Ահմոս-Մերիտամոն (անգլ.՝ Ahmose-Meritamun կամ Ահմոս-Մերիտամուն), տասնութերորդ արքայատոհմի սկզբնական շրջանի հին եգիպտական թագուհի, որը եղել է փարավոն Ամենհոտեպ I-ի ավագ քույրն ու կինը։ Մահացել է բավականին երիտասարդ հասակում և հուղարկավորվել Դեյր էլ-Բահարիի TT358 դամբարանում։

Ահմոս-Մերիտամոն
Ծնվել է՝մ. թ. ա. 1525
Մահացել է՝մ. թ. ա. 1504
Վախճանի վայրԹեբե
Դեյր էլ-Բահարի
ՏոհմՏասնութերորդ արքայատոհմ
քաղաքական գործիչ
ՀայրԱհմոս I
ՄայրԱհմոս-Նեֆերտարի
Ահմոս-Մերիտամոնը հիերոգլիֆներում
iaH
ms
imn
n
mriit

Ահմոս-Մերիտամոն
Յահի զավակը, Ամոնի սիրելին

Կենսագրություն խմբագրել

Ահմոս-Մերիտամոնը փարավոն Ահմոս I-ի և թագուհի Ահմոս-Նեֆերտարիի դուստրն էր, որը հետագայում դարձել է իր կրտսեր եղբոր՝ Հին Եգիպտոսի տասնութերորդ արքայատոհմի փարավոն Ամենհոտեպ I-ի մեծ թագուհին[1]։

Մերիտամոնն իր մորից ժառանգել է «Ամոն աստծո կին» տիտղոսը։ Նրան վերագրված այլ տիտղոսներից էին՝ «Երկու երկրի տիրուհի» (nbt-t3wy), «(Մեծ) թագավորի կին» (ḥmt-nswt(-wrt), «ամբողջ երկու հողերի տիրուհի» (ḥnwt-tꜣwy-tm), «աստծո կին» (ḥmt-ntr), «սպիտակ թագով միավորված» (ẖnmt-nfr-ḥḏt), «արքայադուստր» (sꜣt-nswt) և «արքայի քույր» (snt-niswt)։ «Արքայամայր» տիտղոսը (mwt-niswt)նույնպես նշված է հետագա գրառումներում, թեև նա երբեք արքայի մայր չի եղել[2]։

Այս թագուհու կրաքարե արձանը հայտնաբերվել է Ջովաննի Բելցոնիի կողմից 1817 թվականին Կառնակում աշխատելիս[3]։

Ահմոս-Մերիտամոնը պատկերված է քսաներորդ արքայատոհմով թվագրված Ինհերկաուի դամբարանում (TT359)՝ որպես «արևմուտքի տիրակալներից» մեկը։ Պատկերված է վերին շարքում թագուհի Ահհոտեպ I-ից հետո և թագուհի Սիտամոնից առաջ[1]։

 
Տեսարան Ինհերկաուի դամբարանից։ Վերին շարքում աջից դեպի ձախ՝ Ամենհոտեպ I, Ահմոս I, Ահհոտեպ I, Ահմոս-Մերիտամոն, Սիտամոն, Սիամոն, ?, Ահմոս-Հենուտամեհու, Ահմոս-Տումերիս, Ահմոս-Նեբետահ, Ահմոս-Սապաիր։ Ներքևի շարքում աջից դեպի ձախ՝ Ահմոս-Նեֆերտարի, Ռամզես I, Մենտուհոտեպ II, Ամենհոտեպ II, Սեկենենրա Տաա II, Ռամոս?, Ռամզես IV, ?, Թութմոս I։

Մահ և հուղարկավորություն խմբագրել

 
Ահմոս-Մերիտամոնի ներքին դագաղը

Ահմոս-Մերիտամոնի մնացորդները հայտնաբերվել են 1930 թվականին Դեյր էլ-Բահարիի TT358 դամբարանում Հերբերտ Վինլոքի կողմից։ Մումիան գտնվել է մայրու փայտից պատրաստված երկու դագաղի և ստվարաթղթե արտաքին տուփի մեջ․ այն վերափաթաթվել ու վերահուղարկավորվել է քահանաների կողմից, որոնք գտել էին գողերի կողմից թալանված նրա դամբարանը։ Պարզվել է, որ նա մահացել է բավականին երիտասարդ տարիքում՝ հոդաբորբի ու ողնաշարի ծռման պատճառով[4]։

Այժմ եգիպտական թանգարանում գտնվող արտաքին դագաղն (JE 53140) ունի ավելի քան 10 ոտաչափ բարձրություն ու պատրաստված է մայրու տախտակներից, որոնք միացված են և փորագրված են միատեսակ հաստությամբ ամբողջ դագաղի երկայնքով։ Աչքերն ու հոնքերն ապակուց են, մարմինը խնամքով փորագրված է կապույտով ներկված շևրոններով՝ փետուրների պատրանք ստեղծելու համար։ Դագաղը պատված է եղել ոսկով, որը հնում թալանվել է։ Ներքին դագաղն ավելի փոքր է, բայց դարձյալ ունի 6 ոտաչափ բարձրություն, նույնպես պատված է եղել ոսկով ու նույնպես թալանվել է։ Մումիան խնամքով վերափաթաթվել է Պինեդջեմ I-ի գահակալության օրոք, իսկ վերահուղարկավորությունը տեղի է ունեցել վերոնշյալ փարավոնի որդու գահակալության 19-րդ տարվա ձմեռվա 3-րդ ամսվա 28-րդ օրը[5]։

2021 թվականի ապրիլին մումիան 3 այլ թագուհիների ու 18 թագավորների մումիաների հետ եգիպտական թանգարանից տեղափոխվել է Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան «Փարավոնների ոսկե շքերթ» անվանված իրադարձության շրջանակներում[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Aidan Dodson & Dyan Hilton: The Complete Royal Families of Ancient Egypt. Thames & Hudson, 2004, 0-500-05128-3, p.123, 127, 129
  2. Grajetzki, Ancient Egyptian Queens: A Hieroglyphic Dictionary, Golden House Publications, London, 2005, 978-0-9547218-9-3
  3. "Upper part of a limestone statue of Queen Ahmose-Merytamun," The British Museum Web site.
  4. Tyldesley, Joyce. Chronicle of the Queens of Egypt. Thames & Hudson. 2006. p. 91, 0-500-05145-3
  5. H. E. Winlock, The Tomb of Queen Meryetamun: I The Discovery, The Metropolitan Museum of Art Bulletin New Series, Vol. 33, No. 2 (Summer, 1975), pp. 77-89; Article Stable URL: https://www.jstor.org/stable/3258743
  6. Parisse, Emmanuel (2021 թ․ ապրիլի 5). «22 Ancient Pharaohs Have Been Carried Across Cairo in an Epic 'Golden Parade'». ScienceAlert. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմոս-Մերիտամոն» հոդվածին։