Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այաս (այլ կիրառումներ)

Այաս (ֆր.՝ Layas, իտալական աղբյուրներում՝ Լայացցո, թուրքականում՝ Յումուրտալիկ[1], իտալ.՝ La Giazza, Laiazzo), Կիլիկիայի խոշոր նավահանգիստներից մեկը, Հայոց (Ալեքսանդրետի) ծոցի հյուսիսարևմտյան ափին։ Շրջապատված է կիտրոնի և նարնջի այգիներով, մոտակայքում կան անտառներ։ Մասնակցել է Արևելքից Եվրոպա կատարվող տարանցիկ առևտրին։ Իտալացիները կոչել են քաղաքը Լայաս։ Ունեցել է հզոր միջնաբերդ, որից հիմա միայն ավերակներ են պահպանվել։ Այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում[2]։

Բնակավայր
Այաս
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Այաս (Թուրքիա)##
Այաս (Թուրքիա)

Պատմություն խմբագրել

Մինչև Կիլիկյան Հայաստանը խմբագրել

Հիմնադրվել է հույն վերաբնակիչների կողմից հավանաբար մ․թ․ա 8-6-րդ դարերում։ Ծովախորշի հարմարավետության պատճառով ուժեղ ալեկոծություններ չեն լինում։ Պլինիոսի և Տակիտոսի վկայությամբ հունա-հռոմեական տիրապետության ժամանակ ազատ քաղաք էր։

Կիլիկյան Հայաստանի օրոք խմբագրել

Մինչև 6-րդ դարը Կիլիկիայի հունական արքեպիսկոպոսի երկրորդ աթոռանիստն էր։ Այասը ծաղկել ու զարգացել է Կիլիկիայի Հայկական պետականության ժամանակ (11-14-րդ դարեր)։ Այն Ռուբինյանների, հետագայում Հեթումյանների թագավորական տների սեփականությունն էր, որտեղ գործում էր հայկական դրամահատարան։ Ամրացված էր ցամաքային և ծովահայաց բերդերով։ Եվրոպացիները Այասում ունեին իրենց հյուպատոսությունները։ Եվրոպական աղբյուրներում Ա անվանվում է «Հայոց թագավորության նավահանգիստ»։ Այաս տեղանունն իր բազմաթիվ տարբերակներով հիշատակվում է հունա-լատինական, հայկական, արաբական, բյուգանդական, իտալական և անգլո-ֆրանսիական աղբյուրներում։ Նրա մասին խոսում են նույնիսկ եվրոպական վերածննդի շրջանի նշանավոր հեղինակներ Բոկաչիոն, Արիոստոն, Չոսերին և ուրիշներ։ Այասը 1274-1275 և 1281 թվականներին ենթարկվել է եգիպտական մամլուքների ավերիչ արշավանքներին։ 1305 թվականին հայերը այն վերագրավում և իրենց ձեռքին են պահում մինչև 1337-38 թվականները, սակայն թշնամուն զիջում են քաղաքի շրջակայքի Հարուն, Կովառա, Սարվանդիքար Համուս, Նուջեյման բերդերը, իսկ հետո նաև Այասը։

Կիլիկյան Հայաստանի անկումից հետո խմբագրել

1368-1378 թվականներին Այասը անցնում է Կիպրոսին, 15-րդ դարի կեսերին նվաճվում է Զուլգադրիյան Շահսուվարի կողմից, 1473 թվականին այն գրավում են վենետիկցիները, իսկ 1522 թվականին՝ անցնում Է օսմանցի թուրքերին։ Այս ժամանակներից սկսվում Է Այասի վայրէջքը։ 20-րդ դարի սկզբներին նա մի անշուք ու խղճուկ բնակավայր էր՝ 5000 բնակիչներով, որից 2000-ը՝ հայեր։ Հայկական եկեղեցիները երկուսն էին՝ Ս. Սարգիս և Ս. Ստեփանոս։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Այժմյան Այասի նկարները». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. «Թուրքերեն լեզվով». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 339