Ամենհոտեպ III

Հին Եգիպտոսի փարավոն մ.թ.ա 1388-1351 թթ

Ամենհոտեպ III (անգլ.՝ Amenhotep III, մ. թ. ա. 1400, Եգիպտոս - մոտ մ. թ. ա. 1351, Malkata, Լուքսոր, Եգիպտոս, եգիպ.՝ jmn-ḥtp(.w), Amānəḥūtpū[1][2], «Ամոնը գոհ է»[3], հունարեն՝ Ամենոֆիս III, նաև հայտնի որպես Ամենհոտեպ Հիասքանչ կամ Ամենհոտեպ Մեծ), եգիպտական տասնութերորդ արքայատոհմի իններորդ փարավոն։ Ըստ տարբեր հեղինակների՝ ղեկավարել է Եգիպտոսը իր հոր՝ Թութմոս IV-ի մահից հետո, մ․թ․ա 1386 - 1349 թվականների ընթացքում, կամ մ․թ․ա․ 1388 թվականի հունիսից մինչև մ․թ․ա 1351/1350 թվականի դեկտեմբերը[4]։ Ամենհոտեպը Թութմոսի և վերջինիս երկրորդ դասի կին Մուտեմույայի որդին էր[5]։

Ամենհոտեպ III
Ծնվել է՝մ. թ. ա. 1400
ԾննդավայրԵգիպտոս
Մահացել է՝մոտ մ. թ. ա. 1351
Վախճանի վայրMalkata, Լուքսոր, Եգիպտոս
Արքաների հովիտ
ԵրկիրՀին Եգիպտոս
ՏոհմՏասնութերորդ արքայատոհմ
գերիշխան և ճարտարապետ
ՄայրՄուտեմույա
ԵրեխաներԵրիտասարդ տիկին, Սիտամոն, Իսիդա, Թութմոս, Հենուտանեբ, Նեբետահ, Էխնաթոն, Բակեթաթոն, Kiya? և Սմենհկարա

Նրա գահակալությունն աննախադեպ բարգավաճման և շքեղության շրջան էր, երբ Եգիպտոսը հասել էր իր մշակությին և միջազգային հզորության գագաթնակետին։ Երբ փարավոնը մահացել է իր գահակալության 38-րդ կամ 39-րդ տարում, նրան հաջորդել է իր որդի Ամենհոտեպ IV-ը, որը հետագայում իր անունը փոխել է Էխնաթոնի։

Ընտանիք և վաղ կյանք խմբագրել

 
Ամենհոտեպն ու Տիյան իրենց դուստրերից մեկի հետ

Ամենհոտեպը Թութմոս IV-ի և նրա երկրորդ դասի կնոջ՝ Մուտեմույայի որդին էր, որը հավանաբար ծնվել է մ․թ․ա․ մոտավորապես 1401 թվականին[6]։ Ամենհոտեպը պնդել է, որ իր իրական հայրը Ամոն աստվածն է, որը Թութմոս IV-ի կերպարանքն է ընդունել՝ Մուտեմույայից որդի ունենալու համար[7][8]։

Իր գահակալության երկրորդ տարում Ամենհոտեպն ամուսնացել է Տիյայի հետ, որը Յույայի ու Տույայի դուստրն էր, ու Ամենհոտեպի ողջ գահակալության ընթացքում եղել է վերջինիս մեծ թագուհին։ Տիյայից Ամենհոտեպն ունեցել է առնվազն երկու որդի՝ արքայազն Թութմոսն ու Ամենհոտեպ IV-ը (որը հետագայում կոչվել է Էխնաթոն)։ Բացի սրանցից արքայական զույգն ունեցել է նաև մի քանի դուստր՝ Սիտամոնը, Հենուտանեբը, Իսետը, Նեբետահն ու Բակեթաթոնը[9]։ Դուստրերից շատերը հաճախ են պատկերվել Ամենհոտեպի թագավորության օրոք կանգնեցված արձանների ու հարթաքանդակների վրա[10]։

 
Ամենհոտեպի բազմաթիվ «ամուսնության հուշաքարերից» մեկը, որը հաստատում է թագավորի աստվածային զորությունը և նրա կնոջ՝ Տիյայի օրինականությունը։ Վոլտերսի գեղարվեստի թանգարան, Բալթիմոր

Ամենհոտեպը երբեմն համարվում է նաև Սմենխկարեի կամ Թութանհամոնի հայրը (տարբեր մայրերից ծնված), բայց այս տեսությունները այնքան էլ ընդունված չեն, որքան նրա մյուս, հայտնի երեխաները։

Բացի Տիյայից Ամենհոտեպն ունեցել է մի քանի այլ կանայք։ Իր գահակալության 10-րդ տարում նա ամուսնացել է Միտաննիի թագավոր Շուտառնա II-ի դուստր Գիլուխիպայի հետ[11], իսկ ավելի ուշ՝ իր գահակալության մոտավորապես 36-րդ տարում ամուսնացել է Միտաննիի թագավոր Տուշրատայի դուստր Տադուխիպայի հետ[12]։ Անուններն անհայտ կանանց թվում էին նաև Բաբելոնի արքա Կուրիգալզուի դուստրը, Բաբելոնի արքա Կադաշման-Էլիլի դուստրը, Արցավայի տիրակալ Տարհունդարադուի դուստրը և Ամմիայի (մերօրյա Սիրիայի) տիրակալի դուստրը[12]։

Եվ վերջապես, իր գահակալության վերջին տասնամյակում ավանդույթին հետևելով նա ամուսնացել է իր դուստրերից առնվազն երկուսի՝ Սիտամոնի ու Իսետի հետ։ Գահակալության 30-րդ տարով թվագրված արձանագրությունները վկայում են, որ այդ ժամանակ Սիտամոնը հասել էր մեծ թագուհու կարգավիճակի[9]։ Թեև հասարակ եգիպտացիները խուսափում էին ինցեստից, այն հազվադեպ երևույթ չէր արքայական ընտանիքում[13]։ Ամենհոտեպի կողմից իր պապի՝ Ամենհոտեպ II-ի պատվին վերականգնված քանդակի վրա պատկերված է Սիտամունը՝ կողքին մի երիտասարդ արքայազն[13]։ Սա հանգեցրել է այն տեսություններին, որ Սիտամունը եղել է Սմեխկարեի և/կամ Թութանհամոնի մայրը։

Կյանք ու գահակալություն խմբագրել

 
Թագուհի Տիյա, Ամենհոտեպի մեծ թագուհին

Ամենհոտեպը հավանաբար փարավոն է դարձել 6-12 տարեկան հասակում։ Թեև հնարավոր է, որ որևէ ռեգենտ կառավարած լինի մինչև նրա չափահաս դառնալը, արձանագրություններում որևէ անուն չի պահպանվել։ Իր գահակալության 11-րդ տարում Ամենհոտեպը հրամայել է Տիյայի հայրենի Ջաքարու քաղաքում արհեստական լիճ կառուցել, որից հետո նշել է լճի բացման փառատոնը և թագավորական Աթեն-ջեհեն նավակով թիավարել լճի վրա։ Այս իրադարձությունը հիշատակվում էր առնվազն տասնմեկ հուշաքարերի (սկարաբների) վրա[14]։

Այլ սկարաբներից հայտնի է, որ Ամենհոտեպն իր կառավարման առաջին տասը տարիներին սպանել է 102 կամ 110 առյուծների[15]։

Չնայած որսի ժամանակ դրսևորած իր մարտական հմտություններին՝ հայտնի է, որ նա մասնակցել է միայն մեկ ռազմական իրադարձության։ Իր գահակալության հինգերորդ տարում նա հաղթական արշավանք է գլխավորել Քուշի ապստամբության դեմ։ Այս հաղթանակը հիշատակվում է Նուբիայի Ասուանի և Սաի կղզու մոտ հայտնաբերված երեք ժայռափոր ստելաների վրա։ Ամենհոտեպի ռազմական հաղթանակի պաշտոնական պատմությունն ընդգծում է նրա մարտական կարողությունը ժամանակաշրջանին բնորոշ հիպերբոլայով[16]։

Ամենհոտեպ III-ի արքունիք խմբագրել

Ամենհոտեպի օրոք ծառայած արքունիքի պաշտոնյաների մասին կարևոր տեղեկություն է պահպանվել հիմնականում թեբեյան նեկրոպոլիսում նրանց գերեզմանների հայտնաբերման շնորհիվ։ Այս պաշտոնյաների թվում էին՝ վեզիրներ Ռամոսը, Ապերելը և Պտահմոսն, գանձապահներ Պտահմոսն ու Մերիրեն, Քուշի փոխարքա Մերիմոսը։

Հապուի որդի Ամենհոտեպը տարբեր պաշտոններ է զբաղեցրել փարավոն Ամենհոտեպի օրոք, սակայն նա ավելի հայտնի է նրանով, որ նրան թույլատրվել է մահվան տաճար կառուցել փարավոնի տաճարի հետևում[17]։ Հապուի որդի Ամենհոտեպը սրբադասվել է իր մահից հետո և դարձել այն սակավաթիվ հասարակ մահկանացուներից մեկը, ում նման կերպ երկրպագել են[18][19]։

Մալկատա պալատ խմբագրել

 
Թռչուններ։ Պատի նկարի հատված Մալկատա պալատից, գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Մալկատայի պալատը կառուցվել է մ․թ․ա․ 14-րդ դարում և նրա սկզբնական անունը Պեր-Հայ էր՝ «Ուրախության տուն»։ Սկզբնապես պալատը հայտնի էր որպես Շլացուցիչ Աթոնի պալատ։ Այն կառուցված էր հիմնականում ցեխի աղյուսից և եղել է Ամենհոտեպի նստավայրը նրա թագավորության վերջին շրջանի մեծ մասում։ Շինարարությունն սկսվել է գահակալության 11-րդ տարում և շարունակվել այնքան ժամանակ, մինչև թագավորը գահակալության 29-րդ տարում մշտապես տեղափոխվել է պալատ։ Ավարտվելուց հետո այն Եգիպտոսի ամենամեծ թագավորական նստավայրն էր։

Սեդ փառատոններ խմբագրել

Ամենհոտեպը սեդ փառատոններ է տոնել իր գահակալության 30, 34 և 37-րդ տարիներին՝ արևմտյան Թեբեի Մալկատա պալատում[20][21], որտեղ հատուկ այդ տոնախմբության նպատակով Ամոնի տաճար և փառատոնի սրահ էր կառուցվել[20]։ Սեդ փառատոնը ավանդույթ էր, որը սկիզբ է առել Հին Թագավորությունից[22] ու բաղկացած է եղել մի շարք թեստերից, որոնք ցույց էին տալիս փարավոնի պիտանիությունը Եգիպտոսի ղեկավար մնալու համար։ Հիմք ընդունելով Տիյայի սպասավոր Խենրուեֆի թողած արձանագրությունները՝ փառատոնը կարող էր տևել երկուսից ութ ամիս[23]։

Ամենհոտեպը ցանկացել է, որ իր Սեդ փառատոները շատ ավելի տպավորիչ լինեն, քան անցյալում[24]։ Նա Ամենհոթեպ կրտսերին հանձնարարել է կազմակերպել արարողությունը, քանի որ վերջինս դեռևս կենդանի սակավաթիվ այն պալատականներից մեկն էր, ով ծառայել էր Ամենհոտեպ II-ի համար կազմակերպված Սեդի վերջին փառատոնին[24]։ Սեդի առաջին փառատոնին նախապատրաստվելիս Ամենհոտեպ կրտսերը գրագիրներ է հավաքել, որպեսզի տեղեկություններ հավաքեն գրառումներից և արձանագրություններից. նկարագրությունների մեծ մասը գտնվել է հնագույն թաղման տաճարներում[24]։ Բացի ծիսակատարություններից նրանք նաև տեղեկություններ են հավաքել այդ փառատոնների ընթացքում կրած հագուստների վերաբերյալ։

Նեղոսից վերև ու ներքև տաճարներ են կառուցվել։ Արհեստավորներն ու ոսկերիչները զարդեր, զարդանախշեր և ստելաներ են ստեղծել՝ մեկնաբանելով այդ իրադարձությունը[24]։ Գրագիր Նեբմերութեֆը համակարգել է միջոցառման յուրաքանչյուր քայլը[25]։ Նա փարավոնին հորդորել է իր մականով բախել տաճարի դռները։ Փարավոնի հետ են եղել թագուհի Տիյան ու նրանց դուստրերը։ Մեկ այլ վայր տեղափոխվելիս փարավոնի առջից տարվել է «Ճանապարհներ բացող» աստծո՝ Վեպվավեթի դրոշը։ Փարավոնը տոնակատարության յուրաքանչյուր հիմնական միջոցառման ժամանակ փոխել է իր զգեստները[25]։

Փառատոնի գլխավոր իրադարձություններից մեկը փարավոնի կրկնակի թագադրումն է եղել։ Վերին և Ստորին Եգիպտոսների համար նա առանձին է թագադրվել։ Վերին Եգիպտոսի համար Ամենհոտեպը կրել է սպիտակ թագ, բայց այն փոխարինել է կարմիր թագով՝ Ստորին Եգիպտոսի թագադրման համար[26]։

Սեդ փառատոնից հետո Ամենհոտեպը կիսաստծուց վերածվել է աստծո[27], որից հետո հավանաբար ճամփորդել է ամբողջ Եգիպտոսում ու վերարտադրել արարողությունը տարբեր լսարանների համար[23]։ Եգիպտական քիչ փարավոններ են ապրել բավական երկար, որպեսզի նշեն այս տոնակատարությունը։ Նրանք, ովքեր ողջ են մնացել, օգտագործել են տոնակատարությունը որպես աստվածությանն անցնելու հաստատում։

Միջազգային հարաբերություններ խմբագրել

 
Ամառնայի նամակ։ Սյուքեմի տիրակալ Լաբայուի նամակը Եգիպտոսի փարավոն Ամենհոտեպ III-ին կամ նրա որդուն՝ Էխենաթոնին։ Մ․թ․ա․ 14-րդ դար, Թել էլ-Ամառնա, Եգիպտոս

Ամենհոտեպի դիվանագիտական նամակագրությունը մասամբ պահպանված է Ամառնա նամակներում․ փաստաթղթերի հավաքածու, որը հայտնաբերվել է Ամառնա քաղաքի մոտ։ Նամակներն ստացվել են Ասորեստանի, Միտաննիի, Բաբելոնի, Խեթերի և այլ պետությունների ղեկավարներից, որոնք սովորաբար ներառել են Ամենհոտեպին ուղղված վերջիններիս խնդրանքները՝ ոսկու և այլ նվերների տեսքով։ Նամակներն ընդգրկում են Ամենհոտեպի գահակալության 30-րդ տարուց մինչև Էխնաթոնի գահակալության վերջն ընկած ժամանակահատվածը։ Ամառնայի EA 4 նամակում Բաբելոնի թագավոր Կադաշման-Էնլիլ I-ը նշել է, որ Ամենհոտեպը հաստատակամորեն մերժել է իր՝ փարավոնի դուստրերից մեկի հետ ամուսնանալու խնդրանքը․

Անհիշելի ժամանակներից Եգիպտոսի փարավոնի ոչ մի դուստր այլ երկրում չի ամուսնացել[28]։

Իր դուստրերից մեկին բաբելոնյան միապետի հետ ամուսնացնելու Ամենհոտեպի մերժումն իսկապես կարող է կապված լինել Եգիպտոսի ավանդական թագավորական սովորույթների հետ, որով բացառվում էր արքայադստեր հետ ամուսնանալու միջոցով եգիպտական գահին հավակնություններ ներկայացնելը, կամ դա կարող է դիտվել որպես նրա կողմից խելամիտ փորձ՝ բարձրացնելու Եգիպտոսի հեղինակությունը միջազգային աշխարհում հարևանների նկատմամբ[փա՞ստ]։ Չնայած իր դուստրերին հրաժարվել է կնության տալ օտար թագավորների, Ամենհոտեպն ինքն ամուսնացել է մի քանի օտարազգի արքայադուստրերի հետ։

Ամենհոտեպի գահակալության վերջին շրջանում, ըստ Ամառնա նամակների, նրա և Միտաննիի թագավոր Տուշրատայի միջև տեղի է ունեցել բուժիչ աստվածուհու արձանի՝ Նինվեի Իշտարի փոխանակություն։ Գիտնականները ենթադրում են, որ արձանի՝ Եգիպտոս տեղափոխելը եղել է Ամենհոտեպի խնդրանքով, որպեսզի բուժի նրան իր տարբեր հիվանդություններից, որոնց թվում էին՝ ատամների ցավոտ թարախակույտերը[29]։

Արձանի տեղափոխումը համընկել է Տուշրատայի դստեր՝ Տադուխեպայի և Ամենհոտեպի ամուսնությանը, որը տեղի է ունեցել վերջինիս գահակալության 36-րդ տարում[30]։ Սակայն արձանի տեղափոխությունը, ըստ Տուշրատայի, նպատակ չի ունեցել բուժել Ամենհոտեպի հիվանդությունները, ընդհակառակը, արձանն ուղարկվել է Եգիպտոս «Ամենհոտեպի և Տադուխեպայի հարսանիքին իր օրհնությունները բերելու, ինչպես որ նախկինում էր ուղարկվել Ամենհոտեպի և Գիլուխիպայի հարսանիքի համար»[31]։ Ուիլյամ Մորանն արձանի տեղափոխությունը կապել է փարավոնին բուժելու հետ, բայց ավելի հավանական է, որ այն ուղարկված լինի Ամենհոտեպի հետ Տադուխեպայի ամուսնության հանդիսավոր արարողությունների կապակցությամբ[32]։ Մորանը պնդել է, որ Ամառնայի EA 21 նամակը հաստատում է իր պնդումը, որտեղ Տուշրատան աստվածներից, ներառյալ Իշտարը, օրհնություն է խնդրում այդ ամուսնության համար[33]։

Իրավահաջորդություն խմբագրել

 
Թագուհի Տիյա։ Հնարավոր է, որ այս ջարդված արձանի աջ կողմում պատկերված է եղել Ամենհոտեպը

Ամենհոտեպի և Տիյայի ավագ որդին՝ Թութմոսն իր ամբողջ կյանքում համարվել է գահաժառանգ[34], սակայն նա հորից շուտ է մահացել և Ամենհոտեպին ի վերջո հաջորդել է իր երկրորդ որդին, նույնպես Ամենհոտեպ անունով։

Ենթադրվող համառեգենտություն Ամենհոտեպ / Էխնաթոնի հետ խմբագրել

Երկար ժամանակ ենթադրվել է, որ Ամենհոտեպ III-ը համառեգենտություն է արել իր որդու և իրավահաջորդի՝ Ամենհոտեպ IV-ի հետ (որը հետագայում անվանվել է Էխնաթոն), սակայն դա այդպես է եղել, թե ոչ, դեռևս պարզ չէ։

Էրիկ Քլայնը, Նիկոլաս Ռիվզը, Պիտեր Դորմանը և այլ գիտնականներ դեմ են արտահայտվել երկու ղեկավարների միջև երկարատև համառեգենտության հաստատմանն ու կողմ՝ որ կա՛մ համառոգենտություն չի եղեկ, կա՛մ տևել է երկու տարուց ոչ ավելի[35]։ Դոնալդ Ռեդֆորդն ու այլ գիտնականներ վիճարկել են Էխենաթոնի և իր հոր միջև համառեգենտության որևէ գաղափար։

Համառեգենտության դեմ վկայության օրինակ է հանդիսանում Ամենհոտեպ IV-ի գահակալության 2-րդ տարով թվագրված Ամառնայի EA 27 նամակը։ Նամակում արտացոլված է Միտաննիի թագավոր Տուշրատայի բողոքն այն մասին, որ Ամենհոտեպ IV-ը չի հարգել իրեն ոսկյա արձաններ ուղարկելու վերջինիս հոր խոստումը` որպես Տադուխեպայի և Ամենհոտեպ III-ի ամուսնության պայմանավորվածության մաս[36]։ Սա վկայում է այն մասին, որ եթե որևէ համառեգենտություն է եղել Ամենհոտեպի ու Էխնաթոնի միջև, ապա այն ամեկ տարուց ավել չի տևել[37]։

2014 թվականի փետրվարին Եգիպտոսի հնությունների նախարարությունը հայտարարել է, որ վեզիր Ամենհոտեպ-Հույի դամբարանից հայտնաբերված գտածոները «վերջնական ապացույցներ» են տվել առնվազն ութ տարի տևած համառեգենտության մասին[38][39]։ Դամբարանում երկու փարավոնների քարտուշները փորագրված են եղել կողք-կողքի։ Սակայն այս ենթադրությունը կասկածի տակ է առնվել այլ եգիպտագետների կողմից, համաձայն որոնց՝ արձանագրությունը միայն նշանակում է, որ Ամենհոտեպ-Հույի դամբարանի շինարարությունն սկսվել է Ամենհոտեպ III-ի օրոք և ավարտվել Ամենհոտեպ IV-ի օրոք, և այսպիսով Ամենհոտեպ-Հույը պարզապես ցանկացել է հարգանքի տուրք մատուցել երկու փարավոններին։

Վերջին տարիներ խմբագրել

 
Ամենհոտեպը և Սեբեկը, Դահամշայից, այժմ գտնվում է Լուքսորի թանգարանում

Առողջություն և մահ խմբագրել

Ամենհոտեպի գահակալության վերջին հայտնի տարին 38-րդ տարին է, որն ամրագրված է Մալկատայում հայտնաբերված գինու կարասի կափարիչների վրա[40]։ Հնարավոր է, որ նա ապրած լինի մինչև իր գահակալության 39-րդ տարին, սակայն մահացել է մինչև այդ տարվա խաղողի բերքահավաքը[41]։ Նուբիայի Սոլեբի տաճարի պատի հարթաքանդակներում և Խերուեֆի թեբեական դամբարանի տեսարաններում Ամենհոտեպը պատկերված է որպես տեսանելիորեն թույլ և հիվանդ կերպար[42]։ Գիտնականները կարծում են, որ վերջին տարիներին նա տառապում էր արթրիտից և գիրացել էր։ Ավելին, նրա մումիայի դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նա, հավանաբար, մշտական ցավեր է ունեցել իր վերջին տարիներին՝ մաշված և ծակված ատամների պատճառով։ Ավստրալիացի անատոմիստ Գրաֆթոն Էլիոթ Սմիթի կողմից նրա մումիայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փարավոնը մահացել է 40-ից 50 տարեկան հասակում[43]։

Նրա որդին՝ Ամենհոտեպ IV-ն ու կինը՝ Տիյան, ավելի երկար են ապրել, քան փարավոնը․ հայտնի է, որ Տիյան նրանից հետո ապրել է ևս տասներկու տարի, քանի որ նրա մասին հիշատակվել է իր որդու գահակալությամբ թվագրված Ամառնայի մի քանի նամակներում, ինչպես նաև թագուհին պատկերվել է ճաշի սեղանի շուրջ՝ որդու և արքայական ընտանիքի անդամների հետ Հույայի դամբարանում․ տեսարաններն արվել են իր որդու գահակալության 9-12-րդ տարիների ընթացքում[44][45]։

Օտարերկրյա առաջնորդները հայտնել են իրենց վիշտը փարավոնի մահվան կապակցությամբ, որոնցից Տուշրատան գրել է․

Երբ լսեցի, որ իմ եղբայր Նիմմուրեյան գնացել է իր ճակատագրին ընդառաջ, այդ օրը ես նստեցի և լաց եղա։ Այդ օրը ես ո՛չ կերել եմ, ո՛չ խմել[46]։

Փարավոնը հուղարկավորվել է արքաների հովտի արևմտյան հատվածում գտնվող WV22 դամբարանում։ Երրորդ միջանկյալ ժամանակաշրջանի որևէ ժամանակահատվածում նրա մումիան տեղափոխվել է այս դամբարանից ու տեղադրվել KV35 դամբարանի կողմնային սրահում տասնութերորդ ու տասնիններորդ արքայատոհմերի այլ փարավոնների մումիաների հետ, որտեղ էլ 1898 թվականին դրանք հայտնաբերվել են Վիկտոր Լորեի կողմից։

Մումիա և հուղարկավորություն խմբագրել

 
Ամենհոտեպ III-ի մումիան

Մումիայի վրա առկա է տասնութերորդ արքայատոհմի համար անսովոր ենթամաշկային լցոնման առատ օգտագործում, որպեսզի մումիան ավելի կենդանի տեսք ունենա[47]։ Ամենհոտեպը թաղվել է Թեբեից դուրս գտնվող արքաների հովտի WV 22 դամբարանում։ Դամբարանն ամենամեծն է արքաների արևմտյան հովտում և ներառում է երկու կողային խցիկներ նրա մեծ թագուհիներ Տիյայի ու Սիտամունի համար։ Սակայն վկայություն չկա, որ այդ կանանցից որևէ մեկը հուղարկավորվել է այնտեղ։ Ամենհոտեպի մումիան հետագայում տեղափոխվել է, հավանաբար Սմենդեսի գահակալության ժամանակ[48]։ Ներկայումս Ամենհոտեպի մումիան կրում է CG 61074 գրանցանատյանային համարը[47]։ 2021 թվականի ապրիլին «փարավոնների ոսկե շքերթ» կոչվող միջոցառման ժամանակ մումիան Եգիպտոսի հնությունների թանգարանից 17 այլ թագավորների և 4 թագուհիների հետ տեղափոխվել է Եգիպտոսի քաղաքակրթության ազգային թանգարան[49]։

Հուշարձաններ ու ժառանգություն խմբագրել

 
Մեմնոնի հյուսիսային արձանը
 
Ամենհոտեպ, Լուքսորի թանգարան

Ամենհոտեպը տարբերվում է եգիպտական փարավոններից իր պահպանված ամենամեծ թվով արձանների քանակով, որոնցից 250-ից ավելի արձաններ են հայտնաբերվել և նույնականացվել։ . Քանի որ այս արձաններն ընդգրկում են նրա ողջ կյանքը, դրանք ներկայացնում են մի շարք դիմանկարներ, որոնք ընդգրկում են նրա թագավորության ողջ տևողությունը։

Իր մահից հետո Ամենհոտեպը թողել է մի երկիր, որը գտնվում էր իր հզորության և ազդեցության ամենաբարձր գագաթնակետին և միջազգային աշխարհում մեծ հարգանք էր վայելում։ Նա նաև թողել է մի Եգիպտոս, որն իր ավանդական քաղաքական և կրոնական հայացքներով կապված էր Ամոնի պաշտամունքի հետ[50]։

Ամենհոտեպը հսկայական շինարարություն է իրականացրել Կառնակում, այդ թվում՝ Լուքսոր տաճարը, տաճարի նոր մուտքի հետևում գտնվող սյունաշարը և Մաատ աստվածուհուն նվիրված նոր տաճարը։ Որպես փարավոն իր առաջին հրովարտակով Ամենհոտեպը հրամայել է Տուրայում (Կահիրեից հարավ) ու Դեյր Էլ-Բարշայում կրաքարի նոր քարհանքեր բացել, որով ազդարարել է իր մեծ շինարարական նախագծերի մասին[51]։ Լուքսորում Մաատին նվիրված ևս մեկ տաճար է կառուցել ու Նուբիան գրեթե ծածկել բազմաթիվ հուշարձաններով։

...այդ թվում մի փոքրիկ տաճար՝ սյունաշարով (նվիրված Թութմոս III-ին) Էլեֆանտինում, ժայռային տաճար՝ նվիրված Ամունին «Ճանապարհների տիրակալին» Վադի էս-Սեբուամում և Մայամի Հորուսի տաճարը Անիբայում...[ ինչպես նաև հիմնելով] հավելյալ տաճարներ Կավայում և Սեսեբիում[52]։

 
Ամենհոտեպի լուքսորյան տաճարը

Նեղոսի արևմտյան ափին գտնվող նրա հսկայական հուշարձանային տաճարն իր ժամանակներում եղել է Թեբեի ամենամեծ կրոնական համալիրը, բայց դժբախտաբար փարավոնը նախընտրել էր այն կառուցել գետահովտին շատ մոտ, և երկու հարյուր տարի էլ չանցած՝ այն արդեն ավերավել էր։ Քարերի մեծ մասն օգտագործվել է Մեռնեպտահի և ավելի ուշ շրջանի փարավոնների կողմից՝ իրենց շինարարական նախագծերի համար[53]։ Հուշարձանային տաճարի դարպոսի մոտ կանգնեցված Մեմնոնի արձանախումբը՝ 18 մ բարձրությամբ երկու վիթխարի քարե արձանները, համալիրի միակ տարրերն էին, որոնք կանգուն են մնացել։ Կառնակի հարավում Ամենհոտեպը նաև Մուտի տաճարում Սեհմետ աստվածուհուն նվիրված 600 արձան է կանգնեցրել[54]։ Եգիպտոսի Նոր Թագավորության ամենահիասքանչ արձաններից մի քանիսը թվագրվում են Ամենհոտեպի գահակալությամբ, ինչպիսիք են՝ երկու նշանավոր վարդագույն գրանիտե առյուծները, որոնք սկզբնապես դրված էին Նուբիայի Սոլեբի տաճարի առջև, ինչպես նաև թագավորական քանդակների մի մեծ շարք[55]։ Նստած դիրքով Ամենհոտեպի մի քանի գեղեցիկ սև գրանիտե արձաններ են հայտնաբերվել Մեմնոնի արձանախմբի հետևում կատարված պեղումներից[55]։ Մ․թ․ա․ 1200 թվականին երկարշարժից տապալված Ամենհոտեպի երկու վիթխարի արձաններ 2014 թվականին վերակառուցվել են ավելի քան 200 բեկորներից և կրկին կանգնեցվել թագավորի տաճարային համալիրի հյուսիսային դարպասի մոտ[56]։

Նրա օրոք թվագրվող թագավորական արձանների ամենաապշեցուցիչ գտածոներից մեկը հայտնաբերվել է դեռևս 1989 թվականին Ամենհոտեպի Լուքսորի տաճարի սյունասրահի բակում, որտեղ հայտնաբերվել է արձանների պահոց, այդ թվում՝ 1․8 մ բարձրությամբ կրկնակի թագով փարավոնի վարդագույն քվարցիտե արձանը, որը գտնվել է գրեթե կատարյալ վիճակում[55]։ Այն ամրացված էր սահնակի վրա և կարող էր լինել պաշտամունքային արձան[55]։ Միակ վնասը, որը հասցված էր արձանին, դա Ամոն աստծո անվան ջնջումն է փարավոնի քարտուշի մեջ, ինչն էլ հավանաբար արվել է որպես նրա իրավահաջորդի՝ Էխենաթոնի օրոք այս աստծո մասին հիշատակումը վերացնելու համակարգված ջանքերի մի մաս[55]։

 
Դիմերեսին Ամենհոտեպի ստելան է։ դարձերեսը կանգնեցրել է Մերենպտահը (1213–1203 մ.թ.ա.), Կահիրեի եգիպտական թանգարան

2021 թվականին Ամենհոտեպի տաճարային համալիրի մոտ պեղումներով հայտնաբերվել է մի բնակավայր, որը կոչվում էր «Շլացուցիչ Աթեն», և որը, ենթադրաբար, կառուցել է Ամենհոտեպը[57]։ Ենթադրվում է, որ այնտեղ բնակվել են արհեստավորներ և բանվորներ, ովքեր աշխատում էին Թեբեում թագավորական հուշարձանների և նախագծերի վրա, ինչպես նաև օժանդակ արդյունաբերություններում, որոնք անհրաժեշտ էին նման վարչական և հմուտ աշխատող բնակչությանն աջակցելու համար, և ունեցել է իր հացատունն ու գերեզմանատունը։

Փարավոնի ամենահայտնի անուններից մեկը «Աթեն-ջեհենն» էր, որը նշանակում է «Շլացուցիչ արևի սկավառակ»։ Այն հայտնաբերվել է Լուքսորի տաճարի նրա տիտղոսների թվում, իսկ ավելի հաճախ օգտագործվել է որպես նրա պալատներից մեկի, ինչպես նաև թագավորական նավերից մեկի անվանում[58]։

 
Հիերոգլիֆներ Ամենհոտեպի արձանի հետևի սյան վրա. 2 տեղ կա, որտեղ Էխենաթոնի գործակալները ջնջել են Ամոն անունը, հետագայում վերականգնել ավելի խորը մակերեսի վրա։ Բրիտանական թանգարան, Լոնդոն

Ամենհոտեպ III-ի Սեդ փառատոնի ստելան Եգիպտոսից Եվրոպա է տարվել արվեստի մի դիլերի կողմից։ Ենթադրվում է, որ այժմ այն գտնվում է Միացյալ Նահանգներում, բայց ոչ հանրային ցուցադրության մեջ[59]։

Առջևի տեսարան․ Հե աստվածը, որը ներկայացնում է մեկ միլիոն թիվը, ձեռքում պահում է արմավենու տերևներ, որոնք տարիներ են նշանակում[60]։ Նրա գլխավերևում, Հեն, կարծես, պահում է Ամենհոտեփի քարտուշը՝ խորհրդանշականորեն մեկ միլիոն տարի։

Կողմնային տեսարան․ առկա են փառատոնի տարբերանշանների մի շարք Սեդի խորհրդանիշի հետ միասին, որը ցույց է տալիս, որ ստելան պատրաստված է Ամենհոտեպի Սեդ փառատոնի թագավորական հոբելյանի համար[60]։

Տեսք վերևից․ Վերևում երևում է, որ չարամիտ վնաս է հասցվել ստելային, որտեղ կտրատվել է քարտուշը։

Տեսք հետևից․ Ինչպես վերևում, այստեղ նույնպես քարտուշը ոչնչացվել է։

Ենթադրվում է, որ Ամնհոտեպի որդի և հաջորդող Էխնաթոնն է մեղավոր ստելայի վրա փարավոնի անվան ոչնչացման համար[61]։ Էխենաթոնն այնքան էր զզվում իր թագավորական անունից, որ նա Ամենհոտեպ IV-ը դարձրել է Էխնաթոն, նա ոչնչացրել է Ամոն աստծո անվան հետ կապված ցանկացած հիշողություն, քանի որ նախընտրել էր երկրպագել մեկ այլ աստծո՝ Աթոնին[61]։ Ստելայի վրա այ աստվածների՝ Ռայի և Մուտի անունները վանդալիզմի չեն ենթարկվել[61]։

Ենթադրվում է, որ ստելան ցուցադրվել է Ախենաթենի նոր մայրաքաղաք Ախեթաթենում (ներկայիս Ամառնա)[61]։

Ամենհոտեպի թագավորության մեկ այլ ապշեցուցիչ հատկանիշ 200-ից ավելի մեծ հուշաքարերի շարքն է, որոնք հայտնաբերվել են մեծ աշխարհագրական տարածքում՝ սկսած Սիրիայից (Ռաս Շամրա) մինչև Նուբիայի Սոլեբ քաղաքը[62]։ Հինգ այլ հուշաքարեր վկայում են, որ նրա կինը՝ Գիլուխեպան Միտաննից ժամանել է Եգիպտոս 317 կանանցից բաղկացած շքախմբի հետ։ Նա առաջինն էր նման բազմաթիվ արքայադուստրերից, ովքեր հայտնվել են փարավոնի կանանոցում[63]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Loprieno, Antonio (1995) Ancient Egyptian: A Linguistic Introduction, Cambridge: Cambridge University Press,
  2. Loprieno, Antonio (2001) “From Ancient Egyptian to Coptic” in Haspelmath, Martin et al. (eds.), Language Typology and Language Universals
  3. Ranke, Hermann (1935). Die Ägyptischen Personennamen, Bd. 1: Verzeichnis der Namen (PDF). Glückstadt: J.J. Augustin. էջ 30. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  4. Beckerath, 1997, էջ 190
  5. O'Connor, Cline, էջ 3
  6. Fletcher, 2000, էջ 10
  7. O'Connor, Cline
  8. Tyldesley, 2006
  9. 9,0 9,1 O'Connor, Cline, էջ 7
  10. Kozloff, Bryan, nos. 24, 57, 103 & 104
  11. Dodson, Hilton, էջ 155
  12. 12,0 12,1 Grajetzki, 2005
  13. 13,0 13,1 Kozloff, 2012, էջ 194
  14. Kozloff, Bryan, no. 2
  15. O'Connor, David (1998). Amenhotep III. Ann Arbor, MI: University of Michigan Press. էջ 13. ISBN 978-0-472-10742-1.
  16. Urk. IV 1665–66
  17. Kozloff, 2012, էջ 197
  18. Lichtheim, 1980, էջ 104
  19. Albrecht, Felix; Feldmeier, Reinhard, eds. (2014 թ․ փետրվարի 6). The Divine Father: Religious and Philosophical Concepts of Divine Parenthood in Antiquity (E-book ed.). Leiden; Boston: Brill Publishers. էջ 29. ISBN 978-90-04-26477-9. ISSN 1388-3909. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  20. 20,0 20,1 O'Connor, Cline, էջ 16
  21. Berman, 1998, էջ 17
  22. Berman, 1998, էջ 15
  23. 23,0 23,1 Kozloff, 2012, էջ 192
  24. 24,0 24,1 24,2 24,3 Kozloff, 2012, էջ 182
  25. 25,0 25,1 Kozloff, 2012, էջ 189
  26. Kozloff, 2012, էջ 190
  27. Kozloff, 2012, էջ 195
  28. Moran, 1992, էջ 8
  29. Hayes, 1973, էջ 346
  30. Aldred, 1991, էջ 13
  31. O'Connor, Cline, էջ 22
  32. Moran, 1992, p. 62 n. 2
  33. Moran, 1992, էջ 50
  34. Aidan Dodson (1990). «Crown Prince Djhutmose and the Royal Sons of the Eighteenth Dynasty». Journal of Egyptian Archaeology. 76: 87–88.
  35. Dorman, 2009
  36. Moran, 1992, էջեր 87–89
  37. Reeves, 2000, էջեր 75–78
  38. Pharaoh power-sharing unearthed in Egypt Daily News Egypt. February 6, 2014
  39. Proof found of Amenhotep III-Akhenaten co-regency thehistoryblog.com
  40. Kozloff, Bryan, p. 39, fig. II.4
  41. Clayton, 1994, էջ 119
  42. Grimal, 1992, էջ 225
  43. Smith, 1912, էջ 50
  44. «North Tombs at Amarna». Արխիվացված օրիգինալից 7 May 2009-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  45. O'Connor, Cline, էջ 23
  46. Fletcher, 2000, էջ 161
  47. 47,0 47,1 Habicht, M.E; Bouwman, A.S; Rühli, F.J (2016 թ․ հունվարի 25). «Identifications of ancient Egyptian royal mummies from the 18th Dynasty reconsidered». Yearbook of Physical Anthropology. 159 (S61): 216–231. doi:10.1002/ajpa.22909. PMID 26808107. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  48. «Amenhetep III | Theban Mapping Project». thebanmappingproject.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  49. Parisse, Emmanuel (2021 թ․ ապրիլի 5). «22 Ancient Pharaohs Have Been Carried Across Cairo in an Epic 'Golden Parade'». ScienceAlert. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  50. Grimal, 1992, էջեր 223, 225
  51. Urk. IV, 1677–1678
  52. Grimal, 1992, էջ 223
  53. Grimal, 1992, էջ 224
  54. Grimal, 1992, էջեր 224, 295
  55. 55,0 55,1 55,2 55,3 55,4 Clayton, 1994, էջ 118
  56. «Amenhotep III Statues Once More Stand Before Pharaoh's Temple». Latin American Herald Tribute. 2014 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  57. Simmons, Debra Adams, The New Secrets of Luxor Արխիվացված 2021-04-15 Wayback Machine, National Geographic, April 12, 2021 with images
  58. O'Connor, Cline, էջեր 3, 14
  59. Cassirer, 1952, էջ 128
  60. 60,0 60,1 Cassirer, 1952, էջ 129
  61. 61,0 61,1 61,2 61,3 Cassirer, 1952, էջ 130
  62. O'Connor, Cline, էջեր 11–12
  63. O'Connor, Cline, էջ 13
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամենհոտեպ III» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 281