Անասնապահություն, գյուղատնտեսության երկու հիմնական ճյուղերից մեկը։ Ընդգրկում է տնային և գյուղատնտեսական կենդանիների ու թռչունների բուծումը՝ անասնաբուծական մթերքներ՝ սննդամթերք (կաթ, միս, ձու, ճարպ և այլն), սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը՝ բանող ուժ (ձի, եզ, ջորի, ուղտ, եղջերու, և այլն), օրգանական պարարտանյութ (գոմաղբ և թռչնաղբ) ստանալու նպատակով։ Անասնապահության առանձին ճյուղերից ստացվում են հորմոնային պատրաստուկներ, տարբեր նյութեր դեղագործության համար (օրինակ՝ թռչնաղբից), իսկ անասնապահական մթերքների վերամշակումից առաջացած մնացուկներից՝ արժեքավոր կերեր (մսալյուր, ոսկրալյուր, զտած կաթ և այլն)։

Խոշոր եղջերավոր անասունների նախիրը մարգագետնում արածելիս
Անասունների մսուրային կերակրում

Բաժիններ խմբագրել

Անասնաբուծությունը բաժանվում է ընդհանուր և մասնավոր բաժինների։ Ընդհանուր անասնաբուծությունն ուսումնասիրում է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների բուծման, կերակրման, խնամքի ու պահվածքի ընդհանուր սկզբունքները և միավորում գյուղատնտեսական կենդանիների բուծումը, կերակրումը, զոոհիգիենան և այլն։ Մասնավոր անասնաբուծությունն ուսումնասիրում է անասնապահության ճյուղերը վարելու մեթոդները, մշակում գործնական միջոցառումներ՝ ելնելով տեսակների, ցեղերի առանձնահատկություններից և բուծման բնական տնտեսական պայմաններից։ Մասնավոր անասնաբուծությունն ընդգրկում է տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը, այծաբուծությունը, թռչնաբուծությունը, ուղտաբուծությունը, եղջերվաբուծությունը, ճագարաբուծությունը, մեղվաբուծությունը և շերամապահությունը։

Պատմություն խմբագրել

Անասնաբուծությունը սաղմնավորվել է դեռևս հին աշխարհում՝ Հունաստանում, Հռոմում, Հայաստանում և այլ երկրներում, սակայն որպես գիտություն ձևավորվել է 18-րդ դարի երկրորդ կեսին՝ գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման և բնագիտության նվաճումների շնորհիվ։ Արդյունաբերական կապիտալիզմի զարգացումն ընդլայնեց անասնապահական արտադրությունը (հատկապես Անգլիայում), անգլիացի Ռ. Բեքուելը, Չարլզ ն Ռոբերտ Քոլինգ եղբայրները և ուրիշներ ստեղծեցին գյուղատնտեսական կենդանիների մի շարք արժեքավոր ցեղեր։ Առաջին դասական աշխատությունը, ուր գիտականորեն լուսաբանված է գյուղատնտեսական կենդանիների բուծման ամբողշ փորձը, Չարլզ Դարվինի «Ընտելացված կենդանիներ ե մշակվող բույսեր» (1868) աշխատությունն է։

20-րդ դարի գերմանացի գիտնական Ա. Թեերը ուսումնասիրեց կերի սննդարարությունը ն կազմը, իսկ Օ. Կելներն առաջարկեց կերերի գնահատման օսլայական համարժեքը։ Նույն ժամանակաշրջանում Ռուսաստանում արժեքավոր աշխատանքներ են կատարել Ա.Ֆ.Միդեն– դորֆը, Ն.Պ. Չիրվինսկին, Պ.Ն. Կուլեշովը, Մ. Ֆ. Իվանովը, Ե. Ա. Բոգդանովը և հայ գիտնականներ Ալ. Քալանթարը, Ավ. Քալանթարը ե ուրիշներ։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 124  

Անասնաբուծություն խմբագրել

Նախամարդը անասնապահությամբ սկսել է զբաղվել դեռ հին քարի դարում։ Առաջինն ընտելացվել է շունը, ապա՝ խոզը, խոշոր եղջերավորները, ոչխարը, այծը, ճագարը, ձին և էշը։ Ընտելացված կենդանիների բազմացման, աստիճանական բարելավման և ընտրասերման միջոցով դրվել է անասնաբուծության տարբեր ճյուղերի հիմքը։

Հայկական բարձրավանդակում անասնաբուծական գիտելիքները սաղմնավորվել են անասնապահության սկզբնավորման հետ միասին (նեոլիթի դարաշրջան)։ Ծովինար բերդի (Սևանա լճի հարավային ափ) պեղումներից հայտնաբերվել են տավարի, ընտանի ոչխարի և խոզի ոսկորներ։ Ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակված են եզը, ցուլը, արջառը, կովը, ոչխարը, գառը, հարևան երկրներից ավար առած հարյուր հազարավոր գլուխ տավարի և ոչխարի մասին։ Այս ամենը վկայում են, որ Հայկական բարձրավանդակում ապրող ցեղերը դեռևս շատ վաղուց զբաղվել են անասնապահությամբ։ Անասնաբուծության առաջընթացի, տեխնիկայի, մշակույթի և երկրների միջև տնտեսական կապերի զարգացման հետ միասին ընդլայնվում են անասնաբուծական գիտելիքները։

Մ. թ. ա. 1-ին դարում Հայաստանում հայտնի է եղել Մետրոդորոսին վերագրվող արամեատառ «Բանականության առկայությունն անխոս կենդանիների մոտ» երկախոսությունը։ Հայ մատենագիրները (Եզնիկ Կողբացի, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի և այլք) իրենց երկերում մասնակիորեն բնութագրել են Հայաստանի կենդանիներին, իսկ որոշ հեղինակներ շոշափել են բազմացման, ժառանգականության, բնազդներին վերաբերող բազմաթիվ հարցեր։ 5-րդ դարում հայերեն է թարգմանվել Բարսեղ Կեսարացու «Վեցօրից»–ը, որտեղ նկարագրված են կենդանիների բնազդը, բազմացումը և այլն։

12-րդ դարում (կամ ամենաուշը 13-րդ դարի սկզբին) մի անհայտ հեղինակ արաբերենից թարգմանել է «Գիրք վաստակոց» աշխատությունը։ Այս աշխատության առանձին գլուխներում նկարագրված են ձիերը, կովերը, ոչխարները, մեղուները, շները, հավերը, նրանց կերակրումն ու խնամքը, զուգավորումը, հղիությունը, ինչպես նաև ոչխարների խուզը, հավերի գիրացումը, թռչնանոցները, մեղվանոցի տեղի ընտրությունը ևայլն։

Կիլիկյան Հայկական թագավորության ժամանսւկաշրջանից մեզ են հասել ձիաբուծության մասին գրվածքներ «Բազմավեպ», 1867, յտք. 12)։ 17-րդ դարի առաջին կեսին Աբրահամ Կոստանդնուպոլսեցին կազմում է կենդանաբանական հայերեն առաշին աշխատությունը։ Հայաստանում բուծված կենդանիների նկարագրություևներ կան Ղևոնդ Ալիշանի աշխարհագրական մենագրություններում։ Կենդանիների բուծման, թռչնաբուծության, մեղվաբուծության, շերամապահության, ձկնաբուծությաև և այլ հարցերին է նվիրված Ն. Տ. Տաղավարյանի «Կենդանաբուծություն» աշխատությունը (անտիպ)։

Հայաստանում անասնաբուծության զարգացման իսկական վերելքն սկսվում է խորհրդային իշխանությաև օրոք։ Հայկական ԽՍՀ-ում անասնաբուծության զարգացման գործում վաստակ ունեն Ա. Զ. Թամամշևը (Թամամշյան), Ավ. Հ. Քալանթարը, Ի. Ա. Երիցյանը, Ս. Կ. Կարապետյանը, Ա. Ա. Ռուխկյանը, Զ. Ք. Դիլանյանը, Ն. Ա. Մալաթյանը, Վ. Բ. Ոսկանյանը, Ա. Գ. Երիցյանը, Ս. Գ. Քարամյանը, Ս. Ա. Առաքելյաևը, Ն. Գ. Ստեփանյանը և ուրիշներ։

Անասնապահության նշանակություն Մարդու կողմից օգտագործվող բուսական հումքի 2/3 յուրացվում է կենդանիների միջնորդությամբ (նրանց օրգանիզմում ընթացող ֆիզիոլոգիական բարդ պրոցեսների շնորհիվ բուսական հումքը վեր է ածվում արժեքավոր սննդամթերքների)։ Բուսաբուծությունն անասնապահությանը տալիս է բուսական ծագում ուևեցող կերեր։ Իր հերթին անասնապահությունը բուսաբուծությանև է վերադարձնում կերերի չմարսված մնացորդները, որպես ազոտով և ֆոսֆորով հարուստ օրգանական պարարտանյութ։

Անասնապահության զարգացման բնորոշ գիծը նրա հետևողակաև ինտենսիվացումը և խորը մասնագիտացումն է։ Հայաստանում անասնապահությունը բարձր զարգացման է հասել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ անասնապահական մթերքներն արտահանվում էին Ռուսաստան, Հնդկաստան, Առաջավոր Ասիայի և միջերկրածովյան երկրներ։ Այդ ժամանակներում Հայաստանում արդեն ստեղծվել էին խոշոր և մանր եղջերավոր անասունների և ձիերի այնպիսի ցեղեր ու ցեղախմբեր, որոնք իրենց տոհմային հատկանիշներով աչքի էին ընկնում ամբողջ Անդրկովկասում և նրա սահմաններից դուրս։

Հայկական ԽՍՀ գոյության տարիներին անասնապահությունը զարգացավ անասնաբուծության շնորհիվ։ 1916 թվականի համեմատությամբ 1968 թվականին խոզերի գլխաքանակն ավելացավ 5,5 անգամ, ոչխարներինը՝ մոտ 1,8 անգամ։ Կովերի գլխաքանակը առ 1-ը հունվարի 1973 թվական կազմել է 283,6 հազար։ Ձիերի և խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատումը պայմանավորված էր աշխատանքի մեքենայացմամբ։ Բուռն զարգացում ապրեց թռչնաբուծությունը. 1959-ին ՀԽՍՀ-ում թռչունների գլխաքանակը կազմում էր 2 350 500, իսկ 1970 թվականին՝ 4 236 500։

Հայ գիտնականների ակտիվ մասնակցությամբ 1920-ական և 1930-ական թվականներին, ցածր մթերատու տավարի, խոզերի, ոչխարների (կոպտաբուրդ) տեղական ցեղերն արմատական բարելավման նպատակով մասսայականորեն տրամախաչվեցին ներմուծված բուծարանային ցեղերի հետ։ Խորացրած տոհմային սելեկցիոն աշխատանք կատարվեց՝ խառնացեղերից նոր ցեղեր ստանալու համար։ 1940—50-ական թվականներին ձեռնամուխ եղան գյուղատնտեսական կենդանիների և թռչունների բարձր մթերատու ցեղեր ստանալու գործին։

Պրոֆեսոր Ա. Ռուխկյանի ղեկավարությամբ ստեղծվեց կիսանրբագեղմ ճարպապոչավոր ոչխարի արագածյան ցեղախումբը (1952)։ 1960-ին հաստատվեցին կովկասյան գորշ տավարի ցեղը (հեղինակներ՝ Ն. Ստեփանյան, Ն. Գյուլմսրյսւն, Ա. Մկրտչյան և Ա. ժամկոչյան), հավերի երևանյան ցեղը, որն ստեղծվեց ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա. Կարապետյանի անմիջական ղեկավարությամբ և Մ. Ղուկասյանի աշխատակցությամբ։ 1949 թվականին ստեղծվեց մառդեր ճագարի ցեղը (հեղինակ՝ Մ. Բագրատյան) և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 371