Աշուղական արվեստ, ժողովրդապրոֆեսիոնալ ստեղծագործական և կատարողական արվեստ, որը հատուկ է աշուղներին։ Ունի իր պահանջները, որոնցից գլխավորներն են՝ բանաստեղծությունները հորինել աշուղական տաղաչափությամբ, յուրացնել տվյալ շրջապատին ու ժամանակին հատուկ աշուղական կանոնական եղանակները և հարստացնել դրանք, մասնակցել աշուղական հրապարակային մրցություններին, երգով և նվագակցությամբ ելույթներ ունենալ մենակ կամ ընկերներով։

Աշուղ Ջիվանին

Աշուղ են կոչվում ժողովրդական այն ստեղծագործողները, որոնք երգի խոսքն ու երաժշտությունը կատարում են որևէ երաժշտական գործիքի նվագակցությամբ (քամանչա, սազ, թառ և այլն)։ Աշուղությունը նախապես ծագել է արաբ-պարսկական միջավայրում և ապա մուտք գործել հայ, վրաց և այլ ժողովուրդների կենցաղ։ Աշուղական երգերի տեսակները կրում են միասնական անուններ, որոնք մատնանշում են ինչպես ամբողջ հորինվածքի, այնպես էլ տների տողաքանակն ու հանգավորման սկզբունքները։ Հայ իրականության մեջ աշուղական արվեստը տարածվել է 16-17-րդ դարերում և փոխարինել է հին գուսանական արվեստին։ Սիրո, բնության, ուրախության, հայրենասիրական, երգիծական և այլ թեմաներով աշուղական երգերը հաճախ առանձնանում են խոսքի ինքնատիպությամբ ու վարակիչ հուզականությամբ։ Բանաստեղծական ակներև ձիրքով հատկապես օժտված են Սայաթ-Նովան, Ջիվանին, Շիրինը, Շերամը, Աշոտը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 494