Աշխարհի լույսը (անգլ.՝ The Light of the World), պրեռաֆայելիտ նկարիչ Ուիլյամ Հոլման Հանտի այլաբանական նկարը, որը պատկերում է Հիսուս Քրիստոսին զանգվածեղ, վաղուց աճած մոլախոտով ծածկված փակ դռան մոտ։ Նկարը պատկերում է Հովհաննեսի հայտնությունը. «Կանգնած եմ դռան դիմաց և ծեծում եմ։ Եթե որևէ մեկը կլսի իմ ձայնը ու կբացի դուռը, կմտնեմ ներս և երեկոն կանցկացնեմ նրա հետ, և նա` ինձ հետ»։ Նկարի անվանումը ևս վերցրած է Ավետարանից. «Ես եմ աշխարհի լույսը» (Ավետարան ըստ Հովհաննեսի, անգլ.՝ I am the light of the world):

Աշխարհի լույսը
տեսակգեղանկար
նկարիչՈւիլյամ Հոլման Հանտ[1]
տարի1853
բարձրություն125 սանտիմետր[2]
լայնություն60 սանտիմետր[2]
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էKeble College?
հավաքածուKeble College?
կայք
Ծանոթագրություններ
 The Light of the World (painting) Վիքիպահեստում

Նկարի սյուժե և սիմվոլիզմ խմբագրել

Նկարում կան խորհրդանշական իմաստ ունեցող կերպարներ։ Գիշեր է։ Քրիստոսը, կանթեղը ձեռքին քայլում է մռայլ աշխարհով և դռներ է թակում։ Նկարի վրա նա պատկերված է դռներից մեկի մոտ։ Հիսուսի ձախ ձեռքի կանթեղն ընդգծում է շրջապատող աշխարհի մռայլությունը։ Կանթեղի լույսն ընկնում է դռան վրա և մի քիչ լուսավորում է Փրկչի հագուստը։ Քրիստոսը պատկերված է երկար լուսավոր հագուստով, նրա հագին կարմիր թիկնոց կա, գլխին` թագ, իսկ դրա շուրջը` Փշե պսակը, ոտքերին` սանդալներ։ Նկարի վրա ևս մեկ լուսավոր կետը լուսինն է, որը լուսապսակ է ձևավորել Փրկչի գլխի շուրջը։

Դուռը խորհրդանշում է «փակ սիրտը», այն վաղուց չի բացվել, ծածկված է մոլախոտով։ Դռան վրա բռնակ չկա, այն հնարավոր է բացել միայն ներսից[3]։ Նկարիչը հատուկ ուշադրություն է դարձրել կանթեղի պատկերմանը։ Այն բավականին բարդ ու արտասովոր է. դրա յոթ ծայրերը խորհրդանշում են Ապոկալիպսիսի յոթ եկեղեցիները, իսկ տարբեր ձևերի բացվածքները` կրոնի տարբեր ձևերը, որոնք միավորվում են ընդհանուր լույսով։

Ամբողջ տեսարանը հատված է պատկերում Հովհաննեսի Հայտնությունից. «Կանգնած եմ դռան դիմաց և ծեծում եմ։ Եթե որևէ մեկը կլսի իմ ձայնը ու կբացի դուռը, կմտնեմ ներս և երեկոն կանցկացնեմ նրա հետ, և նա` ինձ հետ»։

Նկարի ստեղծումից 50 տարի անց Հանտն ստիպված է եղել բացատրել դրա խորհրդանշական իմաստը[4]։

Ստեղծման պատմություն խմբագրել

Նկարն ստեղծվել է որպես «Արթնացած մեղք» (The Awakening Conscience, 1853) նկարին զուգադիր։

Օրիգինակ նկարը պատկերվել է 1853-1854 թվականներին։ Ի սկզբանե Հանտը որոշել էր ցերեկային տեսարան պատկերել։ Սակայն ավելի ուշ որոշել է գիշերային տեսարան պատկերել և շարունակել փորձարկումներ անել լուսային էֆեկտներով, որոնք սկսել էր անել «Մեր անգլիական ափերը» նկարում (1852)։ Մինչ այդ Հանտը չէր պատկերել գիշերային տեսարաններ և դրանց պատկերման տեխնիկան բարելավելու համար ուղևորվել է Սուրեյ կոմսություն։

Հանտը լապտերը ձեռքին շրջել է Իվելլի կայարանի շրջակայքում և համապատասխան աղքատ խրճիթ է գտել ֆերմաներից մեկում։ Նա դրա բակում ծղոտե վրան է սարքել և ապրել այնտեղ մի քանի ամիս` լուսնային գիշերների ընթացքում ուսումնասիրելով լուսավորությունն ու լուսային էֆեկտները. ծառերի ճյուղերի միջով անցնող լույսի կոտրումը, լույսի տարրալուծումը լապտերից, ստվերից ու կիսաստվերից։ Նա աշխատել է գիշերները, լապտերով և էտյուդապանակով, և տեղի բնակիչներն ի վերջո նրան խելագարի տեղ են դրել։ Ֆերմայում նրա հետ ապրում էր մեկ այլ պրեռաֆայելիտ` Ջոն Էվերեթ Միլլեն, որն արդյունքում հիշում էր.

Այդ երեկո ես Հանտի լապտերով այգի դուրս եկա (չքնաղ լուսնային գիշեր, սակայն` շատ սառը), որպեսզի տեսնեմ այն էֆեկտը, որին նա ուզում է հասնել այդ լուսնային լույսի շնորհիվ։

Լապտերը, որով նկարիչն իրեն լուսավորում էր, նման չէր այն կանթեղին, որը նկարում պատկերված է Քրիստոսի ձեռքին։ Սակայն ձգտելով ճշմարտանմանությանն ու կատարելությանը` Հանտը հատուկ պատրաստել էր նաև կանթեղի մակետը։ Նկարի վրա աշխատանքը Հանտն ավարտել է իր լոնդոնյան արվեստանոցում։ Դաշտային պայմաններում աշխատանքի մեծ փորձ ունենալով` նա հատուկ սարք էր պատրաստել, որի շնորհիվ ստանում էր լուսային անհրաժեշտ էֆեկտներն իր արվեստանոցում, օրվա ցանկացած ժամի։

Նկարը հանրությանն է ներկայացվել 1854 թվականի Արքայական ակադեմիայի ցուցահանդեսին, սակայն բավականին սառն է ընդունվել և չի ունեցել այն ազեդությունը, որի վրա հույս ուներ Հանտը։ Բացի այդ, որոշները նրա նոր աշխատանքում կաթոլիկության քարոզ են տեսել։ Այդ ժամանակ նկարի պաշտպանության դիրքերից Թայմս ամսագրի էջերից հանդես է եկել արվեստի հայտնի տեսաբան Ջոն Ռասկինը` տպագրելով նկարի խորհրդանշական միտքը բացատրող հոդված։ 1854 թվականի մայիսի 5-ին գրված իր նամակում Ռյոսկինը «Աշխարհի լույսն» անվանել է կրոնական թեմաներով ամենասքանչելի ստեղծագործություններից մեկը, որը երբևէ ստեղծվել է։

Ի վերջո նկարը գնել է Թոմաս Կոմբը, իսկ նրա կինն արդյունքում փոխանցել է այն Քեյբլ քոլեջին (Օքսֆորդ), որտեղ և այն հետագայում ցուցադրվել է։ Ներկայումս այդ կտավը գտնվում է Քեյբլ քոլեջի մեծ ժամատան կողային սենյակում[5]։ Ամբողջ Անգլիայում տարածված են նկարի կրկնօրինկմամբ փորագրություններ ու բացիկներ, և տարիների ընթացքում «Աշխարհի լույսը» ճանաչվել է որպես վիկտորիանական դարաշրջանի ամենահայտնի ու ազդեցիկ կերպարներից մեկը։

Սակայն Հանտին չէին գոհացնում Քեյբլ քոլեջում նկարի ցուցադրման պայմանները, որտեղ այն մեծ թվով մարդիկ տեսնել չէին կարող, և նկարի ստեղծումից ուղիղ 50 տարի անց, 1904 թվականին, նկարիչն ավարտին է հասցրել դրա մեկ այլ տարբերակը, որը պատկերում էր Քրիստոսին ամբողջ հասակով։ Այդ կտավը ձեռք է բերել Չարլզ Բուտը։ Նկարը ցուցադրվել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի խոշորագույն քաղաքներում` մշտապես մեծ բազմություն հավաքելով։ Այնուհետև այն տեղափոխվել է Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճար։

Իր ընկերոջը` Ուիլյամ Բելլ Սքոթին ուղղված նամակում Հանտը գրել է.

  Այդ նկարը ուղղակի հաջող գյուտ չէ, ես արժանի չեմ դրան, այն ասես ծագել է իմ մեջ, ինձ առաջնորդում էր նախախնամությունը[6]։
 

Ազդեցություն խմբագրել

Վիկտորիանական դարաշրջանում նկարը շատ հայտնի էր և ոգեշնչել է մի քանի կոմպոզիտորների ստեղծագործություններ ստեղծելու համար, մասնավորապես, նկարի ազդեցությամբ Արթուր Սալիվանը 1873 թվականին գրել է «The Light of the World» օրատորիան[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://artuk.org/discover/artworks/the-light-of-the-world-222190
  2. 2,0 2,1 https://www.wga.hu/frames-e.html?/html/h/hunt/thelight.html
  3. Hunt, W.H., Pre-Raphaelitism and the Pre-Raphaelite Brotherhood, London: Macmillan, 1905, vol. 1, p. 350
  4. 4,0 4,1 The Victorian Web
  5. Hunt, W.H., Pre-Raphaelitism and the Pre-Raphaelite Brotherhood, London: Macmillan, 1905, vol. 1, p. 299—300.
  6. Forbes, C (2001), «Images of Christ In Nineteenth-Century British Paintings In The Forbes Magazine Collection» Արխիվացված 2009-09-24 Wayback Machine, Magazine Antiques, December 2001.

Գրականություն խմբագրել

  • Мировое искусство. Прерафаэлитизм / Сост. И. Г. Мосин. СПб., ООО «СЗКЭО Кристалл», 2006
  • Maas, Jeremy Holman Hunt and the Light of the World. — Ashgate Publishing, 1984. — ISBN 9780859676830

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխարհի լույսը» հոդվածին։