«Ապուշը» (ռուս.՝ Идиот), ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1868 թվականի հունվարից մինչև 1869 թվականի փետրվար «Русский вестник» պարբերականում[1]։ Համարվում է Դոստոևսկու լավագույն ստեղծագործություններից մեկը։ Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն[2]։ Վեպի գաղափարը ծնվել է հեղինակի՝ արտասահմանյան ուղևորության ժամանակ, երբ նա եղել է Գերմանիայում ու Շվեյցարիայում։ «Ապուշը» վեպի առաջին գրառումն արվել է 1867 թվականի սեպտեմբերի 14-ին Ժնևում։ Մնացածը գրվել է Իտալիայում և ավարտվել Ֆլորենցիայում 1869 թվականի հունվարի 29-ին։ Նախապես նվիրված է եղել գրողի սիրելի զարմուհուն՝ Ս․ Ա․ Իվանովային։ Պահպանվել են վեպի նախապատրաստական նյութերի երեք տետրեր (առաջին անգամ հրատարակվել են 1931 թվականին), սակայն վեպի սևագիր ու մաքրագիր ձեռագրերը չեն պահպանվել[3]։

Ապուշը
ռուս.՝ Идиот
ՀեղինակՖեոդոր Դոստոևսկի
Անվանվել էապուշ
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Կերպար(ներ)իշխան Միշկին, Նաստասյա Ֆիլիպովնա և Պարֆյոն Ռոգոժին
Ստեղծման տարեթիվ1867
Նկարագրում էՌուսական կայսրություն
ՆախորդԽաղամոլը
ՀաջորդՀավերժական ամուսին
Երկիր Ռուսական կայսրություն
Հրատարակման տարեթիվ1869
Թարգմանիչ հայերենԱ. Ղ. Վարդապետյան
Հրատարակում հայերենԵրևան։ «Հայաստան», 1965
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/dostojew/idiot/idiot.html
ՎիքիքաղվածքԱպուշը
 The Idiot (Dostoyevsky) Վիքիպահեստում

Համաշխարհային կինոյի նշանավոր ռեժիսորներից Ակիրա Կուրոսավան Դոստոևսկու «Ապուշը» վեպի հիման վրա նկարահանել է համանուն կինոնկարը (1951 թվական)։

Սյուժե խմբագրել

Առաջին մաս խմբագրել

Առաջին մասի գործողությունները տեղի են ունենում մեկ օրվա ընթացքում՝ նոյեմբերի 27-ին։ Քսանվեցամյա իշխան Լև Նիկոլաևիչ Միշկինը վերադառնում է Շվեյցարիայում գտնվող առողջարանից որտեղ անցկացրել է մի քանի տարի՝ բուժվելով էպիլեպսիայից։ Իշխանն անկեղծ ու անմեղ մարդ է, թեև լավ գլուխ է հանում մարդկային փոխհարաբերություններից։ Նա գնում է Ռուսաստանում իր միակ ազգականների՝ Եպանչինների ընտանիքի մոտ։ Գնացքում նա ծանոթանում է վաճառական Պարֆեն Ռոգոժինի և թոշակի անցած չինովնիկ Լեբեդևի հետ, որոնց ներկայացնում է իր պատմությունը։ Ի պատասխան նա իմանում է մանրամասներ Ռոգոժինի կյանքից, որը սիրահարված է Նաստասյա Ֆիլիպովնային՝ հարուստ կալվածատեր Աֆանասի Իվանովիչ Տոցկու նախկին սիրուհուն։

Եպանչինների տանը պարզվում է, որ Նաստասյա Ֆիլիպովնան այնտեղ շատ հայտնի է։ Ծրագրված է նրան ամուսնացել գեներալ Եպանչինի հովանավորյալ Գավրիլա Արդալիոնովիչ Իվոլգինի հետ, որ պարծենկոտ, բայց միջակ մարդ է։ Իշխան Միշկինը ծանոթանում է վեպի հիմնական հերոսների հետ, որոնք են Եպանչինների դուստրերը՝ Ալեքսանդրա, Ադելաիդան ու Ագլայան, որոնց վրա իշխանը լավ տպավորություն է թողնում, սակայն մնում է նրանց ծաղրալի ուշադրության առարկան, ինչպես նաև գեներալի կին Լիզավետա Պրոկոֆևնա Եպանչինան, որը մշտապես անհանգստության մեջ է այն պատճառով, որ ամուսինը շփվում է Նաստասյա Ֆիլիպովնայի հետ, որը վատ համբավ ունի, և Գանյա Իվոլգինը, որ շատ է տառապում Նաստասյա Ֆիլիպովնայի հետ իր սպասվող ամուսնության պատճառով, թեև հանուն փողի նա պատրաստ է ամեն ինչի և չի կարողանում վճռական քայլ կատարել Ագլայայի հետ հարաբերությունների հաստատման հարցում։ Իշխան Միշկինը գեներալի կնոջն ու դուստրերին բարեսրտորեն պատմում է, թե ինչ է իմացել Նաստասյա Ֆիլիպովնայի մասին Ռոգոժինից, ինչպես նաև պատմում է իր ծանոթի հուշերի ու զգացմունքների մասին, որը դատապարտվել էր մահապատժի, սակայն վերջին պահին նրան ներում է շնորհվել։

Գեներալ Եպանչինն իշխանին առաջարկում է սենյակ վարձել Իվոլգինի տանը։ Այնտեղ իշխանը ծանոթանում է Գանյայի ընտանիքի հետ, ինչպես նաև առաջին անգամ հանդիպում է անսպասելի ժամանած Նաստասյա Ֆիլիպովնայի հետ։ Գանյայի ալկոհոլամոլ հոր՝ թոշակի անցած գեներալ Արդալիոն Ալեքսանդրովիչի հետ զայրացուցիչ տեսարանից հետո, որի պատճառով որդին շատ է ամաչում Նաստասյա Ֆիլիպովնայի հետևից Իվոլգինների է գալիս նաև Ռոգոժինը։ Վերջինս հայտնվում է աղմկաոտ խմբի հետ, որոնք նրա շուրջը հավաքվել էին միանգամայն պատահական կերպով, ինչպես հավաքվում են այն մարդկանց շուրջը, ովքեր կարողանում են փողը մսխել։ Սկանդալային բացատրության արդյունքում Ռոգոժինը Նաստասյա Ֆիլիպովնային խոստանում է, որ մինչ երեկո նրան կներկայացնի հարյուր հազար ռուբլի կանխիկ փող։

Նույն երեկոյան Միշկինը, կանխազգալով ինչ-որ վատ բան, շատ է ուզում գնալ Նաստասյա Ֆիլիպովնայի տուն և սկզբում հույսը դնում էր ավագ Իվոլգինի վրա, որը խոստանում է Միշկինին տանել այդ տուն, սակայն իրականում չգիտի, թե որտեղ է ապրում Նաստասյա Ֆիլիպովնան։ Հուսահատված իշխանին անսպասելիորեն օգնում է Գանյայի կրտսեր եղբայրը՝ նշան ցույց տալով Նաստասյա Ֆիլիպովնայի տան ճանապարհը։ Վերջինիս անվանակոչության օրն է,և հրավիրված են քիչ թվով հյուրեր։ Իբր թե այդ օրը պետք է ամեն ինչ վճռվի, և Նաստասյա Ֆիլիպովնան պետք է տա իր համաձայնությունը Գանյայի հետ ամուսնանալու վերաբերյալ։ Իշխանի անսպասելի հայտնվելը զարմացնում է բոլորին։ Հյուրերից մեկը՝ Ֆերդիշչենկոն, առաջարկում է զվարճանալու համար խաղալ մի խաղ․ ներկաներից յուրաքանչյուրը պատմում է իր ամենաստոր արարքի մաիսն։ Իրենց պատմություններն են ներկայացնում Ֆերդիշչենկոն ու Տոցկին։ Այդ պատմության ձևով Նաստասյա Ֆիլիպովնան հրաժարվում է ամուսնանալ Գանյայի հետ՝ նախապես խորհուրդ հարցնելով իշխան Միշկինից։ Անսպասելիորեն սենյակ է ներխուժում Ռոգոժինն իր խմբի հետ, և բերում խոստացած գումարը։ Նա Նաստասյա Ֆիլիպովնային առաջարկում է փողը՝ «իրենը» դառնալու խոստման դիմաց։

Իշխանը նույնպես զարմանքի տեղիք է տալիս՝ Նաստասյա Ֆիլիպովնային առաջարկելով ամուսնանալ իր հետ, իսկ վերջինս էլ հուսահատության պահին քիչ է մնում, որ տա իր համաձայնությունը։ Այդ ժամանակ պարզվում է, որ իշխանը ստանում է մեծ ժառանգություն։ Նաստասյա Ֆիլիպովնան Գանյային առաջարկում է վերցնել հարյուր հազարը և դրանք նետում է բուխարու մեջ․ «Միայն թե առանց ձեռնոցների, մերկ ձեռներով և թևքերդ վեր քշտիր ու փաթեթը դուրս կորզիր կրակից։ Դուրս քաշեցիր՝ քոնն է, ամբողջ հարյուր հազարը քոնն է։ Մի քիչ միայն մատիկներդ կայրես, բայց ախր հարյո՜ւր հազար է, մտածի՜ր։ Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ կրակից կորզես։ Իսկ ես մի քիչ կզմայլվեմ հոգուդ նայելով, թե ինչպես իմ փողերին տիրանալու համար կրակն ես նետվում»։ Լեբեդևը, Ֆերդիշչենկոն ու մյուսները Նաստասյա Ֆիլիպովնային խնդրում են իրենց թույլ տալ կրակից հանել փողը, սակայն նա մնում է անդրդվելի։ Իվոլգինը կորցնում է գիտակցությունը։ Նաստասյա Ֆիլիպովնան ունելիով հանում է գրեթե անվնաս փողի փաթեթն, այն դնում Իվոլգինի կողքին ու հեռանում Ռոգոժինի հետ։

Երկրորդ մաս խմբագրել

Անցել է կես տարի։ Իշխան Միշկինը, որ բնակվում է Մոսկվայում, այլևս չի թվում բոլորովին միամիտ մարդ, սակայն պահպանում է պարզությունը հարաբերությունների մեջ։ Այդ ընթացքում նա հասցրել է ստանալ ժառանգությունը, որի մասին լուրեր են պտտվում, թե այն հսկայական է։ Լուրերից նաև հայտնի է, որ Մոսկվայում իշխանը մտերիմ է եղել Նաստասյա Ֆիլիպովնայի հետ, սակայն շուտով վերջինս լքում է իշխանին։ Այդ ժամանակ Կոլյա Իվոլգինը, որ ընկերություն էր անում Եպանչինա քույրերի ու նույնիսկ գեներալի կնոջ հետ, Ագլայային է փոխանցում երկտող իշխանից, որում նա խառնաշփոթ արտահայտություններով խնդրում է հիշել իր մասին։

Ամռանը Եպանչինները մեկնում են Պավլովսկում գտնվող ամառանոցը։ Դրանից կարճ ժամանակ անց Պետերբուրգ է գնում Միշկինը և այցելում Լեբեդևին, որից իմանում է Պավլովսկի մասին ու նրանից ամառանոց է վարձում այդ նույն վայրում։ Ապա իշխանը հյուր է գնում Ռոգոժինին, որի հետ ծանր խոսակցություն է ունենում, ինչից հետո նրանք եղբայրանում են ու փոխանակում իրենց խաչերը։ Միաժամանակ ակնհայտ է դառնում, որ Ռոգոժինը պատրաստ է սպանել իշխանին կամ Նաստասյա Ֆիլիպովնային և դրա համար արդեն դանակ է գնել։ Ռոգոժինի տանը Միշկինը նկատում է Հանս Հոլբայն Կրտսերի «Մեռած Քրիստոսը» նկարի պատճենը, որը դառնում է վեպի կարևորագույն գեղարվեստական կերպարներից մեկը, որ հաճախ հիշատակվում է նաև հետագայում։

Ռոգոժինի մոտից վերադառնալիս իշխանը զգում է, որ նոպան մոտ է, նրա գիտակցությունը մթագնում է։ Նա նկատում է, որ իրեն հետևում են ինչ-որ «աչքեր», հավանաբար Ռոգոժինը։ Հասնելով հյուրանոցի մոտ՝ Միշկինը բախվում է Ռոգոժինի հետ, որ արդեն պատրաստվում էր դանակով խփել, սակայն այդ պահին տեղի է ունենում էպիլեպսիկ նոպան, և հանցագործությունը կանխվում է։

Միշկինը տեղափոխվում է Պավլովսկ, որտեղ տիկին Եպանչինան, լսելով, որ նա անառողջ է, անմիջապես այցելում է նրան իր դուստրերի ու իշխան Շչ-ի հետ, որն Ադելաիդայի փեսացուն էր։ Տանը ներկա են նաև Լեբեդևն ու Իվոլգինը։ Ավելի ուշ նրանց միանում են գեներալ Եպանչինն ու Եվգենի Պավլովիչ Ռադոմսկին՝ Ագլայայի ենթադրյալ փեսացուն։ Կոլյան հիշեցնում է մի կատակ ոմն «աղքատ ասպետի» մասին, իսկ Լիզավետա Պրոկոֆևան, չհասկանալով դա, Ագլայային ստիպում է արտասանել Պուշկինի հայտնի ստեղծագործությունը, ինչը նա անում է՝ բանաստեղծության մեջ ասպետի կողմից գրված անվան սկզբնատառերը փոխարինելով Նաստասյա Ֆիլիպովնայի անվան սկզբնատառերով։

Հայտնվում է այցելուների նոր բազմամարդ խումբ, որոնց մեջ են մասնավորապես Իպոլիտն ու Անտիպ Բուրդովսկին, որը հայտարարում է, թե բարոյական իրավունք ունի պահանջել իշխանի ունեցվածքի մի մասը, քանի որ իր «հայր» Պավլիշչևն իր ժամանակին մեծ գումար է հատկացրել իշխանի բուժման համար։ Բարձր ընթերցվում է թերթում տպագրված պամֆլետը, որտեղ Միշկինը ներկայացվում է որպես ի ծնե ապուշ, որը Պավլիշչևի որդուց» խլել է երջանիկ ապագայի հույսը՝ չցանկանալով կիսել նրա հետ իր «միլիոնների» ժառանգությունը։ Գանյան, որին վարձել էր Միշկինը, համոզիչ կերպով ապացուցում է, որ Բուրդովսկին բոլորովին էլ Պավլիշչևի որդին չէ, ինչպես նա ենթադրում է։ Միշկինն իրեն դրսևորում է որպես բարի ու մեղմ մարդ, որ մասամբ սարկաստիկ գնահատականի է արժանանում Եպանչինների կողմից։ Տեսարանի ավարտին ուշադրության կենտրոնում է հայտնվում թոքախտով հիվանդ Իպոլիտը, որի խոսքը՝ ուղղված բոլոր ներկաներին, լի է անսպասելի բարոյական պարադոքսներով։ Այդ նույն երեկոյան, հեռանալով Միշկինի տնից, Եպանչիններն ու Ռադոմսկին հանդիպում են կառքով անցնող Նաստասյա Ֆիլիպովնային, որն ընթացքից Ռադոմսկուն գոռում է ինչ-որ պարտամուրհակների մասին՝ դրանով իսկ նրան անվանարկելով Եպանչինների ու իր ապագա հարսնացուի առաջ։

Երրորդ օրը գեներալի կինն անսպասելիորեն այցելում է իշխանին, թեև բարկացած էր նրա վրա այդ ողջ ընթացքում։ Զրույցի ընթացքում պարզվում է, որ Ագլայան ինչ-որ կերպ խոսել է Նաստասյա Ֆիլիպովնայի հետ Գանյայի ու նրա քրոջ միջոցով, որ Եպանչինների տան այցելուներից է։ Իշխանը նաև ասում է, որ գրություն է ստացել Ագլայայից, որում նա խնդրում է չերևալ իր աչքին։ Զարմացած Լիզավետա Պրոկոֆևնան, հասկանալով, որ այդտեղ իրենց դերն ունեն զգացմունքները, որ Ագլայան տածում է իշխանի նկատմամբ, անմիջապես նրան հանձնարարում է հյուր գալ իրենց «դիտմամբ»։

Երրորդ մաս խմբագրել

Լիզավետա Պրոկոֆևնա Եպանչինան իր մեջ գանգատվում է իշխանից նրա համար, որ նրա պատճառով իրենց կյանքում ամեն ինչ տակնուվրա է եղել։ Նա իմանում է, որ Ագլայան գրություններ է փոխանակում Նաստասյա Ֆիլիպովնայի հետ։

Եպանչինների հետ հանդիպմանը իշխանը խոսում է իր ու իր հիվանդության մասին և այն մասին, որ իր վրա չի կարելի ծիծաղել։ Ագլայան պաշտպանում է նրան․ «Այստեղ բոլորը, բոլորը չարժեն ձեր ճկույթին, ոչ ձեր խելքին, ոչ սրտին։ Դուք բոլորից ազնիվ եք, բոլորից ազնվաբարո, բոլորից լավ, բոլորից բարի, բոլորից խելացի»։ Բոլորը ցնցված են։ Ագլայան շարունակում է․ «Ես ոչ մի դեպքում չեմ ամուսնանա ձեզ հետ։ Իմացեք, որ ոչ մի դեպքում և երբե՛ք։ Իմացե՜ք այդ։ Մի՞թե կարելի է ձեզ նման ծիծաղելիի հետ ամուսնանալ։ Դուք հիմա հայելու մեջ նայեցեք ձեզ, ի՜նչ տեսք ունեք հիմա։ Ինչո՞ւ, ինչո՞ւ են նրանք ինձ ձեռ առնում, թե ես կամուսնանամ ձեզ հետ։ Դուք պետք է որ իմանաք այդ։ Դուք էլ դավադրության մեջ եք նրանց հետ»։ Իշխանն արդարանում է, թե ինքը չի էլ մտածում այդ մասին։ Ի պատասխան Ագլայան սկսում է անզուսպ ծիծաղել։

Ավելի ուշ Միշկինը, Ռադոմսկին ու Եպանչինների ընտանիքը կայարանում հանդիպում են Նաստասյա Ֆիլիպովնային։ Նա բարձրաձայն հայտնում է Ռադոմսկուն, որ նրա հորեղբայր Կապիտոն Ալեքսևիչն ինքնասպան է եղել պետական գումար վատնելու համար։ Պորուչիկ Մոլովցովը՝ Ռադոմսկու ընկերը, Նաստասյա Ֆիլիպովնային կոչում է «անպատկառ», և վերջինս ճիպոտով խփում է նրա դեմքին։ Սպան նետվում է դեպի Նաստասյա Ֆիլիպովնան, սակայն Միշկինը պաշտպանում է նրան։ Ռոգոժինը տանում է Նաստասյա Ֆիլիպովնային։

Ագլայան երկտող է ուղարկում Միշկինին՝ հանդիպում նշանակելով այգում գտնվող նստարանի մոտ։ Միշկինն անհանգիստ է․ նա չի կարողանում հավատալ, որ իրեն կարող են սիրել։

Իշխան Միշկինն իր ծննդյան օրն արտասանում է «Գեղեցկությունը կփրկի աշխարհը» արտահայտությունը, ինչից հետո Իպոլիտ Տերենտևը հայտարարում է, թե գիտի՝ ինչի պատճառով են այդպիսի մտքեր իշխանի գլխում․ նա սիրահարված է։ Ապա Տերենտևը կարդում է «Իմ անհրաժեշտ բացատրությունը» «Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» բնաբանով։

Իշխանը կարդում է Նաստասյա Ֆիլիպովնայի՝ Ագլալային ուղղված նամակները։ Կեսգիշերին նա գնում է Եպանչինների մոտ՝ կարծելով թե դեռ ժամը տասը չկա։ Ալեքսանդրան հայտնում է, որ բոլորն արդեն քնած են։ Տուն վերադառնալիս իշխանը հանդիպում է Նաստասյա Ֆիլիպովնային, որն ասում է, թե նա իրեն տեսնում է վերջին անգամ։

Չորրորդ մաս խմբագրել

Իվոլգինների տանը հայտնի է, որ Ագլայան ամուսնանում է իշխանի հետ, և Եպանչինների մոտ երեկոյան հավաքվում են նրա հետ ծանոթանալու համար։ Գանյան ու Վարյան խոսում են Լեբեդևի փողերի գողության մասին, որում, ինչպես պարզվում է, մեղավոր է իրենց հայրը։ Գանյան վիճում է գեներալ Իվոլգինի հետ, ապա վերջինս գոռում է «անեծք այս տանը» ու հեռանում։ Շարունակվում են վեճերն Իպոլիտի հետ, որ սպասում է իր մահվանը։ Գանյան ու Վարյան նամակ են ստանում Ագլայայից, որում նա երկուսին էլ խնդրում է գնալ Վարյային հայտնի կանաչ նստարանի մոտ։ Քույր ու եղբոր համար անհասկանալի է այդ քայլը, քանի որ իշխանի հետ նշանադրությունն արդեն կայացել է։ Հաջորդ առավոտյան՝ Լեբեդևի հետ բուռն վեճից հետո, գեներալ Իվոլգինն այցելում է իշխանին ու հայտարարում, թե ինքը ցանկանում է «հարգել ինքն իրեն», նա իշխանի մոտից հեռանում է Կոլյայի հետ և կարճ ժամանակ անց կաթված է տանում։

Ագլայան իշխանին նվիրում է ոզնի «ի նշան իր խորին հարգանքի»։ Եպանչինների մոտ Ագլայան ցանկանում է իմանալ նրա կարծիքը ոզնու մասին, ինչի պատճառով իշխանը շփոթվում է։ Ագլայան գոհ չի մնում պատասխանից, և ուղղակի հարցնում է, թե խնդրում է նա արդյոք իր ձեռքը, թե ոչ։ Իշխանը հավատացնում է, որ խնդրում է ու շատ է սիրում նրան։ Ագլայան հարցնում է նրա նյութական վիճակի մասին, ինչը մյուսներին թվում է բոլորովին անպատշաճ։ Հետո նա ծիծաղում է ու փախչում, իսկ քույրերն ու ծնողները գնում են նրա հետևից։ Իր սենյակում Ագլայան լաց է լինում, հաշտվում հարազատների հետ ու ասում, որ բոլորովին էլ չի սիրում իշխանին և «կմեռնի ծիծաղից», եթե նորից տեսնի նրան։ Ագլայան ներողություն է խնդրում իշխանից, իսկ նա այնքան երջանիկ է, որ նույնիսկ չի լսում աղջկա խոսքերը։ Ողջ երեկոյի ընթացքում նա ուրախ զրուցում է, ապա այգում հանդիպում Իպոլիտին, որը սովորականի նման ծաղրում է նրան։

Երեկոն բարձր հասարակությունում սկսվում է հաճելի զրույցներից, սակայն հանկարծ սկսում է խոսել իշխանը․ ավելի ու ավելի ոգևորվելով՝ նա ի վերջո ջարդում է չինական սափորը, ինչպես և կանխատեսել էր։ Այն բանից հետո, երբ բոլորը ներում են նրա այդ արարքը, նա իրեն հիանալի է զգում և շարունակում է ոգևորված խոսել։ Խոսքի ընթացքում նա կանգնում է, ու հանկարծ սկսվում է նոպան։ Ագլայան հետո հայտարարում է, որ ինքը երբեք էլ նրան չի համարել իր փեսացուն։

Եպանչիններն այնուամենայնիվ հետաքրքրվում են իշխանի առողջությամբ։ Վերա Լեբեդևայի միջոցով Ագլայան իշխանին պատվիրում է չհեռանալ տնից։ Իպոլիտն իշխանին ասում է, որ այդ օրն ինքը խոսել է Ագլայայի հետ, որ պայնամանավորվեն Նաստասյա Ֆիլիպովնայի հետ հանդիպման վերաբերյալ, որ պետք է կայանա նույն օրը։ Իշխանը հասկանում է, որ Ագլայան ցանկանում էր, որ ինքը մնա տանը, որպեսզի նա գա իր հետևից։ Այդպես էլ լինում է, և վեպի գլխավոր հերոսները հանդիպում են։

Զրույցի ընթացքում Նաստասյա Ֆիլիպովնան իշխանին հրամայում է որոշել, թե ում հետ է նա գնալու։ Իշխանը ոչինչ չի հասնակում, և դիմում է Ագլայային և հարցնում՝ ցույց տալով Նաստասյա Ֆիլիպովնային․ «Մի՞թե դա հնարավոր է։ Ախր նա․․․ այնքան դժբախտ է»։ Դրանից հետո Ագլայան չի դիմանում ու փախչում է, իշխանը գնում է նրա հետևից, սակայն Նաստասյա Ֆիլիպովնան բռնում է նրա ձեռքն ու ուշագնաց լինում։ Իշխանը մնում է նրա հետ։

Սկսվում է իշխանի ու Նաստասյա Ֆիլիպովնայի հարսանիքի նախապատրաստությունը։ Եպանչինները հեռանում են Պավլովսկից։ Գալիս է բժիշկը, որպեսզի զննի Իպոլիտին, ինչպես նաև իշխանին։ Ռադոմսկին ցանկանում է վերլուծել տեղի ունեցածը և որոշել իշխանի մոտիվներն այս կամ այն արարքների ու զգացմունքների հարցում։ Իշխանը համոզված է, որ ինքը մեղավոր է։

Գեներալ Իվոլգինը մեռնում է երկրորդ կաթվածից։ Լեբեդևը սկսում է ինտրիգներ լարել իշխանի դեմ և այդ մասին խոստովանում է հարսանիքի օրը։ Իպոլիտն իշխանին ասում է, թե Ռոգոժինը կսպանի Ագլայային նրա համար, որ իշխանն իրենից խլել է Նաստասյա Ֆիլիպովնային։ Վերջինս շատ է անհանգստանում՝ երևակայելով, թե Ռոգոժինը թաքնվել է այգում և ուզում է սպանել իրեն։ Հարսանիքից առաջ, երբ իշխանն արդեն սպասում էր եկեղեցում, Նաստասյա Ֆիլիպովնան տեսնում է Ռոգոժինին, գոռում՝ «Փրկի՛ր ինձ» և հեռանում նրա հետ։ Իշխանն ասում է, թե նրա վիճակում դա լրիվ հասկանալի է, իսկ Կելլերը նրա ռեակցիան համարում է «անօրինակ փիլիսոփայություն»։

Իշխանը հեռանում է Պավլովսկից, համար վարձում Պետերբուրգում և սկսում փնտրել Ռոգոժինին։ Երբ նա գնում է Ռոգոժինի տուն, աղախինն ասում է, թե նա տանը չէ, իսկ դռնապանը, ընդհակառակը, պատասխանում է, թե նա տանն է, սակայն լսելով իշխանի հերքումը, ենթադրում է, թե գուցե դուրս է եկել։ Հյուրանոցի ճանապարհին Ռոգոժինն ամբոխի մեջ դիպչում է իշխանի արմունկին ու ասում, որ նա գնա իր հետ։ Նաստասյա Ֆիլիպովնան նրա տանն է։ Նրանք բարձրանում են Ռոգոժինի բնակարան, որտեղ Նաստասյա Ֆիլիպովնան պառկած է անկողնու վրա․ Ռոգոժինը սպանել է նրան դանակով ու ծածկել սավանով։ Նրանք գիշերը մնում են դիակի մոտ, իսկ առավոտյան, երբ նրանց գտնում են, Ռոգոժինը զառանցում էր, իսկ իշխանը ոչինչ չէր հասկանում ու ոչ ոքի չէր ճանաչում․ նա «ապուշ» է, ինչպես այն ժամանակ Շվեյցարիայում։

Կերպարներ խմբագրել

  • Իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին – ռուս ազնվական, որ չորս տարի Շվեյցարիայում բուժվել է ընկնավորությունից։ Սպիտակամաշկ է, կապույտ աչքերով, միջինից քիչ բարձրահասակ։
  • Նաստասյա Ֆիլիպովնա Բարաշկովա – գեղեցիկ կին ազնվական ընտանիքից, Ա․ Տոցկու սիրուհին։ Նա արժանանում է իշխան Միշկինի կարեկցությանը, որն շատ բան է զոհում նրան օգնելու համար։
  • Պարֆյոն Սեմյոնովիչ Ռոգոժին – գորշ աչքերով, մուգ մազերով քսանյոթամյա երիտասարդ վաճառականների տոհմից։ Սիրահարված է Նաստասյա Ֆիլիպովնային և ստանալով մեծ ժառանգություն՝ վայելում է նրա հետ։

Եպանչինների ընտանիք՝

  • Լիզավետա Պրոկոֆևնա Եպանչինա – իշխան Միշկինի հեռավոր ազգականուհին, երեք գեղեցկուհիների մայր։ Կռվարար է, բայց շուտ վիրավորվող ու զգացմունքային,
  • Իվան Ֆեոդորովիչ Եպանչին – հարուստ և Պետերբուրգում հարգանք վայելող գեներալ։ Սերում է ցածր խավի ընտանիքից,
  • Ալեքսնադրա Իվանովնա Եպանչինա – Ագլայայի ավագ քույրը, 25 տարեկան,
  • Ադելաիդա Իվանովնա Եպանչինա – Եպանչինների միջնեկ դուստրը, 23 տարեկան, հետաքրքրվում է գեղանկարչությամբ, նշանված է իշխան Շչ-ի հետ,
  • Ագլայա Իվանովնա Եպանչինա – Եպանչինների կրտսեր և ամենագեղեցիկ դուստրը, մոր սիրելին։ Երեսառած է, բայց բավական մանկամիտ։ Նրան սիրահետում է Եվգենի Պավլովիչ Ռադոմսկին՝ իշխանուհի Բալկոնսկայայի հովանավորյալը։ հետագայում ամուսնանում է լեհ կոմսի հետ։

Իվոլգինների ընտանիքը՝

  • Արդալիոն Ալեքսանդրովիչ Իվոլգին – թոշակի անցած գեներալ, ընտանիքի հայրը։ Ստախոս և հարբեցող,
  • Նինա Ալեքսանդրովնա Իվոլգինա – գեներալ Իվոլգինի կինը, Գանյայի, Վարյայի ու Կոլյայի մայրը,
  • Գավրիլա (Գանյա) Արդալիոնովիչ Իվոլգին – միջին դասի պատվախնդիր չինովնիկ, սիրահարված է Ագլայա Իվանովնային, սակայն պատարստ է ամուսնանալ Նաստասյա Իվանովնայի հետ խոստացված 75 000 ռուբլի օժիտի համար,
  • Կոլյա Իվոլգին – Գանյայի կրտսեր եղբայրը, 16 տարեկան,
  • Վարվառա Արդալիոնովնա Պտիցինա – Գանյա Իվոլգինի քույրը, դեմ է Նաստասյա Ֆիլիպովնայի հետ եղբոր ամուսնությանը և ցանկանում է նրան ամուսնացնել Ագլայայի հետ,
  • Իվան Պետրովիչ Պտիցին – վաշխառու, Վարվառա Արդալիոնովնայի ամուսինը։

Այլ կերպարներ՝

  • Ֆերդիշչենկո – սենյակ է վարձում Իվոլգինների մոտ, գիտակցաբար խաղում է ծաղրածուի դեր,
  • Աֆանասի Իվանովիչ Տոցկի – միլիոնատեր, մեծացրել, ապա պահում է Նաստասյա Ֆիլիպովնային հոր մահվանից հետո։ Նրան խոստացել է տալ 75 հազար ռուբլի օժիտ։ Ուզում է ամուսնանալ Ալեքսանդրա Իվանովնա Եպանչինայի հետ և Նաստասյա Ֆիլիպովնային ամուսնացնել Գանյա Իվոլգինի հետ,
  • Իպոլիտ – թոքախտավոր, Կոլյայի ընկերը։ Իրեն համարում է մեծ մարդ,
  • Կելլեր – բռնցքամարտիկ, «ընթերցողին հայտնի հոդվածի հեղինակը և ռոգոժինյան առաջվա խմբի իսկական անդամ», պահեստի պորուչիկ, վարորդ Միշկինի չկայացած հարսանիքում,
  • Լեբեդև – չինովնիկ, «վատ հագնված մի պարոն, գրագրության մեջ չորացած մոտ քառասուն տարեկան, ամրակազմ, կարմիր քթով ու պզուկոտ դեմքով», մեծ ընտանիքի հայր, հարբեցող և ստորաքարշ։

Էկրանավորումներ խմբագրել

 
Հուշատախտակ Ֆլորենցիայում, որի վրա նշված է, որ այդտեղ Ֆ․ Դոստոևսկին գրել է «Ապուշը» վեպը
  • «Ապուշը» – Պյոտր Չարդինինի ֆիլմը (Ռուսաստան, 1910)
  • «Ապուշը» − Սալվատորե Ավերսանոյի ֆիլմը (Իտալիա, 1919)
  • «Ապուշ իշխանը» − Էուջենիո Պերեգոյի ֆիլմը (Իտալիա, 1920)
  • «Անհավատարիմ հոգիներ» − Կարլ Ֆրյոլիխի ֆիլմը (Գերմանիա, 1921)
  • «Ապուշը» / L'Idiot − Ժորժ Լամպենի ֆիլմը (Ֆրանսիա, 1946), գլխավոր դերում՝ Ժերար Ֆիլիպ)
  • «Ապուշը» − Ակիրա Կուրոսավայի ֆիլմը (Ճապոնիա, 1951)
  • «Ապուշը» − Իվան Պիրևի ֆիլմը (ԽՍՀՄ, 1958)
  • «Ապուշը» − Ալան Բրիջեսի հեռուստասերիալը (Մեծ Բրիտանիա, 1966)
  • «Ապուշը» (ТВ) / L'idiot − Անդրե Բարսակի ֆիլմը (Ֆրանսիա, 1968)
  • «Ապուշը» − Ալեքսանդրա Ռեմիզովայի ֆիլմը (ԽՍՀՄ, Ե․ Վախթանգովի անվան թատրոն, 1979)
  • «Խենթ սեր» − Անջեյ Ժուլավսկու ֆիլմը (Ֆրանսիա, 1985)
  • «Ապուշը» − Մանի Կաուլի հեռուստասերիալը (Հնդկաստան, 1991)
  • «Նաստասյա» − Անջեյ Վայդայի ֆիլմը (Լեհաստան, 1994)
  • «Ապուշի վերադարձը» − Սաշա Գեդեոնի ֆիլմը (Գերմանիա, Չեխիա, 1999)
  • «Դաուն Հաուս» − Ռոման Կաչանովի ֆիլմը (Ռուսաստան, 2001)
  • «Ապուշը» − Վլադիմիր Բորտկոյի հեռուստասերիալը (Ռուսաստան, 2003)
  • «Ապուշը» − Պիեռ Լենի ֆիլմը (Ֆրանսիա, 2008)
  • 2010 թվականի օգոստոսին էստոնացի ռեժիսոր Ռայներ Սարնետն սկսել է նկարահանել «Ապուշը» ֆիլմը Ֆեոդոր Դոստոևսկու համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականի հոկտեմբերի 12-ին[4]։

Թատերական բեմադրություններ խմբագրել

  • 1957 – Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն, բեմական կոմպոզիցիան և բեմադրությունը՝ Գեորգի Տովստոնոգովի, ռեժիսոր՝ Ռոզա Սիրոտա, նկարիչ՝ Մ․ Լիխնիցկայա, կոմպոզիտոր՝ Իսահակ Շվարց, դիրիժոր՝ Ն․ Լյուբարսկի, դերերը կատարել են․ իշխան ՄիշկինԻնոկենտի Սմոկտունովսկի, հետագայում՝ Իգոր Օզերով, Ռոգոժին – Եվգենի Լեբեդև, Նաստասյա Ֆիլիպովնա – Նինա Օլխինա,
  • 1958 – Ե․ Վախթանգովի անվան թատրոն, բեմադրությունը՝ Ալեքսանդրա Ռեմիզովայի, դերերը կատարել են․ իշխան Միշկին – Նիկոլայ Գրիցենկո, Ռոգոժին – Միխայիլ Ուլյանով, Նաստասյա Ֆիլիպովնա – Յուլյա Բորիսովա, Ագլայա – Լյուդմիլա Ցելիկովսկայա,
  • Սանկտ Պետերբուրգի «Мастерская» թատրոն, բեմադրվել է Գրիգորի Կոզլովի կողմից «Ապուշը։ Վերադարձ» խորագրով[5]։ 2010 թվականին Միշկինի բոլոր երեք դերակատարներ արժանացել են Վ․ Ստրժելչիկի անվան դերասանական անկախ մրցանակի,
  • Պետերբուրգի երիտասարդական թատրոն Ֆոնտանկայում, «Ապուշը։2012» (ռուս.՝ "Идиот.2012"), բեմադրությունը՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սեմյոն Սպիվակի։

Օպերաներ խմբագրել

  • 1986 − «Ապուշը» օպերա, Մեչիսլավ Վայնբերգ (պրեմիերան՝ 2013, Մանհեյմ)
  • 1995 − «Ն. Ֆ. Բ.» օպերա, Վլադիմիր Կոբեկին (պրեմիերան՝ 1995, Լոկկում)
  • 2015 − «Ապուշը» օպերա, Ալեքսանդր Սմելկով

Բալետ խմբագրել

  • 1980 – Լենինգրադում ներկայացվել է բալետմաստեր Բորիս Էյֆմանի «Ապուշը» բալետը Ֆ․ Դոստոևսկու վեպի մոտիվներով և Պյոտր Չայկովսկու Վեցերորդ սիմֆոնիայի երաժշտությամբ[6],
  • 2015 – հուլիսի 30-ին կայացել է «Ապուշը» բալետի պրեմիերան, որ բեմադրվել է Պ․ Չայկովսկու երաժշտությամբ Օմսկի պետական երաժշտական թատրոնում[7]։

Փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ПСС в 30-ти т., 1972—1990, том 9, էջ 334
  2. Ապուշը։ [Վեպ] / Ֆ.Մ. Դոստոևսկի; Թարգմ.՝ Ա.Ղ. Վարդապետյան; Խմբ.՝ Դ.Գ. Եսայան. - Երևան։ Հայաստան, 1965. - 850 էջ։
  3. «Фёдор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Идиот».
  4. В Эстонии снимают «Идиота» Достоевского(չաշխատող հղում) // Novosti ERR, 06.08.2010
  5. «Спектакль Идиот. Возвращение - Ф.М. Достоевский - театр «Мастерская» под руководством Григория Козлова | Санкт-Петербург». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. «Театр балета Бориса Эйфмана». Belcanto.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. http://www.muzteatr-omsk.ru/balet/550-idiot.html Արխիվացված 2017-11-22 Wayback Machine Ссылка на страницу спектакля

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ապուշը հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապուշը» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապուշը» հոդվածին։