Անդրեաս (հուն․՝ Ανδρέας , լատին․՝ Andreas, «առնական», մոտ մ. թ. ա. 6, Բեթսաիդա, Հրեաստան, Հռոմեական կայսրություն - նոյեմբերի 30, 60, Պատրաս, Achaea, Հռոմեական կայսրություն), Ըստ Նոր Կտակարանի՝ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, Պետրոս առաքյալի եղբայրը և ոմն Հովնանի որդին (հմմտ. Մատթ 4։18)։ Նախքան կանչվելը զբաղվում էր ձկնորսությամբ։

Անդրեաս առաքյալ
ԺամանակաշրջանՀռոմեական կայսրություն
Ծնունդմոտ մ. թ. ա. 6
ԾննդավայրԲեթսաիդա, Հրեաստան, Հռոմեական կայսրություն
Վախճաննոյեմբերի 30, 60
Վախճան վայրՊատրաս, Achaea, Հռոմեական կայսրություն
Վախճան պատճառանհայտ
Թաղման վայրՍուրբ Առաքյալների եկեղեցի
Եկեղեցիքրիստոնեություն և հուդայականություն
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրնոյեմբերի 30[1]
Աշխատանքքարոզիչ, միսիոներ և ձկնորս
ՊաշտոնԿոստանդնուպոլսի պատրիարք և առաքյալ
Ազգությունհրեա
ԵրկիրՀին Հռոմ
ԲնակավայրՍինոպ, Պոնտոս, Սկիֆիա, Մեծ Նովգորոդ և Հռոմ
ՈւսուցիչՀիսուս
Քույր/եղբայրՊետրոս առաքյալ

Անդրեաս առաքյալը Նոր կտակարանում խմբագրել

Համաձայն Ավետարանի Անդրեասը ծնունդով Գալիլիայի Բեթսաիդա քաղաքից էր, սակայն, հավանաբար տեղափոխվել է բնակության Կափառնաում, որտեղ իր և Պետրոսի բնակության վայրը գտնվել է ժողովարանին շատ մոտ (հմմտ. Մարկ. Ա 29, 44)։ Համաձայն Հովհաննեսի Ավետարանի Անդրեասը Օծյալի (Քրիստոս) մասին առաջին ավետաբերն է, ինչի համար էլ հաճախ անվանվում է «Նախակոչ». «Հետևյալ օրը դարձյալ այնտեղ կանգնած էր Հովհաննեսը. նաև՝ իր աշակերտներից երկուսը։ Եվ նայելով Հիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը՝ Գառն Աստուծո»։ Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ խոսեց, և գնացին Հիսուսի հետևից։ Երբ Հիսուս հետ դարձավ և տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ասաց նրանց. «Ի՞նչ էք ուզում»։ Նրանք ասացին նրան. «Րաբբի՛ (որ թարգմանվում է՝ վարդապետ), ո՞ւր է քո օթևանը»։ Նա նրանց ասաց. «Եկե՛ք և տեսե՛ք»։ Եկան և տեսան, թե որտեղ էր նրա օթևանը. և այն օրը նրա մոտ գիշերեցին, որովհետև մոտ ժամը չորսն էր։ Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսի ասածը և գնացին Հիսուսի հետևից» (Հովհ. 1։35-40)։ Այս հատվածը իրավունք է տալի կարծել, որ Անդրեասը մինչև Քրիստոսից ընտրվելը աշակերտել էր Հովհաննես Մկրտչին։ Անդրեասն էր նաև, որ եղբորը՝ Պետրոսին տարավ Քրիստոսի մոտ (Հովհ. 1։41-42)։ Մատթեոսի և Մարկոսի Ավետարաններում կա Քրիստոսի՝ Անդրեասին և Պետրոսին կանչելու մեկ այլ դրվագ. «Երբ նա անցնում էր Գալիլիայի ծովեզրով, տեսավ Սիմոնին և նրա եղբայր Անդրեասին, որոնք ուռկանները ծովն էին գցել, որովհետև ձկնորսներ էին։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ կդարձնեմ մարդկանց որսորդներ»։ Եվ իսկույն ուռկանները թողնելով՝ գնացին նրա հետ» (Մարկ. 1։16, Մատթ. 4։16)։ Այս դրվագներից հետո, Ավետարանիչները շատ քիչ են հիշատակում Անդրեաս առաքյալին։ Նախ նա հիշատակվում է 12 առաքյալների շարքում՝ գրեթե միշտ հաջորդելով Պետրոսին (Մատթ. 10։2, Մարկ. 3։18, Ղուկ. 6։14), ապա Քրիստոսի՝ Տաճարի կործանման վերաբերյալ կանխասացության դրվագում, երբ «Պետրոսն ու Հակոբոսը և Հովհաննեսն ու Անդրեասը, առանձին, հարցրին նրան. «Ասա՛ մեզ, ե՞րբ պիտի լինի այդ, և ի՞նչ կլինի նշանը, երբ կատարվելու լինի այդ բոլորը»» (Մարկ. 13:1-4): Քիչ ավելի ընդարձակ դրվագ է ներկայացված հացի բազմացման հատվածում, որտեղ տեսնելով ժողովրդի ստվար հատվածներին Քրիստոս ստուգիչ հարց է ուղղում աշակերտներին, թե ինչպես պետք է կերակրեն այդքանին։ «Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան. «Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսչափ մարդկանց համար» (Հովհ. 6:8): Քրիստոսի խորհրդով Անդրեասը պատանուն բերում է Նրա մոտ, և Հիսուսը բազմացնում է հացը։ Ավետարանում Անդրեասին վերջին անգամ տեսնում ենք Պասեքի տոնից առաջ, երբ Երուսաղեմում «կային նաև որոշ թվով հեթանոսներ՝ նրանց մեջ, որ Երուսաղեմ էին եկել, որպեսզի տոնի ժամանակ երկրպագություն անեն։ Նրանք մոտեցան Փիլիպպոսին, որ Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր. աղաչում էին նրան ու ասում. «Տե՛ր, ուզում ենք Հիսուսին տեսնել»։ Փիլիպպոսը եկավ եվ Անդրեասին ասաց։ Անդրեասը և Փիլիպպոսն էլ Հիսուսին ասացին։ Եվ Հիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Հասավ ժամը, որ փառավորվի մարդու Որդին...» (Հովհ. 12։20-23)։ Համաձայն ասորական ավանդության հիշյալ հեթանոսները Եդեսիայի Աբգար թագավորի պատվիրակներն էին, որ խնդրում էին Հիսուսին գնալ Եդեսիա և բժշկել արքային։ Մովսես Խորենացին այդ պատգամավորներին հայազգի է համարում։ Գործք առաքելոցում Անդրեասը միակ և վերջին անգամ հիշատակվում է 1։13 հատվածում՝ մյուս առաքյալների հետ։

Անդրեաս առաքյալի քարոզչությունը և նահատակությունը խմբագրել

Անդրեաս առաքյալի անվամբ հայտնի է պարականոն մի գիրք՝ «Գործք Անդրեասի» վերտառությամբ (3-րդ դար)։ Որոշ կցկտուր տեղեկություններ նրա քարոզչության և նահատակության մասին հաղորդում է այդ գիրքը։ Դրա և Եվսեբիոս Կեսարացու տվյալներով Անդրեասը քարոզել է սկյութներին և հյուսիսային Հունաստանի ժողովրդին։ Համարվում է նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու հիմնադիրը։ Որպես նրա բանտարկության և նահատակության վայր նշվում է Աքայիայի հյուսիսարևմտյան ծովափին ընկած Պատրաս քաղաքը, ուր նա խաչվում է X-աձև խաչի վրա (սույն ավանդությունը հիշատակվում է 14-րդ դարում) և խաչի վրայից քարոզելով 2 օր շարունակ՝ կնքում է մահկանացուն 60 թ.։

Հիշատակության օրը խմբագրել

Սուրբ Անդրեաս առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և տարեվերջին՝ Հիսնակի պահքի բարեկենդանին նախորդող շաբաթ օրը՝ Փիլիպպոս առաքյալի հետ միասին։ Հույն և Լատին Եկեղեցիները տոնում են նոյեմբերի 30-ին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typicaCivitas Vaticana: Typis Polyglottis Vaticanis, 1969. — P. 31.

Աղբյուրներ խմբագրել

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
  2. Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997։
  3. Մաղաքիա արք. Օրմանյան, Ազգապատում, հտ. Ա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2001։
  4. Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։
  5. Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010։
  6. Բ.Եղիայեան, Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներու, Դ գիրք, Ներածութիւն Նոր Կտակարանի, Անթիլիաս-Լիբանան, 1974։
  7. Новый библейский словапь, часть 1, Санкт-Петербург, 1999г.
  8. Роналд Браунригг, Кто есть кто в Новом Завете, Словарь, Москва, 1998.
  9. Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003.
  10. Евсевий Памфил. Церковная история.