Անձևացիք

Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառ

Անձևացիք, գրաբար՝ Անձեւացիք, գավառ Վասպուրական նահանգի հարավարևմտյան մասում, Անձևացիների նախարարության ժառանգական սեփականությունը։

Աշխարհագրություն խմբագրել

 
Մեծ Հայքը Արշակունիների օրոք։

Տարածվում էր Արևելյան Տիգրիսի վտակ՝ Ջերմաջուր գետի ակունքների դժվարամատչելի լեռնաստանում։ Ասուրա-բաբելական արձանագրություններում հիշատակվում է «Անզի» ձևով։

Պատմություն խմբագրել

 
Վասպուրականի թագավորությունը։

Ի սկզբանե, Անձևացիքը հանդիսանում էր հայ Անձևացի (Անձաւացի) իշխանական տոհմի տիրույթը. տոհմական ոստանը՝ Կանգուար։ Մեծ Հայքի 387 թ-ի բաժանման ժամանակ գավառն անցավ Սասանյան Պարսկաստանին, իսկ 7-րդ դարի կեսերին նվաճեցին արաբները։ 885 թ-ին գավառը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ, իսկ երբ 908-ին ստեղծվեց Վասպուրականի թագավորությունը, գավառն ընդգրկվեց նրա կազմի մեջ՝ խաղալով ռազմաքաղաքական կարևոր դեր։ 990 թ-ին Վասպուրականի թագավորությունը բաժանվեց Արծրունի երեք եղբայրների միջև, և նրա մասերից մեկը հանդիսացող Անձևացյաց գավառում թագավորեց Գուրգեն Արծրունին։ 1021 թ-ին գավառը Վասպուրականի թագավորության հետ ընկավ Բյուզանդիայի գերիշխանության տակ։

Հոգևոր կյանք խմբագրել

Սկսած 4-րդ դարից` գավառն ուներ իր եպիսկոպոսությունը։ Այս գավառում է գործել Բարդուղիմեոս առաքյալը։ 10-րդ դարում գավառի եպիսկոպոսն էր Գրիգոր Նարեկացու հայրը` Խոսրով Անձևացին։

Հայտնի վայրեր խմբագրել

Անձևացյաց գավառում հայտնի էին Կանգավար (Կանգուար) և Նորաբերդ ամրոցները, Ալաման, Լեկ և Աղզի գյուղերը և ուրարտական Արուբանա ու հայոց Անահիտ աստվածուհիների կենտրոն Դարբնացքար կամ Ագռավաքար վայրը՝ Արևելյան Տիգրիսի ափին, որտեղ հետագայում հիմնվել է Հոգեաց վանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 426