Աշան, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 25 կմ հյուսիս-արևմուտք՝ 700 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1344 հեկտար։ Գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում, Մարտունի շրջկենտրոնից 28 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 49 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Աշան
ադրբ.՝ Heşan
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու
ԲԾՄ745 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն588 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Աշան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Աշան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում՝ Լուսասարի և Եղնիկասարի հարավհայաց լանջին։ Աշանը սահմանակցում է Բերդաշեն, Եմիշճան, Սպիտակաշեն, Կաղարծի, Հացի ու Նորշեն գյուղերին։ Գյուղը գտնվում է Արցախի նախալեռնային հատվածում, որի բնակլիմայական պայմանները հարմատավետ են գյուղատնտեսությամբ զբաղվելու և բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ Արցախի հնագույն բնակավայրերից է։ Բնակչությունը հիմնականում տեղաբնիկ է։ Որոշ ընտանիքներ տեղափոխվել են Ջրաբերդից[1]։

Համայնքը լեռնային է, ունի 1891,1 հա տարածք, որից 1341,87 հա գյուղատնտեսական նշանակության, 481,87 հա անտառային հողեր։

Պատմություն խմբագրել

Գյուղի շրջակայքում եղած հնավայրերը վկայում են, որ այդ բնակավայրը գոյություն ունի Ք. ա. 1-ին հազարամյակից։ Մովսես Կաղանկատվացին գյուղը ներկայացնում է Արաժան, Արաժանք ձևով։ Սարգիս Ջալալյանցը պատմում է, որ Վաչագան Բարեպաշտը 5-րդ դարում Ամարաս տանող ճանապարհին անցել է Արժան գյուղով»[1]։

19-րդ դարի վերջին այստեղ կար 90 տուն։ Այդ նույն ժամանակահատվածում Հայկունին, լինելով Աշանում, գրել է, որ այստեղ նա տեսել է մի հին կարմիր Ավետարան։ Տեղացիները նրան պատմել են, որ այն 200 տարվա գրչագիր է։

1929 թվականին ստեղծվում է Աշանի կոլտնտեսությունը, որի վարչության առաջին նախագահն էր Ռուբեն Քոչարյանը։ Տնտեսությունը զարգացում ապրեց 1970-80-ական թվականներին։ Այդ ժամանակ կոլտնտեսությունը ղեկավարում էր Ժորա Ստեփանյանը, այնուհետև` Էմիլ Բալայանը։

Աշանը, փռված լինելով Խութ սարի լանջին, գտնվում է ակտիվ սողանքների գոտում։ Սողանքների պատճառով բնակիչները 1965-1968 թթ.-ին տեղափոխվել են և գյուղից 3 կմ հեռավորության վրա հիմնել Աշանը։

Ծննդով աշանցի են կուսակցական, պետական գործիչ Լևոն Միրզոյանը, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Աշանից մասնակցել են 325 տղամարդ և 15 կին։ Նրանցից 8 հոգի դարձել են գնդապետներ, 4 հոգի` փոխգնդապետներ։ 163 աշանցիներ զոհվել են Հայրենական մեծ պատերազմի տարիներին[1]։

Նրանց հիշատակին 1968 թվականին գյուղում կառուցվել է հուշարձան։

Աշանը Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ խմբագրել

1988 թ.-ին Աշանում կազմավորվել են ինքնապաշտպանական խմբեր, 1989 թ.-ին՝ կամավորական ջոկատ (հիմնադիր-հրամանատար՝ Արմեն Ավագյան

1989-1994 թթ.-ին Աշանի ջոկատը կամ նրա առանձին ազատամարտիկներ, համագործակցելով այլ կամավորական ջոկատների հետ, մասնակցել են Աշանի և շրջանի գյուղերի ինքնապաշտպանական, իսկ Մարտունիի պաշտպանական շրջանի ինքնապաշտպանական ստորաբաժանումների կազմում՝ Քաշաթաղի, Մարտակերտի, Աղդամի շրջանների ազատագրական մարտերին։ Աշանից հետմահու ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատևվել է Արմեն Ավագյանը[2]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Աշան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 544 մարդ, կա 130 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 629 623 623

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածին եկեղեցի (XIX դ.) (2001 թվականին այն վերանորոգվել է ամերիկահայ բարերարներ Պոյահյան և Աբգարյան ընտանիքների միջոցներով), գերեզմանոց (XVII-XVIII դդ.), մատուռ (VII դ.), գյուղատեղի (XVII-XVIII դդ.), հաշվառված է 4 հուշարձան։

Աշանում և շրջակայքում (նաև հին Աշանում) են Մեծ նահատակ (12-րդ դար) եկեղեցին, Պիծի կամ Նալբադանց սուրբ, Ավետարան ուխտատեղիները, Կարմիր Ավետարան մատուռը, Սվեգանց սուրբը, Ոսկե խաչ մատուռը, Աշան բերդը, Ցեց քարը, Ղուզե արտեր, Երե շեն բնակատեղիները խաչքարեր, հին բնակավայրերի ավերակներ[1]։

Համայնքի տարածքում առկա են թվով 12 աղբյուրներ` «Թեղուն տակեն», «Ավագեն», «Տանունց», «Սեթունց», «Քրահանդեն ջուր», «Քշա ջուր», «Հին շենի ջուր», «Բախշուն ջուր», «Պռավանց», «Բլեն քյահրիզ», «Արցախ» և «Կունդունց ջուր»։

Հասարարակական կառույցներ խմբագրել

1848 թվականին Աշանում բացվում է եկեղեցական-ծխական դպրոց` 30 աշակերտով, ուսուցիչն էր Հովակիմ Շինդիյանցը։ 1908-1909 ուսումնական տարում Աշանում բացվել է երկդասյա երկսեռ դպրոց։ 1917 թվականին դպրոցն ուներ 4 բաժանմունք, 88 աշակերտ, 4 ուսուցիչ։ Դպրոցը պահվում էր բաքվաբնակ աշանցիների և գյուղական հասարակության միջոցներով։ Խորհրդային տարիներին սկզբում դպրոցը յոթնամյա էր, այնուհետև դարձավ ութամյա, իսկ 1947-48 ուսումնական տարում դարձավ միջնակարգ։ Այն հարևան գյուղերի համար հենակետային դպրոցի դեր էր կատարում։ Այդ տարիներին դպրոցի տնօրեններ են եղել Վարդան Բալայանը, Հակոբ Հովսեփյանը, Միքայել Խաչատրյանը, Գուրգեն Բալայանը[1]։

1998 թվականին Աշանում գործող «Անիթա Հովսեփյան» հիմնադրամի միջոցներով և ԱՀ կառավարության աջակցությամբ շահագործման հանձնվեց դպրոցի նորակառույց շենքը։

2005-2006 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 115 աշակերտ, դասավանդում` 14 ուսուցիչ։ 2017-2018 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 76 աշակերտ։ Հետխորհրդային տարիների դպրոցի տնօրենի պաշտոնում աշխատել են Լևոն Հարությունյանը (1988-1992 թվականին), Էմիլ Բալայանը (1992-1995 թվականին), Դավիթ Իշխանյանը (1995-2000 թվականին), Մխիթար Շինդյանը (2000 թվականից առայսօր)[1]։

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, կա միջնակարգ դպրոց (Արմեն Ավագյանի անվան), որտեղ սովորում 1iն 102 աշակերտներ, համայնքն ունի 1 մանկապարտեզ «Սոսե» (ՀՕՄ) հայ օգնության միության, որտեղ հաճախում են 26 երեխաներ[4]։

Հայտնի աշանցիներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 405–407.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994). հանրագիտարան, Ե., 2004։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 220.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 465