Անտոնիո Մեդիչի, (իտալ.՝ Antonio de’ Medici, օգոստոսի 29, 1576(1576-08-29)[1][2], Ֆլորենցիա, Իտալիա - մայիսի 2, 1621(1621-05-02)[1][2], Ֆլորենցիա, Իտալիա), դոն, չտիտղոսավորված իսպանական գրանդ (բարձրագույն կոչում միջնադարյան Իսպանիայում, 16-րդ դարից ազնվականների պատվավոր տիտղոս։ Պորտուգալիայում և Բրազիլիայում օգտագործվում էր Գրանդեզա տիտղոսը), Տոսկանայի Մեծ Դուքս Ֆրանչեսկո I Մեդիչիի ապօրինի որդին (մեկ այլ վարկածի համաձայն՝ որդեգիր), Կապեստրանոյի իշխան` 1583-1588 թվականներին, Մալթայի շքանշանի ասպետ, դիվանագետ, ալքիմիկոս։

Անտոնիո Մեդիչի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29, 1576(1576-08-29)[1][2]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա
Մահացել էմայիսի 2, 1621(1621-05-02)[1][2] (44 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիա
Քաղաքացիություն Տոսկանայի Մեծ դքսություն
Մասնագիտությունքահանա
Ծնողներհայր՝ Ֆրանչեսկո I Մեդիչի, մայր՝ Բիանկա Կապելո
 Antonio de' Medici Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Անտոնիոն իր մոր՝ Բիանկայի հետ, Ալեսանդրո Ալորի

Անտոնիո Մեդիչին ծնվել է Ֆլորենցիայում 1576 թվականի օգոստոսի 29-ին։ Նա Տոսկանայի Մեծ Դուքս Ֆրանչեսկո I Մեդիչիի և վենետիկյան պատրիկ Բիանկա Կապելոյի ապօրինի որդին էր։ Մեծ Դուքսը նրան ճանաչել էր որպես իր բաստարդ և նրա համար գնել կալվածքներ Նեապոլի Թագավորությունում։ Անտոնիո Մեդիչին ստացել էր Կապեստրանոյի իշխանի տիտղոսը։

Նրա ծնողները ունեին իրենց օրինական ընտանիքները, մոր ամուսինը՝ Պիետրո Բոնավենտուրին, մահացել էր անհայտ հանգամանքներում։

Կնոջ մահից հետո, 1579 թվականին Ֆրանչեսկո I Մեդիչին ամուսնացավ Բիանկա Կապելոյի հետ։ Քանի որ Մեդիչիները չէին ընդունում Բիանկային, նրանց ամուսնությունը գաղտնի կնքվեց։ Չնայած նրան, որ Անտոնիո Մեդիչին Ֆրանչեսկոյի միակ որդին էր և վերապրեց իր հորը, չճանաչվեց որպես Տոսկանայի Մեծ դքսության գահի պաշտոնական ժառանգորդ։ 1587 թվականին Պոջիո-Կայանոյի վիլլայում Ֆրանչեսկո I Մեդիչիի և Բիանկա Կապելոյի հանկարծամահությունից հետո, գահը անցավ հորեղբորը՝ Ֆերդինանդո Մեդիչիին։

Դատարանում ժառանգների շրջանում Անտոնիո Մեդիչիի դիրքը թուլացնելու համար հայտարարվեց, որ նա Բիանկա Կապելոյի ծառայի և անհայտ տղամարդու զավակ է։ Կար մի վարկած, որ Դքսի սիրուհին ձևացրել է, իբր հղի է։ Դրա պատճառը Ֆրանչեսկո I-ի՝ արու ժառանգ ունենալու մեծ ցանկությունն էր։ Իր օրինական կինը՝ Յոհաննա Ավստրիացին, անընդմեջ վեց դուստր էր ունեցել, որոնց մի մասը մահացել էր մանկության տարիներին։ Միայն ապօրինի որդու ծնվելուց մեկ տարի անց ծնվել է նրա օրինական ժառանգ Ֆիլիպո Մեդիչին, ով նույնպես մահացել է վաղ տարիքում։ Կա վարկած, որ նրան թունավորել են։

Գահը հավակնելուց հրաժարվելու համար Անտոնիո Մեդիչին իր հորեղբորից՝ Մեծ Դուքս Ֆերդինանդո Մեդիչիից ստացավ պատկառելի գումար և պալատում ապրելու թույլտվություն։ Նրան անցան մի քանի ընտանեկան կալվածքներ` Լապեջի և Մարինոլեի առանձնատները և Ֆլորենցիայի Սուրբ Մարկոսի հրապարակում գտնվող տունը։ Նա նաև թույլտվություն ստացավ բնակություն հաստատելու Պիտտի պալատում՝ Մեծ Դքսի պաշտոնական նստավայրում։

1594 թվականին Մեծ Դքսի պնդմամբ, նա միացել է Մալթայի ասպետներին՝ ընդունելով չամուսնանալու երդում։ 1594-1595 թվականներին նա կռվել է թուրքերի դեմ Հունգարիայում, որտեղ էլ հիվանդացել է սիֆիլիսով։ Անտոնիո Մեդիչին կրքոտ որսորդ, երաժշտասեր և թատրոնի սիրահար էր։ 1600 թվականի հոկտեմբերի 6-ին Պիտտի պալատում ի պատիվ իր սիրելի զարմուհու՝ Մարիա Մեդիչիի հարսանիքի, նա բեմադրեց «Էվրիդիկա» հոյակապ ներկայացումը՝ հիմնված Օտտավիո Ռինուչինիի լիբրետտոյի և Յակոբո Պիերիի երաժշտության վրա։ Ալքիմիայի և գիտության հանդեպ նրա հետաքրքրությունը ստիպեց նրան հանդիպելու Գալիլեո Գալիլեյին։

1598-1608 թվականներին նա գտնվում էր դիվանագիտական ծառայության մեջ. ծառայում էր որպես Տոսկանայի Մեծ դքսության դեսպան Ֆրանսիայում, Միլանի հերցոգությունում, Լիգուրիական հանրապետությունում, Պապական մարզում և Մանտուայի դքսությունում։ Իսպանիայում նրան շնորհվել է «դոն» տիտղոսը։

1614 թվականին հրաժարական է տվել և մինչև իր մահը ապրել համեստ կենսաթոշակով։ Մահացել է Ֆլորենցիայում 1621 թվականի մայիսի 2-ին։

Ժառանգություն խմբագրել

Անտոնիո Մեդիչին երկար ժամանակ ապրել է Արտեմիզիա Տոցիի հետ, ով Լուկայից էր և իր սիրեկանի մահից հետո Ֆլորենցիայի Սուրբ Կլիմենտի վանքում ընդունել էր կուսակրոնություն։ Անտոնիոն ուներ հինգ երեխա երեք կանանցից.

Վերջին երեք երեխաները, հոր պնդմամբ, օրինականացվել են Հռոմի պապ Պողոս V-ի և ճանաչվել Կոզիմո Երկրորդ Մեդիչիի՝ Տոսկանայի Մեծ Դքսի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Luti F. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2009. — Vol. 73.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pas L. v. Genealogics — 2003.

Աղբյուրներ խմբագրել

  • Filippo Luti. — Dizionario Biografico degli Italiani - Volume 73 (2009)«Medici, Antonio de'». Treccani.it.(իտալ.)
  • «Antonio di Francesco I de' Medici». Palazzo—Medici.it. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին.(իտալ.)