Այդին Մորիկյան

հայ լրագրող, խմբագիր, արձակագիր, թարգմանիչ

Այդին Էդվարդի Մորիկյան (ապրիլի 18, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 19, 2009, Երևան, Հայաստան), հայ լրագրող, խմբագիր, արձակագիր, թարգմանիչ, հասարակական-քաղաքական գործիչ։

Այդին Մորիկյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1958(1958-04-18)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 19, 2009(2009-05-19) (51 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող, խմբագիր, արձակագիր և թարգմանիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1958 թվականի ապրիլի 18-ին, Երևանում[1]։ 1975 թվականին ավարտել է Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1978 թվականին տեղափոխվել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Մոսկվայի համալսարանն ավարտելուց հետո՝ 1981 թվականին վերադարձել է Երևան և 1981-1982 թվականներին աշխատել «Երևանի համալսարան» թերթում իբրև թղթակից, իսկ 1982-1983 թվականներին՝ «Ավանգարդ» թերթի թղթակից։ 1983-1987 թվականներին եղել է ՀԼԿԵՄ կենտկոմի հրահանգիչ։ 1987 թվականին նշանակվել է «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ և այդ պաշտոնը վարել մինչև 1990 թվականը։ «Ավանգարդում» աշխատելու տարիներին՝ 1988 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո գործուղվել է Սպիտակ՝ վերականգնելու շրջանային «Լուսարձակ» թերթը, որի խմբագրակազմի անդամների մի մասը զոհվել էր երկրաշարժի ժամանակ։ «Լուսարձակի» ժամանակավոր խմբագրությունը գլխավորել է մինչև 1989 թվականի փետրվար։

Այդին Մորիկյանը՝ որպես «Հայաստանի Հանրապետություն» թերթի խմբագիր խմբագրել

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, որի առաջին խմբագիր նշանակվեց Այդին Մորիկյանը։ Թերթի առաջին համարը լույս տեսավ նույն թվականի հոկտեմբերի 9-ին։ Մորիկյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթը գլխավորել է մինչև 1997 թվականը, այդ ընթացքում՝ 1995 թվականին համատեղությամբ լինելով նաև ՀՀ տեղեկատության փոխնախարար։ 2000 – 2003 թվականներին եղել է «Հայացք Երևանից» ամսագրի, իսկ 2002-2003 թվականներին՝ նաև «Օրրան» թերթի գլխավոր խմբագիրը։ 2007 – 2008 թվականներին եղել է «Ժամանակ Երևան» թերթի խմբագիրը։ 2004 – 2009 թվականներին դասավանդել է  Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լրագրության բաժնում։

Մորիկյանի հոդվածներն ու թարգմանությունները հրապարակվել են «Ավանգարդ», «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Օրրան», թերթերում, «Հայացք Երևանից»  և «Գարուն» ամսագրերում։

Մասնակցությունը պետական ընտրովի մարմիններում խմբագրել

  • 1990-1995 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[1]
  • 1995-1999 թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր[1]

Գրքեր խմբագրել

  • «Վազգենը» , Երևան – 2003:
  • «Ժուռնալիստիկա. ի՞նչ, ինչպե՞ս, ինչո՞ւ», ուսումնական ձեռնարկ, Երևանի մամուլի ակումբ – 2006[2]:  
  • «Ժուռնալիստիկա. ի՞նչ, ինչպե՞ս, ինչո՞ւ. բնագրեր», քրեստոմատիա, կազմեց՝ Այդին Մորիկյանը, Երևանի մամուլի ակումբ – 2006:
  • «Միայնակ ծերունին, որ զրուցակից էր փնտրում», վիպակ, Երևան – 2010:
  • «Ասացի և ազատեցի հոգին իմ», հոդվածներ, հարցազրույցներ, Երևան – 2010:
  • «Մնացյալ կյանքի առաջին օրը», գիրքը ներկայացնում է Այդին Մորիկյանի հրապարակախոսական, գրական, թարգմանչական ժառանգության լավագույն շերտերը, Երևան – 2013:

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Աշխարհի պոետները մոր մասին․- Երևան։ Զանգակ-97, 2001․-350 էջ (Բովանդ․-ից որոշ ստեղծագործություններ)։
  • Թաքուբոքու Իսիկավա։ Սորուն ավազ։ Թանկաներ (բանաստեղծություններ) /Ն. Զարյան, Ա. Մորիկյան.- Երևան։ Իրավունք, 2009.- 116 էջ.- (Համաշխարհային պոեզիա 26)։
  • Ծաղկած բալենի։ Հոքուներ և թանկաներ։ Ճապոնական պոեզիա /Թարգմ.՝ Ա. Մորիկյան, Ս. Խաչատրյան, Ն. Զարյան.- Երևան։ Իրավունք, 2008.- 116 էջ.- (Համաշխարհային պոեզիա 16)։
  • «Ճապոնական պոեզիա»․- Երևան։ Նաիրի, 1993.- 133 էջ։

Բացի այս, Այդին Մորիկյանը կազմել, խմբագրել և հրատարակության է պատրաստել Զահրատի բանաստեղծությունների ժողովածուների հայաստանյան հրատարակությունները («Առանց խաչի, առանց քարի խաչքար», Երևան – 1998, «Բառ բառի քով», Երևան – 2007, «Կիսաւարտ Աղօթք», Երևան - 2010), ինչպես նաև Կոմիտասի բանաստեղծությունների «Փշուր մը քնարերգություն» ժողովածուն (Երևան - 2004)։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

2007 թվականին՝ Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակ լրագրության ուսումնական ձեռնարկների ստեղծման համար։

1989 թվական - ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1987-1989 թվականների հրապարակախոսական գործունեության համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «:: ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ::ՄՈՐԻԿՅԱՆ Այդին | YPC» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  2. Մորիկյան, Այդին (2006). Ժուռնալիստիկա. Ինչ. Ինչպես. Ինչու. Երևանի մամուլի ակումբ. ISBN 9789994120185.

Գրականություն խմբագրել

  • «Հանդիպում», Այդին Մորիկյանի ուսանողների հուշերը իրենց դասախոսի մասին, Երևան, 2013։

Արտաքին հղումներ խմբագրել