Անդալուզյան շուն (ֆր.՝ Un chien andalou), իսպանացի ռեժիսոր Լուիս Բունյուելի և իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի 16-րոպեանոց համր ֆիլմ։ Ի սկզբանե թողարկվել է 1929 թվականին Փարիզում սահմանափակ թվով ցուցադրության համար, սակայն ճանաչում ձեռք բերելով` ութ ամիս մնացել է կինովարձույթում։ 1920-ական թվականների ավանգարդի սյուրռեալիստական առավել հայտնի ֆիլմերից է[2]։ Բունյուելի հաջորդ` «Ոսկե դար» (Âge d’or, 1930) ֆիլմը համարվում է «Անդալուզյան շան» ոճական շարունակությունը։

Անդալուզյան շուն
ֆր.՝ Un chien andalou
ԵրկիրՖրանսիա
Ժանրէսսե ֆիլմ և համր կինո
Թվականհունիսի 6, 1929[1] և 1929
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԼուիս Բունյուել
ՊրոդյուսերՊիեռ Բրաունբերգեր, Լուիս Բունյուել և Սալվադոր Դալի
Սցենարի հեղինակՍալվադոր Դալի և Լուիս Բունյուել
ԴերակատարներՊիեռ Բատչեֆ, Սիմոնա Մարեյլ, Լուիս Բունյուել, Սալվադոր Դալի և Jaume Miravitlles?
ԵրաժշտությունՌիխարդ Վագներ
ՄոնտաժԼուիս Բունյուել
Տևողություն16 րոպե
Բյուջե100 000 F

Ֆիլմում բացակայում է սյուժեն` այս բառի սովորական ընկալմամբ։ Ֆիլմի ժամանակագրությունը կտրատված է. այսպես` առաջին տեսարանից (ֆր.՝ Il etait une fois, բառացի` «Շատ հնում») երկրորդ տեսարան («Ութ տարի անց») անցումը կատարվում է առանց իրադրության ու կերպարների փոփոխության[3]։ Ըստ էության, Բունյուելի կինեմատոգրաֆիական պատումը ենթարկվում է երազատեսության տրամաբանությանը, որում փոփոխվում են տեսողական կերպարները` չենթարկվելով ռացիոնալ տրամաբանության և ժամանակագրական հաջորդականության։ Այդ պատճառով կինոքննադատները, հաճախ մեկնաբանելով ֆիլմը, կիրառում են այդ տարիներին մեծ տարածում ունեցող երազների մեկնաբանության` Ֆրոյդի տեսությունը[4]։

Փատորեն մերժելով ֆիլմի տարբեր ինտերպրիտացիաները` Բունյուելը իր հուշերում նշել է, որ միակ կանոնը, որին հետևել են ինքն ու Դալին ֆիլմի սցենարը գրելիս, եղել է արգելքը «ամեն գաղափարի կամ կերպարի վրա, որը կարող է ռացիոնալ բացատրություն ունենալ»[5]։ Բացի այդ` նա պնդել է, որ «ֆիլմում չկա ոչինչ, որը ինչ-որ բան կխորհրդանշի։ Խորհրդանիշերի հետազոտության միակ մեթոդը, հնարավոր է, համարվում է հոգեվերլուծությունը»[6]։

Ֆաբուլա խմբագրել

Ֆիլմը սկսվում է «Շատ հնում» (ֆր.՝ Il etait une fois) տեսարանով[3]։ Միջին տարիքի մի մարդ (Լուիս Բունյուել) սրում է ածելին, դուրս է գալիս պատշգամբ, նայում լիալուսնին, իսկ հետո ածելիով բազկաթոռին նստած աղջկա աչքին կտվածք է անում։ Այդ նույն ժամանակ մի նուրբ ամպ հատում է լուսնի սկավառակը։

  Իմ ընկերուհին սիրում է նշտարի նուրբ կտրվածքների քնքշանքը դուրս ընկած ակնագնդիկին։
- Սալվադոր Դալի
 
  Բունյուելն ինձ անձամբ պատմել է, որ այս դրվագը մտածել է Դալին, որին ինքը հավելել է լուսնի սկավառակի հատումը նեղ, երկար ամպով։  

Այնուհետև մենք տեսնում ենք անցք ունեցող ձեռք, որից դուրս են գալիս մրջյուններ, ձեռքից պոկված մատ, տղամարդու, ով իր հետևից քարշ է տալիս երկու դաշնամուր` մահացած կիսատ ավանակներով և դաշնամուրին կապված երկու տղամարդկանցով, կնոջ, ով կամրջով քաշում է կտրված ձեռքը և այդպես շարունակ։ Այս բոլոր կերպարները ֆիլմի վերջում այդպես էլ չեն ձևավորում մեկ ընդհանուր սյուժե` շարունակելով մնալ հանելուկային ու անորոշ։

Դերերում խմբագրել

  • Լուիս Բունյուել - ներածական հատվածի տղամարդ
  • Սալվադոր Դալի - սեմինարավար
  • Սիմոնա Մարյոյ - աղջիկ
  • Պիեռ Բատչեֆ - տղամարդ
  • Հայմե Միրավիլես - սեմինարավար (տիտրերում նշված չէ)
  • Ռոբերտ Հոմետ - երիտասարդ տղամարդ ծովափին (տիտրերում նշված չէ)
  • Ֆանո Մեսան - հերմաֆրոդիտ (տիտրերում նշված չէ)

Ստեղծում խմբագրել

Ֆիլմի անվանումն իսպանական ասացվածքի քողարկված հեռավոր արձագանք է. «Անդալուզյան շունը ոռնում է` ինչ-որ մեկը մահացել է»[7]։ Ուսանողական միջավայրում «անդալուզյան շուն» արհամարհաբար անվանել են հարավից եկածներին` գործածելով «մայրիկի բալիկ», «փսլնքոտ», «դմբո», «անճարակ» նշանակությամբ[8]։

«Անդալուզյան շուն» ֆիլմի սցենարի հիմքում ընկած են ֆիլմի հեղինակներ Լուիս Բյունուելի ու Սալվադոր Դալիի երկու երազներ։ Աղջկա աչքը ածելիով կտրելու տեսարանում օգտագործվել է անկենդան կովի աչք։ Ֆիլմը ժամանակի մի քանի գրողների ստեղծագործությունների ակնարկ է պարունակում։ Դրանցից են Ֆեդերիկո Գարսիա Լորկայի բանաստեղծությունները և Խուան Ռամոն Խիմենեսի «Պլատերոն և ես» (անգլ.՝ Platero y yo, 1914) վեպը, որը ֆիլմի հեղինակները ընդհանրապես չէին սիրում[9]։

Հետագա ճակատագիր խմբագրել

Ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որը կայացել է 1928 թվականին Փարիզում, Լուիս Բունյուելը գրպանը լցրել էր քարերով, որպեսզի բարկացած հանդիսատեսից ազատվելու հնարավորություն ունենա, սակայն հեղինակի մտավախությունները չեն արդարանում։ Ավելի ուշ Դալին պնդել է, որ ֆիլմը «մեկ երեկոյի ընթացքում կոտրեց հետպատերազմյան ավանգարդի տասնամյա խելահեղությունը»[10]։

Ռեժիսորի պնդմամբ այս ֆիլմը Չարլի Չապլինը տասնյակ անգամներ նայել է իր առանձնատանը։ Առաջին անգամ երբ ֆիլմը սկսվել է, նրա տան աշխատակից չինացին, ով նաև մեխանիկ է եղել, ուշագնաց է եղել։ Ավելի ուշ Կառլոս Սաուրան Բունյուելին ասել է, որ երբ Ջերալդին Չապլինը փոքր է եղել, հայրը նրան վախեցնելու համար պատմել է այս ֆիլմից որոշ դրվագներ[11]։

1960 թվականին Լուիս Բյունուելն այս ֆիլմին ավելացրել է սաունդթրեք` Ռիխարդ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայից հատված և երկու արգենտինական տանգո։

Պազոլինիի կարծիքով ֆիլմը «բացահայտ կատարված է մաքուր արտահայտչականության ռեգիստրում, բայց դրա պատճառով նրան անհրաժեշտ է ճանաչելի նշան` սյուրռեալիզմ։ Եվ պետք է ասել, որ որպես սյուրռեալիստական դրսևորում ֆիլմը սքանչելի է»[12]։

Պիեռ Բատչեֆը և Սիմոնա Մարեյլը տարբեր ժամանակներում իրենց կյանքն ավարտել են ինքնասպանությամբ. Մարեյլը վառել է իրեն 1954 թվականին, իսկ Բատչեֆը մահացել է 1932 թվականին վերոնալի բարձր չափաբաժնից[13][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Un Chien Andalou». Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 Сказочный зачин, см. en:Once upon a time.
  4. Luis Bunuel: Impossibility and Illusion(անգլ.)
  5. Buñuel., Luis (1983). My Last Sigh. New York: Knopf. ISBN 0-394-52854-9.(անգլ.)
  6. Sitney., P. Adams (1974). Visionary Film: The American Avant-Garde. New York: Oxford University Press.(անգլ.)
  7. Андалузский пёс
  8. Студенческая резиденция — созданный в 1910 году в Мадриде Центр исторических исследований, по сути дела вольный университет, сформировавший несколько поколений испанской интеллигенции.
  9. IMDB
  10. «Я. Гибсон. Безумная жизнь Сальвадора Дали | В водовороте сюрреализма (1929) | "Андалузский пес" в Париже». www.mir-dali.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  11. Л. Бунюэль Бунюэль о Бунюэле. — М: Радуга, 1989.
  12. «Пьер Паоло Пазолини: Поэтическое кино». KinoVoid.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  13. Mareuil ended her life in a horrific fashion: she walked into a public square, doused herself with gasoline, and set herself on fire
  14. Pierre Batcheff

Գրականություն խմբագրել

  • Լուիս Բունյուել, Բունյուելը Բունյուելի մասին — М.: Радуга, 1989. — 384 с. — ISBN 5-05-002421-8

Արտաքին հղումներ խմբագրել