Անտոնովյան խնձորներ

պատմվածք, հեղ․՝ Իվան Բունին

«Անտոնովյան խնձորներ», Իվան Ալեքսեևիչ Բունինի 1900 թվականին գրված և պետերբուրգյան «Կյանք» ամսագրում («Жизнь» 1900, № 10) «Նկարներ ″դամբանականի″ գրքից» ենթավերնագրով հրատարակված պատմվածքը։ Ստեղծագործության մեջ, որը ստեղծված է որպես լիրիկական մենախոսություն-հիշողություն՝ կան հրաժեշտի մոտիվներ՝ քայքայվող ազնվական տների և անցյալում մնացած գյուղացիական կյանքի հետ։

Անտոնովյան խնձորներ
ռուս.՝ Антоновские яблоки
ՀեղինակԻվան Բունին
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1900
Երկիր Ռուսական կայսրություն
Հրատարակման տարեթիվ1900

Ստեղծման և հրատարակության պատմություն խմբագրել

Գտնվելով բունինյան դամբանական ստեղծագործությունների պայմանական շարքում՝«Անտոնովյան խնձորներ» պատմվածքի մտահղացումը հեղինակի մոտ հավանաբար ծագել է 1891 թվականին, երբ ինքը հյուրընկալվել էր եղբոր՝ Եվգենիի կալվածքում։ Իր քաղաքացիական կնոջը՝ Վարվառա Պաշչենկոյին հասցեագրված նամակում Իվան Ալեքսեևիչը պատմում է, ինչպես առավոտյան, դուրս գալով պատշգամբ, զգացել է անտոնովյան խնձորների բույրը և միաժամանակ կարոտով հիշել է «ամրոցի ժամանակները». «Իրոք, ես կցանկանայի ապրել նախկին կալվածատիրոջ կյանքով. արթնանալ վաղ այգաբացին, լինել ″հեռավոր որսավայրում″, ամբողջ օրը չիջնել թամբից, իսկ երեկոյան առողջ ախորժակով…մթամած դաշտերով տուն վերադառնալ»[1]։ Հին կենցաղին բանաստեղծական երանգ հաղորդելու ցանկությունը, որն արտահայտվել է Պաշչենկոյին ուղղված նամակում, իրականացել է ինը տարի անց՝ «Անտոնովյան խնձորներ» պատմվածքում, որի հիմնական նյութը կապված է անցյալում մնացած ազնվական մշակույթի լիրիկական հիշողությունների հետ[2]։

«Անտոնովյան խնձորներ» պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է «Կյանք» ամսագրում (Պետերբուրգ, 1900, № 10), սակայն տեքստի խմբագրման աշխատանքները Բունինը չի դադարեցրել երկու տասնամյակների ընթացքում։ Այսպիսով, պատրաստվելով պատմվածքը ներառել «Լեռնանցք» (1912թ.) ժողովածուի մեջ, Իվան Ալեքսեևիչը պատմվածքի սկզբից հանեց մի քանի պարբերություն, որոնք սկավում էին այսպես. «Անտոնովյան խնձորներ… Ինչ որ տեղ կարդացել եմ, որ Շիլլերը սիրել է, որ իր սենյակում խնձորներ լինեն. երբ պառկած էր լինում, խնձորների հոտն իր մեջ գրելու ցանկություն էին առաջացնում»։ Գրողի կողմից շատ փոփոխություններ են արվել (նախնական խմբագրումների համեմատությամբ) նաև պատմվածքի այն տարբերակներում, որոնք տպագրվել են Բունինի Լիակատար ժողովածուում (1915թ.) և «Առաջին սեր» ժողովածուում (1921թ.)[3]:

Սյուժե խմբագրել

Պատմվածքն ստեղծվել է որպես ազնվական գյուղական կյանքի համապատկեր։ Քնարական հերոսը հիշում է վաղ աշունը, ոսկեզօծ այգին, թխկիներ ծառուղին և անտոնովյան խնձորների բույրը. գիշերը դրանք լցնում են սայլը և քաղաք են ուղարկում։ Ժողովուրդն ասում է, որ «խոշոր անտոնովկան ուրախ տարվա նշան է», և խնձորի բերքը ուղղակի կապում էին հացի բերքատվության հետ։ Հետո պատմողի հուշերում հառնում է իր մորաքրոջ կալվածքը՝ շրջապատված դարավոր խնձորենիներով. այստեղ եկած հյուրին մարդիկ դիմավորում են հենց դարպասների մոտ։ Նրանց մեջ են նաև «ազնվական դասի վերջին մոհիկանները»՝ վաղուց հանգստի անցած ծեր տղամարդիկ և կանայք, Դոն Կիխոտին հիշեցնող ծեր խոհարարը, տիրուհուն պատարագի հասցնող ալեհեր կառապանը։ Տունն ինքնին մռայլ, մաքուր ու սառն է. սենյակներում կան բազկաթոռներ, դրվագազարդ սեղաններ, շրջանակներով հայելիներ։ Հյուրերին դիմավորում է մորաքույրը և «անցյալի, ժառանգության մասին» զրույցի ընթացքում սեղանին է հայտնվում հյուրասիրությունը՝ նախ խնձորները, որոնց հոտով ներծծված է ողջ տարածքը, հետո՝ եփած խոզապուխտը, թռչնամսից կերակրատեսակները, մարինացված բանջարեղենը և կարմիր քաղցր կվասը։ Թվում է նույն կերպ հաստատուն և կազմակերպված է տեղացի «հարուստ ռամիկների»՝ Սավելիի, Իգնատի, Դրոնի կենցաղը. իրենց տնտեսությունում մեղվաբուծությամբ են զբաղվում, հովատակներ են պահում, ամբարներում պահում են քաթան և ճախարակ[4]։ Որսորդությանը նվիրված պատմությունները պատմողին տեղափոխում են դեպի Արսենի Սեմենիչի կալվածք, որտեղ ճաշից հետո հավաքվում են հատուկ հանդերձանքով և երկարաճիտ կոշիկներով մարդիկ։ Երեկոյան կողմ, շներով շրջապատված աղմկոտ բազմությունը ձիերով գնում են դեպի «ինչ-որ Կրասնի Բուգոր կամ Գրեմյաչիյ կղզի»։ Գիշերը, անտառից դուրս գալով, որսորդների խումբը հասնում է հարևան կալվածատիրոջ դաստակերտ և այնտեղ մնում մի քանի օր։ Մյուս օրերը հերոսն ուշ է արթնանում. որսորդները դեռ լուսաբացին գնացել են անտառներ և դաշտեր։ Միայնակ մնալով՝ պատանի «պարոնորդին» ծանոթանում է տանը, թերթում է լուսանցքներում թանաքի նշումներ ունեցող հաստ գրքերը և Պուշկինի, Ժուկովսկու, Բատյուշկովի ստեղծագործություններով դեղնած ամսագրերը, ուսումնասիրում է հնաոճ սանրվածքներով կանանց և աղջիկների՝ ազնվական տների նախկին տիրուհիների դիմանկարները, որոնք կախված են պատերին։ Հեղինակը նկատում է, որ անտոնովյան խնձորների բույրի հետ անցյալում են մնացել կալվածատիրական տները[5]։

Կարծիքներ և գրախոսություն։ Կուպրինի պարոդիա խմբագրել

«Անտոնովյան խնձորները» Ռուսաստանի գրական հասարակության շրջանում ոչ համարժեք արձագանք է առաջացրել։ Այսպես, Մաքսիմ Գորկին, պատմվածքին ծանոթանալով, Բունինին համեմատել է «երիտասարդ աստծո» հետ, «որը երգել է գեղեցիկ, հյութեղ, անկեղծ»[6]։ Սակայն նույն Գորկին, բարձր գնահատելով գրողի գեղարվեստական տաղանդը, կտրուկ դեմ է արտահայտվել ստեղծագործության հիմքում ընկած ընդհանուր գաղափարի վերաբերյալ։ Պատմվածքը մի փոքր տարակուսանքով է ընդունել պետերբուրգյան «Ռոսսիա» թերթը (1900, № 556). հրատարակիչ Իգնատի Պոտապենկոյի գրառման մեջնշվել էր, որ «Անտոնովյան խնձորներ» պատմվածքում «ոչ մի կերպ չես կարողանում գաղափար կազմել գլխավորի մասին», որովհետև Բունինը «նկարագրում է այն ամենը, ինչ պատահում է»։ Պատմվածքը դարձել է մոսկովյան «Չորեքշաբթի» գրական խմբակի քննարկման թեմա։ Ինչպես գրել է Իվան Ալեքսեևիչի մեծ եղբայրը՝ Յուլիյ Բունինը, խմբակի մասնակիցների կածիքները տարբեր էին. «Ոմանք, գեղարվեստական տեսակետից լիովին հավանություն տալով… «Անտոնովյան խնձորներին», նրան (հեղինակին) մեղադրում էին հին կալվածատիրական կենցաղով տարվելու մեջ»[1]։

1906 թվականին պետերբուրգյան «Խրտվիլակ» («Жупел») (№ 3) ամսագրում հայտնվել է Ալեքսանդր Կուպրինի պարոդիան՝ «Ի. Բունին։ Սնկով կարկանդակները», որի մեջ հեգնանքով օգտագործվել են «Անտոնովյան խնձորների» հիմնական մոտիվները։ Մի կողմից Կուպրինը պահպանել է բունինյան պատմվածքի մելամաղձոտ հնչերանգը՝ տեքստում ներառելով նրա ճանաչված փոխաբերությունները, մյուս կողմից՝ խիստ չարախնդությամբ «նմանակել է» Իվան Ալեքսեևիչին. «Նստել եմ լուսամուտի մոտ, մտահոգ ծամում եմ սպունգը, և իմ աչքերում է գեղեցիկ թախիծն է շողում… Որտե՞ղ ես դու, սնկով կարկանդակի, արագընթաց թավամազ շների, հեռավոր դաշտի, ճորտացած ոգիների, անտոնովյան խնձորների, փրկագին վճարելու հրաշալի ժամանակաշրջան»[7][8]։ Կարծիք կա, որ այս պարոդիան եղել է «գրական վրեժ» Կուպրինի կողմից, որին Բունինը զրույցներից մեկի ժամանակ անզգուշորեն անվանել է «ազնվատոհմիկ՝ մայրական կողմով»[9][10]։

Ա. Կուպրինի՝ բունինյան «դամբանականի» մասին հայտնի պարոդիայի համ ու հոտը նրա անվանման մեջ է՝ «Սնկով կարկանդակներ»։ Բացառապես «ոչ նյութականի» փոխարեն, ուղղակի անտոնովյան խնձորների բանաստեղծական բույրը, որի հետ Բունինը համեմատում է երբեմնի ազնվական կենցաղավարությունը և հնակենցաղ բարեկեցությունը. «Սնկով կարկանդակները» չնայած բավականին հեռու է պոեզիայից, բայց, միաժամանակ, նյութապես բավարարում է գյուղացիական կենցաղի կենսական բարեկեցությունը[11]:

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

 
Պոլ Սեզան: Խնձորով զամբյուղ: 1895 թ.

«Անտոնովյան խնձորները» չունեն ավանդական սյուժե. պատմվածքը (որոշ հետազոտողների կարծիքով՝ վիպակ[12]), իրենից ներկայացնելով մենախոսություն-հիշողություն, կառուցվել է բանաստեղծական տեքստին մոտ «համանմանության տեխնիկայի» օգնությամբ[12]։ Հեղինակի գիտակցության մեջ աստիճանաբար տեղի է ունենում պատկերների փոփոխություն, գործողությունն սկսվում է անցյալից (հնաշխարհիկ հովվերգությունից)՝ հասնելով մինչև ներկան («տանջահար գորշ հյուղակները»)[9]։ Ազնվական տների կործանումը Բունինի կողմից ընդունվելով որպես պատմական դրամա՝ համեմատվում է տարվա եղանակների անխուսափելի հերթագայության հետ. կալվածքների երբեմնի առատությունը նրա մոտ համեմատվում է առատ ամռան հետ, այն ժամանակ, երբ դարավոր հիմքերի անկումն ուղղակիորեն կապվում է թոշնած աշնան և լուսեղեն տխրության շրջանի հետ[12]։

«Անտոնովյան խնձորները» լույս տեսնելուց երեք տարի անց գրվել է չեխովյան «Բալենու այգին»: Երկու ստեղծագործություններում էլ գլխավոր կերպարը այգին է. պատմվածքի և պիեսի հերոսները այգու մասին հիշում են թեթև դառնությամբ՝ որպես անվերադարձ հեռացած ժամանակի, երբ ներդաշնակություն է տիրել։ Բայց եթե Չեխովի մոտ այգին կտրելու փոխարեն «խաթարվում է այդ ներդաշնակությունը», ապա Բունինի մոտ այդ ներդաշնակությունն ամենուր է. և՛ անցյալում, և՛ ներկայում[12]։ Պատմվածքում նույնքան նկատելի և խնձորների կերպարը. տեքստում դրանք ներկայացված են բանահյուսական տեսանկյունից (խնձորը տոհմի շարունակուկաթյան յուրօրինակ խորհրդանիշ է), ինչպես նաև հուզական ենթատեքստով, անտոնովկայի հոտն իր մեջ ամփոփում է կյանքի նկատմամբ սերը[13]։

Գրաքննադատները պատմվածքի լեզուն համեմատում են ջրանկարի կամ յուղաներկով արված բնանկարի հետ. պատմվածքն առատ է բազում գեղեցիկ մանրամասներով, որոնցով ստեղծվում է «նկարի գեղեցիկ պարզությունը, բացառիկ ճշգրտությունը… լուսավոր, արծաթագույն ներկերի թափանցիկությունը, թեթև, փոքր-ինչ թունդ բույրերը»[12]։ Ըստ Վալենտին Կատաևի, ով իրեն համարում էր Բունինի աշակերտը, Իվան Ալեքսեևեչը մանկությունից օժտված է եղել հնչյունների, գույների և աշխարհի այլ երևույթների նկատմամբ բացառիկ ընդունակությամբ[14]։ Նրա տեսողությունը թույլ էր տալիս տեսնել «Պլեադների բոլոր յոթ աստղերը», իսկ լսողությունն այնպիսին էր, որ պատանեկան տարիքում ապագա գրողը հեռվից կարող էր ճանաչել թռչունի հեռավոր սուլոցը[15]։ Ուստի, նա «Անտոնովյան խնձորները» հարստացրել է մեղրի բույրով, աշնան թարմ հոտով, թափվող տերևներով, սնկի խոնավությամբ, կաշեկազմ հինավուրց գրքերով[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Титова, 1987, էջ 489
  2. Кучеровский, 1980, էջ 49—50
  3. Титова, 1987, էջ 490
  4. Кучеровский, 1980, էջ 51
  5. Кучеровский, 1980, էջ 52—54
  6. Жуков, 2006, էջ 546
  7. Титова, 1987, էջ 489—490
  8. Барковская Н. В. Типы повествования и их анализ // Филологический класс. — 2004. — № 11.
  9. 9,0 9,1 Кучеровский, 1980, էջ 52
  10. Бунин и Кузнецова. Искусство невозможного. Дневники, письма. — М.: Грифон, 2006. — 464 с. — ISBN 5-98862-020-5
  11. Кучеровский, 1980, էջ 51—52
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Грунина Л. П. Роль ключевого образа в создании эмоциональной доминанты повести И. Бунина «Антоновские яблоки» // Вестник Кузбасского государственного технического университета. — 2005. — № 6.
  13. Мещерякова О. А. Слово И. Бунина в контексте русской культуры // Вестник Челябинского государственного педагогического университета. — 2009. — № 9.
  14. 14,0 14,1 Катаев В. П. «Живительная сила памяти. «Антоновские яблоки» И. Бунина». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  15. Михайлов О. Н. Монолог о России // Бунин И. А. Жизнь Арсеньева. — М.: Советская Россия, 1982. — С. 14. — 336 с.

Գրականություն խմբագրել

  • Жуков И. И. Примечания // Бунин И. А. Полное собрание сочинений в 13 томах. — М.: Воскресенье, 2006. — Т. 1. — С. 519—548. — 576 с. — ISBN 5-88528-476-8
  • Кучеровский Н. М. Бунин и его проза (1887—1917). — Тула: Приокское книжное издательство, 1980. — 319 с.
  • Титова В. Г. Комментарии // И. А. Бунин. Собрание сочинений в шести томах. — М.: Художественная литература, 1987. — Т. 2. — С. 461—509. — 509 с.