Անդրկովկասյան հատուկ կոմիտե

Անդրկովկասյան հատուկ կոմիտե, Օզակոմ (ռուս.՝ Особый Закавказский комитет), Ռուսաստանի ժամանակավոր կառավարության Անդրկովկասի երկրամասային մարմինը։

Անդրկովկասյան հատուկ կոմիտե
Особый Закавказский Комитет
Դրոշ


ԿարգավիճակՌուսաստանի ժամանակավոր կառավարության
երկրամասային մարմին
Պետական լեզուռուսերեն, ադրբեջաներեն, վրացերեն և հայերեն
Օրենսդիր մարմինՌուսաստանի Սահմանադիր ժողով
Հիմնադրված էմարտի 22, 1917 թ.

Ստեղծվել է 1917 թվականի մարտի 9 (22)-ին Թիֆլիսում, պետական 4-րդ դումայի Կովկասի 5 ներկայացուցիչներից. Վասիլի Խառլամով (կադետ, նախագահ), Միքայել Պապաջանյան (կադետ), Մամեդ Յուսիֆ Ջաֆարով (կադետ), Կիտա Աբաշիձե (սոցիալ-ֆեդերալիստ), Պավել Պերեվերզև (կադետ)։ Վրացի մենշևիկները բողոքեցին Անդրկովկասյան հատուկ կոմիտեում ներկայացուցիչ չունենալու համար։ Շուտով դրանում ընդգրկվեց մենշևիկ Ակակի Չխենկելին (Պերեվերզևի փոխարեն)։

Որպես ժամանակավոր կառավարության տեղական մարմին Անդրկովկասյան հատուկ կոմիտեն կոչված Էր Անդրկովկասում հաստատել կայուն կարգ։ Նրա վրա դրվեց նաև Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերի գրաված մարզերի քաղաքացիական կառավարումը (Արևմտյան Հայաստանում սահմանվեց Գերագույն կոմիսարի պաշտոն)։ 1917 թվականի մարտի 18-ին Անդրկովկասյան հատուկ կոմիտեն կոչով դիմեց Անդրկովկասի բնակչությանը՝ տեղական պայմաններին համապատասխան «նոր կարգի ստեղծման մասին»։ Այդ փաստաթղթում կրկնվում էին Ռուսաստանի ժամանակավոր կառավարության հիմնական դրույթները, իսկ կարևորագույն՝ ագրարային, ազգային և բանվոր, հարցերի լուծումը հետաձգվում էր մինչև Սահմանադիր ժողովի գումարը։

Անդրկովկասյան հատուկ կոմիտեն Անդրկովկասում իրական իշխանություն չուներ։ Նրա գործունեությունը հիմնականում արտահայտվեց երկրամասում գյուղացիական ելույթները կանխելու փորձով, ինչի համար ստեղծվեցին հաշտարար հանձնաժողովներ, որոնք և պետք է լուծեին հողային հարցի շուրջն առաջացած վեճերը։ Նման կիսամիջոցառումներն ի վիճակի չէին կարգավորել իրադրությունն Անդրկովկասում։ Իշխանության ավելի ազդեցիկ մարմիններ էին գործադիր կոմիտեները։ 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո, Հայաստանում մասնավորապես, իշխանությունը պատկանում էր Երևանի նահանգային և Կարսի մարզային գործադիր կոմիտեներին, որոնց մեջ մտնում էին քաղաքային դումայի անդամները, բանվորական, զինվոր, պատգամավորների խորհուրդների, ինչպես նաև վաճառականների, հասարակական զանազան կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 1917 թվականի վերջին Անդրկովկասում աշխուժացան ազգային խորհուրդները. այդ թվում և Հայոց ազգային խորհուրդը։ Անդրկովկասյան հատուկ կոմիտեն գոյատևեց մինչև 1917 թվականի նոյեմբեր, երբ նրան փոխարինեց Անդրկովկասյան կոմիսարիատը։

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 399