Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով՝ առողջությունը մարդու ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարօրությունն է։ Դա նշանակում է, որ առողջ մարդու տրամադրությունը լավ է, թեթև ու առույգ, հեշտությամբ հաղորդակցվում է շրջապատի մարդկանց հետ, ունակ է արդյունավետ աշխատանքի և արագ չի հոգնում։

Կյանքի աստղը

Առողջության հիմնական բնութագրերը խմբագրել

Առողջական վիճակը պայմանավորում են բազմաթիվ գործոններ՝ շրջակա միջավայրի լավ պայմանները, հիգիենայի կանոնների պահպանումը, սպորտով և ֆիզիկական վարժություններով զբաղվելը, որն ամրացնում է մկանները, նպաստում արյան շրջանառության բարելավմանը, բջիջներին առատ թթվածնով մատակարարմանը և այնտեղից խարամների հեռացմանը։ Կարևոր են նաև ճիշտ սնվելը, հանգիստ և բավարար քունը։ Վերջինս կախված է տարիքից. նորածինները քնում են 20–22 ժամ, հասուն մարդիկ՝ 6–7 ժամ։ Հարկավոր է խուսափել ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի ընդունման վտանգավոր սովորություններից։

Ծխախոտը պարունակում է նիկոտին և խեժեր. նիկոտինը շատ վտանգավոր ազդեցություն է թողնում սրտի և թոքերի աշխատանքի վրա, առաջացնում է ախորժակի անկում։ Խեժերն աղտոտում են շնչառական ուղիների լորձաթաղանթը, ներթափանցում թոքերի ու արյան մեջ, խանգարում բջիջների աշխատանքը և կարող են առաջացնել վտանգավոր հիվանդություններ (օրինակ՝ քաղցկեղ

Ալկոհոլի չարաշահման դեպքում լյարդը չի կարողանում իրագործել այն օրգանիզմից դուրս բերելու իր ֆունկցիան և սկսում է քայքայվել։ Բացի դրանից, ծխելն ու ալկոհոլի մշտական օգտագործումն առաջացնում են ֆիզիկական և հոգեկան կախվածություն. դա նշանակում է, որ մարդն ընտելանում է ծխախոտին ու ալկոհոլին, չի կարողանում ապրել առանց դրանց և դադարեցնել դրանց ընդունումը առանց բժշկի օգնության ու դեղանյութերի։

Մարդու առողջություն խմբագրել

Մարդու առողջությունը բավականին բարդ սոցիալ-կենսաբանական կատեգորիա է, որի բնութագրման բազմաթիվ տարբերակներ են առաջադրվել, սակայն ամենաընդունելին և ամենաամբողջականն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բնութագրումն է. «Մարդու առողջությունը սոցիալ-կենսաբանական ու հոգեկան լրիվ բարօրության վիճակն է, երբ օրգանիզմի բոլոր օրգանների ու համակարգերի ֆունկցիաները բնակլիմայական ու սոցիալական միջավայրի հետ գտնվում են հավասարակշռված վիճակում, և երբ բացակայում է որևէ հիվանդություն, ախտաբանական վիճակ ու ֆիզիկական թերություն»։

Մարդու առողջական վիճակը բնորոշվում է նրա ֆիզիոլոգիական համակարգերի ու օրգանների ֆունկցիայով՝ կապված տարիքային, սեռային ու հոգեբանական գործոնների և արտաքին միջավայրի բնակլիմայական ու սոցիալական պայմանների հետ։

Անհատի «բացարձակ առողջությունը», որպես իդեալական չափանիշ, իրական կյանքում անհնար է պատկերացնել, քանի որ օրգանիզմի կենսագործունեությունը բնութագրող կարևոր ցուցանիշների անհատական տատանումների շրջանակները բավականին լայն են։ Այդ պատճառով բժշկության մեջ ավելի հաճախ կիրառվում է «գործնականորեն առողջ» հասկացությունը։ Սա այն բնականոն վիճակն է, որի սահմաններից դուրս այս կամ այն տատանումն արդեն բնութագրվում է որպես «հիվանդություն» կամ «ախտաբանական վիճակ»։ Թեկուզ առողջությունը դիտվում է որպես հիվանդության հակադիր վիճակ, այնուամենայնիվ, այն չի կարող ունենալ հստակորեն ընդգծված սահմաններ, քանի որ օրգանիզմը շատ հաճախ կարոդ է գտնվել, այսպես կոչված, «անցումային» կամ «սահմանային» վիճակում։ Այնպես որ «գործնականորեն առողջ» վիճակը լրիվ չի բացառում դեռևս անախտանշանական կլինիկորեն չդրսևորված ախտաբանական վիճակների առկայությունը, որն էապես չի անդրադառնում մարդու ինքնազգացողության ու աշխատունակության վրա։

Հասարակության առողջություն խմբագրել

Հասարակության առողջությունը (ՀԱ) ավելի լայն ու ընդգրկուն հասկացություն է։ Հետազոտողներից շատերն այն դիտում են որպես վիճակագրական կատեգորիա։ Հասարակության առողջությունը բնութագրվում է մի ամբողջ խումբ ցուցանիշներով, որոնք զուգակցված ու համալիր ներգործություն ունեն բնակչության առողջության վրա։ Դրանք են ժոդովրդագրական (ծնելիություն, մահացություն, մանկական մահացություն, կյանքի միջին տևողություն, երկարակեցություն), ֆիզիկական զարգացման, հիվանդացության ու հաշմանդամության ցուցանիշները։ Այստեղ նկատի է առնվում, որ ժողովրդագրական ցուցանիշների մակարդակը որոշակիորեն կախված է կենսագործունեության այնպիսի պայմաններից, ինչպիսիք են շրջակա միջավայրի (օդ, ջուր, հող), աշխատանքի (ուժգնություն, տևողություն, ռեալ աշխատակարգի չափ), կենցաղի (բնակարան, սննդի որակ և քանակ, հագուստ) պայմանները, բնակավայրի սանհիգիենային վիճակը, առողջապահության մակարդակը և հանրամատչելիությունը։

Թվարկած գործոններից յուրաքանչյուրը որոշակի ներգործություն ունի հասարակության առողջության վրա, իսկ վերջինս տվյալ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը և բնակչության բարեկեցության աստիճանը բնութագրող ամենաօբյեկտիվ ցուցանիշն է։

Գրականություն խմբագրել

  • «Здоровье, состояние организма». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Разумов А. Н., Пономаренко В. А., Пискунов В. А., Здоровье здорового человека — Health of the healthy : (Основы восстановит. медицины) / . — М.: Медицина, 1996. — 413 с.
  • Материалы для подготовки и квалификационной аттестации по специальности «Общественное здоровье и здравоохранение». Учебное пособие (под редакцией В. С. Лучкевича и И. В. Полякова). — СПб., 2005
  • Денисов Б. П. Оценка состояния здоровья населения России // Международный журнал медицинской практики, 2005, № 3.
  • Яблоков А. В. Здоровье человека и окружающая среда. — М. 2007. — 186 с. — ISBN 978-5-903709-01-4.

Արտաքին հղումներ խմբագրել

Տես՝ health, healthy, կամ healthful Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Առողջություն հոդվածին
Վիքիճամփորդն ունի staying healthyին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առողջություն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առողջություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։