Անտոնիո «Թոնի» Մոնտանա (անգլ.՝ Antonio «Tony» Montana), ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Օլիվեր Սթոունի ստեղծած կերպարը՝ Բրայան դե Պալմայի «Սպիով դեմքը» քրեական դրամայի գլխավոր հերոսը։ Ֆիլմն առաջին անգամ էկրաններին է հայտնվել 1983 թվականին։ Թոնի Մոնտանայի դերը, որը ֆիլմում կատարել Է Ալ Պաչինոն, դերասանին արժանացրել է «Ոսկե գլոբուս» մրցանակի[1]։ Թոնի Մոնտանան ամբիցիոզ գանգստեր է, որը գաղթել է Կուբայից, բնակություն հաստատել Մայամիում և գլխապտույտ կարիերա ստեղծել թմրաբիզնեսում։

Անտոնիո Մոնտանա
Առաջին անգամ հայտնվել էՍպիով դեմքը
ՍտեղծողՕլիվեր Սթոուն
Տեղեկություններ
Մականուն(ներ)Թոնի Մոնտանա
ՍեռԱրական

Կերպարի ստեղծման պատմություն խմբագրել

Օլիվեր Սթոունը գրել է, որ կերպարի գաղափարը ծագել է 1980 և 1981 թվականներին՝ Մայամի այցելության ժամանակ։ Այն ժամանակ քաղաքը հեղեղել էր բռնության ալիքը, մեկ տարում ավելի շատ կանխամտածված սպանություններ էին կատարվում, քան նախորդ տասնամյակում[2]։ Սթոունը ֆիլմի լրացուցիչ նյութերում հիշել է, թե ինչպես է հորինել գլխավոր հերոսի անունը. վերցրել է լատինամերիկյան երկրներում տարածված Անտոնիո (Թոնի) անունը և անվանն ավելացրել NFL-ի 80-ականների հայտնի քվետերբեկի՝ Ջո Մոնտանայի ազգանունը, որը կուբացուն շատ համապատասխան ազգանուն էր։ Դրա միջոցով Օլիվեր Սթոունը ևս մեկ անգամ ընդգծել է իր սերը Ամերիկյան ֆուտբոլի նկատմամբ։ Թոնի Մոնտանան այդ ժամանակաշրջանի ծնունդ է՝ առանց գրպանում մի կոպեկի, առանց հասարակության մեջ տեղի, սակայն իր անսահման հավակնություններով։ Այն հարցին, թե ինչ է նա ցանկանում, Թոնին պատասխանում է. «Ամբողջ աշխարհը և այն ամենը, ինչ կա դրանում»[3]։ Իր ամերիկյան երազանքի ճանապարհը նա գտնում է բռնության, հարստության և իշխանության մեջ, որին հասնում էր ռումբերի և ավտոմատների միջոցով[2]։

Թոնի Մոնտանայի մեջ չկա ռոմանտիզմի ոգի, որը բնորոշ է մեկ այլ հայտնի գանգստերին՝ «Կնքահայրը» ֆիլմից Մայքլ Կոռլեոնեին՝ Ալ Պաչինոյի դերակատարմամբ։ Ֆիլմի տեսարաններից մեկում Թոնին ալկոհոլի ազդեցության տակ գոռում է ռեստորանի հաճախորդների վրա․ «Ձեզ պետք են իմ նման վատ տղաներ, որպեսզի դուք մատնացույց անեք և ասեք․ «Ահա նա վատ տղա է»»[4]։

Արձագանք խմբագրել

«Empire» ամսագիրը ֆիլմերի 100 լավագույն կերպարների իր վարկանիշում Թոնի Մոնտանային դասել է 70-րդ տեղում[5]։ Ֆիլմի վերջին դրվագից «Ողջունիր իմ փոքրիկ ընկերոջը» արտահայտությունը, որտեղ Թոնին դուրս է գալիս իր առանձնատուն ներխուժած ավազակների դեմ՝ գրոհային հրացանով, ներառվել է Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկի 61-րդ հորիզոնականում՝ ըստ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի[6]։

Տարածում խմբագրել

«Scarface: the World is Yours» համակարգչային խաղում Թոնին հրաշքով է կենդանի մնում ֆիլմի իրադարձություններից հետո և նորից սկսում է կառուցել իր բիզնեսն ու ազդեցությունը։

2016 թվականի դեկտեմբերի 15-ին Թոնին որպես խաղային կերպար ավելացվել է «Payday 2» համակարգչային խաղի լրացումներից մեկում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Al Pacino awards & nominations» (անգլերեն). Golden Globe. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  2. 2,0 2,1 William J. Palmer. The Films of the Eighties: A Social History. — Southern Illinois University Press, 1995. — P. 158—159. — ISBN 0809320290
  3. Stephen Prince A New Pot of Gold: Hollywood under the Electronic Rainbow, 1980-1989 (History of the American Cinema). — University of California Press, 2002. — ISBN 979-0520232661
  4. George S. Larke-Walsh. Screening the Mafia: Masculinity, Ethnicity and Mobsters from The Godfather to The Sopranos. — McFarland, 2010. — P. 36. — ISBN 978-0786443116
  5. «The 100 Greatest Movie Characters» (անգլերեն). Empire. 2006. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  6. «AFI's 100 Years…100 Movie Quotes» (PDF) (անգլերեն). AFI. 2005. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.