Աշխարհի արդարակյացներ (եբրայերեն՝ חסידי אומות העולם‎, «հասիֆեյ ումոթ հա-օլամ» - աշխարհի ժողովուրդների արդարակյացներ), պատվավոր կոչում, որ իսրայելական «Աղետի մասին օրենքի» (1951) համաձայն՝ շնորհվում է Եվրոպայում նացիստական օկուպացիայի, Հոլոքոստի ժամանակ հրեաներ փրկած և դրանով իրենց կյանքը վտանգած ոչ հրեաները։ Նրանց տրվում է հավաստագիր (դիպլոմ) և անվանական մեդալ։

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ Աղետի ու հերոսականության «Յադ Վաշեմ» ինստիտուտն աշխարհի արդարակյաց է ճանաչել 26 119 մարդու 51 երկրներից։

Արդարակյացների գործունեությունը խմբագրել

Շվեյցարացի պատմաբան Ֆրանսուա Վիզարդը գրում է, թե Հոլոքոստի դիտարկումը հաճախ սահմանափակվում է դահիճների ու զոհերի հակադրմամբ։ Ընդ որում, նրանք եղել են շատ քիչ ողբերգության նկատմամբ անտարբերություն ցուցաբերած մեծամասնության համեմատությամբ[1]։

Հրեաներին օգնություն ցուցաբերելը պահանջել է մեծ արիություն ու ինքնազոհողություն։ Նացիստները սպառնացել են մահապատժի ենթարկել յուրաքանչյուր մարդու, որ կթաքցնի հրեաների։ Տարբեր երկրներում հրեաներին օգնողները պատժվել են տարբեր կերպ։ Արևելյան Եվրոպայում գերմանացիները սպանում էին ոչ միայն այն մարդուն, որ թաքցրել էր հրեային, այլև նրա ողջ ընտանիքին։ Արևմտյան Եվրոպայում բռնաճնշումներն այդքան խիստ չէին, սակայն այնտեղ էլ շատ արդարակյացներ սպանվել են կամ զոհվել համակենտրոնացման ճամբարներում։ Ե՛վ հրեաներին փրկողները, և՛ այն հրեաները, որոնց թաքցնում էին, գտնվում էին մշտական վախի պայմաններում։ Վտանգ էր սպառնում ոչ միայն գերմանական իշխանությունների կողմից։ Հակասեմական տրամադրություններ ունեցող հարևանները հաճախ էին հայտնում թաքցված հրեաների մասին[2]։ Լիտվացի անտառապահ Միկոլաս Շիմելիսը 1945 թվականին սպանվել է տեղի նացիոնալիստների կողմից նրա համար, որ թաքցրել է հրեաների գերմանական օկուպացիայի ժամանակ[3]։ Շվեյցարացի ոստիկան Պաուլ Գրյունինգերը ենթարկվել է քրեական հետապնդման ու առանց թոշակի ազատվել աշխատանքից, որովհետև հրեա փախստականերին օգնել էր անօրինական կերպով հատել սահմանը։

Հրեաների փրկել են տարբեր խավերի ներկայացուցիչներ՝ անգրագետ գյուղացիներից մինչև թագավորական ընտանիքների անդամներ։ Նրանց օգնել են գրեթե բոլոր մասնակիտությունների ներկայացուցիչներ՝ զինվորականներ, պետական պաշտոնյաներ, կրոնավորներ, ձկնորսներ, բանվորներ, ծառայողներ, գիտության ու արվեստի գործիչներ, ուսուցիչներ, ձեռնարկատերեր և այլն։

Լեհաստանում փրկվել է շուրջ 120 հազար հրեա[4]։ Ըստ գնահատականների՝ մինչև 350 հազար լեհեր այս կամ այն չափով մասնակցել են հրեաների փրկության գործին՝ ենթարկվելով տարբեր վտանգների[5] (Վլադիսլավ Բարտոշևսկին նրանց թիվը գնահատում է մինչև մեկ միլիոն[6])։ Հրեաների փրկած կամ օգնած առնվազն 5000 լեհեր դրա համար սպանվել են նացիստների կողմից[7][8]։ Տարագրության մեջ Լեհաստանի կառավարությունն ստեղծել է ընդհատակյա հատուկ գործակալություն՝ Ժեգոտա (լեհ.՝ Żegota, Օկուպացված Լեհաստանի տարածքում հրեաների օգնության խորհուրդ, 1942-1945), որպեսզի կազմակերպվի հրեաների փրկությունը։ Այն գլխավորել է Զոֆիա Կոսակ-Շչուցկան[9]։ Այդ կազմակերպության ականավոր գործիչներից մեկն է եղել Իրենա Սենդլերը։ Լեհ ընդհատակային Յան Կարսկին 1942 թվականին հասել է Մեծ Բրիտանիա և զեկուցել հրեաների ոչնչացման մասին ու փորձել գրավել բրիտանական ու ամերիկյան քաղաքական գործիչների ուշադրությունը՝ ցույց տալու համար, որ անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել հրեաներին։

Նիդերլանդներում, Նորվեգիայում, Բելգիայում ու Ֆրանսիայում դիմադրությանը մասնակցող ընդհատակյա կազմակերպությունները օգնել են հրեաներին՝ հիմնականում նրանց համար թաքստոցներ գտնելով։ Դանիայում գերմանական ռազմական կցորդ Գեորգ Դուկվիցի զգուշացումից հետո հասարակ դանիացիները ձկնորսական նավերով Շվեդիա են ուղարկել դանիացի 8000 հրեաներից 7000-ին։ Ողջ դանիական ժողովուրդը, ներառյալ թագավորական ընտանիքը, բացահայտ կերպով բողոքել են գերմանական օկուպացիայի ժամանակ գործադրված ռասայական օրենքների դեմ։ Դա հանգեցրել է նրան, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դանիայում զոհվել է ընդամենը 60 հրեա։

Նացիստներին դիմադրություն են ցույց տվել նաև բուլղարացիները։ Երբ գերմանացիները պահանջել են հանձնել բուլղարացի հրեաներին (շուրջ 50 000 մարդ), դրան դեմ է հանդես եկել ողջ հասարակությունը։ Դեմոկրատները, կոմունիստները, հասարակական գործիչները, խորհրդարանի անդամները, ինչպես նաև ուղղափառ եկեղեցու կրոնավորները պատրիարքի գլխավորությամբ կանգնել են ի պաշտպանություն Բուլղարիայի քաղաքացի հրեաների։ Բորիս III թագավորը բազմիցս սաբոտաժի է ենթարկել Գերմանիայի համապատասխան հրամանները։ Արդյունքում հաջողվել է փրկել գրեթե բոլոր հրեաներին։ Սակայն պատերազմի ժամանակ Բուլղարիային միացված Մակեդոնիայի ու հունական Թրակիայի բնակիչ 11 343 հրեաներ ուղարկվել են Օսվենցիմ։ Իսրայելում 1996 թվականին բացվել է «Բուլղարական հիշատակի պուրակը», որտեղ տեղադրվել են սալաքարեր ի պատիվ նրանց, ովքեր նպաստել են բուլղարացի հրեաների փրկությանը[10]։

Իտալացի զինվորականներն ու քաղաքացիական իշխանությունները 1942-1943 թվականներին նույնպես հրաժարվել են օգնել Հարավսլավիայի ու Ֆրանսիայի՝ Իտալիայի կողմից օկուպացված տարածքներում բնակվող հրեաների ուղարկմանը մահվան ճամբարներ։ Գերմանացիների ճնշման տակ իտալացիներն ստեղծել են համակենտրոնացման ճամբարներ հրեաների համար (մասնավորապես Կամպանյա համակենտրոնացման ճամբարը), սակայն այնտեղ տիրել են համեմատաբար հումանիստական պայմաններ կեցության համար[11]։

Չնայած նացիստների ծավալած հակասեմական դաժան քաղաքականությանը՝ Գերմանիայում պարբերաբար բողոքի ձայն է բարձրացվել ընդդեմ հրեաների հալածանքների։ Հակասեմական քաղաքականության դեմ ինքնաբերական խոշորագույն ելույթը եղել է Ռոզենշտրասսեի ցույցը Բեռլինում 1943 թվականի փետրվարի 27-28-ին․ դրան մասնակցել են էթնիկ գերմանացիները, ովքեր ամուսնացած էին հրեաների հետ կամ ունեին հրեա ազգականներ, որոնք ենթակա էին ճամբարներ ուղարկվելու վտանգին։ Սկանդալից խուսափելու համար Բեռլինի գաուլյայտեր Պաուլ Յոզեֆ Գեբելսը հրամայել է ազատ արձակել ցուցարարների հարազատներին (ընդհանուր առմամբ շուրջ 2000 մարդ) և նրանց ուղարկել հարկադիր աշխատանքի Բեռլինում (նրանք գրեթե բոլորը կենդանի էին պատերազմի ավարտին)։

Առանձին դեպքերում հրեաներին օգնելու համար իրենց հնարավորություններն են օգտագործել բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող գերմանացիները։ Նրանցից առավել հայտնի է գերմանացի ձեռնարկատեր Օսկար Շինդլերը, որը Պլաշովի ճամբարից փրկել է հազարավոր հրեաների՝ նրանց աշխատանքի տեղավորելով իր ֆաբրիկայում։

«Աշխարհի արդարակյացների» շարքում կան նաև դիվանագետներ ու քաղաքացիական պաշտոնյաներ։ Նրանցից առավել հայտնի են Արիստիդես Սոուսա Մենդեսը (Aristides Sousa Mendes, Պորտուգալիա), Թիունե Սուգիխարան (Ճապոնիա) և Պաուլ Գրունինգերը (Paul Gruninger, Շվեյցարիա), որոնք վտանգի են ենթարկել իրենց կարիերան՝ փրկելով հրեաների։ Վիեննայում Չինաստանի գլխավոր հյուպատոս Հե Ֆենշանը հրեաներին տվել է Սինգապուրի հազարավոր վիզաներ։ Փարիզում Իրանի դեսպանատան աշխատակից Աբդուլ Հուսեյն Սարդարին (ում պատմությունն ընկած է «Շրջադարձ զրո աստիճանով» սերիալի հիմքում) նույնպես փրկել է հրեաների նացիստների կողմից օկուպացված Փարիզում՝ նրանց տալով շուրջ երեք հազար իրանական վիզա[12]։ Սակայն հրեաներին փրկած ամենանշանավոր դիվանագետը, հավանաբար, Ռաուլ Վալենբերգն է Շվեդիայից․ նա փրկել է տասնյակ հազարավոր հունգարացի հրեաների։ Միայն 2006 թվականին է լայն ճանաչման արժանացել սալվադորցի դիվանագետ գնդապետ Խոսե Արթուրո Կաստելյանոսը, որ Սալվադորի քաղաքացիության շուրջ 40 հազար կեղծ փաստաթղթեր է տվել եվրոպացի հրեաների (հիմնականում հունգարացի), ինչի շնորհիվ փրկվել է շուրջ 25 հազար մարդ։

Աշխարհի արդարակյացներից են նաև Բուդապեշտում իսպանական միսիայի աշխատակից Ջորջո Պերլասկան ու Աթենքում Իսպանիայի հյուպատոս Սեբաստյան Ռոմերո Ռադիգալեսը։

2013 թվականի մարտի 6-ից նշվում է Աշխարհի արդարակյացների հիշատակի եվրոպական օրը։ Այն հաստատվել է Եվրախորհրդարանի կողմից 2012 թվականին[13]։

Թվաքանակ և չափանիշներ խմբագրել

 
Աշխարհի արդարակյաց, լեհական պարտիզանական շարժման կապավոր Մարիա Կոտարբայի դիպլոմը եբրայերեն և լեհերեն

2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ «Յադ Վաշեմն» աշխարհի արդարակյաց է ճանաչել 26 119 մարդու[14]։ Այդ կոչմանն արժանացել են Նիդերլանդների Նիվլանդե գյուղի բոլոր 170 բնակիչներն ու ֆրանսիական Շամբոն սյուր Լինյոն գյուղի ավելի քանի 40 բնակիչներ[15]։

Մարդուն «Աշխարհի արդարակյացի» կոչում շնորհվում է հետևյալ չափանիշների առկայության դեպքում․

  • Ակտիվ մասնակցություն մեկ կամ մի քանի հրեաների անհապաղ ոչնչացման կամ մահվան ճամբար ուղարկելուց փրկելու գործում,
  • Փրկողը գիտակցել ու նկատի է ունեցել հենց հրեայի փրկությունը,
  • Փրկողի գործողությունները մոտիվացված չեն եղել դրամական կամ այլ տիպի փոխհատուցմամբ, օրինակ՝ փրկվածի կրոնափոխ լինելը, երեխայի որդեգրոմը և այլն, և եթե նա փող է վերցրել, ապա միայն փրկելուն ուղղված գործողությունների հաջողության, ոչ թե հարստանալու նպատակով։
  • Գոյություն է ունեցել իրական վտանգ փրկողի ու նրա հարազատների համար։ Հատուկ դեպքերում ուշադրության է արժանանում փրկողի տնտեսական ու հասարակական բարեկեցությունը։
  • Վերը նշված բոլոր կետերն ապացուցվում են կենդանի մնացած այն մարդկանց վկայություններով, որոնց օգնություն է ցուցաբերվել, կամ համապատասխան փաստաթղթերի առկայությամբ, որ հաստատում են փրկության փաստն ու նրա հանգամանքները։

Չափանիշները սահմանվել են կոչում շնորհելու նպատակով, այդ պատճառով էլ դրանք ոչ միշտ են համապատասխանում գիտական ուսումնասիրությունների մեթոդներին։ Մասնավորապես կոչում շնորհող հանձնաժողովի կողմից գործի քննման համար գլխավորն է փրկվածի վկայությունը օգնության բնույթի վերաբերյալ։ Միայն մի քանի դեպքերում է հանձնաժողովը հիմք ընդունել արխիվային փաստաթղթերը՝ որպես բավարար ապացույց։ Ականատեսների վկայությունները ոչ միայն պարտադիր չափանիշ են, այլև հաճախ միակ ապացույցները[16]։

Արդարակյացների մեծ մասին կոչումը շնորհվել է փրկվածների դիմումների շնորհիվ, փոքր մասը՝ հենց փրկողների, պատմաբանների կամ այլ անձանց դիմումներով։ Փրկողների ու փրկվածների վերաբերյալ տվյալները դեռևս ամբողջական չեն[16]։

Յուրաքանչյուր ճանաչված արդարակյացի պատվին անցկացվում է պարգևատրման արարողություն, որի ընթացքում արդարակյացին կամ նրա ժառանգներին հանձնվում է պատվավոր հավաստագիր և անվանական մեդալ, որի վրա երկու լեզուներով (եբրայերեն և «ֆրանսերեն») փորագրված է․ Ի երախտագիտություն հրեա ժողովրդից։ Ով փրկում է մեկ կյանք, փրկում է ամբողջ աշխարհը»[17]։

Վիճակագրություն ըստ երկրների խմբագրել

Աշխարհի արդարակյացների ցանկն ըստ երկրների (2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով)[14]

Երկիր Կոչումների թիվ
Ավստրիա 106
Ալբանիա 75
Հայաստան 24
Բելառուս 618
Բելգիա 1707
Բուլղարիա 20
Բոսնիա 42
Բրազիլիա 2
Մեծ Բրիտանիա 21
Հունգարիա 837
Վիետնամ 1
Գերմանիա 587
Հունաստան 328
Վրաստան 1
Դանիա[18] 22
Եգիպտոս 1
Ինդոնեզիա 2
Իռլանդիա 1
Իսպանիա 7
Իտալիա 671
Չինաստան 2
Կուբա 1
Լատվիա 135
Լիտվա 889
Լյուքսեմբուրգ 1
Մակեդոնիա 10
Մոլդովա 79
Նիդերլանդներ[19] 5516
Նորվեգիա 62
Պերու 1
Լեհաստան 6620
Պորտուգալիա 2
Ռուսաստան 197
Ռումինիա 60
Սալվադոր 1
Սերբիա 135
Սլովակիա 558
Սլովենիա 7
ԱՄՆ 5
Թուրքիա 1
Ուկրաինա 2 544
Ֆրանսիա 3 925
Խորվաթիա 115
Չեռնոգորիա 1
Չեխիա 115
Չիլի 1
Շվեյցարիա 47
Շվեդիա 10
Էկվադոր 1
Էստոնիա 3
Ճապոնիա 1
Ընդհանուր 26 119

Յադ Վաշեմը նշում է, թե այդ վիճակագրության հիման վրա չի կարելի եզրակացություն անել տարբեր երկրներում հրեաների նկատմամբ վերաբերմունքի ու փրկության մասշտաբների մասին։ Այդ վիճակագրությունն արտացոլում է միայն այն ինֆորմացիան, որ հասանելի է Յադ Վաշեմին։ Օրինակ՝ Արևելյան Եվրոպայում ուսումնասիրություններ անցկացնելն ու արդարակյացներին պարգևատրելը երկար ժամանակ խոչընդոտվել է կոմունիստական վարչակարգի կողմից։ Դրանից բացի նացիստների վերահսկողության տակ գտնվող տարբեր երկրներում եղել են տարբեր պայմաններ՝ հրեաների քանակը, հրեական հարցի վերջնական լուծման միջոցները, ղեկավարության ձևերը, պատմական ավանդույթները, հրեական համայնքի ազդեցության մակարդակը, բնակչության վերաբերմունքը հրեաների նկատմամբ և այլն։ Այդ և այլ գործոններ ազդել են փրկվածների ու փրկողների թվի վրա յուրաքանչյուր երկրում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wisard, 2007, էջ 6
  2. «Paying the Ultimate Price». A Tribute to the Righteous Among the Nations (անգլերեն). yadvashem.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. «Mykolas and Jadvyga Šimelis». A Tribute to the Righteous Among the Nations (անգլերեն). yadvashem.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. Richard C. Lukas: Zapomniany Holokaust. Polacy pod okupacją niemiecką 1939—1945. Poznań: Dom Wydawniczy Rebis, 2012, s. 248. ISBN 978-83-7510-832-3
  5. Richard C. Lukas: Zapomniany Holokaust… op.cit., s. 402—403.
  6. Barbara Polak. Biedni Polacy patrzą i ratują (wywiad z Grzegorzem Berendtem, Markiem Wierzbickim i Janem Żarynem). «Biuletyn IPN». 3 (98), s. 16, marzec 2009.
  7. Anna Zechenter. Jedenaste: przyjmij bliźniego pod swój dach. «Biuletyn IPN». 3 (98), s. 83-84, marzec 2009.
  8. «Список 700 поляков, казненных нацистами». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  9. Holocaust History — ZEGOTA — Aid Polish Jews During the Holocaust
  10. «Шоа. Информационно-аналитический портал (новая версия сайта по адресу: www.shoa.com.ua!)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  11. «БАНАЛЬНОСТЬ ДОБРА, ИЛИ КАК ИТАЛЬЯНСКИЕ ФАШИСТЫ СПАСАЛИ ЕВРЕЕВ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. Кто забыл арабов — «праведников народов мира»? // Михаэль Дорфман
  13. Wsparcie dla ustanowienia Europejskiego Dnia Pamięci o Sprawiedliwych
  14. 14,0 14,1 Праведники народов мира — по странам и национальной принадлежности спасителей Արխիվացված 2017-03-24 Wayback Machine 1 января 2016
  15. «About the Righteous Related Sites» (անգլերեն). Yad Vashem. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  16. 16,0 16,1 Iael Nidam-Orvieto & Irena Steinfeldt. «The Rescue of Jews in Albania Through the Perspective of the Yad Vashem Files of the Righteous Among the Nations» (PDF) (անգլերեն). Yad Vashem. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  17. Ъ — Виктор Ющенко вводит звание «Праведник мира»
  18. Датское подполье потребовало, чтобы все его члены, занимавшиеся спасением евреев, учитывались не индивидуально, а одной группой
  19. Ներառյալ երկու անձ Ինդոնեզիայից, որ ապրում էին Նիդերլանդներում։

Գրականություն խմբագրել

  • Mordecai Paldiel. The Path of the Righteous: Gentile Rescuers of Jews During the Holocaust. — Jersey City, NJ: KTAV Publishing House, 1993. — 401 p. — ISBN 9780881253764
  • Mordecai Paldiel. Diplomat Heroes of the Holocaust. — Jersey City, NJ: KTAV Publishing House, 2007. — 241 p. — ISBN 9780881259094
  • François Wisard. Les Justes suisses. — Genève: CICAD, 2007. — 115 p.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխարհի արդարակյացներ» հոդվածին։