Անիմալիստական ժանր

կենդանիների պատկերումը կերպարվեստում

Անիմալիստական ժանր (ֆր.՝ Animalisme, լատին․՝ animal կենդանի, անասուն), կենդանիների պատկերումը կերպարվեստում։

Բնութագիր խմբագրել

Անիմալիստական ժանրը, բնագիտական և գեղարվեստական պատկերումների զուգորդմամբ նպաստում է մարդու դիտողականության զարգացմանը և առաջացնում սեր դեպի բնությունը։ Հեքիաթների, առակների նկարազարդումներում, այլաբանական և երգիծական պատկերներում կենդանին «մարդկայնացվում» է, օժտվում մարդկանց հատուկ արարքներով և ապրումներով։ Ոչ սակավ, անիմալիստական ժանրի խնդիրն է դառնում կենդանու ճշգրիտ պատկերումը (օրինակ գիտական և գիտա-հանրամատչելի գրականության նկարազարդումներում)։ Նկարիչ որսորդների սուր դիտողականության մասին են վկայում գազանների և թռչունների պատկերումները նախնադարյան արվեստում։

Զարգացումը տարբեր երկրներում խմբագրել

Կենդանիների վառ կերպով ոճավորված ֆիգուրներով հարուստ է Հին Արևելքի, Աֆրիկայի, Օվկիանիայի, հին Ամերիկայի արվեստը։ Կենդանիների պատկերներ հանդիպում են անտիկ քանդակագործության, սափորանկարչաթյան, խճանկարչության նմուշներում։ Միջին դարերում Եվրոպայում տարածում գտան կենդանիների և թռչունների այլաբանական և բանահյուսական, հեքիաթային կերպարները։ Վերածննդի դարաշրջանում արվեստագետներն սկսեցին կենդանիներին պատկերել՝ դիմելով բնությանը (Պիզանելլո, Ալբրեխտ Դյուրեր)։ Սակայն բուն անիմալիստական ժանրը (որ սերտորեն կապված է բնանկարի, նատյուրմորտի, կենցաղային ժանրի հետ) հանդես եկավ Չինաստանում (VIII–XIII դարեր), Եվրոպայում (17-րդ դար)։

Անիմալիստական ժանրը Հայաստանում խմբագրել

Հայաստանում հայտնաբերված ժայռապատկերներն ու հնագույն որմնաքանդակները հարուստ են կենդանիների պատկերներով, որոնք հաճախ ոճավորված են, երբեմն ունեն խորհրդանշային կամ այլաբանական բնույթ։ Այդպիսիք են նաև Վիշապները։ Միջին դարերում կենդանական մոտիվները մուտք են գործել ձեռագրերի ասպարեզ (թռչնագրեր, կենդանազարդեր), տեղ գտել պալատների որմնանկարներում, նույնիսկ եկեղեցիների, տապանաքարերի հարդարանքում (Աղցքի դամբարան, Աղթամարի Սբ․ Խաչ տաճար և այլն)։ Խորհրդային անիմալիստների գործերը առանձնանում են կենդանական աշխարհի նուրբ իմացությամբ, կերպարների դեկորատիվ արտահայտչականությամբ (Վ.Ա. Վատագին, Ի.Ս. Եֆիմով, Ե.Ի. Չարուշին, Ի.Գ. Ֆրիխիոսր, Ա. Ստարկոպֆ և ուրիշներ)։ Հայ կերպարվեստագետներից անիմալիստական բազմաթիվ գործեր են ստեղծել քանդակագործ Հ. Գյուրջյանը և գրաֆիկ Վ. Այվազյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 416