Անվերջություն (փիլիսոփայություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անվերջություն (այլ կիրռումներ)

Անվերջություն, մատերիայի, նրա շարժման ու զարգացման, ժամանակի ու տարածության անսահմանափակությունն ու նրանց ճանաչման անսպառելիությունը բնութագրող հասկացություն։

Դասական կոսմոլոգիայում աշխարհի անվերջությունը ըմբռնվել է որպես մատերիայի, տարածության ու ժամանակի միասեռ, միօրինակ մասերի անսահմանափակ գումար, ուստի, որպես վերջավորների պարզ համադրություն, հնարավոր է համարվել աշխարհի վերջավոր մասի օրինաչափությունները անվերջի վրա տարածելը։ Այս պատկերացման անհետևողականությունը բացահայտվեց կոսմոլոգիական պարադոքսների շնորհիվ, և այն հաղթահարվեց նորագույն ֆիզիկայում։ Պարզվեց, որ միկրոաշխարհում մատերիայի բաժանման անվերջությունը պետք է դիտվի որպես նրա անվերջ փոխակերպումների հնարավորության։

Հարաբերականության տեսությունը, կապ հաստատելով տարածա-ժամանակի կառուցվածքի և մատերիայի բաշխման օրինաչափությունների միջև, սահմանազատում է մտցնում անվերջությունյան և անսահմանափակաթյան միջև՝

  • առաջինը վերագրելով տարածա-ժամանակի ներքին կառուցվածքին
  • երկրորդը՝ նրա չափելիությանը։

Այս հիմքի վրա ստեղծված տիեզերքի տարբեր մոդելները պետք է դիտել ոչ թե նրա վերջավորության ապացույց, այլ տարածա-ժամանակի կառուցվածքի արտահայտման միջոցներ։

Իմացաբանական առումով անվերջությունը աշխարհի ճանաչման պրոցեսի անվերջություն է։ Մարդկային պրակտիկ գործունեությունն ընթանում է վնրջավոր տիրույթում, սակայն իմացությունը, որքանով այն հավակնում է համընդհանուր և անհրաժեշտ լինելու, պարունակում է անվերջի տարր, ուստի այն անվերջի իմացություն է։ Մետաֆիզիկական տեսակետից անվերջություն ըմբռնվում է որպես «հոռի անվերջություն», որպես միատարր վերջավորների հանրագումար, նրանց պարզ կրկնություն։ Ուստի անհնարին է լինում բացատրել իմացության անցումը վերջավորից անվերջին, զգայականից տրամաբանականին, փաստականից տեսականին։ Դիալեկտիկական ըմբռնմամբ, թեև ամեն մի փաստական գիտելիք իր բովանդակությամբ վերաբերում է վերջավորին, կոնկրետին, սակայն իր ձևով, որպես գիտելիք ընդհանրապես, որպես ընդհանուր աշխարհըմբռնման մի մաս, օժտված է համընդհանուր և անհրաժեշտ բնույթով, ուստի և գիտելիք է անվերջի մասին։ Հետևաբար իմացությունը վերջավորի և անվերջի դիալեկտիկական հակասության հաղթահարման պատմական պրոցես է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 439