Ապատիա (հուն․՝ ἀπάθεια; a- "առանց" and pathos- տառապանք, կիրք), անկիրքություն, ինքնատիրապետում, անտարբերության վիճակ, ակտիվության խիստ նվազում, որևէ գործողության մղման բացակայություն (հաճախ բարձրագույն նյարդային համակարգի գործունեության խախտման արդյունք), նաև՝ շրջապատող իրականության խնդիրներից և վախերից լիակատար ազատվածության վիճակ։

Ապատիա
Տեսակփիլիսոփայական հասկացություն

Ստուգաբանություն խմբագրել

Կազմված է հունարեն ἀ բացասական մասնիկից և πάθεια աֆեկտ բառից։

Տերմինը շրջանառության մեջ է մտել անտիկ շրջանի փիլիսոփաների կողմից անկիրքություն, աֆեկտի բացակայություն (աֆեկտի չենթարկվող)[1] իմաստով։ Ֆունկցիոնալ անալոգն է ատարաքսիան։ Համարվել է բարձրագույն առաքինություն, այնպիսի փիլիսոփայական աշխարհընկալում, որը հատուկ է միայն իրենց անձնապաշտ կրքերը սանձելու ընդունակ իմաստուններին։

Որպես էթիկայի հասկացություն սկիզբ է առնում Պլատոնից[2], աստիճանաբար ձևավորվում է Կինիկների (Անտիսթենես[3]) և Մեգարյան դպրոցի (Ստիլպոն[4]) հայացքներում, հիշատակվում է Արիստոտելի[5] կողմից, հատուկ նշանակություն է ստանում ստոիցիզմի էթիկայում, հետագայում, սկեպտիցիզմի փիլիսոփայության էթիկայում։

Ըստ Մեգարյան դպրոցի խմբագրել

Առաջին անգամ որպես էթիկայի առանցքային հասկացություն կիրառվել է Մեգարյան դպրոցի ներկայացուցիչներից Ստիլպոնի կողմից, հետագայում Զենոն Էլեացու կողմից (մ.թ.ա. 4—3 դդ.)։ Մեգարյան դպրոցի էթիկայում ապատիան մեկնաբանվել որպես գիտակցության գրեթե լիակատար կորուստ։

Ըստ ստոիկների խմբագրել

Ստոիկների էթիկայի/բարոյագիտական ուսմունքում կարևոր, առացքային հասկացություններից մեկն է։ Ապատիայի տակ հասկացվում է առաքինության կարևոր հատկանիշ՝ անկիրքություն, կրքերից լիակատար ազատ վիճակ, այնպիսի վիճակ, երբ զգացմունքները չեն խանգարում բանականության գործունեությանը։ Ապատիայով օժտված է իմաստունը։ Ըստ ստոիկների, ապատիան իդեալական վիճակ է, պայման է խորհրդածությունների համար։ Արտաքին իրականությունը սխալ գնահատելու արդյունքում առաջացող աֆեկտները (հատկապես չորս հիմնական՝ կիրք, տխրություն, վախ, ցանկություն/տռփանք և հաճույք) հաղթահարելու դրական ընդունակություն։ Ակներևաբար ստոիկների վրա ազդեցություն են գործել արևելյան կրոնա-փիլիսոփայական հայացքները, մասնավորապես բուդդայականության և ջայնիզմի ուսմունքներում բացարձակ հանգստի՝ նիրվանայի, որպես մարդկային հոգու բարձրագույն վիճակի մասին հայացքները։

Ավելի ուշ շրջանի ստոիկների (Սենեկա[6], Էպիկտետոսի[7], Մարկոս Ավրելիոս[8]) ապատիան կամային բնույթ է ձեռք բերում (երբեմն կիրառվում է ատարաքսիայի հետ զուգահեռ) և նշանակում էր ինքդ քեզ տիրապետելու ընդունակություն։ Փիլոն Ալեքսանդրացու[9] միջոցով ապատիա տերմինը յուրացվում է նախաքրիստոնեական էթիկայի կողմից և կիրառվում է սրբությունը[10] բնութագրելու նպատակով։ Նոր ժամանակներում ապատիայի էթիկական իմաստը օգտագործել է Սպինոզան[11], հետագայում Կանտոնը[12]։

Ըստ սկեպտիկների խմբագրել

Ապատիայի անկիրքությունը և ատարաքսիայի անվրդովությունը սկեպտկները դիտում էին երանության հասնելու միջոց։ Անկիրքություն ու անվրդովություն ասելով հասկացվում էր ամեն կարգի դատողություններից զերծ մնալ, որն իր հերթին հանգեցնում էր գիտակցության փաստարկների աջակցությունից հրաժարվելուն։

Բժշկական տերմին խմբագրել

Հիվանդագին վիճակ, որն արտահայտվում է անտարբերությամբ, շրժապատող իրականութան նկատմամբ անմասնակից՝ ինքնամփոփ վարքով, զգայության ազդակների արտաքին դրսևորումների բացակայությամբ (հույզերի կաթված)։ Երբեմն ապատիան ուղեկցվում է աբուլիայով (ապատո-աբուլիական համախտանիշ), հոգեկան-մտավոր գործունեության ընդհանուր անկմամբ։ Նման հիվանդները նախաձեռնություն չեն ցուցաբերում, քիչ են խոսում, քիչ են շարժվում։ Ապատո-աբուլիական սինդրոմը (համախտանիշը) դիտվում է որոշ հոգեկան հիվանդությունների դեպքում, նաև նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների դեպքում։

Առօրեական կիրառման տեսանկյունից ապատիան ինչ-որ մեկի կամ ինչ-որ մի բանի նկատմամբ անտարբերություն, անուշադրություն է նշանակում, ինքնամփոփ, կամազուրկ վիճակ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Arist. De an. 429 а 29; Phys. 217 b 26 cf. Plat. Phileb. 33 de; Phaedr. 250 с
  2. Phileb. 21 е; 33 b
  3. Diog,. L. VI 2; 15
  4. Sen. Ер. 9,1
  5. Eth. Nic. 1104 b 24; Eth. Eud. 1222 a 3 cf. II An. 97 b 23
  6. трактат De tranquillitate animi
  7. Diss. I 4,3; III 15,12; 26,13
  8. XI 18 cf. I 9
  9. Leg. alleg. II 101; III 129; De plant. 98
  10. Clem. Alex. Strom. IV 7,55,4; VI 9,74,1; VII 2,10,7
  11. Ч. 4, 5 «Этики»
  12. «Антропология» § 73–75; «Метафизика нравов», ч. II, введение, § 16–17

Գրականություն խմբագրել

  1. Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.
  2. Новая философская энциклопедия|АПАТИЯ [1]
  3. Словари и энциклопедии на Академике [2]
  4. Столяров А.А. Стоя и стоицизм. М., 1995;
  5. Rieth О. Grundbegriffe der Stoischen Ethik. В., 1933;
  6. Rist J.M. The Stoic concept of detachment. – The Stoics, ed. J.M.Rist. Berkeley – Los Angeles, 1978, p. 259–272.