Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակնարկ (այլ կիրառումներ)

Ակնարկ, գրական և լրագրային ժանր, վավերագրական գրականության տեսակներից։

Ակնարկի հեղինակը պատմում է ոչ թե երևակայությամբ ստեղծված հերոսների և գործողությունների, այլ իրականում գոյություն ունեցող մարդկանց և նրանց հետ կատարվող դեպքերի ու փաստերի մասին։ Ակնարկներում մեծ մասամբ պահպանվում են հերոսների իրական անունները, կենսագրական փաստերը, բնավորության գծերը և այլն։ Սրանով ակնարկը տարբերվում է գրական մյուս ժանրերից։

Սակայն ակնարկագրին ևս անհրաժեշտ է ստեղծագործական երևակայություն՝ կյանքի երևույթներից ու փաստերից բնորոշը, տիպականը ընտրելու, դեպքերն ու հերոսների արարքները հոգեբանորեն պատճառաբանելու համար։

Բարձրարվեստ ակնարկներում օգտագործվում են գեղարվեստական տարբեր միջոցներ (բնանկար, դիմանկար, երկխոսություն, հեղինակային միջամտություն), դրան զուգակցելով հրապարակախոսական ու գիտական տվյալների հետ (թվեր, փաստաթղթեր, իրեղեն ապացույցներ և այլն)։ Ակնարկագիրը կարող է ստեղծել լիարժեք կերպարներ՝ բնավորության համոզիչ գծերով։ Մաքսիմ Գորկին գրում էր, որ ակնարկը գտնվում է «հետազոտության և պատմվածքի միջև»։

Հայ գրականության մեջ բարձրարվեստ ակնարկներ են գրել Միքայել Նալբանդյանը («Հիշատակարանի» որոշ գլուխներ), Րաֆֆին («Աղթամարա վանքը», «Ճանապարհորդություն Պարսկաստանում»), Հակոբ Պարոնյանը («Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ»), Վրթանես Փափազյանը («Տուրիստի հիշատակարանից») և այլք[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 9-10.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 227