. հայկական ասեղնագործության մեջ, Վիշապը հեքիաթի և իրականության սահմանին, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, Երևան 2019, էջ 324-334։
  • Կ. Բազեյան, Արցախի ասեղնագործական դպրոցի շուրջ, Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի, հ․ 10, 2022, էջ 129-136։
  • Հ. Թոքմաջյան, Մարաշի ասեղնագործությունը, Հալեպ, 2010։
  • Հ. Թոքմաջյան, Ուրֆայի ասեղնագործությունը, Ա հատոր, Հալեպ, 2014։
  • Հ. Թոքմաջյան, Այնթապի ասեղնագործությունը, Հալեպ, 2015։
  • Լ. Մխիթարյան, Մարաշի ասեղնագործության գաղտնիքները. Հարթակար և հյուսված կար, Եր. 2020:
  • Ա. Պատրիկ, Ուրհայի ասեղնագործությունը, Եր. 1985:
  • Базеян К., 2012, Ткачество и рукоделие, в книге «Армяне»: Серия «Народы и культуры», изд. АН РФ, М. с. 185-197.
  • Бабенчиков М.В., Народное декоративное искусство Закавказья,М.1948.
  • Annie C. Marshall, Armenian embroiadery, The New Armenia, XII, N 7, pp. 104-105.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 555  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 695  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասեղնագործություն» հոդվածին։