Աշխարհի բոլոր փողերը (ֆիլմ, 2017)

«Աշխարհի բոլոր փողերը» (անգլ.՝ All the Money in the World), ռեժիսոր Ռիդլի Սքոթի դետեկտիվ թրիլլերը։ Սցենարի հեղինակը Դեյվիդ Սկարպան է։ Ֆիլմի սյուժեն հիմնված է Ջոն Փիրսոնի «Փոլ Գեթի․ տանջալի միլիոններ» գրքի և 1973 թվականին պատմության ամենահարուստ գործարար Փոլ Գեթիի թոռան առևանգման իրական դեպքերի վրա։ Գլխավոր դերերում հանդես են եկել՝ Միշել Ուիլյամս, Մարկ Ուոլբերգ, Քրիստոֆեր Պլամմեր Չառլի Փլամեր։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2017 դեկտեմբերի 25-ին, Ռուսաստանում ֆիլմը հայտնվել է վարձույթում 2018 թվականի փետրվարի 22-ին[5]։ Ֆիլմն արժանացել է «Օսկար» և «BAFTA» մրցանակների՝ «Երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դեր» (Քրիստոֆեր Պլամմեր) կատեգորիայում, ինչպես նաև ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի լավագույն ռեժիսորական աշխատանքի (Ռիդլի Սքոթ), դրամայում լավագույն կանացի դերի (Միշել Ուիլյամս) և երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դերի (Քրիստոֆեր Պլամմեր) համար։

Աշխարհի բոլոր փողերը
անգլ.՝ All the Money in the World
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա, թրիլեր և միստիկ ֆիլմ
ՀիմքPainfully Rich: The Outrageous Fortunes and Misfortunes of the Heirs of J. Paul Getty?
Թվականդեկտեմբերի 8, 2017, դեկտեմբերի 21, 2017, փետրվարի 15, 2018, 2017 և հունվարի 25, 2018[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիդլի Սքոթ
ՊրոդյուսերԴեն Ֆրիդկին
Սցենարի հեղինակԴևիդ Սքարփա
ԴերակատարներՄարկ Ուոլբերգ, Միշել Ուիլյամս, Ռոմեն Դյուրիս, Չառլի Փլամեր, Թիմոթի Հաթոն, Քրիստոֆեր Փլամեր, Էնդրյու Բաքան[2], Օլիվիա Գրանթ[2], Մարկո Լեոնարդի[2], Ֆրանչեսկա Ինաուդի[2], Մարիո Օպինատո[2], Ջուլիո Բազե[2], Նիկոլաս Վապորիդիս[2] և Չարլի Շոթուել
ՕպերատորԴարիուշ Վոլսկի
ԵրաժշտությունՋոն Ուիլյամս
ՄոնտաժՔլեր Սիմփսոն
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրElveden Hall?
ԿինոընկերությունTriStar Productions, Scott Free Productions և TriStar Pictures
Տևողություն132 րոպե
Բյուջե50 000 000 $[3]
Շահույթ53 913 707 $[4]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

1973 թվականին Հռոմում առևանգում են աշխարհի ամենահարուստ մարդու՝ նավթային մագնատ Փոլ Գեթիի (Փոլ I-ին) 16-ամյա թոռանը՝ Ջոն Փոլ Գեթի III-ին։ Առևանգողները պահանջում են 17 միլիոն դոլար փրկագին։ Ֆլեշբեքում ներկայացվում է, որ Փոլ III-ի ծնողները՝ Գեյլ Հարիսը և Ջոն Փոլ Գեթի II-ը, ամուսնալուծվել են 1973 թվականին թմրանյութերի և ալկոհոլի նկատմամբ Փոլ II-ի հակվածության պատճառով։ Քանի որ Գեյլը հրաժարվել էր ալիմենտից, չուներ փրկագնի համար անհրաժեշտ միջոցներ։ Նա մեկնում է Մեծ Բրիտանիա՝ Փոլ I-ի կալվածք, և նրան խնդրում վճարել թոռան փրկագինը։ Վերջինս հրաժարվում է՝ ասելով, որ դա կհանգեցնի իր ընտանիքի անդամների հետագա առևանգման։ Փոլ I-ը ենթադրում է, որ առևանգումը բեմադրված է հենց թոռան և նրա մոր կողմից իրենից գումար կորզելու նպատակով։ Նա հանձնարարում է իր նավթային ընկերության անվտանգության ծառայության ղեկավար և ԿՀՎ նախկին օպեր Ֆլեթչեր Չեյսին հետաքննել գործը։

Փոլ III-ը պահվում է Իտալիայի Կալաբրիա մարզի լեռներում գտնվող ստորգետնյա ապաստարանում։ Սկզբում նրա առևանգողները, հատկապես Պոլտիննիկ մականվամբ Դանթե Անյանան, լավ էին վերաբերվում նրան։ Սակայն շաբաթներ անց իրավիճակը սրվում է, քանի որ փրկագնի պահանջը մնացել էր անպատասխան։ Առևանգողները վիճում են Փոլ III-ի տեղափոխման հարցի շուրջ, քանի որ ձմեռը մոտենում էր, իսկ այդ ապաստարանը նախատեսված չէր ցուրտ եղանակի համար։ Առևանգողներից մեկը պատահաբար իր դեմքը ցույց է տալիս Փոլ III-ին, ինչի հետևանքով հանցակիցը սպանում է նրան։ Ոստիկանությունը գտնում է սպանվածի մարմինը և սխալմամբ կարծում, որ նա Փոլ III-ն է։ Սակայն Գեյլը, որը գնացել էր մարմինը ճանաչելու, հաստատում է, որ նա իր որդին չէ։

Ի վերջո ոստիկանությանը հաջողվում է հայտնաբերել Փոլ III-ի ապաստարանը։ Սակայն վերջինիս այնտեղ չեն գտնում, քանի որ առևանգողները նրան հանձնել էին «Նդրանգետա» հանցախմբին։ Պոլտիննիկը միանում է նոր հանցախմբին, որոնք ավելի խիստ բանակցություններ էին վարում Գեթիի ընտանիքի հետ փրկագինը ստանալու համար։ Ի վերջո առևանգողները իջեցնում են փրկագինը՝ 17 միլիոնից դարձնելով 7, ապա՝ 4։

Փոլ III-ին հաջողվում է փախչել և ավտոմեքենայով հասնել մոտակա քաղաքի ոստիկանության բաժանմունք, սակայն «Նդրանգետա» հանցախմբի ամենակարող ղեկավարը վերցնում է նրան ուղիղ բաժանմունքից։ Իրավիճակը նորից սրվում է, առևանգողները կտրում են Փոլ III-ի աջ ականջը և այն ուղարկում իտալական խոշորագույն օրաթերթին՝ հայտնելով, որ կշարունակեն խեղել իր գերուն, մինչև փրկագինը չվճարեն։ Գեյլը Գեթիի կալվածք է ուղարկում թերթի 1000 օրինակ, որոնց առաջին էջում տպագրված էր իր որդու կտրված ականջի լուսանկարը։ Ի վերջո Փոլ I-ը համաձայնվում է վճարել փրկագինը։ Փոխարենը Գեյլը պետք է հրաժարվեր Փոլ III-ի և իր մյուս երեխաների ծնողական իրավունքներից և ամբողջ խնամքը փոխանցեր իր նախկին ամուսին Փոլ II-ին։ Նա դժկամորեն ստորագրում է փաստաթուղթը։ Սակայն պարզվում է, որ Փոլ I-ը համաձայնվել է վճարել ընդամենը 1 միլիոն դոլար․ դա առավելագույն գումարն է, որը ենթակա չէ հարկման։ Իմանալով դրա մասին՝ Ֆլետչերը սպառնում է Փոլ I-ին։ Վերադառնալով Իտալիա՝ Ֆլետչերն իմանում է, որ միլիարդատերը համաձայնվել է վճարել փրկագնի ամբողջ գումարը և Գեյլին վերադարձրել ծնողական իրավունքները։

Գեյլը և Ֆլիտչերը պայմանավորվում են Պոլտիննիկի հետ փոխանակումն իրականացնելու համար։ Առավոտյան նրանք Հռոմից ուղևորվում են դեպի հարավ։ Հետևելով առևանգողների հրահանգներին՝ Գեյլը և Ֆլետչերը գումարը թողնում են անտառում՝ ճանապարհի վրա, ապա ստանում հրահանգ վերցնել Փոլ III-ին շինհրապարակից։ Սակայն վախեցած տղան այնտեղից փախչում է դեպի մոտակա քաղաքը։ Այդ պահին առևանգողները նկատում են Փոլին հետապնդող ոստիկաններին։ Հանցախմբի ղեկավարը հրամայում է գտնել և սպանել Փոլ III-ին։ Դեռահասին փնտրելու նպատակով Գեյլը, Ֆլետչերը և առևանգողները գնում են քաղաք, իրենց հետևից էլ՝ ոստիկանները։ Ֆլետչերը փորձում է բռնել տղային, սակայն վերջինս փախչում է և հայտնվում ավազակներից մեկի ձեռքերում։ Գործին խառնվում է Պոլտիննիկը, որը խլացնելով իր հանցակցին՝ ստիպում է Գեյլին ու Ֆլետչերին Փոլ III-ին արագորեն հանել Իտալիայից և տանել ապահով մի վայր։

Փոլ I-ը մահանում է իր կալվածքում։ Գեյլին էր շնորհվել իր երեխաների ժառանգությունն այնքան ժամանակ, մինչև նրանք դառնան չափահաս։ Փաստաբանները հայտնում են, որ Փոլ I-ի սեփականությունը ձևակերպվել է որպես ընտանեկան բարեգործական հավատարմագրային սեփականություն, ինչը նրան հնարավորություն տվեց հարստանալ առանց հարկերը վճարելու։ Սակայն հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ նա չէր կարող փաստացի գումար ծախսել, այլ կարող էր միայն ներդրումներ կատարել։ Գումարի մեծ մասը նա ներդրել է նկարների, քանդակագործության և արվեստի այլ ճյուղերի մեջ։ Փոլ I-ի ընդարձակ հավաքածուն դառնում է Լոս Անջելեսում գտնվող Փոլ Գեթիի թանգարանի հիմքը։ Իր ունեցվածքի մեծ մասն ընտանիքը նվիրաբերում է բարեգործությանը։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

2017 թվականի մայիսի 13-ին ԶԼՄ-ներում հայտնվում է մի ինֆորմացիա, ըստ որի՝ Գեյլ Հարիսի (Ջոն Փոլ Գեթի III-ի մոր) դերի համար դիտարկվում է Նատալի Փորտմանը։ Նախկինում այս դերն առաջարկվել էր Անջելինա Ջոլիին, սակայն վերջինս մերժել էր այլ նախագծերում զբաղվածության պատճառով[6]։ Մայիսի 31-ին հայտարարվել է, որ Ռիդլի Սքոթի նոր ֆիլմում գլխավոր դերերը կխաղան Միշել Ուիլյամսը, Մարկ Ուոլբերգը և Քևին Սփեյսին[7]։

Ի սկզբանե Քևին Սփեյսին ամբողջությամբ խաղացել է Ժան Փոլ Գեթիի դերը։ Սակայն դերասանի հասցեին սեռական ոտնձգությունների մեղադրանքների ալիքից հետո Սփեյսիի մասնակցությամբ գրեթե բոլոր տեսարանները (ընդհանուր առմամբ դրանք 22-ն էին) արգելափակվել են, և նորից նկարահնվել Քրիստոֆեր Պլամմերի մասնակցությամբ[8]։ Հայտնի է, որ Ռիդլի Սքոթն ամենասկզբից ծրագրել էր հենց Պլամմերին հրավիրել այդ դերի համար[9]։ Պլամմերը (ծնված 1929) տարիքով ավելի մոտ էր Գեթիին, քան Սփեյսին։ Ֆիլմում կատարվող գործողությունների ժամանակ Ժան Փոլ Գեթին 80 տարեկան էր։ Քևին Սփեյսին նկարահանումների ժամանակ 58 տարեկան էր, ինչի պատճառով դիմահարդարները նրա վրա աշխատում էին օրական մի քանի ժամ, որպեսզի «ծերացնեն»։ Նկարահանումների համար պահանջվել է 8 օր և 10 միլիոն դոլար։

Իրական իրադարձություններ խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է 1973 թվականին տեղի ունեցած պատմական իրադարձությունների հիման վրա։ 1957-1976 թվականներին Ժան Փոլ Գեթին աշխարհի ամենահարուստ մարդն էր։

Առևանգվել էր նրա թոռը՝ Ջոն Փոլ Գեթին, որն այդ ժամանակ ապրում էր Հռոմում։ 5 ամսվա ընթացքում Գեթին հրաժարվում էր վճարել 17 միլիոն դոլար փրկագինը՝ ասելով «Ես 14 թոռ ունեմ, եթե այսօր մի կոպեկ վճարեմ, վաղը ես տասնչորս գողացված թոռ կունենամ»[10]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմի մասին կարծիքները հիմնականում դրական են.

Empire: «Իր դերի համար Քրիստոֆեր Պլամմերը կարող է ստանալ աշխարհի բոլոր մրցանակները»[11]։

The Hollywood Reporter: «Սա իրական կյանքի մասին ֆիլմ է՝ իր բոլոր ծայրահեղություններով, հարստությամբ, մարդկային հրաշքներով, վշտով, լարվածությամբ, խիզախությամբ, քաղաքական նպատակներով հանցագործության գնալու պատրաստակամությամբ, բախտով և մայրական սիրո ուժով․․․ Դա նաև հայացք է նուրբ աշխարհին, որտեղ փողն անսահման է[12]։

The Guardian: «Պլամմերը չի դիտվում իբրև հապճեպ փոխարինում, նա լիովին վայելում է իր դերը և իդեալական է դրա համար»[13]։

The Telegraph: «Միշել Ուիլյամսը շատ լավ է, զգացվում է Օդրի Հեփբըրնի ազդեցությունը»[14]։

The Daily News: «Քրիստոֆեր Պլամմերի և Միշել Ուիլյամսի համատեղ տեսարանների համար արժե գնել ֆիլմի տոմսը»[15]։

Regnum: «Ռիդլի Սքոթը քաղաքական տնտեսության մեջ ամփոփված ընտանեկան դրամա է ստացել»[16]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Կատեգորիա Հավակնորդ Արդյունք
«Օսկար» Երկրորդ պլանի լավագույն դերասան Քրիստոֆեր Պլամմեր Մրցանակ
«Ոսկե գլոբուս» «Լավագույն ռեժիսոր» Ռիդլի Սքոթ Մրցանակ
«Կանացի լավագույն դեր» Միշել Ուիլյամս Մրցանակ
«Տղամարդկանց երկրորդ պլանի լավագույն դեր» Քրիստոֆեր Պլամմեր Մրցանակ
BAFTA «Տղամարդկանց երկրորդ պլանի լավագույն դեր» Քրիստոֆեր Պլամմեր Մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել