Ամբոխը մեծ, տարերային հանրույթ է, որ վերաբերում է մարդկության հնագույն քաղաքակրթությանը և նկարագրում է իրենով մարդկային հասարակության զարգացումը, էվոլյուցիան։ Համատեղ բնակություն հաստատած առաջին մարդիկ հնագույն ժամանակներում իրենցից ներկայացնում էին ամբոխ՝ անհատների հուզված հանրույթ, որը տիրապետում է հսկայական, անսահման ուժի և ընդունակ է մեկ ակնթարթում ստեղծել կամ վերացնել, բարձրացնել կամ իջեցնել մարդուն։ Ներկայիս բանական մարդը, ինչպես բնորոշել է Կառլ Լիննեյը Homo Sapiens անցնում է ամբոխային գիտակցության մարդկային կյանքը ցնցող սոցիալ-հոգեբանական ճգնաժամերի, հասարակական կյանքի անցումային շրջանների, անբարեկեցության, տագնապի, անարդարության, սեփական գոյությանն ուղղված սպառնալիքի զգացման հետևանքով։ Այս ամենը ստիպում է տարբեր մասնագիտությունների, սեռի, տարիքի, կրթության, դավանանք ու ազգություն ունեցող մարդկանց էքստրեմալ ձևով ինքնուրույն մոբիլիզացվել անորոշ վտանգներին դիմակայելու նպատակով։

Բրազիլական կառնավալ. ամբոխի կուտակման ձևերից մեկը

Սահմանումներ խմբագրել

Ընդհանրապես ամբոխը, հոգեբանական տեսակետից, սոցիալական խմբի ձևավորման պրոցեսի առաջնային և անհրաժեշտ փուլն է։ Ամբոխի հոգեբանությունն իր զարգացման նախնական փուլերում լուծել է այնպիսի խնդիրներ, որոնք ներկայումս առաջադրում է սոցիալական հոգեբանությունը։ Դրանցից են անհատի և խմբի փոխհարաբերությունների խնդիրները, առաջնորդի ու ամբոխի անդամների ազդեցության խնդիրը, խմբային ու միջխմբային պրոցեսների ու մեխանիզմների խնդիրը և այլն։

Մինչ ֆենոմենի նկարագրությանն անդրադառնալը ներկայացնենք հասկացության մի քանի սահմանումներ։ «Ամբոխը» մեկ իմաստային նշանակություն չունի։ Կան գիտնականներ, ովքեր ամբոխը լայն են հասկանում՝ մեծ քանակությամբ մարդկանց կուտակում սահմանափակ տարածքում, այդ իսկ պատճառով այն կիրառվում է կազմակերպված միտինգների, թատրոնի լսարանի, մետրոյի վագոնի ուղևորների, չկազմակերպված զանգվածի համար։ Արևմտյան հոգեբանները «ամբոխ» եզրը մեկնաբանում են որպես զանգված բառին հոմանիշ, այն կապում միայն հեղաշրջումների և հասարակական շարժումների հետ։ Սոցիոլոգիայում ընդունված է ամբոխ համարել պատահական բազմությունը, որ չունի կազմակերպվածություն, սովորույթներ, ավանդույթներ, վարքի մշակված օրենքներ։ Ըստ ռազմական հոգեբան Ռեզանովի ամբոխը անորոշ քանակությամբ մարդկանց հավաքն է, որոնք գտնվում են միևնույն գրգռվածության ազդեցության տակ, կամային գործունեության անկումով է բնորոշվում, անգիտակցական նույնականության զարգացմամբ՝ ներշնչանքի բարձր վիճակի ներքո։ Ըստ Պորշնևի ամբոխը ևս հանրություն է, որին բնորոշ են միևնույն նեգատիվ զգացումները, այն չի լինում առանց թշնամու կերպարի, բնորոշ է անվստահության վերաբերմունք շրջապատի նկատմամբ։ Ամբոխը գրեթե միշտ դեմ է։ Հոգեբանական բառարանում ամբոխը բնութագրվում է որպես մարդկանց անկառուցվածք կուտակում, որ զուրկ է վառ գիտակցված նպատակներից, բայց ընդհանուր է հուզական վիճակը և ուշադրությունն ընդհանուր օբյեկտի նկատմամբ։ Ըստ Ռոջինի ամբոխը մարդկանց չկազմակերպված կուտակում է, որ չունի ընդհանուր գիտակցված նպատակ և գտնվում է հուզական գրգռվածության վիճակում։

Այսպիսով՝ ամբոխը մեծ քանակությամբ մարդկանց կարճաժամկետ, թույլ կազմակերպված և կառուցվածք չունեցող կուտակում է, ովքեր միմյանց հետ կապված են ընդհանուր հուզական վիճակով, ուշադրության օբյեկտով, գիտակցված կամ չգիտակցված նպատակով և տիրապետում են մեծ ուժի, որն ընդունակ է ազդել հասարակության վրա, մեկ ակնթարթում ապակազմակերպել նրա վարքն ու գործունեությունը[1]։

Ամբոխի տեսակներ խմբագրել

Ամբոխը շատ յուրահատուկ և բազմադեմ երևույթ է։ Ըստ գերիշխող հույզերի և դրսևորման առանձնահատկությունների հետազոտողներն առանձնացնում են ամբոխի մի քանի տեսակներ։

Պատահական ամբոխ խմբագրել

Առավել պարզ և բավականին տարածված տեսակ է։ Առաջանում է կապված ինչ-որ անսպասելի դեպքերի հետ։ Օրինակ Ճանապարհատրանսպորտային պատահարների, հրդեհների, կռիվների և այլնի ժամանակ։ Սովորաբար նման ամբոխի կազմի մեջ են մտնում մարդիկ ովքեր ունեն նոր տպավորությունների, սուր զգացողությունների պահանջմունք։ Նման իրավիճակներում մարդկանց դրդապատճառ է հանդիսանում հետաքրքրասիրությունը։ Պատահական ամբոխը բազմաքանակ չէ. մի քանի տասնյակից մինչև 100։ Այն արագ ձևավորվում և արագ էլ տարրալուծվում է։

 
Քաղաքական միտինգներ՝ կոնվենցիոնալ ամբոխի օրինակ

Կոնվենցիոնալ(պայմանական) ամբոխ խմբագրել

Ամբոխ, որի վարքը հիմնվում է ակնառու կամ ենթադրվող նորմերի ու կանոնների վրա։ Նման ամբոխը հավաքվում է ըստ նախօրոք հայտարարված միջոցառման, օր.` միտինգ, քաղաքական դեմոնստրացիա, սպորտային մրցումներ, համերգներ և այլն։ Այս դեպքում մարդկանց ուղղորդում է հետաքրքրասիրությունը, նրանք դրսևորում են միջոցառման բնույթին համապատասխանող վարքի նորմեր։ Մենք տարբեր վարք ենք դրսևորում ռոք համերգների, դասական երաժշտության համերգների և ֆուտբոլային խաղերի ժամանակ։ Այսպիսի ամբոխը սովորաբար բազմամարդ է լինում, այսպես օրինակ 1994 թվականին Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա ծովափին Ռոդ Սթյուարդի կազմակերպած անվճար համերգին հավաքվել էր 3.5 մլն. մարդ, իսկ 1999 թվականին Մանիլի արվարձանում Պավել երկրորդ հռոմի Պապն հավաքել էր 6 մլն. հավատացյալներ։

 
Փոլ Մաքքարթնիի համերգին ներկա էին 50,000 երկրպագուներ։ Էքսպրեսիվ ամբոխի օրինակ

Էքսպրեսիվ ամբոխ խմբագրել

Աչքի է ընկնում հույզերի և զգացմունքների առավել ուժեղ զանգվածային դրսևորմամբ։ Այն սովորաբար պատահական կամ կոնվենցիոնալ ամբոխների ձևափոխության արդյունք է հանդիսանում, երբ մարդիկ, կապված որոշակի իրադրության և դրա զարգացման ընթացքի հետ ունենում են կոլեկտիվ ձևով արտահայտվող ընդհանուր էմոցիոնալ տրամադրվածություն։ Այսպիսի ամբոխի օրինակ են ֆուտբոլային երկրպագուները, քաղաքական միտինգների մասնակիցները։ Էքսպրեսիվ բնույթ կարող են ունենալ նաև ազգային տոնախմբությունները, ներկայացումները, զանգվածային տխրության արարողությունները։ Որոշ դեպքերում էքսպրեսիվ ամբոխը կարող է ձևափոխվել իր ծայրահեղ ձևին` գերհուզական, այսինքն ամբոխի այն ձևին, երբ այն կազմող անձինք իրենց հասցնում են մոլեգնության համատեղ աղոթքներում, ծիսակատարություններում, ընդհանուր դրայվի ալիքի ազդեցությամբ։ Վերոնշյալ երեք տեսակները պատկանում են ամբոխի պասիվ տեսակին։ Ամբոխի պասիվ և ակտիվ տեսակների դասակարգումը պատկանում է ռուս գիտնական Դմիտրիյ Բեսոնովին։ Նա ամբոխը դիտում է, որպես սպասողական-պասիվ և գործող-ակտիվ, այն աչքի է ընկնում էմոցիոնալ լարվածությամբ, սոցիալապես վտանգավոր դրսևորումներով։

 
Ֆուտբոլային երկրպագուները ագրեսիվ ամբոխի օրինակ են։

Ագրեսիվ ամբոխ խմբագրել

Վերացնելու, քանդելու, նույնիսկ սպանելու ձգտում ունեցող մարդկանց կուտակում։ Հետաքրքրական է, որ դեպքերի մեծամասնությունում ագրեսիվ ամբոխ կազմած մարդիկ իրենց գործողությունների հիմքում չունեն ռացիոնալության տարրը, նրանք գտնվում են ֆրուստրացված վիճակում և կույր գործողություններն ուղղում ատելության բացարձակ պատահական, իրադրության և իրենց հետ անձամբ կապ չունեցող օբյեկտների վրա։ Ագրեսիվ ամբոխը սովորաբար ինքն իրեն չի առաջանում։ Սովորաբար այս տեսակը նախորդ երեքի ձևափոխությունների արդյունք է (հայտնի են դեպքեր, երբ ֆուտբոլային հանդիպումից հետո պարտված թիմի երկրպագուները ծեծկռտուք են սարքում հաղթող թիմի երկրպագուների հետ)։ Ըստ Լեբոնի ամբոխի մարդը դեինդիվիդուացված է, նրա մոտ բացակայում է ինտելեկտուալ-անձնային մակարդակը և նա իջնում է մինչև պրիմիտիվ, անգիտակցական մակարդակ ամբոխի ներսում։ Ըստ Ֆրոյդի ամբոխի մարդու մոտ գերակայում է անգիտակցականը, որ պարունակում է ողջ մարդկության կատաղությունը։ Տարբեր զարգացվածության աստիճան ունեցող մարդկանց մոտ մերկանում են անգիտակցականի հիմքերը, բոլորդը դառնում են միանման։

 
1857 թվականի տագնապը Ուոլլ սթրիթում։ Տագնապային ամբոխն ունակ է առավել շատ մարդկանց կյանք խլել, քան ինքը՝ տագնապի աղբյուրը։

Տագնապային ամբոխ խմբագրել

Մարդկանց կուտակում, որոնց պատել է վախի զգացումը, թվացյալ կամ իրական վտանգից փախուստի ձգտումը։ Սկզբում առաջանում է անհատական վախը, որը նախապայման, հող է հանդիսանում խմբային վախի, տագնապի համար։ Ստեղծված վախը շրջափակում է իրավիճակը ռացիոնալ գնահատելու մարդու կարողությունը, խոչընդոտում կամային ռեսուրսների մոբիլիզացիային։ Տագնապը կարող է առաջանալ տարբեր իրավիճակներում՝ վթարի, հրդեհի, տարերային աղետների, ահաբեկչական ակտերի և այլնի ժամանակ։ Չկազմակերպված խմբերում տագնապի առիթ կարող է դառնալ անգամ չնչին վտանգը։ Եթե մարդկանց մոտ տագնապ է սկսվել փակ տարածություններում(թատրոն, մարզադաշտ), ապա զոհերը ոչ այդքան տագնապի պատճառի հետևանքով են, որքան հենց ամբոխի ճնշման հետևանքով[2]։

Ամբոխի բնութագրիչներ խմբագրել

 
Ամբոխն համարվումէր հանցավոր։

Պատմական մոտեցում խմբագրել

Իտալացի իրավաբան, իրավագետ Սիգելեի ուշադրությունը ամբոխի հոգեբանության խնդրին պատահական չէր. նա գտնում էր, որ ամբոխն իր բնույթով հանցավոր է։ Այսպիսի մոտեցումը ուներ բացատրություն։ Առաջին հերթին գտնում էին, որ ամբոխ ստեղծում են մարդիկ, ովքեր դուրս են ընկել սոցիալական կարգից, նրանք զբաղված չեն հասարակական օգտակար գործունեությամբ, չունեն իրենց տեղը հասարակական օրգանիզմում, բայց ունեն հանցավոր հակումներ։ Այս անկառավարելի, խելագար հանրույթը ունի հակասոցիալական, դեստրուկտիվ միտումներ, որում և առաջ է գալիս ամբոխի հանցավոր լինելու երկրորդ պատճառը՝ այս մարդիկ գործում են հասարակական կարգին դեմ։

 
Ամբոխն համարվում էր խելագար։

Ըստ Չեզարե Լոմբրոզոյի ամբոխը խելագար է։ Մարդիկ, ովքեր կազմում են ամբոխը հանցագործ են, իսկ ըստ նրա հանցավոր լինելը կենսաբանական դեգեներացիայի արդյունք է։ Այսպիսի մարդիկ ունեն ձգտում միավորվել զանգվածների մեջ ու ստեղծել ամբոխ։ Ջեյմս Պրիտչարդը միանալով այս տեսակետին ամբոխի խելագար և հանցավոր լինելը բացատրում է նաև Վերածննդի փիլիսոփայությամբ, որը գտնում էր, թե միայն խելագարը, անգիտակիցը կփորձի քանդել ռացիոնալ, կարգավորված սոցիալական կարգը, ինչին ուղղված է ամբոխի գործունեությունը դեպքերի մեծամասնությունում։ Այսպիսով մինչև ամբոխի հոգեբանության առաջացումը ամբոխը բնութագրվում էր՝

  1. Հակասոցիալական, չկարգավորված տարրերի հավաքով։
  2. Հանցավոր տարրերի միավորում է, քանզի նրա հիմնական նպատակը հասարակական կարգավորվածության խախտումն է։
  3. Ամբոխը խելագար է, քանզի այն կազմող հանցավոր տարրերն իրենց բնույթով խելագար են։

Լեբոնի և Տարդի մոտեցում խմբագրել

Ըստ Տարդի և Լեբոնի ամբոխի հոգեկանը իր բնույթով նման է կնոջ հոգեկանին։ Այն բնութագրվում է դյուրահավատությամբ, անկայունությամբ, իռռացիոնալությամբ, ագրեսիվությամբ, ներշնչվողականությամբ և այլն։ Ըստ Լեբոնի, սա կարող է տարօրինակ հնչել, քանզի ամբոխի կազմի մեջ հիմնականում մտնում են տղամարդիկ, որոնց հոգեկանն իր բնույթով ներկայացնում է թվարկվածի հակապատկերը, փաստորեն հավաքվելով մեկեն ամբոխում տղամարդիկ ստեղծում են «Կոլեկտիվ կնոջ»։ Սա բացատրվում է նրանով, որ իրար հետ որոշակի տարածքում հավաքված մարդիկ անխուսափելիորեն ազդում են միմյանց վրա և ստեղծում աֆֆեկտիվ դրդվածության բարձր մակարդակ։ Հուզականությունն առավել հատուկ է կնոջը, քան տղամարդուն, ինչն էլ հիմք է դառնում այնպիսի բնութագրիչների ի հայտ գալուն, որոնք թվարկվեցին վերևում։ Հուզականության բարձր մակարդակը իջեցնում է մարդու ինքնակարգավորման մակարդակը, ստիպում դուրս թողնել արտամղված զգացմունքները և այնպիսի կողմից երևալ, որը մինչ այդ սոցիալական ճնշման տակ փակված էր մնում։ Մարդիկ սրա ազդեցության տակ դառնում են առավել համարձակ իրենց ցանկություններում և վարքում, բարձր գրգռվողականությունը ամբոխին նետում է մի ծայրահեղությունից մյուսը՝ հերոսացումից մինչև տագնապ[3]։

Ամբոխի վարքի առանձնահատկություններ խմբագրել

Ամբոխը դինամիկ երևույթ է, այն հեշտությամբ անցնում է մի վիճակից մյուսին։ Այսպես պատահական կամ կոնվենցիոնալ ամբոխը հեշտությամբ վերածվում է էքսպրեսիվի, որն էլ իր հերթին կարող է դառնալ ագրեսիվ ամբոխ։ Մասնագետները առանձնացնում են ամբոխի վարքի առաջացման պայմանների հետևյալ երկու տիպերը՝ տևական և կարճաժամկետ։ Առաջին խմբի մեջ է դասվում տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ տևական բնույթի ազդեցություններ, որոնք հասարակության մեջ կարող են առաջացնել բարձր մակարդակի սոցիալական լարվածություն։ Այդպիսի լարվածությունը երկարատև կարող է գտնվել լատենտ փուլում, սակայն բարենպաստ պայմաններում անսպասելիորեն կարող է պայթել ագրեսիվ ամբոխի տեսքով, 1990 թվականի Սումգայիթյան ջարդերի օրինակով։ Կարևոր նախապայման է նաև հասարակության քաղաքական կուլտուրայի աստիճանը, որքան այն ցածր է, այնքան մեծ է անկարգությունը կատարելու հավանականությունը։

 
Զանգվածային անկարգություններ

Զանգվածային անկարգությունների ագրեսիվ դերային կառույցում առանձնացնում են հետևյալ բնութագրիչները՝

  1. Կազմակերպիչներ, ովքեր նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ պլանավորելով զանգվածային անկարգությունների տեղը, ժամանակը, առիթը։
  2. Հրահրիչներ՝ ուղղում են ամբոխի գործողությունները, տարածում պրովոկացիաները։
  3. Ակտիվ մասնակիցներ՝ ամբոխի հարվածող միջուկն են կազմում։
  4. Բարեսիրտ մոլորվածներ՝ անկարգության մասնակից են դառնում իրավիճակի ոչ ադեկվատ ընկալման պատճառով։
  5. Կոնֆլիկտային անձիք՝ անկարգության մասնակից են դառնում հաշիվներ մաքրելու նպատակով։
  6. Հուզական ոչ կայուն անձիք՝ մտնում են անկարգության մեջ ներշնչվելով մյուսներից։
  7. Հետաքրքրված անձիք՝ կողքից նայում են դեպքերին և չեն խառնվում, բայց նրանց ներկայությունն ուժեղացնում է հուզական լարվածությունը։

Այս բոլոր դերերի արդյունավետությունը ամրապնդվում է նաև ամբոխի այնպիսի հատկություններով, ինչպիսիք են անքննադատողականությունը, ներշնչվողականությունը, ներազդվողականությունը, որ ստեղծում է «ցիրկուլացիոն ռեակցիա» ամբոխի ներսում և վարակում հուզական լարման ալիքով բոլոր ներկաներին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Семечкин Н.И. Социальная психология. – М. – СПб: Изд-во «Питер», 2004. – 376 с.
  2. Крысько В.Г. Социальная психология: Учеб. – М.: Владос Пресс, 2002. – 448 с
  3. Гюстав Лебон Психология народов и масс. — М.: Академический проект, 2011. — 238 с
  4. Социальная психология: Хрестоматия. – М.: Аспект Пресс, 1999. – 475 с