Անաբիոզ (հուն․՝ anabiosis), oրգանիզմի վիճակ, երբ կենսական պրոցեսները (նյութափոխանակություն, շնչառություն և այլն) ժամանակավորապես դանդաղում են կամ աննկատ լինելու պատճառով դադարում։ Անաբիոզ առաջանում է անողնաշարավորների (միջատներ, կլոր որդեր և այլն), ինչպես նաև բույսերի և մանրէների մոտ, կյանքի պայմանների խիստ վատթարացման (բարձր և ցածր ջերմաստիճաններ, խոնավության բացակայություն և այլն) հետևանքով։ Բարենպաստ պայմաններ ստեղծվելիս բնականոն կենսագործունեությունը վերականգնվում է։ Տերմինն առաջին անգամ օգտագործել է Տիերի Վիլիամ Պրեյերը (անգլ.՝ Thierry William Preyer) 1873 թվականին։

Անաբիոզի շնորհիվ օրգանիզմները հարմարվում են միջավայրի անբարենպաստ պայմաններին։ Ռուս գիտնական Պ.Ի. Բախմետևը, միջատներին սառեցնելով մինչև -7 °C, պարզել է, որ վերակենդանացում հնարավոր է, եթե հյուսվածքնրի հեղուկը չի սառցակալում։ Բույսերի չոր սերմերը անաբիոզի վիճակում ծլունակությունը պահպանում են երկար տարիներ։ Անաբիոզը և կենդանիների ձմեռային քունը չպետք է շփոթել։ Ձմեռային քնի ընթացքում բնականոն կենսագործունեության զգալի խախտում չի նկատվում։ Անաբիոզը կիրառվում է հյուսվածքները և չոր վակցինաները պահպանելիս, սրտի, թոքերի, ուղեղի վիրահատական միջամտությունների ժամանակ, երբ պահանջվում է վիրահատվող օրգանիզմի սառեցում, տիեզերագնացության ասպարեզում և գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման գործում։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 357