Ամերիկյան-հնդկացիական լեզուներ

Ամերիկայի բնիկների լեզուներ

Ամերիկյան-հնդկացիական լեզուներ, ամերիկյան լեզուներ կամ հնդկացիական լեզուներ, Ամերիկայի բազմաթիվ հնդկացի ցեղերի ու ժողովուրդների լեզուները։ Այսպես են անվանվում Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բնիկների լեզուները, որոնք կազմում են հարյուրից ավելի լեզվախմբեր կամ լեզվաընտանիքներ[1]։

Յուկատեկյան մայաով գիր՝ Դրեզդենի կոդեքսում, մոտ 11-12-րդ դարեր, Չիչեն Իցա

Եղած դասակարգումներով բոլոր հնդկացիական լեզուները բաժանվում են 123 (ըստ Պ. Ռիվեի) կամ 109 (ըստ Վ. Շմիդի) խմբի։ Դրանցից գլխավորներն են՝ Հյուսիսային Ամերիկայում՝ աթաբասկյան, ալգոնկինյան, սելիշ, սիու, հոկա, պենուտի, իրոկեզյան, մուսկհոգի, Կենտրոնական Ամերիկայում՝ ուտո-ացտեկյան, մայա, Հարավային Ամերիկայում՝ կեչուա, այմարա, չիբչա, կարիբյան, արավակյան, տուպի-գուարանի, ժեզ, տուկանո, պանո, արաուկանյան, չոն և այլն։ Փորձեր են եղել բոլոր այդ լեզուները մեծ ընտանիքներում կամ ծագումնաբանորեն մեկ ընտանիքում միավորելու ուղղությամբ, բայց անբավարար տվյալների պատճառով առայժմ դրանք ընդունելություն չեն գտել։ Այդ առաջարկներից մեկն է ներառել երեք մակրոընտանիք՝ էսկիմո-ալեուտյան լեզուներ, նա-դենե լեզուներ և ամերինդյան լեզուներ[2]։ Այս դասակարգումը սակայն մերժվել է համարյա բոլոր մասնագետների կողմից[3]։

Իրենց քերականական կառուցվածքով Ամերիկյան լեզուների մի զգալի մասը բազմահամադրական տիպի է։ Մինչև Ամերիկայի հայտնագործումը գիր ունեին երկու լեզու՝ նահուատլը (ուտո–ացտեկյան խումբ)՝ վանկային գիր, որը Մեքսիկայի ուրիշ հնդկացիական ցեղերի օգտագործած գաղափարագրի հետագա զարգացումն էր, որով գրված բազմաթիվ հին գաղափարագիր հուշարձաններ են հայտնաբերվել։

Այս լեզուների մի մասն անհետացել է գաղութարարների կողմից բնիկների բնաջնջման հետևանքով։ Լեզուներից շատերը բավարար չափով ուսումնասիրված չեն, նրանց ցեղակցական կապերը դեռևս չեն պարզվել։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ամերիկայի հնդկացիական լեզուների մեծամասնությունը Հյուսիսային Ամերիկայում կրիտիկական վտանգի տակ են, իսկ շատերն արդեն մեռած լեզուներ են[4]։ Ամենից տարածված հնդկացիական լեզուն հարավային քեչուան է, որի խոսողների թիվը 6-7 միլիոն է՝ հիմնականում Հարավային Ամերիկայում։

Ծագում խմբագրել

Այս լեզուների ցեղակցական հարցերը դեռ որոշակի չեն, որի պատճառով եղել են խմբավորման տարբեր փորձեր։ Նմանության գծեր կան նաև պալեոասիական լեզուների հետ, որից կարելի է ենթադրել դրանց ունեցած երբեմնի կապերը։ Հնդկացիական լեզուները հիմնականում բազմահամադրական կառուցվածք ունեն, կան քերականական դասեր, երաժշտական շեշտ։ Որոշ ցեղեր գործածում են ժեստերի լեզու։ Հիերոգլիֆ գիր են ունեցել մայա լեզուն և այլ լեզուներ. գործածվել է նաև վանկագիր։ Նորագույն շրջանում որոշ լեզուներ օգտագործում են լատինական գիր[1]։

Դասակարգում խմբագրել

Հնդկացիական լեզուները ըստ տարածքային հատկանիշների բաժանվում են երեք խմբերի մեջ՝ հյուսիսամերիկյան լեզուներ, կենտրոնական-ամերիկյան և մեքսիկական լեզուներ և հարավամերիկյան և անտիլյան լեզուներ։

Գոյություն ունեն մոտ 296 գործածվող հյուսիսամերիկյան լեզուներ, որոնցից 269-ը դասակարգվում են 29 ընտանիքիների մեջ, մնացած 27-ը կամ մեկուսացած են, կամ չունեն դասակարգում։ Կենտրոնական ամերիկյան լեզուներից մայա լեզուները մինչ օրս գործածվող լեզուներ են և նրանով խոսում են մոտ 6 միլիոն բնիկ մայաներ, հիմնականում Գվատեմալայում, Մեքսիկայում, Բելիզում և Հունդուրասում։ Իսկ հարավամերիկյան լեզուներն ունեն լեզվաբանական մեծ բազմազանություն. այստեղ առանձնացնում են մոտ 350 տարբեր գործածվող լեզուներ, որոնք ենթադրաբար 1500-ն էին մինչև եվրոպացիների մուտքը Հարավային Ամերիկա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 9։
  2. Greenberg, Joseph (1987). Language in the Americas. Stanford University Press. ISBN 978-0-8047-1315-3.
  3. Campbell, Lyle (2000). American Indian Languages: The Historical Linguistics of Native America. Oxford University Press. ISBN 978-0-19-534983-2., page 253
  4. Gordon, Raymond G., Jr. (Ed.). (2005). Ethnologue: Languages of the World (15th ed.). Dallas, Texas: SIL International. ISBN 1-55671-159-X. (Online version: http://www.ethnologue.com)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան-հնդկացիական լեզուներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 316